Էդուարդ Բեզոյանի հավաստմամբ՝ Խոտ-Որոտան ճանապարհի կառուցումը կավարտվի 2024-ի հոկտեմբերին, եթե ոչ շուտ

27.12.2023 12:29
666

Դեկտեմբերի 23֊ին հերթական անգամ ծանոթացանք Խոտ-Որոտան ճանապարհի կառուցման ընթացքին...

Այդ ճանապարհի կառուցման անհրաժեշտությունն առաջացավ այն ժամանակ, երբ թուրք֊ազերիները 2021֊ի աշնանը շրջափակեցին Մ-2 մայրուղու Գորիս֊Կապան ճանապարհի՝ այսպես կոչված Էյվազլարի հատվածը։

Ճանապարհի կառուցման առաքելությունը ստանձնեց «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը, որի տնօրենն է հանրապետությունում ճանաչված ճանապարհաշինարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Բեզոյանը։

Ճանապարհի կառուցման ընթացքին ծանոթանալիս (23.12.2023 թ.) մեզ ընկերակցում էին Խոտ գյուղի վարչական ղեկավար Մարտիրոս Գրիգորյանը և ճանապարհաշինական այդ ծրագրի շինաշխատանքների ղեկավար Գինեվան Ղազարյան հմուտ և փորձառու ճանապարհաշինարարը։

Այցելությունից հետո՝ դեկտեմբերի 25֊ին, զրուցեցինք «Ճանապարհ» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Բեզոյանի հետ։

- Պարոն Բեզոյան, շաբաթ օրը մեր ստեղծագործական խումբը Խոտ֊Որոտան կառուցվող ճանապարհի շինհրապարակներում էր, տպավորված ենք։

Մենք կանդրադառնանք այդ աշխատանքներին, իսկ մինչ այդ...

2021-ի սեպտեմբերի 27-ից մեկնարկել է ճանապարհի կառուցումը, սակայն համապատասխան կազմակերպություններն այդպես էլ չեն հասցրել պարզել-նախագծել՝ ի վերջո որտեղո՞վ է անցնելու մայրուղին՝ սողանքներ ունեցող հատվածում։

- Սկզբնապես նախատեսված էր ճանապարհը կառուցել մոտ մեկ տարվա ընթացքում. մեր կազմակերպությունն այդ հնարավորությունն ուներ, բայց...

Խիստ կտրտված լեռնային այդ տեղանքում քանիցս երկրաբանական երևույթներ ի հայտ եկան՝ սողանքներ, քարաթափումներ, նաև սելավներ եղան: Այդ հանգամանքներն էլ անդրադարձան շինարարության ընթացքի վրա:

Առաջացած խնդիրները լուծելու համար պետական հանձնաժողով կազմվեց, սակայն մինչև հիմա վերջնական լուծումներ չեն գտնվել 8-րդ կիլոմետրից մինչև Որոտան ընկած ճանապարհահատվածի համար:

Իսկ այն հատվածներում, որտեղ պրոբլեմներ չկան, ճանապարհն արդեն իսկ ասֆալտապատել ենք, նկատի ունեմ 7-8-րդ կիլոմետրում գտնվող կապտաժից մինչև Խոտ գյուղի մուտք:

- Առաջին իսկ օրերից պարզ էր՝ քանի դեռ ջրերի հոսքը չի կառավարվում կամ չի կասեցվում, սողանքներ լինելու են։ Եվ երկու տարվա ընթացքում՝ հինգ սողանքային դեպք...

Մի՞թե հնարավոր չէ գոնե հիմա,  ուշացումով հոսող ջրերի հարցը կարգավորել, որից հետո աշխատանքները շարունակել։

- Նախ՝ երկրաբանական բարդ պրոցեսները հնարավոր չէ կառավարել:

Միևնույն ժամանակ պետք է փաստել՝ հանրապետության ճանապարհաշինության ոլորտում նման բարդ կառույց գոյություն չունի:

Եվ, այդուհանդերձ, նախագծողի, շինարարի, պատվիրատուի անելիքն է՝ նման բարդ խնդիրներին ճիշտ լուծում տալ, որպեսզի ճանապարհը և՛ հուսալի լինի, և՛ երկար ծառայի:

Ճանապարհի վերևի մասում է գտնվում Տաթև հէկի օրվա կարգավորիչ ջրամբարը, որտեղից ջրերի արտահոսք կա: Կարծում եմ՝ այն պետք  է վերանորոգվի:

Դա, իհարկե, ջրերի հետ կապված խնդրի կարգավորման ուղիներից մեկն է, որի լուծման դեպքում ջրերի հոսքը կմեղմանա: Բայց այնտեղ կարող են լինել նաև այլ աղբյուրներից եկող կամ տեղումներից, ձնհալից առաջացող ջրերի հոսքեր, ինչը նույնպես պետք է նկատի ունենալ:

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վերոնշյալ հարցերը կարգավորելու համար աշխատանքային խումբ կամ հանձնաժողով են կազմավորել, որի անդամներն էլ եղել են ճանապարհի խնդրահարույց հատվածում...

Ի վերջո ի՞նչ եզրահանգման է եկել աշխատանքային այդ խումբը, չէ՞ որ ամիսներ են անցել։

- Խոսքը, բնականաբար, 8-րդ կիլոմետրից մինչև Որոտան ընկած ճանապարհահատվածի մասին է:

Խնդրի լուծման առաջին տարբերակն է՝ փլվածքային տեղերը վերականգնել, որը մեծ ծավալի, նաև վտանգավոր աշխատանքներ է ենթադրում:

Մյուս տարբերակն էլ ներկայումս գործող ճանապարհի վերակառուցումն է: Իհարկե, այգիների մեջ չենք մտնի: Ինքս այդ տարբերակի համար շատ սիրուն նախագիծ եմ մշակել, որը քննարկման փուլում է:

Եվ ուրեմն՝ նախագծային աշխատանքներում որոշակիություն մտցնելուց ու վերջնական որոշում կայացնելուց հետո աշխատանքները կշարունակվեն:

Խնդրի լուծման երկրորդ տարբերակը, որը միակ ողջամիտ տարբերակն եմ համարում, իմ առաջարկությունն է: Ես այն անվանել եմ «խխունջ», այսինքն՝ ճանապարհը գալարներով գալիս և իջնում է՝ առանց այգիներին վնաս պատճառելու:

Ինքս հակված եմ խնդրի լուծման երկրորդ տարբերակին: Իսկ եթե հանձնաժողովն այլ տարբերակ առաջարկի՝ ես դրա տակ չեմ ստորագրի:

- Ճանապարհի այն հատվածը, որտեղ Որոտան գյուղի օրվա կարգավորիչ ջրամբարն է, նորից խոնավացած է։

Ի՞նչ լուծում եք պատրաստվում տալ այդ հատվածին՝ ջրամբարը տեղափոխե՞լ, թե՞ նորը և ժամանակակիցը կառուցել, որից ջրի արտահոսք չի լինի։

- Որոտան գյուղի օրվա կարգավորիչ ջրամբարի կամ կապտաժի խնդիրը քննարկվել է...

Խոտից մինչև Որոտան՝ ուղիղ գծով, 3.5 կմ է, այնպես որ՝ Խոտից կարող ենք խմելու ջրով ապահովել Որոտան գյուղի բնակիչներին:

Ներկայումս գործող կապտաժը ճանապարհից 6 մ բարձրության վրա է: Տակը քանդվածք է, գերխոնավացած գրունտն իմ աչքի առաջ է տեղից պոկվել...

Այդ վիճակում կապտաժը երկար կյանք չի կարող ունենալ: Ուստի և առաջարկվել է գործող կապտաժը քանդել ու փոխարենը նորը կառուցել՝ ճանապարհի մակերևույթից ցածր՝ դեպի ձորակ:

- Խոտ գյուղում, որքանով տեղեկացանք, ասֆալտբետոնի արտադրության գործարան եք տեղադրել՝ ժամում 60-80 տ արտադրողականությամբ։

Բայց այս ընթացքում  օրական մոտ 1000 տ ասֆալտ էիք տեղադրում։

Ենթադրում ենք՝ այլ կազմակերպություններից եք ասֆալտը ձեռք բերել։

- Այո, մենք առավելագույնս ենք օգտագործել մեր գործարանի հնարավորությունը: Բայց որպեսզի կարողանայինք ժամանակին ավարտել ասֆալտապատման աշխատանքները, համագործակցել ենք «Ոսմար» և «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունների հետ:

Մոտ 10 կմ երկարությամբ ճանապարհի 6.6 կիլոմետրանոց հատվածն արդեն ասֆալտապատված է:

Դեկտեմբերի 9-ից մինչև հիմա հասցրել ենք տեղադրել ասֆալտբետոնի և՛ առաջին, և՛ երկրորդ շերտը:

- Ձեր ծրագրի սկզբնամասն անցնում է Խոտ գյուղի 1-ին փողոցով...

Մի քանի խնդիր եք այդ փողոցում լուծում՝ կոյուղատարի հիմնանորոգում, ջրահեռացման վաքերի տեղադրում, ներքին ջրատար ցանցի հարուցած խոչընդոտների վերացում։

Ե՞րբ կհասցնեք ավարտել գյուղի այդ փողոցի հիմնանորոգումը, հավանաբար ձմեռը թույլ չի տա ասֆալտապատել փողոցը և գործն ավարտին հասցնել։

- Առաջիկա օրերին ամբողջապես անցանելի կդարձնենք այդ փողոցը, նաև կխճապատենք՝ եթե հասցնենք:

Հունվարի 15-ին կվերսկսենք այն աշխատանքները, որոնք եղանակային պայմաններից կախված չեն՝ եզրաքարերի, վաքերի և տարբեր տիպի խողովակների տեղադրում:

Իսկ մինչև հիմա ամբողջապես փոխել ենք կոյուղին:

Գործող ջրագծերը (ներքին ցանցի), որ կառուցվել են մակերևույթից ոչ շատ խորը, մեզ խանգարում են, ուստի և դրանք (մուտքային ջրագծերը) նույնպես փոխվում են առանձին-առանձին:

Այդ փողոցը մոտ 400 գծամետր երկարություն ունի. մենք օրական 1 կիլոմետր ճանապարհ ենք ասֆալտապատում, ասելս այն է, որ այդ հատվածում որևէ խնդիր չի լինի:

- Խոտ-Որոտան ճանապարհի շրջակայքում կա մոտ 25 հա այգետարածք, ավելի ստույգ՝ գյուղի 140 ընտանիքից յուրաքանչյուրն այնտեղ այգի ունի, ասել է թե՝ ոռոգման ջրի խնդիր է առաջացել։ Չէ՞ որ ճանապարհի կառուցումից հետո նախկին՝ ավանդական առուների մի մասը մնացել է ճանապարհի տակ։

Արդյո՞ք Ձեր կազմակերպությունն է լուծելու այդ հարցը, թե՞ համայնքային ծրագրերով պետք է կարգավորվի ոռոգման ջրի մատակարարման հարցը։

- Նախ՝ ոչ մի առու չի մնացել ճանապարհի տակ:

Այդքանով հանդերձ՝ գյուղի վարչական ղեկավարին ասել եմ՝ համայնքին մտահոգող ցանկացած հարց, որ առնչվում է մեր գործունեությանը, պատրաստ ենք լուծելու:

Խոտը սահմանամերձ գյուղ է, և կարևոր այդ հանգամանքը մենք հաշվի ենք առնում...

Հիմա կա ծրագիր՝ Տաթև հէկի օրվա կարգավորիչ ջրամբարի կողքից սկսած, որի համաձայն այգիների ոռոգման համակարգը կկարգավորվի, լուծել և լուծում ենք նաև մայրուղուն մոտեցող ճանապարհների հարցը:

- Մեր նախորդ զրույցներից մեկում նշել էիք, որ կա Գորիս-Խազալ կապ ճանապարհի կառուցման նախագիծ, որի իրագործման դեպքում Գորիսից հնարավոր կլինի միանալ Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղից էլ՝ Մ-2-ին։ Արդյո՞ք այդ ծրագիրն ուժի մեջ է կամ պահպանում է իր հրատապությունը։

- Այդ առաջարկությունն ինքս եմ արել, նախագիծն էլ պատրաստ է, ինչո՞ւ աշխատանքները չսկսել:

Աշխատանքները չսկսելու պատճառներից մեկը, կարծում եմ, այն է, որ (ինչպես նշեցի) Խոտ-Որոտան կառուցվող ճանապարհի խնդրահարույց հատվածում դեռևս որոշակիություն չկա:

Ձեր նշած ճանապարհը շատ կարևոր է, նույնիսկ ավելի կարևոր, քան Սյունիքում մինչև հիմա կառուցված կամ կառուցվող որևէ այլ ճանապարհ:

Կարծում եմ՝ դրա համար նոր մրցույթ չի հայտարարվի, կասեն՝ գնացեք և կառուցեք, ձեռագիրը չպետք է փոխվի:

- Մի հարց ևս, որը թեև ուղղակիորեն Ձեզ չի առնչվում, բայց, կարծում ենք, տեղեկություններ կունենաք. Խոտ-Որոտանը գործարկելու դեպքում հնարավոր համարո՞ւմ եք Մ-2 մայրուղով Գորիս-Կապան տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը։

- Համոզված եմ՝ այդպես էլ կլինի: Իհարկե, Թասի լեռնանցքի որոշ ոլորաններում ուղղման աշխատանքների կարիք կա, ինչը պետք է կատարվի:

Այո, մենք «դատապարտված» ենք վերականգնելու Մ-2 մայրուղու Գորիս-Կապան հատվածի լիարժեք շահագործումը, հակառակ դեպքում՝ անցանկալի հետևանքների կբախվենք:

-  2021-ի սեպտեմբերից հետո, երբ մեկնարկեց Խոտ-Որոտանի կառուցումը, մի քանի անգամ (հասկանալի պատճառով) ճանապարհի գործարկման-շահագործման ժամկետը փոփոխության ենթարկվեց։ Գոնե հիմա երևո՞ւմ է շինարարական աշխատանքների վերջնաժամկետը։

- Մենք տեսնում ենք շինաշխատանքների վերջնաժամկետը, վատագույն դեպքում աշխատանքները կավարտենք 2024-ի հոկտեմբերին, եթե ոչ շուտ: Հակառակ պարագայում մեր ընկերությունը կսնանկանա:

 - Ճանապարհաշինարարների մեջ նաև Արցախից բռնությամբ տեղահանված մեր եղբայրներին հանդիպեցինք՝ 6-7 հոգու... Գնահատելի է...

- Դառը իրականության մեջ ենք հայտնվել, բոլորս՝ անկախ դիրքից և հնարավորությունից, պարտավոր ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի մեր հայրենակիցների հոգսը շատ թե քիչ թեթևացնենք: Պետք է օգնություն ցուցաբերենք, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել ու մեր հայրենիքի հզորացման համար իրենց լուման ներդնեն։

Մյուս կողմից՝ մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ փոքրիկ Հայաստանը տարածաշրջանների բաժանելով ազգակործան քայլ ենք կատարում…

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է աշխատել, մենք պատրաստ ենք ընդունել, որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել իրենց համար նոր իրականությանը։

Քիչ առաջ ինձ մոտ զոհվածի ընտանիքների ներկայացուցիչներ կային՝ Արցախից, որոնց ես օգնություն եմ ցուցաբերում, մոտ 300 ընտանիքի օգնություն ենք ցուցաբերել...

- Ձեր գլխավորած ընկերությունը 2022 թ. օգոստոսի 3-ից մինչև 2023 թ. հունիսի 15-ը մասնակցում էր նաև Լաչինի միջանցքի նոր երթուղու՝ Կորնիձոր-Հագարիի կամուրջ՝ ամենադժվար 2,5 կմ երկարությամբ հատվածի կառուցմանը։

Տեղյակ ենք՝ 2023-ի հունիսի 15-ին, երբ Ձեր կազմակերպության շինարարները փորձեցին Հագարիի կամրջի արևմտյան կողմում տեղադրել վահանակ՝ «Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ» գրառմամբ, թշնամին կրակ բացեց շինարարների ուղղությամբ...

Թվում է՝ երբեք չեք մոռանա այդ միջադեպը, մանավանդ որ դրանից հետո վերջնականապես փակվեց միջանցքը։

Կարծում ենք նաև՝ Ձեզ երբեք չի լքի ափսոսանքի, ցավի զգացումը՝ մեծ դժվարություններով ճանապարհ եք կառուցել, որն այլևս չի ծառայում իր նպատակին...

- Դուք ճիշտ եք ենթադրում և վերարտադրում մեր մտածումները տեղի ունեցածի վերաբերյալ, համաձայն չեմ միայն «այլևս» բառի հետ:

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում շատ-շատ փորձությունների է ենթարկվել, բայց և կարողացել է միավորվել, ուժեղանալ ու նորովի հառնել…

Հավատում եմ, որ այդ ճանապարհը նորից ծառայելու է իր նպատակին:

- Մեր զրույցը տեղի է ունենում Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին, ի՞նչ կփոխանցեիք Սյունյաց աշխարհի բնակիչներին...

- Տոկունություն, Նժդեհի պատգամներին հավատարմություն...

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

 

 

 

 

 

Վրաստանի տուրիստական կազմակերպությունն իր էջից հեռացրել է Լոռու մարզին վերաբերող աղմկահարուց գրառումը, որով կիսվել էր Զուրաբիշվիլին

05.11.2024 00:30

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

04.11.2024 21:36

Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ․ Վահե Սարգսյան

04.11.2024 20:34

Զուրաբիշվիլին մի շարք հայկական հուշարձաններ ներկայացրել է իբր թե «պատմական Վրաստանի» մաս

04.11.2024 20:06

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29-ին

04.11.2024 19:44

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

04.11.2024 15:39

ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

04.11.2024 15:30

Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի Պուտինին

04.11.2024 14:51

Սահմանադուռ և սահմանապահ Ագարակ քաղաքը 75 տարեկան է

04.11.2024 13:17

Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար

04.11.2024 12:20

Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութ

03.11.2024 21:43