Որտե՞ղ է թաղված Գրիգոր Նարեկացին

15.06.2014 18:49
4154

ՎԱՐԿԱԾ


 

10-րդ դարում նորից սկսվում են դավանաբանական վեճերը հայ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականության միջեւ՝ մի կողմից պահպանողական հայրերի` ի դեմս հայոց կաթողիկոսի եւ նրա կողմնակիցների, մյուս կողմից` նահանգական հոգեւոր առաջնորդների:

Մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում միասնական ճակատ էին կազմել Սյունիքի, Վասպուրականի եւ Աղվանքի հոգեւոր այրերը` հանձինս Վահան եպիսկոպոսի` Սյունյաց գահակալ Ձագիկի թոռան, Ջեւանշեր իշխանի որդու, Վասպուրականի Անձեւացյաց եպիսկոպոս Խոսրովի` Գրիգոր Նարեկացու հոր, ով իբրեւ հերձվածող բանադրված էր Անանիա Մոկացի կաթողիկոսի կողմից(1) եւ Աղվանից կաթողիկոսներ Սահակի, ապա նաեւ Գագիկի մասնակցությամբ, ովքեր ձգտում էին բարեփոխումներ կատարել հայ առաքելական եկեղեցու իրավականոնական համակարգում: Նրանց դեմ անհաշտ պայքար էր մղում ժամանակի խորաթափանց կաթողիկոս Անանիա Մոկացին(1).

Ահա այս խառնակ ժամանակաշրջանն էր, երբ հանդես եկավ մեր հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին (950-1003), ում սկսեցին հալածանքի ենթարկել(2) նրա մղած «հանդուգն եւ նորաշունչ» գաղափարների համար(3):

«Չափազանց բանագետ...»(4) եւ «Աստուածիմաստ բանահյուս» պոետի գրական ժառանգության մասին գրվել են բազմաթիվ աշխատություններ:

Սույն հոդվածի հիմնական աղբյուրը եղել է 1839թ. Պոլսո Օրթագյուղի Արաբյան եղբայրների տպարանում լույս տեսած «Յիշատակ վարուց հոգեկիր հռետորի սրբոյն Գրիգորի Նարեկ աղօթից» կամ «Մատեան ողբերգութեան» գրքի հակիրճ հիշատակարանը: Այստեղ ի թիվս պատմական մի շարք գործիչների (Վասիլ, Կոստանդին կայսրեր, Սենեքերիմ Արծրունի թագավոր), նաեւ նշվում է, որ Գրիգոր Նարեկացին իր «Մատյանը» շարադրել է «ի հայրապետութեան տեառն Վահանայ կաթողիկոսի», հայոց :ՆԼԲ: (983) թվականին (5):

Այս փաստը մտորելու տեղիք է տալիս: Ինչպես հայտնի է, կաթողիկոս Վահան Ա Սյունեցին վախճանվել է 972թ.(6), բայց ոչ 983թ., ինչպես գրված է Մատյանի մի խումբ հիշատակարաններում (7):

Մեծանուն Սյունեցին հողին է հանձնվել Վասպուրականի Տոսպ գավառի Ձորո վանքում (8): Նույն ճակատագիրն է ունեցել Վահան Ջեւանշերյանին նախորդած Հակոբ Ա Սյունյաց շինարար եպիսկոպոսը (9), ում Անանիա Մոկացին բնութագրում է նվաստացուցիչ պիտակներով` անվանելով «սադրիչ», «խաբող», «ապերախտ», «չարաբարո» եւ այլ բառերով (10): Սակայն հետեւենք Վահանին:

Պատմական աղբյուրները վկայում են, որ Վահան Սյունեցու կաթողիկոսությունն ընդհատվեց նրանով, որ Անիի եկեղեցական ժողովը, որին Վահանը չմասնակցեց, Աշոտ Ողորմած թագավորի համաձայնությամբ որոշեց գահընկեց անել նրան` մեղադրելով քաղկեդոնականությանը հարելու մեջ(11):

Ժամանակագիր Դավիթ Բաղիշեցու հիշատակարանում կարդում ենք. «Ետ Անանիայի եկաց հայրապետ Տէր Վահան ի Բաղայ (իմա` Բաղաց) ամ մի որդի Ջուանշիրի իշխանին Բաղաց: Նա դաշնադիր եղեւ ընդ վրաց քաղկեդոնականաց եւ իմացեալ վարդապետք ժամանակին եւ հալածեցին զնա եւ նա փախստեամբ եկեալ ի Վասպուրական»(12):

Միջնադարյան պատմիչներից շատերը դրվատանքի ջերմ խոսքերով են արտահայտվում կաթողիկոս Վահան Ա Սյունեցու մասին: «Յայսմաւուրքում» նշվում է. «Վահան էր ուղղափառ եւ իմաստուն հայրապետ Հայոց ի Բաղաց գաւառէ, զոր փախստական արարին վասն կարծեաց դաւանութեան ժողովոյն Քաղկեդոնի եւ վասն պատկերս մուծելոյ յեկեղեցիս եւ զսեղանն սուրբ: Իսկ նորայ երթեալ տիրեաց ի կողմանս Վասպուրականին եւ յայն սակս կաթողիկոսութիւն Հայոց բաժանեցաւ յերկուս: Եւ էր յայն ժամ Վահանայ համախոհ հրեշտակն ի մարմնի սուրբն Գրիգոր Նարեկացին»(13):

Եթե «Մատյանը» գրվել է Վահան Սյունեցու հայրապետության շրջանում, ապա Գրիգոր Նարեկացին եղել է ընդամենը 20-22 տարեկան:

Հանճարեղ բանաստեղծը մահացել է հայոց :ԳՃԾԲ: (352+ 551) 903 թվականին եւ թաղվել է Նարեկա վանքում, իսկ երբ Վասպուրականի Սենեքերիմ թագավորը 1021թ. երկիրը փոխանակեց Բյուզանդիայի հետ եւ տեղափոխվեց Սեբաստիա, ահա այդ ժամանակ «միանձանցն Նարեկայ դիմեալ մերձ ի կողմանս քաղաքին Ակնայ եւ Տիւրիկեայ (Տեւրիկ) շինեցին վանս յանուն Նարեկայ, ուր բերեալ հանգուցին զպատուական մարմինն, թեեւ այժմ է աւերակ եւ կոչի Ուխտ Արակայ» (14):

Այժմ համառոտակի անդրադառնանք Ակն եւ Տիւրիկե քաղաքների տեղադրության խնդրին: Ակնը գտնվում է Փոքր եւ Մեծ Հայքերի միջակա սահմաններում: Հիմնադրել են Սեբաստիա տեղափոխված Արծրունիները(15): Թուրքերը կոչում էին Էգին, ապա վերանվանել են Քեմալիե (16): Գտնվում է Արեւմտյան Եփրատի աջ ափին` Երզնկայից Խարբերդ տանող ճանապարհին, իսկ անցյալում եղել է Բաբերդի վիլայեթի կազմում: Ակն քաղաքից էին մեր ականավոր մտավորականներ Արփիար Արփիարյանը, Գրիգոր Զոհրապը, Գարեգին Սրվանձտյանը, Միսակ Մեծարենցը, Սիամանթոն եւ շատ ուրիշներ(17):

Բագրատունյաց թագավորության անկումից հետո Ակն են տեղափոխվել բազմաթիվ անեցիներ, որոնց զգալի մասը թուրք զավթիչների ստիպմամբ ընդունել է մահմեդականություն(18):

1915թ. բազմաթիվ բնակիչներ զոհվեցին, եւ արհեստավորների ու վաճառականների Ակնը դատարկվեց հայ ազգաբնակչությունից:

Մեծ հռչակ էին վայելում Ակն քաղաքի Նարեկյան վարժարանը, «Ականց անապատը» (19) կամ «Ակներց վանքը» (20):

Այս բնակավայրն անվանվել է նաեւ «Երկրորդ Գողթն» (21): Արակա գյուղը մինչեւ կոտորածները Գրիգոր Նարեկացու անունով նաեւ կոչվել է Նարեկա գյուղ (Սեբաստիայի նահանգում) (22):

 

Ըստ գրավոր աղբյուրների՝ Գրիգոր Նարեկացին թաղվել է Նարեկա վանքի Ս.Սանդուխտ կույսի անունը կրող եկեղեցու պատի տակ (23): Ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը (24) վկայակոչելով հայր Միքայել Չամչյանին (25)` նշում է, որ Գրիգոր Նարեկացին վախճանվել է հայոց :ՆԾԲ: /1003/ թվականի փետրվարի 27-ին եւ «թաղված է Նարեկա վանքի Ս.Սանդուխտ կույսի եկեղեցու մոտ (26):

 

Մի շարք հեղինակներ (Զարբհանալյան եւ այլք) նշում են Նարեկացու մահվան տարբեր թվականներ (27):

 

Սույն հոդվածի հիմնական նպատակն է բացահայտել, թե ի վերջո որտե՞ղ է թաղված Գրիգոր Նարեկացին, որտե՞ղ են հանգչում նրա սրբազան մասունքները:

Վերը նշեցինք, որ Գրիգոր Նարեկացու մարմինը երկրորդ անգամ հողին է հանձնվել Ակնում, որ գտնվել է «ի Կիլիկցւոց աշխարհիս» եւ Տյուրիկե («Տիվրիկո գաւառ»+ Տեւրիկ) քաղաքների մերձակայքում, ուր ճգնավոր անձինք հիմնադրել են նոր Նարեկա վանք` կոչելով Ուխտ Արակա(28), որը դարձյալ ավերակվել է, իսկ մեծանուն բանաստեղծի աճյունը տեղափոխել են մեկ այլ տեղ, որի ստույգ անունը եւ տեղադրությունը մեզ դեռեւս հայտնի չեն:

2012 թ.ամռանը Կապանի հնագիտական արշավախմբի անդամներ Հրաչիկ Մարգարյանի, ճարտարապետ Համլետ Մարտիրոսյանի եւ այլոց հետ միասին շրջագայելով Վահանավանքի Մեծ տաճարի` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարավարեւմտյան անտառախիտ սարալանջում, նկատեցինք մարդկային կերպարանքով տապանաքար / երկ. 1 մետր 10 սմ, լայն. վերեւից` 45-48 սմ, ներքեւից 56 սմ, բարձր. 61 սմ/: Տապանաքարի աջակողմում կա եղծված եւ մաշված փակագրի տառահետքեր, որոնց հիման վրա կարելի է ընթերցել ՆԱՐ..Ե... /Կ/ կապակցությունը:

Պատկերաքանդակն ակամայից հիշեցնում է մեծատաղանդ գեղանկարիչ Գրիգոր Սկեւռացու (Մլիճեցու) 1173 թ. (Մատենադարանի նո. 1568) ձեռագիր մատյանի մանրանկարը` գանգրահեր տղամարդ, ոչ երկար գլխամազերով, փոքր-ինչ ուռուցիկ իրանով: Տապանաքարը պատրաստված է միակտուր քարից, միաձույլ պատվանդանով: Շուրջառը ծածկում է ողջ իրանը, որի կողքերից երեւում են ձեռքերի դաստակները: Ոտքերը տեսանելի չեն, քանզի ծակոտկեններով պատված մարմնի ներքին մասերը ճաքճաքված են եւ քայքայված:

Արդեն նշել ենք, որ օտար ներխուժողների շրջանում Գրիգոր Նարեկացու մարմինը տեղափոխել են տեղից տեղ:

Կարծում ենք` Գրիգոր Նարեկացու վերջին հանգրվանը եղել է Սյունյաց աշխարհը: Սյունիքն այդ ժամանակ ուներ կայուն թագավորություն` Վասակ Ա թագավորի գլխավորությամբ (նա թաղված է Տաթեւի վանքում): Նրա դուստր Կատրանիդեն ամուսնացած էր Բագրատունյաց Գագիկ Ա հզոր թագավորի (990-1020) հետ (29):

Այս երկու խոշոր ավատական տների ազգակցական կապերն առավել սերտացնում եւ ապահովում էին նրանց միջավատական հարաբերություններն ու ռազմա-քաղաքական դաշինքը:

Ուզում ենք հավատալ, որ Գրիգոր Նարեկացուն տեղափոխել են իր հոր` Խոսրով Անձեւացյաց եպիսկոպոսի գաղափարական դաշնակից Վահան Սյունեցու հայրենիքը` Սյունյաց լեռնաշխարհ, եւ ամփոփել Սյունիքի արքունական-իշխանական դամբարանատան` Վահանավանքի տարածքում:

Պատմությունն ինչ-որ տեղ կրկնվում է. չէ որ Վահան Սյունեցի կաթողիկոսն էլ իր հանգիստն է գտել Վասպուրականի Ձորո վանքում եւ ոչ իր հայրենի Սյունյաց նահանգում:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.            Տես Գիրք թղթոց…, տես նաեւ Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի Պատմութիւն տանն Սիսական, գլուխ ԾԱ, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1861 էջ 202:

2.            Հայ ժողովրդի պատմություն, հ 3, Երեւան,1976, էջ 359 :

3.            Նույն տեղում, էջ 357, տես նաեւ` Մանուկ Աբեղյան:

4.            Գրիգոր Նարեկացի, Մատենագրութիւնք, Վենետիկ,1840 եւ այլն:

5.            Արիստակես Լաստիվերցու արտահայտությունն է (տես Պատմութիւն, Երեւան, 1971, էջ 5, ծանոթ. 27):Երկեր,հ.Գ, Երեւան, 1968, էջ 581:

6.            Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության, աշխատասիրությամբ Պ.Խաչատրյանի եւ Ա.Ղազինյանի, Երեւան, 1998, էջ 175:

7.            Մատեան ողբերգութեան, Կ.Պոլիս, 1839, էջ 345:

8.            Տես Գր.Գրիգորյան, Վահանավանք, Երեւան, 2007, էջ 11-13:

9.            Ստեփանոս Օրբելյան,Պատմութիւն տանն Սիսական, Մ., 1861, էջ199-206:

10.          Տես Գալուստ Տեր-Մկրտչյան, Հայագիտական ուսումնասիրություններ, գիրք Բ, աշխատասիրությամբ պրոֆ. Պ.Հակոբյանի, Էջմիածին, 1998, էջեր 98, 99, , 100, 105 եւ այլն:

11.          Մանր ժամանակագրություններ, հ.2, կազմեց Վ.Հակոբյան, Երեւան, 1956, էջ 338:

12.          «Յայսմաւուրք, մայիսի 27, նաեւ Բառգիրք Հայկազեան լեզուի, Բառարան յատուկ անուանց, որք գտանին յայլեւայլ գիրս արտաքոյ Աստուածաշունչ գրոց, Վենետիկ,1769, էջ 352:

13.          Տես Տեառն Անանիայի Հայոց կաթողիկոսի Պատճառ յաղագս զԽոսրով նզովելոյն զԱնձեւացվոց եպիսկոպոս Գալուստ Տեր Մկրտչեան, Հայագիտական ուսումնասիրություններ, գիրք Բ, աշխատասիրությամբ պրոֆ Պ.Հակոբյանի, Էջմիածին, 1998, էջ 124-125:

14.          Թ.Հակոբյան, Պատմական Հայաստանի քաղաքները, Երեւան, 1987, էջ 30-31:

15.          Մատեան ողբերգութեան, 1839, էջ 346:

16.          Տես Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1, Երեւան, 1974,էջ 224-225:

17.          Տես Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, Երեւան, 1986, էջ 136:

18.          Նույն տեղում: Տես նաեւ «Ակնի Նարեկյան վարժարանը»: Տես նաեւ «Հնութիւնք Ակնայ» ժողովածուն, Թիֆլիս, 1895, էջ137:

19.          Մատեան ողբերգութեան, 1839, էջ 386:

20.          ԺԴ, էջ 97:

21.          Մանուկ Աբեղյան, Երկեր, հ. Գ, Երեւան, 1968, էջ 58:

22.          Մ.Չամչյան, Հայոց պատմություն. Բ հատոր, էջ 857:

23.          Մանուկ Աբեղյան, նույն տեղում:

24.          Թ.Հակոբյան, նշվ. աշխ., էջ 34:

25.          Զարբհանալյան-մի…

26.          ԺԴ, էջ 88:

27.          Տես Լ.Խաչիկյան, ԺԴ դարի ձեռագրերի հիշատակարաններ, Երեւան, 1950, էջ 369:

28.          Դիվան հայ վիմագրության, պրակ 1, Երեւան, 1982, էջ 35:

29.          Մատեան ողբերգութեան, 1839, էջ 346

ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ

Մարտուն Զաքարյանի կտավների ցուցահանդեսը Քաջարանի մշակույթի պալատում, որտեղ նաև «Մսյո Ազնավուր» ֆիլմի ցուցադրությունն էր

13.12.2024 16:18

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշ հատվածներ փակ են բեռնատար ավտոմեքենաների համար

13.12.2024 14:58

Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով

13.12.2024 14:56

ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան ATACMS հրթիռներով հարվածների

13.12.2024 14:53

Վերահրատարակվել է Տիգրան Գրիգորյանի «Անմահության համանվագ» գիրքը

13.12.2024 14:45

Փաշինյանը մեկնել է ՌԴ

13.12.2024 11:04

ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ՀՀ-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ

13.12.2024 11:02

Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

13.12.2024 09:00

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը. Ռուբինյան

12.12.2024 23:25

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության

12.12.2024 23:16

Դեմ եմ ամերիկյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարձակումներին. Թրամփ

12.12.2024 20:31

Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել

12.12.2024 19:25