Փառահեղ Վահանավանքի հիմնադրման 1111-րդ տարեդարձը՝ համաժողովրդական տոնախմբությամբ

27.06.2022 12:19
2643

Տասներորդ դարի սկզբին Սյունյաց աշխարհում տեղի ունեցավ հոգևոր մեծ իրադարձություն. Բաղք գավառի գահակալ Իշխան Ձագիկի որդու՝ Վահանի նախաձեռնությամբ և մտքի ուժով հիմնադրվեց Վահանավանքը, որ պիտի դառնար հոգևոր և գիտական մտքի կենտրոն:

Աստծո փառքի տաճարի հիմնարկեքից մեզ 1111 տարի է բաժանում:

Հունիսի 25-ին Վահանավանքի վանական համալիրում նշվեց այդ տարեդարձը:

Հանդիսությունն առավոտվանից սկսվեց մարզկենտրոնի Հալիձոր թաղամասից՝ ուխտագնացությանը բնորոշ քայլերթով, որին մասնակցում էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, եկեղեցու սպասավորներ ու բազմաթիվ կապանցիներ, ինչպես և հյուրեր:

Ժամը 10-ից հետո վանական համալիրի տարածքում ապրեցնող աշխուժություն էր տիրում: Այդտեղ էին Սյունիքի տարբեր ոստաններից մարդիկ, հյուրեր մայրաքաղաքից, նաև Վահանավանքի երբեմնի արշավախմբի անդամներ, պեղումներին ուսանողական տարիներին մասնակցած անձինք, այժմ՝ արդեն գիտական աշխարհի ներկայացուցիչներ:

 Առիթը բաց չեմ թողնում զրուցելու նրանց հետ. «Շատ կարևոր և հուզիչ օր է ինձ և ընկերներիս համար, քանի որ 42 տարի անց՝ 1980 թվականից հետո, նորից ոտք դրեցինք այս սուրբ հողի վրա,- պատմում է պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վահան Մելիքյանը: -Շատ կարևոր եմ համարում մեր ղեկավարի՝ Գրիգոր Գրիգորյանի դերը, ով  1966 թվականից այստեղ էր, և նրա նվիրումի ու ջանքերի շնորհիվ վերհառնեց Վահանավանքը և դարձավ բոլորի սեփականությունը: Այդ առիթով իմ և ընկերներիս անունից երախտագիտություն եմ հայտնում մեր սիրելի ուսուցչին, ով ինքնամոռաց նվիրվել էր վանքը վերականգնելու առաքելությանը: Շուրջ երկու ամիս կատարեցինք հնագիտական ուսումնասիրություններ, հիմնականում՝ շինարարական աշխատանքներ, և հպարտությամբ կարող եմ ասել, որ Սուրբ Աստվածածին տաճարը փաստորեն հողի տակից մենք դուրս բերեցինք, ինչպես նաև Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի տապանաքարը՝ արձանագրությամբ և այլն»:

Մարդկանցով շրջապատված նկատում ենք նաև Ռոլանդ Ղոնյանին, ով 1980-1988 թվականներին ղեկավարել է Կապանի շրջանը՝ կուսշրջկոմի առաջին քարտուղարն էր. «Աշխատանքի բերումով մասնակիցն եմ եղել համալիրի վերականգնմանը, մտովի հիշում եմ մարդկանց, ովքեր նախաձեռնություն են դրսևորել և մասնակցել վանքի պեղումներին: Բայց ուզում եմ հատկապես երախտագիտություն հայտնել Գրիգոր Գրիգորյանին, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է այս համալիրի վերականգնմանը: Հիշում եմ՝ ինչպես տարեց մարդիկ ջահելներին կշտամբում էին, թե ինչու շաբաթ-կիրակի օրերին չեն գնում Վահանավանք և օգնում վանքի վերականգնմանը: 1960-ականների կեսերից միայն երեք կամարներն էին հողից մեկ մետրի չափ դուրս ցցված: Այդ ժամանակից էլ սկսեցին պեղումներն ու վերականգնումը՝ մինչև Վահանավանքն այս տեսքն ունեցավ»:

Վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի, հոգեշնորհ հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանի, Քաջարանի, Կապանի, Վահանավանքի վանական համալիրի հոգևոր հովիվների ձեռամբ: Այնուհետև՝ պատարագից հետո, կատարվեց անդաստանի կարգ. օրհնվեցին աշխարհի չորս ծագերը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սյունասրահում տեղի ունեցավ հանդիսության պաշտոնական մասը: Վահանավանքի, որպես հոգևոր տաճարի, նրա հիմնադրման, վանական համալիրի պեղումների և վերականգնման աշխատանքների վերաբերյալ իրենց ելույթներում մանրամասնեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահը, «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գևորգյանը, Կապանի պատմության անզուգական գիտակ Գրիշա Սմբատյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Ելույթների ավարտից հետո հանդես եկավ «Գեղարդ» երգչախումբը, որը ղեկավարում էր մեծահամբավ երաժիշտ, պրոֆեսոր Մհեր Նավոյանը
(խմբավար՝ Անահիտ Պապյան). համույթը կատարեց հոգևոր և ժողովրդական երգեր:

Այնուհետև հանդիսությունը շարունակվեց մերձակա անտառի բացատում՝ մատաղի արարողությամբ: Ելույթ ունեցան Կապանի մշակույթի կենտրոնի պարային խմբեր և երաժիշտ կատարողներ՝ օրվա խորհուրդն ամբողջացնելով աշխույժ հնչերանգներով:

Տոնախմբության մասնակիցներից շատերը, ովքեր շատ թե քիչ տեղյակ էին Վահանավանքի պատմությանը, մեծագույն երախտագիտությամբ էին հիշում Ռաֆայել Մինասյան նշանավոր կապանցու, հռչակավոր հնագետներ Սեդրակ Բարխուդարյանի, Բաբկեն Առաքելյանի, վանքի վերականգնող ճարտարապետ Աշոտ Հովսեփյանի նվիրական անունները, առանց որոնց ակտիվ գործունեության հնարավոր չէին դառնա ո՛չ վանքի տարածքի պեղումները, ո՛չ էլ վերականգնողական աշխատանքները:

Տոնախմբությանը մասնակցում էին նաև Քաջարան և Տաթև խոշորացված համայնքների ղեկավարներ Մանվել Փարամազյանն ու Սամվել Լալայանը:

Վահանավանքի հիմնադրման տարեդարձին նվիրված տոնը կազմակերպվել էր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ ու ջանքով, ինչը, անտարակույս, գնահատանքի է արժանի:

Ի դեպ, Կապանի համայնքային իշխանության համար, դատելով վերջին 3-4 տարիների անցուդարձից, հոգևոր-մշակութային կյանքի նորովի կազմակերպումը դարձել է առաջնահերթություն, ինչը, որքանով տեսնում ենք, շարունակական լինելու, նոր դրսևորումներ ունենալու և մեր արժեհամակարգն ազգային շաղախով հարստացնելու ակնհայտ միտում ունի:

 

Հ.Գ.

Վահանավանքի մասին ամբողջական և հիմնավոր գիտելիքներ ստանալու համար կարող եք ծանոթանալ «Սյունյաց երկիր» պարբերականի 2012 թ. դեկտեմբերի 15-ի բացառիկ թողարկմանը (№ 30 (271)) https://old.syuniacyerkir.am/pdfs/N_271%20(30)_1359046384.pdf:

 

 

Վահրամ Օրբելյան

 

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56