Պատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈւ ստորաբաժանումները վերադառնում են ՀՀ. Արմեն Գրիգորյանը՝ ՊԲ-ում ծառայության մասին

19.07.2022 12:51
1076

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելում է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու:

Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև.

- Պարոն Գրիգորյան, վերջին շրջանում առավել հաճախ են դարձել քննադատություններն առ այն, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղից հանում է զորքերը, այդպիսով ԼՂ-ն թողնելով անպաշտպան: Ինչպե՞ս եք արձագանքում այս քննադատություններին:

- Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից և ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է:

- Բայց դա չի նշանակո՞ւմ Լեռնային Ղարաբաղն իրոք անպաշտպան թողնել:

- Ոչ, որովհետև նախկինում էլ ԼՂ անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը: Եվ այս առումով որևէ բան չի փոխվում: Չնայած՝ պետք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի:

- Բայց Փառուխի դեպքերը ցույց տվեցին, որ այդպես չէ...

- Փառուխի դեպքերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և կիրառելի միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի: Ռուսաստանի Դաշնությունը մեզ հավաստիացրել է, որ ներխուժած ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան այնտեղից, և մենք հույս ունենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերը կապահովեն ապօրինի ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց: ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունն ինքնին վկայում է ԼՂ բնակչության համար իրական գոյաբանական վտանգի առկայության հանգամանքի ընդունում ՌԴ կողմից, և խաղաղապահ ուժերն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում։

- Բայց ճշգրիտ լինելու համար. ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայողները փոխարինվում են պայմանագրայիններո՞վ, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են գալիս ԼՂ-ից:

- Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ:

- Այսինքն՝ հայաստանյան ժամկետային զինծառայողներ սեպտեմբերից հետո չե՞ն լինելու ԼՂ-ում:

- Ոչ: Բայց ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի զորակոչիկները, ինչպես նախկինում, զորակոչվելու են ՊԲ-ում ծառայելու:

- Իսկ պայմանագրայիննե՞ր:

- ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՊԲ-ում կծառայեն նաև պայմանագրայիններ:

- Նաև Հայաստանի՞ց:

- Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10