«Փաշինյանն ավարտին է հասցնում հայկական պատմության ռուսական փուլը». Տարասով

24.01.2019 23:30
738

«Փաշինյանն ավարտին է հասցնում հայկական պատմության ռուսական փուլը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության առաջատար սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հունվարի 22-ին Դավոսում կայացած Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Դավոսում կայացած հանդիպումը երրորդ ոչ պաշտոնական հանդիպումն էր հակամարտող երկրների ղեկավարների միջև Դուշանբեի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների շուրջ: Իսկ ավելի վաղ՝ հունվարի 16-ին, Փարիզում հանդիպել էին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հետ: Հանդիպման գլխավոր պաշտոնական արդյունքն այն էր, որ կողմերը համաձայնության են եկել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարցի շուրջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել էր Իլհամ Ալիևի հետ հանդիպման մանրամասներին: Նա արձագանքել է մեղադրանքներին, որ 1.5 ժամ տևողությամբ հանդիպումը չէր կարող պատահական լինել: Նրա խոսքով՝ Դավոսի ամենամյա տնտեսական ֆորումի կազմակերպիչներն իմանալով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Դավոսում են, հարցրել են` արդյո՞ք դեմ չեն հանդիպմանը, շփմանը, և իրենք ասել են, որ դեմ չեն:

Խոսելով հանդիպման բովանդակությունից, Փաշինյանն ասել է, որ քննարկել են բանակցային գործընթացի պատմությունը, այսինքն` երբ, ինչ տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ, որ փուլում ինչ իրավիճակ էր, և այլն, քննարկվում են նաև հնարավորությունները, թե կարգավորման կոնտեքստում ինչ պայմաններ կան, ինչ հնարավորություններ և անհնարինություններ կան: Նրա հստակեցմամբ՝ ոչ մի կոնկրետ դետալ չեն քննարկել, ուղղակի մտքեր են փոխանակել, այդ քննարկումներում խոսել են այն ամենի մասին, ինչ ասվում է նաև հրապարակային, և որևէ դավադրություն չկա:

Ի դեպ, երեկ Փաշինյանի ուղիղ եթերին արձագանքել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ասելով, որ ավելի լավ կլիներ՝ նա լռեր.

«Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ: Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը: Տեսանելի է, որ վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մտցնում է փակուղի, հետևողականորեն քանդում է մեր նախկին բանակցային ամուր դիրքերը, փոխարենը՝ ոչ մի առավել կենսունակ ու հայանպաստ դիրքավորում չստեղծելով: Ավելի լավ է՝ լռեր…»:

Իսկ Ստանիսլավ Տարասովը նշեց, որ հունվարի 22-ին Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպմանը զուգահեռ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր ոչ պաշտոնական հանդիպմանը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ որոշում Կուրիլյան շղթայի չորս կղզիների հարցը, բանակցություններ էին ընթանում շատ սուր հարցերի վերաբերյալ, և բանակցություններն ընթացել էին 3 ժամ: Ըստ Տարասովի՝ ինչպես Փաշինյանն ինքն էր գրել, Ալիևի հետ հանդիպումը տևել է ժամուկես, իսկ վերջերս Փարիզում պարոն Մնացականյանը պարոն Մամեդյարովի հետ խոսել էր չորս ժամ:

«Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ, եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա խոսելու բան չկա: Վերջին ամիսների այս գործընթացը` հանդիպումները, որոնք ժամեր են տևում, ցույց են տալիս, որ լուրջ քննարկումներ են ընթանում, «տորգ» է ընթանում կոնկրետ պրոյեկտի շուրջ, այն բանակցային սեղանին է:

Աչք էր զարնում, որ Ալիևը չափազանց ուրախ էր, իսկ Փաշինյանը` ճնշված, քանի որ Ալիևը հաղթում է այս պարտիան, քանի որ Փաշինյանն ասում էր, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, և ոչ մի քայլ չի արվել այս ուղղությամբ:

Ներկայումս նրանք խոսում են վստահության միջոցների մասին: Ցանկացած լուրջ, կիրթ կոնֆլիկտաբան կարող է ձեզ համար հստակեցնել, նույնիսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողը կարող է ասել, որ կոնֆլիկտների հանգուցալուծման պրոցեսում կողմերը սկսում են վստահության մեխանիզմների մշակման, խաղաղության մասին խոսել միայն այն ժամանակ, երբ որոշակի փուլեր են անցած լինում, այսինքն` սա տեղի է ունենում բանակցային երրորդ կամ չորրորդ փուլում, երբ նախորդ փուլերը հաղթահարված են:

Ներկայումս նրանք հնչեցնում են երրորդ-չորրորդ փուլերը, իսկ առաջին փուլերը չեն մանրամասնում: Հայաստանյան քաղաքագետներն ու փորձագետները ռոմանտիկներ են, եթե կարծում են, որ առանց Ղարաբաղի՝ ոչինչ չի կարող որոշվել: Որոշվում է, ինչպես տեսնում ենք:

Ներկայումս խոսվում է փետրվարին Մնացականյան-Մամեդյարով սպասվող հանդիպման մասին, որի ընթացքում հստակեցվելու է Փաշինյան-Ալիև գագաթաժողովի կազմակերպման հարցը: Ինչու է կազմակերպվում այս գագաթաժողովը, առաջին հարցը` որտեղ են անցկացնելու: Մենք կասկածներ ունենք, որ դա Մոսկվան չի լինելու:

Կարող է լինել Արևմուտքը, գուցե դրան միանա Թրամփը կամ արևմտյան այլ ղեկավարներ: Այդ գագաթաժողովը չի լինելու այնպես, որ խոսեն 3-4 ժամ, և վերջ. նրանք ստորագրելու են ինչ-որ փաստաթուղթ, հարցը հետևյալն է` ինչ փաստաթուղթ են ստորագրելու, և ինչպես է ըստ դրա՝ նախատեսվում ԼՂ հակամարտության կարգավորումը, քանի որ կարգավորման բանակցությունների սկզբունքները չեն հստակեցվել:

Ադրբեջանը հայտարարում է, որ իրեն անհրաժեշտ է վերադարձնել շրջանների մի մասը, նա բաց է ասում այդ մասին: Բայց թե Հայաստանն ինչ է պատրաստվում անել՝ հստակ չէ, հայկական կողմը լռում է, բայց եթե հայկական կողմը չխոսեր ադրբեջանական կողմի հետ այդ մասին, Ալիևը Փաշինյանի հետ երբեք նման կերպ չէր շփվի, այլ կսպառնար պատերազմով և կխոսեր վերջնագրերի լեզվով:

Բայց այսօր Ալիևն իր ձեռքն է վերցրել նախաձեռնողականությունը, և նա առաջնորդում է այս գործընթացը: Իսկ ըստ ադրբեջանցի փորձագետների` Ալիևը փրկում է Փաշինյանին, առաջարկում տնտեսական մեծ պրոյեկտներ: Ինչո՞ւ է շտապում Ալիևը, քանի որ գարնանն իրանական ուղղությամբ լարվածություն կսկսվի, գուցե պատերազմ, և առաջին երկիրը, որը տուժելու է Իրանում ապակայունացումից, ոչ թե Հայաստանն ու Վրաստանն են լինելու, այլ Ադրբեջանը:

Այդ ժամանակ Ադրբեջանը չի կարողանալու զբաղվել Ղարաբաղով:

Իսկ հիմա հարց է առաջանում, թե ուր է շտապում Հայաստանը: Զուգահեռ թուրքական պրոյեկտն է զարգանում, Փաշինյանին առաջարկելու են համաձայնագիր: Օրերս Չավուշօղլուն ուսանողների հետ հանդիպմանը կրկին հիշել էր հայերին՝ նշելով, որ առանց ԼՂ հակամարտության կարգավորման՝ հայ-թուրքական կարգավորում չի կարող լինել:

Հարց է առաջանում, եթե նախկինում նրանք արձագանքում էին հայկական կողմի հայտարարություններին, իսկ հիմա սկսում են հանկարծակիորեն հիշել հայերին: Թուրքիայում մարտից բացվելու է հայալեզու հեռուստաընկերություն շուրջօրյա, Թուրքիան իր քաղաքացիներին, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, կոչ է անում գնալ Հայաստան և ծանոթանալ այդ երկրին:

Այսինքն` քանի դեռ Բաքուն և Երևանը մտածում են վստահության միջոցառումների իրականացման մասին, Թուրքիան կոնկրետ նման գործողություններ է նախաձեռնել: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ: Սրան կհետևի այն, որ թուրքական խորհրդարանը կվերադառնա հայ-թուրքական արձանագրություններին և կվավերացնի դրանք, դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, փաթեթային նախագիծ կհայտնվի կարգավորման, և ընկեր Փաշինյանի կամքը կկատարվի:

Ցանկանում էիր առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ուրեմն մենք՝ թուրքերս, պատասխանում ենք Ձեզ ամբողջությամբ: Հայաստանը հայտնվելու է Ադրբեջանի և Թուրքիայի միջև, և իր բոլոր հետագա գործողությունները Ղարաբաղյան ուղղությամբ ուղղորդվելու են այս երկու կողմերից ուղղակի կերպով: Այսինքն` պարոն Փաշինյանը գիտակցաբար Թուրքիային ներգրավում է կովկասյան խաղի մեջ»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը:

Նրա համոզմամբ, Փաշինյանի հակաքայլն այն է լինելու, որին Մոսկվան սպասում է. ձգտելու է տպավորություն ստեղծել, որ նա Մոսկվայի թելադրանքի տակ է գործում, և ամեն ինչում մեղավոր է Մոսկվան, ինչն իրականությանը չի համապատասխանում: Նրա որակմամբ, սա լուրջ իրավիճակ է, որին Ռուսաստանն անհանգստությամբ է հետևում:

«Մեր ռազմաբազան Հայաստանում է, քանի որ պոտենցիալ թշնամին Թուրքիան է: Իսկ որոշակի փուլում Փաշինյանը կասի` իսկ ի՞նչ ունեն անելու ռուս զինվորականները Հայաստանում, նրանք անելիք չունեն, ուստի պետք է հեռանան Հայաստանից: Կար ժամանակ, երբ Ալիևը խոստանում էր հայերին նվիրել Ղարաբաղը, եթե հեռանան ռուսները:

Մի ժամանակ կային փակ բանակցություններ, և նման խոստումներ էին հնչում: Խնդրեմ՝ այս խոստումը կատարվում է: Այսինքն` Փաշինյանն ավարտին է հասցնում հայկական պատմության ռուսական փուլը, որը սկսվել է 19-րդ դարի սկզբին: Մենք դրան տագնապով ենք հետևում»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:

168.am

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25