Ողջ կյանքը` ինքնամոռաց աշխատանքի լավագույն օրինակ

21.03.2023 10:40
3784

Հայաստանի հանքարդյունաբերության հսկան` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ղեկավարած տնօրեններից առանձնանում է Ֆրունզե Պետրոսյանի անունը:

Երկու անգամ միևնույն գետը չես մտնի. հայտնի ձևակերպումն այս դեպքում կորցնում է իմաստը: Քանզի նա միակն է, ով երկու անգամ եղել է ձեռնարկության տնօրեն: Հայաստանի հանքարդյունաբերության երախտավորը 18 տարի ղեկավարել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը (1977-ից` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ), ևս տասը տարի` Հայաստանի գունավոր մետալուրգիայի վարչությունը: Այդ պաշտոնում իր ներդրումն է ունեցել գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունների վերելքի, սոցիալ-տնտեսական խնդիրների իրականացման գործում:

Այդ ամենի հիմքերը դրվեցին անցյալ դարի կեսերին: Նախ ընդունվեց պոլիտեխնիկականի ճարտարապետության բաժինը, բայց նախախնամությունը նրա համար այլ ճակատագիր էր նախանշել: Լեռնագործի մասնագիտությունն իր իսկ բնօրրանում նոր և հետաքրքիր աշխատանք ունեցող հեռանկար էր բացում: Մանավանդ որ Քաջարանում դեռևս Մեծ հայրենականից առաջ սկսել էին լեռնային աշխատանքների նախապատրաստումը, որին պետք էր հաջորդեր հանքաքարը հարստացնող ֆաբրիկայի կառուցումը: Եվ ընտրեց հանքագործի մասնագիտությունը: «Ազնիվ աշխատանքով ապրեցեք կյանքը», - Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի 1954 թ. շրջանավարտ Ֆրունզե Պետրոսյանը միշտ հիշում էր ֆակուլտետի դեկանի խոսքը: Իսկ իր ծննդավայրը, ավելի ստույգ` Քաջարանի կոմբինատը հմուտ բանվորների, տեխնիկների, ճարտարագետների կարիք էր զգում: Այն ժամանակ մատների վրա կարելի էր համրել նման լեռնային ինժեներներին: Բարձրացավ Գանձասար, անցավ լեռնային ճարտարագետի, արտադրության ղեկավարի աստիճաններով, նախ` որպես ստորգետնյա հանքում հերթափոխի պետ, այնուհետև նշանակեցին հանքի գլխավոր ինժեների տեղակալ, հորատման-պայթեցման աշխատանքների ղեկավար, գլխավոր ինժեներ, հանքի պետ: Հինգ տարում` հինգ` մեկը մյուսից պատասխանատու աշխատանք: Իսկ երբ Գանձասարի բաց և ստորգետնյա հանքերը միավորվեցին, վեց տարի գլխավորեց լեռնային արտադրամասը, երեք տարի` կոմբինատի արտադրատեխնիկական բաժինը:

Այդ տարիներին դրսևորվեցին ոչ միայն արտադրության կազմակերպչի հատկանիշները, այլև իրեն դրսևորեց որպես զգայուն ու սրտացավ լեռնագործ: Արդեն խունացած շրջանային «Պղնձի համար» թերթի 1971 թ. մարտի 18-ի համարում նրա մասին տպագրված ակնարկում կարդում ենք. « Մեր նոր ղեկավարը` Ֆրունզե Պետրոսյանը, հոգի տղա է, ասես հանքերի համար է ծնված: Աշխատանքի ժամին հիվանդացա, այդ նկատեց հերթափոխի պետը, հանգիստ ինձ իջեցրեց էլեկտրաքարշի խցիկից, հասցրեց բուժկետ, հետո, ինքը մինչև հերթափոխի ավարտը վարեց էլեկտրաքարշը և հարյուրավոր տոննա հանքաքար տեղափոխեց պահեստարան», - այդ մասին գրում է նախկին լեռնագործ, էլեկտրաքարշավար Բաբկեն Թունյանը:

1967-ին վստահեցին կոմբինատի տնօրենի պաշտոնը: Նրա ինժեներական միտքն ուղղված էր այն բանին, թե ինչպես արդյունավետ շահագործել պղնձամոլիբդենային հանքավայրը, ավելի որակյալ հանքաքար արդյունահանել: Բայց ճակատագիրն անակնկալներ էր պատրաստել: 1968 թ. Քաջարանին պատուհասեց ստորերկրյա տարերքը: Իր գործին նվիրված լեռնային ինժեները ողջ կազմակերպչական ունակությունները ներդրեց երկրաշարժի հետևանքները վերացնելու և ձեռնարկության աշխատանքները բնականոն հուն վերադարձնելու համար: 1968 թ. հունիսի 9-ին (երկրաշարժի օրը) կոմբինատի տարբեր արտադրամասերում առաջացել էին վթարներ, ինչի հետևանքով մոտ մեկ շաբաթ խաթարվել էր ձեռնակության աշխատանքը, իսկ որոշ օրեր նույնիսկ կանգ էին առել բոլոր արտադրական գործընթացները: Սակայն տնօրենի ձեռնարկած կտրուկ միջոցների շնորհիվ, կարճ ժամանակամիջոցում, վերացվեցին վթարները, աշխատանքները վերադարձան բնականոն հուն:

1970 թվական: Հիշարժան տարեթիվ նրա կենսագրության մեջ: Մոսկվայի լեռնային ինստիտուտի դահլիճներից մեկը լեփ-լեցուն էր: «Բարձրադիր բաց հանքերի շահագործման համակարգի ուսումնասիրումը» թեմայով թեկնածուական թեզ էր պաշտպանում ինստիտուտի հեռակա բաժնի ասպիրանտ Ֆրունզե Պետրոսյանը: Թեպետ հուզված էր անչափ, բայց խոսում էր վստահ: Ընդդիմախոսները բարձր կարծիք հայտնեցին երիտասարդ մասնագետի մասին: Գիտական խորհրդի նախագահը ջերմորեն սեղմեց ձեռքը՝

- Ժամանակակից լեռնահանքային արդյունաբերությանը Ձեզ նման գիտակներ շատ են անհրաժեշտ:

Նույն թվականի օգոստոսին Ֆ. Պետրոսյանին շնորհվեց հանրապետության վաստակավոր ինժեների կոչում:

Ինչպես արդեն նշեցինք, մոտ տասը տարի ղեկավարեց հանրապետության գունավոր մետալուրգիայի վարչությունը: 1984-ին նա նորից ծննդավայրում էր, որ բազում հոգսեր ուներ, դանդաղ էին իրականացվում կոմբինատի կարողությունների ընդլայնումը, լուծվում քաջարանցիների սոցիալ-կենցաղային, կրթական-մշակութային խնդիրները: «Մեր ամենագլխավոր հոգսերից մեկը Քաջարանի բնակչության սոցիալական հարցերի շուտափույթ լուծումն է», - սիրում էր կրկնել արտադրության ղեկավարը: Եվ, իրոք, նրա պաշտոնավարության օրոք կոմբինատը դարձավ քաղաքաստեղծ ձեռնարկություն: Ամենակարևորը` կարողանում էր մարդկանց ոտքի հանել, համախմբել, իր հետևից տանել, կազմակերպել և մինչև վերջ առաջնորդել, որ ղեկավարի համար առաջնային գործոն էր:

Այս դեպքում ևս՝ մի պատառիկ լեռնագործների հետ զրույցից` քաղված շրջանային «Ղափան» թերթից. «Երբեմն նորի արմատավորման ուղիների մասին խորհելու, կշռադատելու փոխարեն առանց մտածելու, ջանք թափելու` ասում ենք, չէ, դա հնարավոր բան չէ: Բոլորս գիտակցում ենք, թե ինչ է մեզնից պահանջվում, բայց երբեմն դժկամությամբ ենք ձեռնամուխ լինում խնդրի լուծմանը, որովհետև դեռևս մտածում ու գործում ենք իներցիայով, հնացած ու քարացած մեթոդներով: Հարկավոր է պահանջկոտություն ե՛ւ կողքինների, ե՛ւ ինքներս մեր հանդեպ»:

Եվս մի ուշագրավ կենսագրական փաստ, մի լուսավոր կետ ակնարկի հերոսի կենսագրության մեջ: 1986-ին «Բարձրլեռնային հանքավայրերի հետախուզման ու շահագործման օպտիմալ եղանակի մշակման ու ներդրման համար» ուսումնասիրության համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Այս գյուտը հետագայում օգտագործվել է աշխարհի նույնանման պայմաններում շահագործվող հանքավայրերում: Իսկ ընդհանրապես նրա ռացիոնալիզատորական առաջարկությունները ձեռնարկությանը զգալի շահույթ են ապահովել: Որպես ռացիոնալիզատոր` արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի արծաթե և երկու բրոնզե մեդալների: Եվս մի ուշագրավ փաստ. 1954-ին, երբ ընդունվեց աշխատանքի, կոմբինատը տարեկան 900 հազար տոննա հանքաքարի հանույթ ուներ: Իր տնօրինության վերջին տարում այդ թիվը հասավ 9 միլիոն 200 հազարի:

Ֆրունզե Պետրոսյանի` կոմբինատի երկրորդ անգամ ղեկավարումը համընկավ մեր հանրապետության համար դժվարին այն տարիների հետ, երբ երկաթուղին շրջափակվել էր, և կոմբինատին անհրաժեշտ նյութերի մատակարարումն ու խտանյութի առաքումը դժվարացել, բայց նա արժանապատվորեն գլխավորեց ձեռնարկությունը: Դեռ ավելին, ազգային-ազատագրական շարժման տարիներին որոշ տաքգլուխներ հանրապետության ամենախոշոր ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու պահանջներ էին դնում, ինչն անընդունելի էր ողջ կյանքը լեռնահանքային արդյունաբերության մեջ անցկացրած մարդու համար: «Կոմբինատը կանգնեցնելով լեռնագործին կզրկենք ապրուստի միջոցից` մի կտոր հացից, ինչը նշանակում է ջուր լցնել թշնամու ջրաղացին»,- պատասխանում էր իր ընդդիմախոսներին: Նրա համոզմունքն այն էր, որ արտադրությունը պիտի գնա իր բնականոն հունով, քաղաքականությունը` իր: Եվ նրա ջանքերի ու նվիրումի շնորհիվ կոմբինատը չթալանվեց ու չփոշիացվեց, ինչպես հանրապետության որոշ հզոր ձեռնարկություններ, արեց հնարավորը, որ իրենից հետո կոմբինատը չհայտնվի ճգնաժամի մեջ:

Հարգանք ու հեղինակություն էր վայելում հանրապետության ինժեներատեխնիկական աշխատողների շրջանում: Նրան գնահատում և նրա հետ հաշվի էին նստում հանրապետության ղեկավարները: 1994-ից Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության ներկայացուցիչն էր Զանգեզուրի տարածաշրջանում, նաև եղել է առևտրի և արդյունաբերության նախարարի խորհրդական:

Կոմբինատի ձեռք բերած նվաճումների համար պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով:

Ֆրունզե Պետրոսյանը մշտապես իրեն դրսևորեց որպես արտադրության հմուտ կազմակերպիչ, լեռնային գործի խոր գիտակ: Աշխատանքում` պահանջկոտ, թերությունների և բացթողումների հանդեպ` անհանդուրժող, իսկ կյանքում մեղմ ու զգայուն, շրջապատի նկատմամբ ուշադիր մարդ էր: Մի անգամ շրջանային թերթի սկսնակ լրագրողս աշխատանքի բերումով եղել եմ տնօրենի աշխատասենյակում` 1986-ին, թե՞ 1987-ին: Բայց հիշողությանս մեջ թարմ է, թե նա ինչպես մանրամասն, որպիսի համբերատարությամբ ներկայացրեց աշխատասեղանի դիմացի պատին փակցված տեխնոլոգիական գծապատկերը, դրա յուրաքանչյուր գծի և սլաքի, էլեկտրոնային ազդանշանների նշանակությունը: Իսկ դրանք ցույց էին տալիս ձեռնարկության աշխատանքի ընթացքը` սկսած բաց հանքից մինչև խտանյութի ստացումը:

Գործի մարդ լինելուց զատ վաստակաշատ լեռնագործն ապրում էր հասարակական ակտիվ կյանքով, բազում նախասիրություններ ուներ: Ընթերցանությունը նրա համար ավելին էր, քան հոբբին: Խորագիտակ անձնավորություն էր. ինչ մասնագիտության տեր մարդու հետ էլ զրուցում էր, հանդես էր բերում քաջատեղյակություն, և նրան չճանաչողին մնում էր գուշակել, թե ինչ մասնագետ է` բժի՞շկ, ֆիզիկո՞ս, մեխանի՞կ, թե՞ տնտեսագետ: Մտերիմները պատմում են, որ նրա հետ սունկ հավաքելու գնալիս պարզապես զարմանում էին, թե ինչպես էր տալիս բոլոր բույսերի հայերեն անվանումները, պատմում յուրաքանչյուրի բուժական հատկությունների մասին:

Սպորտի սիրահար էր, տիրապետում էր մի քանի մարզաձևի, բայց լուրջ հաջողությունների հասել է ծանրամարտում: Դեռևս 1957-ին հանրապետական մրցումներում հաղթող է ճանաչվել, պարգևատրվել «Մետալուրգ» կամավոր մարզական ընկերության պատվոգրով: Վաստակած հանգստի գնալուց հետո մի զբաղմունք ևս գտավ` փայտափորագրություն: Իր հոգու ջերմությունն ու գորովը փոխանցում էր փայտին, որ նրա վարժ մատների շնորհիվ շունչ ու կենդանություն էր ստանում` դառնալով նախշազարդ բազկաթոռ, ծաղկաման, արձանիկ և սկահակ: Ժամանակ էր գտնում նաև նստել գրասեղանի առջև և թղթին հանձնել աշխարհից և կյանքից ստացած մտորումներն ու պատկերացումները, որոնք ամբողջացել են «Մտորումներ հասուն կյանքի ճանապարհին» գրքույկի մեջ:

Տարիների բազմազբաղ աշխատանքն ընտանեկան ջերմությունը վայելելու տեղ չէր թողնում: Պաշտոնները, որոնք վարել է, մեկը մյուսից պատասխանատու է եղել, կտրել ընտանիքից, երեխաններից: Երեք դստեր և որդու կրթության ու դաստիարակության գործն ընկել է մանկավարժ կնոջ` Ամալյայի ուսերին: Գուցե կուզենար, որ միակ արու զավակն ընտրեր իր մասնագիտությունը: Բայց ընտրեց մոր մասնագիտությունը՝ դարձավ էլեկտրաքիմիկոս: Թոռները ևս բարձր են պահում մտավորականի կերպարի հարգը…

Մինչև կյանքի վերջն ապրում էր հանքարդյունաբերության հոգսերով, հետևում այդ ոլորտի զարգացումներին, բարձրաձայնում բնապահպանական խնդիրներ: Գերագույն խորհրդի ամբիոնն օգտագործում էր խոսելու այն մասին, որ մարդու կողմից հանքահումքային պաշարների անխոհեմ շահագործումն խախտել է բնապահպանական հավասարակշռությունը և պահանջում արտակարգ միջոցներ ձեռնարկել: Չէր կարող չխոսել  Թեղուտի հանքավայրի մասին: Համոզված էր, որ այդ հանքավայրը չի կարելի բաց եղանակով շահագործել թե՛ բնապահպանական, թե՛ արդյունավետության տեսակետից: Մահվանից օրեր առաջ նամակով իր տեսակետներն էր հայտնել հանրապետության վարչապետին, հանքի արդյունավետ օգտագործման իր մոտեցումները ներկայացրել…

Կյանքից հեռացավ 2010 թվականին՝ 79 տարեկանում:

2013 թվականին, Մաքսիմ Հակոբյանի նախաձեռնությամբ, նրա հուշարձան-կոթողը տեղադրվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բակում:

Վահրամ Օրբելյան

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39