Օրն անցկացնենք Չարենցին հիշելով և նաև Չարենց ընթերցելով

13.03.2024 10:04
913

Չարենցի ստեղծագործության վերաբերյալ գնահատանքի խոսքեր, կարծիքներ շատ են հնչել։ Դրանցից մեկը Համո Սահյանին է պատկանում. ««Մահվան տեսիլը» հերիք էր անմահանալու համար»։

Նման վերնագրով պոետը երեք ստեղծագործություն ունի՝ պոեմ, երկու բանաստեղծություն։

Առաջին «Մահվան տեսիլ»֊ը (գրված 1920 թվականին) Հայաստանի ծանրագույն ռազմաքաղաքական շրջանին է վերաբերում. Կարսի անկում, թուրքերի հարձակում Հայաստանի վրա։ Պատմականորեն չափազանց վավերական ստեղծագործություն էր սա. պատերազմ էր, դասալիքներ, որոնց պատժելու համար կախաղաններ կային Երեւանում և Կարսում։

Երևույթը ցավագնորեն է տանում բանաստեղծը, «պատրաստակամություն» հայտնում վերջին զոհը լինել, միայն թե

Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ոչ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...

Երկրորդ «Մահվան տեսիլ»֊ը պոեմ է՝ գրված 1933 թվականին, հայ ազգային֊ազատագրական մտքի պատմությունն է։ Ստեղծագործության մեջ կան պատմական և իրական անուններ՝ Րաֆֆի, Ղևոնդ Ալիշան և ուրիշներ։ Պոեմին որպես բնաբան ընտրված է Սիամանթոյի «Մահվան տեսիլք» բանաստեղծության «Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ» տողը։

Երրորդ «Մահվան տեսիլը» գրել է 1935֊ին՝ Ալեքսանդր Թամանյանի մահվան տխուր առիթով.

Որքան նման է եղել պահն այդ՝ մարող կանթեղի

...Նրա կոպերը երեկ երբ քարացել են խաղաղ —

Կապույտ բոցով բռնկված վերջին ջերմում ուղեղի,

Նա տեսել է երեւի արեւային մի քաղաք...

Այս երեք «Մահվան տեսիլ»֊ների մեջ սյուժետային կապ չկա, իրենց արծարծած թեմաներով առանձին բարձրարվեստ գործեր են, բայց ամենայն հավանականությամբ Համո Սահյանը 1920 թ. գրված բանաստեղծությունը նկատի ուներ, երբ ասում էր, թե այն հերիք էր անմահանալու համար։

Մարտի 13-ը Չարենցի ծննդյան տարեդարձն  է։ Օրն անցկացնենք նաև Չարենցի խորախորհուրդ բանաստեղծություններն ընթերցելով։ Մանավանդ հիշենք նրա պատգամը՝ ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է, որն արդիական, դեռ ավելին` կենսական է հենց մեր օրերի համար և որը համառորեն չենք կարողանում կամ չենք ուզում կյանքի կոչել...

 

Վահրամ Օրբելյան

 

***

Մահվան տեսիլ

Որպես լքված թավջութակի ձգված մի լար`
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.–
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի —
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
ՈՒ լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ —
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան —
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց — մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի․․․

Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,—
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ,—
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ` եղերական ու անբասիր․․․
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,—
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա․․․

 

 

 

 

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38