Ով չի եղել Երիցու վանքում, չի եղել Կապանում

30.01.2026 11:21
1102

«Ուխտագնացություն Կապանի տարածաշրջանի քրիստոնեական սրբավայրեր» ծրագրի շրջանակում «Սյունյաց երկրի» արշավային այցերը, ինչպես արդեն ասել ենք, սկսել էինք 2019 թվականին։

Եվ հասցրել էինք այցելել պաշտամունքային մի քանի վայրեր...

Առաջին այցելություններից մեկի ճանապարհը մեզ տարավ Երիցվանք, որին նաեւ Կարմիր վանք են անվանում, Նոր Երուսաղեմ, Սուրբ Նախավկա, Երիցավանք, Երիցավան, Երիցվանիկ, Երիցու վանք: Դա 2019 թ․ օգոստոսի 22-ին էր։

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խմբին (Սամվել Ալեքսանյան, Մարիամ Սարգսյան, Արմինե Մարգարյան) ուղեկցում էր Կապանի երեւելի զավակներից մեկը՝ Օնիկ Աթայանը, ով, լինելով վանքին մերձակա Մողես (Կաղնուտ) գյուղի զավակ, հանգամանալից ծանոթ է այդ վայրերին, քաջատեղյակ  բազում ավանդազրույցների:

Երիցվանքը գտնվում է Արծվանիկ գյուղից փոքր-ինչ արեւելք՝ բարձր ու գեղատեսիլ  սարավանդի վրա:

Հնում մտնում էր Սյունիք աշխարհի Բաղք կամ Քաշունիք գավառի մեջ:

Կապանից Արծվանիկ, ապա եւ Երիցվանք բարձրանալու ընթացքում, նաեւ այնտեղ, վերհիշեցինք այդ սրբավայրի հետ կապված պատմություններ…

Եվ երբ արդեն բարձունքում էինք, մեզ՝ հատկապես առաջին անգամ այցելողներիս, թվում էր, թե ուր որ է տեսնելու ենք Սյունյաց իշխանուհի Սահակիա բարեպաշտ ու մեծահավատ տիկնոջը, ով ուղեկցում էր հայոց սուրբ կաթողիկոս Մուշեին (ոսկեզօծ թամբով սպիտակ ջորին հեծած, եպիսկոպոսներով, բազմախումբ սպասավորներով), որ եկել էր Երիցվանք՝ Սյունիքի մետրոպոլիտության աթոռի համար արժանավոր մեկին ընտրելու խնդրով:

Թվում էր, ուր որ է, մեկուկես հազարամյակի հեռավորությունից, կտեսնենք Սուրբ Երիցակին՝ Երիցվանք-Նոր Երուսաղեմ-Սուրբ Նախավկան կառուցելիս (519 թ., Վահան Մամիկոնյանի՝ հայոց մարզպանության ժամանակներ):

Եվ կտեսնենք, թե ինչպես է սպիտակ աղավնիների երամից մի աղավնի առանձնանում՝ սլանալով գալիս ու կանգնում Երիցակի վրա, ինչից հետո Տեր-Մուշե հայրապետը նրան օծում է Սյունիքի մետրոպոլիտ, իսկ Երիցվանքը հռչակում Սյունյաց աստվածասկիզբ թեմի կենտրոն:

… Ավա՜ղ, այդ ամենը ոգեւորված «Սյունյաց երկրի» անուրջների տիրույթում էր:

Իրականում, մինչդեռ, տեսանք անուշադրության մատնված, կիսավերակ մի սրբավայր…

Ժամանակին, սակայն, ըստ Սյունյաց տան պատմիչի՝ «Այնտեղի վանքը գեղեցիկ էր, զարմանալի տեսքով… պարսպապատված մեծամեծ քարերով. պարսպից ներս կային շուրջ քառասուն խցիկներ՝ քուրձ հագնող լռակյաց ճգնավորներով…»:

Բայց դարերի անուշադրությունից ու հարյուրամյակների փորձություններից հետո անգամ մերօրյա Երիցվանքը շարունակում է մնալ իբրեւ մարգարիտ՝ Աստծո կապանյան տաճարների բույլում:

Եկեղեցին կառուցված է կիսամշակ բազալտե քարերով ու կրաշաղախով:

Հորինվածքով ինքնատիպ, ավելի ճիշտ՝ եզակի կառույց է հայ ճարտարապետության մեջ. երկարավուն մի դահլիճ՝ թաղածածկ, որի հյուսիսային ու հարավային պատերը բաց կամարաշարեր են՝ կառուցված կարմրավուն քարերով, ինչի համար էլ նաեւ Կարմիր վանք է կոչվել:

Պահպանվել են եկեղեցուն շրջափակած կրկնակի պարիսպների հիմնամասերը:

Մեր մեծ բարեկամ Սերո Խանզադյանը ժամանակին պատմում էր, թե մինչեւ Երիցակը՝ «…դա հեթանոսական տաճար էր՝ գուցե մի ողջ հազարամյակ Գառնիից էլ առաջ»:

Սերո Սպարապետն ասում էր նաեւ, թե այդ տեղանքը նաեւ Կռավայր է կոչվել, ասել է թե՝ հեթանոսական կուռքերի, հեթանոսական աստվածների վայր…

Անշուշտ, դժվար է ասել, թե վանքի տարածքի կոնկրետ որ մասում է Սուրբ Երիցակի դամբարանը, եւ դա, ըստ էության, կարեւոր չէ այլեւս:

Կարեւորն այն է, որ Աստծո այդ տաճար այցելող ոչ մեծաթիվ հավատավորները ոգի են առնում  այնտեղից, հիշում Երիցակին առնչվող պատումներ, նաեւ համոզվում (նրա արարումները տեսնելով), որ Երիցակը ժամանակին դասվել է հայոց ազգային-եկեղեցական սրբերի շարքը, ինչում համոզված էր նաեւ լուսահոգի Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցին՝ վկայակոչելով տեղեկությունը, որ Սուրբ քաղաք Երուսաղեմում եւ Բեթղեհեմում նրան իբրեւ սուրբ էին դիմում…

Մեր ուխտագնացության վերջում կարեւոր հետեւություններից մեկն այս էր՝ «Ով չի եղել Երիցու վանքում, չի եղել Կապանում»:

Անպայման այցելեք Երիցվանք…

Սամվել Ալեքսանյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12