Ո՞վ էր Վահան Խորենին, ում Գորիսի բանտում գնդակահարեցին Արշակ Շիրինյանի հետ և միասին՝ նույն տեղում, հողին հանձնեցին

28.07.2022 09:26
4649

Հուլիսի 25-ին syuniacyerkir.am  կայքում հրապարակվել է Սամվել Ալեքսանյանի նամակը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին և համայնքի ավագանու անդամներին, որը մեծ արձագանք է գտել:

Նամակում նշված է, որ 1920թ. օգոստոսի 2-ի գիշերը Գորիսի բանտում գնդակահարվել են նաև Վահան Խորենին, Զաքար Տեր-Ղազարյանը (Զաքո) և Միքայել Աղամյանը: Նրանց աճյունը նույնպես դրել են Գորիսի ռուսական գերեզմանատան այն փոսում, որտեղ հողին հանձնվեց Արշակ Շիրինյանը:

Մեր ընթերցողներից մի քանի հոգի (Սիսիանից) խնդրել են խմբագրությանը՝ հնարավորինս հանգամանալից տեղեկություններ ներկայացնել Վահան Խորենու, Զաքար Տեր-Ղազարյանի և Միքայել Աղամյանի մասին:

Եվ ահա, ընդառաջելով ընթերցողներին, ներկայացնում ենք Շչորս Դավթյանի  ակնարկը Սյունիքի մեծանուն զավակ Վահան Խորենու մասին (Զաքար Տեր-Ղազարյանի մասին՝ ավելի ուշ):

***

Հայ ազգային և հասարակական-քաղաքական գործիչ էր Վահան Խորենին (Տեր-Գևորգյան):

Ծնվել է 1888 թ. Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում: Հայրը՝ Տեր-Խորեն Գևորգյանը, ուսուցիչ էր գյուղի դպրոցում:

1907 թ. Վ. Խորենին ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանի դպրոցական մասը, ապա՝ Լայպցիգի համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետը՝ որպես ավարտական թեզ ներկայացնելով «Ֆրիդրիխ Նիցշե» երկասիրությունը: Ուսանողական տարիներին անդամակցել է դաշնակցությանը: Այնուհետև եկել է Թիֆլիս, որպես ուսուցիչ աշխատել Գալանյան դպրոցում, իսկ 1917 թ. ստանձնել ՀՀԴ օրգան «Աշխատավոր» թերթի խմբագրի պաշտոնը:

Ականավոր պատմաբան Լեոն, որ Վահան Խորենուն ճանաչում էր դեռ Գևորգյան ճեմարանից, 1920 թ. օգոստոսին, նրա եղերական մահվան հետ կապված, «Մշակ» թերթում հոդվածաշար է տպագրել այդ խոշոր ազգային ու քաղաքական գործչի մասին, բնականաբար, լույս սփռելով նրա գործունեության մի շարք էջերի վրա: «Տարիներ անցած, - գրում է Լեոն, - Վահան Խորենին վերադարձավ Թիֆլիս, և մենք հանդիպեցինք իրար իբրև հին մտերիմներ... Գիտության սիրահար, գիտությամբ ապրող, նա լուրջ էր և խոհուն և նրա հոդվածները ես կարդում էի բավականությամբ… - Եկավ, սակայն, 1917 թ. մարտը, պայթեց ռուսական հեղափոխությունը… Վահան Խորենին կուսակցական…  Վահան Խորենին դաշնակցական… միտինգների հռետոր... Դառնալով դաշնակցության ձախ թեև պարագլուխ, նա, անշուշտ, մոլեռանդ գաղափարախոս հանդիսացավ այն ուղղության, որ ձգտում էր այդ հին ազգայնական կուսակցության գոնե մի երեսը դարձնել միջազգային սոցիալիստական…»:

Այնուհետև Լեոն Վ. Խորենուն գնահատում է որպես հրապարակախոս և որպես հայ մտավորական. «Ես միայն կասեմ, որ Վահան Խորենին մեծ թափ և անշեջ եռանդ ցույց տվեց կուսակցական-հեղափոխական հրապարակախոսության մեջ, հիմնելով և անձամբ տանելով ներդաշնակցական «Աշխատավոր» թերթը, որի մեջ նա ցույց էր տալիս մի ապշեցուցիչ բեղմնավորություն, նորադարձի ֆանատիկոսություն, անհամբերողություն և աղանդավորություն: Այս, սակայն, չէր ծածկում այն ինձ համար ամենակարևոր հանգամանքը, որ նա մի փայլուն գրիչ էր, մի ամբողջ հրապարակագիր… Վահան Խորենին տարբերվում էր ամենից առաջ նրանով, որ մնում էր իր էությամբ, իր հոգով հայ մարդ, կրում էր իր մեջ հայի զգացմունք և հայ ազգային դարավոր տենչանքների թարգմանն էր: Ես չեմ կարող մոռանալ թե ինչ բուռն փոթորկալից թափով նա նշավակում էր Ադրբեջանի գազաններին 1918-ի երկրորդ կեսում, երբ Բաքվում 30 հազար հայ խողխողվեց…»:

Վ. Խորենին 1919 թ. ընտրվում է Հայաստանի պառլամենտի (խորհրդարանի) անդամ և, տեղափոխվելով Երևան, դառնում ՀՀԴ Երևանի կենտկոմի օրգան «Հայաստանի աշխատավոր» թերթի խմբագիր: Այստեղ ավելի վառ են դրսևորվում նրա տաղանդն ու հմտությունը: Եվ ոչինչ չկա զարմանալու, որ դեռ այն ժամանակ համահայկական խնդիրների համայնապատկերի վրա նա ամբողջ հասակով տեսնում էր Ղարաբաղի հիմնահարցը: «Հայաստանի աշխատավոր» թերթում (N 73) նա գրում էր. «Ղարաբաղը մեր ազատության միջնաբերդն է: Եվ բռնակալության հիդրան պաշարել է այն: Ղարաբաղի անկումը հավասար է Հայաստանի ստրկության: Եվ Ղարաբաղը չպետք է ընկնի»:

Դժվար է պատկերացնել այն ժամանակ ասված և այսօր այսքան արդիական հնչող այլ խոսքեր:

Իր խմբագրած թերթում, հայոց պառլամենտում, երևանյան հանրահավաքներում Վ. Խորենին անդրադարձել է ժամանակի քաղաքական բոլոր անցքերին՝ հանդես բերելով զարմանալի սկզբունքայնություն և հետևողականություն:

Սակայն հետագա դեպքերը Վ. Խորենու համար ավելի քան ողբերգական եղան:

1920 թ. ամռանը նա իր կուսակից և լայպցիգյան ուսանողական ընկեր, Գորիսի Շինուհայր գյուղի զավակ Արշակ Շիրինյանի հետ, որպես Հայաստանի պառլամենտի անդամ, գալիս է Գորիս՝ այստեղ իշխանությունը գրաված բոլշևիկների հետ բանակցություններ վարելու նպատակով: Սակայն նրանց անմիջապես ձերբակալում են և օգոստոսի 2-ին, երկու այլ բանտարկյալի հետ, գնդակահարում: Այս ոճրագործության առիթով Հայաստանի արտգործնախարար Համո Օհանջանյանն օգոստոսի 17-ին բողոքի նոտա է ուղարկում Խորհրդային Ռուսաստանի արտգործնախարար Գ. Վ. Չիչերինին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Ավարտելով իր հոդվածաշարը, Լեոն գրում էր. «Սոսկալի մահը սարսուռով ցնցեց իմ հին վիրավոր սիրտը… Տանջանքների ենթարկված և գնդակահարված է նա իր ծննդավայրում, իր ծնող ժողովրդի մեջ...»:

Վահան Խորենու սպանության առիթով, զայրույթի խոսքեր են ասել ժամանակի շատ խոշոր մտավորականներ, մեծ ալիք էր բարձրացել մամուլի էջերում:

Այսօր մեր ժողովրդի այդ արժանավոր զավակի հիշատակը հավերժացնելու իմաստով ժամանակը լուրջ աղերսներ ունի:

Հետադարձ հայացք Սուրեն Խաչատրյանի հոգևոր-մշակութային գործունեությանը՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

01.08.2026 09:40

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Բաքվում պահվող հայերին այցելելու հարցով

31.07.2026 22:58

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ քաղաքական հետապնդման նպատակը ընդդիմադիր ձայնը լռեցնելն է․ հայտարարություն

31.07.2026 20:55

ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

31.07.2026 18:26

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում նիստ է անցկացնում

31.07.2026 17:04

Առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը

31.07.2026 16:57

Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ազատություն

31.07.2026 16:55

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

31.07.2026 16:24

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին

31.07.2026 16:08

Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա են

31.07.2026 15:10

ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին

31.07.2026 14:01

Ռուսական զորքերն ավելի քան 200 բենզալցակայան են ոչնչացրել Ուկրաինայում․ FT

31.07.2026 13:53