Որոտան գյուղում անորոշություն է ու սպասողական վիճակ…

16.12.2020 22:24
5984

Խոսքը Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղի մասին է, որը Սերո Խանզադյանի կարծիքով՝ Ստեփանոս Օրբելյանի վկայակոչած Շաթիթաղ գյուղն է: Հետագայում թուրք-ազերիները բնակավայրին տվել են Շահվերդիլար անունը:

Գյուղը գտնվում է Գորիս-Կապան ճանապարհին՝ Որոտան գետի աջ ափին:

1960-ականներին այստեղ կառուցվել է Տաթեւհէկի ավանը, իսկ հիդրոէլեկտրակայանը գործարկվել է 1970-ին:

Որոտանը ոչ թե սովորական սահմանամերձ գյուղ է, այլ Կուբաթլուի սահմանից մի քանի մետր հեռավորությամբ գտնվող բնակավայր: Ընդ որում՝ գյուղի արեւելյան եզերքից Գորիս-Կապան մայրուղին մտնում է Կուբաթլուի շրջանի Էյվազլար գյուղի տարածք եւ ձգվում մինչեւ Ծակեր կոչվող վայր՝ Քարահունջից հարավ, եթե, իհարկե հիմք ընդունվի թուրք-ազերիների կողմից հրամցվող խիստ կասկածելի քարտեզը:

Ներկայումս գյուղն ապրում է սահմանային բնակավայրին բնորոշ առօրյայով. մարդիկ մտահոգված են երկրում եւ երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով, հայոց պետականության ապագայով:

Սահմանային Որոտան գյուղի կացության մասին դեկտեմբերի 16-ին զրուցեցինք բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանի հետ:

***

-Պարոն Օհանջանյան, դեկտեմբերի 15-ին գյուղի արեւելյան մուտքի մոտ, որտեղով ժամանակին անցել է Կուբաթլուի շրջանի Էյվազլար գյուղի սահմանը, որտեղ օրեր առաջ դեռ Գորիսի՝ ասֆալտ թողարկող գործարանն էր, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի հենակետ է կարգվել, որի վերաբերյալ երկակի ընկալում նկատեցինք գյուղացիների հետ զրուցելիս, ինչպե՞ս հասկանալ:

-Հայկական մարտական դիրքերը բավականին խորքում են՝ գյուղից մի քանի կմ հեռավորության վրա: Այնտեղ ենք գտնվում հայտնի եռակողմ հայտարարության 1-ին կետի համաձայն, ասել է թե՝ կանգնած ենք այնտեղ, որտեղ էինք նոյեմբերի 9-ին: Բայց ռուսական հենակետը կարգվեց ոչ թե այնտեղ, որտեղ կանգնած ենք, որտեղով ձգվում է հայ-ադրբեջանական շփման գիծը, այլ այնտեղ, որտեղով ձգվել է խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանը:

Հենց դա էլ տարակույսի տեղիք է տվել, մանավանդ որ բնակչությանը բացատրություն չի տրվում այդ առնչությամբ:

Մյուս կողմից, իհարկե, ռուսների ներկայությունը ճանապարհին՝ ավելի հուսալի է դարձնում Գորիս-Կապան մայրուղու անվտանգությունը Որոտանի մերձակայքում:

-Այսինքն, հակասությո՞ւն եք տեսնում եռակողմ հայտարարության 1-ին կետի հայտնի դրույթի եւ ընթացող զարգացումների միջեւ:

-Իհարկե, հակասություն կա, բայց դա սովորական հակասություն չէ, դրանից  ծորում է անորոշություն եւ անհասկանալիություն:

Պարզապես մարդիկ ուզում են հստակ իմանալ՝ եռակողմ հայտարարության 1-ին կետն  ուժի մե՞ջ է, թե՞ ոչ:

Հայկական ուժերը շարունակելո՞ւ են մնալ զբաղեցրած դիրքերում, թե՞ ոչ:

-Անշուշտ, նման անորոշությունը կարեւոր բաց է սահմանամերձ բոլոր այն գյուղերի համար, որոնք գտնվում են Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների սահմանի երկարությամբ:

Որոտանի դեպքում՝ առավել եւս, քանի որ գյուղն անմիջապես սահմանի վրա է:

-Գիտե՞ք, ամենավիրավորականն այն է, որ սահմանորոշման թեմայով խոսելիս բոլորը միաբերան վկայակոչում են ադրբեջանցիների կողմից հնարված եւ GPS համակարգով մատուցվող քարտեզը: Բա ո՞ւր են մեր շահերն արտացոլող քարտեզները:

Իսկ եթե մեր գյուղի հատվածում եւս հիմք ընդունվի ադրբեջանցիների մատուցած քարտեզը…Դուք շատ լավ ծանոթ եք Որոտան գյուղի վարչական տարածքին: Եթե, Աստված մի արասցե, սահմանը որոշվի այդկերպ, ապա Որոտան գյուղը կանգնելու է լինել-չլինելու այլընտրանքի առջեւ:

Այդ դեպքում խնդիր է լինելու Որոտան գյուղից Գորիս գնալն անգամ:

Վտանգի տակ է հայտնվելու Գորիս-Կապան ավտոմայրուղին, որովհետեւ Քարահունջի մերձակայքի Ծակերից սկսած մինչեւ ասֆալտբետոն թողարկող գործարան՝  Էյվազլար գյուղի տարածք է համարվելու:

Սակայն մարդկանց ֆիզիկական անվտանգության եւ հաղորդակցության ուղիների ճգնաժամի հետ մեկտեղ վտանգվելու է նաեւ գյուղի տնտեսական կյանքը, քանզի մեր այգիները, մեր խոտհարքները մնալու են նրանց տիրապետության ներքո:

-Այգիների մասին նշեցիք… Քիչ առաջ գյուղացիները մեզ պատմում էին, թե գյուղամերձ այգիներում թթենիներն են արդեն կտրատվում. սոսկալի է այդ ամենը պատկերացնել:

-Որոշ մարդիկ, ցավոք, դիմել են նաեւ այդ քայլին, քանի որ վստահ չէին, որ թուրքը վաղը չի գալու զբաղեցնի այդ տարածքները:

Ավելին՝ ասֆալտբետոն թողարկող գործարանի սարքավորումներն են դուրս բերվել գյուղից:

-Եվ ուրեմն, ի՞նչ անել, ինչպե՞ս եք պատկերացնում ելքը:

-Նախ՝ պետական մակարդակով պետք է վերջ դրվի անորոշությանը՝ պատասխանելով գլխավոր հարցին՝ շարունակելո՞ւ ենք մնալ մեր զբաղեցրած դիրքերում, թե՞ թուրքը պետք է գա ու հասնի երբեմնի խորհրդային սահմանագծին:

Այնուհետեւ՝ Որոտան գյուղի հարցը, հավատացեք, առանձնահատուկ է: Չպետք է մոռանալ, որ դա Գորիս-Կապան միջպետական մայրուղու կարեւոր եւ այլընտրանք չունեցող հանգույցներից է, մինչդեռ այդ մասին պետական մակարդակով պարբերաբար արվում են իրարամերժ ու հակասական հայտարարություններ:

Մյուս կողմից՝ գյուղում է գտնվում Հայաստանի ամենախոշոր հէկը՝ Տաթեւհէկը:

Բոլոր այդ հանգամանքները պետք է հաշվի առնվեն սահմանագծի ճշտման ընթացքում, այլապես ոչ միայն մեր գյուղը, այլեւ ամբողջ տարածաշրջանի հաղորդակցության համակարգը կհայտնվեն վտանգավոր իրավիճակում:

Ու այդ ժամանակ կայուն խաղաղության մասին խոսելն ավելորդ կլինի:

-Կուզենայինք իմանալ նաեւ առաջնագծի դիրքերում գտնվող որոտանցիների մասին:

-Գյուղը Գորիսի տարածաշրջանի կենսունակ բնակավայրերից է՝ մոտ 300 բնակչությամբ, 45 աշակերտով, նախադպրոցական տարիքի տասնյակ երեխաներով:

Գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան առաջին պատերազմին: Ապրիլյան պատերազմին զոհ ենք տվել՝ Նարեկ Մկրտչյան:

Այս պատերազմի առաջին օրերից գյուղը (հանրապետության բոլոր բնակավայրերի պես) ոտքի վրա էր: Մինչեւ հոկտեմբերի 28-ը տղաները տարբեր ճակատներում էին, Արման Արջունցին կորցրինք մարտական գործողությունների ընթացքում, բայց հոկտեմբերի 28-ից միավորվեցինք ինքնապաշտպանական մի ջոկատում՝ ստանձնելով Կուբաթլուի մերձակայքի դիրքերից մեկի պաշտպանությունը: Այդտեղ ենք  մինչեւ հիմա…

Տղաները վճռական են տրամադրված, պատրաստ են ամեն գնով նպաստելու ոտնատակ տրված հայոց արժանապատվության վերականգնմանը:

Ջոկատն ապահովված է ձմեռային անհրաժեշտ հագուստով, զենքով ու զինամթերքով, գիշերային դիտողական սարքերով եւ մյուս անհրաժեշտ միջոցներով:

Մեզ, կրկնում եմ, մի բան է անհանգստացնում՝ անորոշությունը…

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

 

 

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05