Պատգամավորների սյունիքյան այցից հետո. հարցազրույց Դավիթ Դանիելյանի հետ

08.04.2024 12:54
861

Ապրիլի 3-ից 5-ը Սյունիք էր այցելել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մի խումբ՝ գլխավորությամբ խորհրդարանի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի:

Խորհրդարանականների խմբում էին Դավիթ Դանիելյանը, Կարեն Համբարձումյանը, Սերգեյ Բագրատյանը, Միքայել Թումասյանը և Մարինա Ղազարյանը:

Խոստովանենք՝ ոչ միշտ են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները նման կազմով և երեք օրով աշխատում որևէ մարզում:

Ուստի և պատգամավորների սյունիքյան տուրնեի ընթացքին ու արդյունքներին ծանոթանալու խնդիր առաջացավ, ինչի համար էլ զրույցի հրավիրեցինք սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանին:

Օգտվելով պատեհ առիթից, արծարծեցինք նաև սյունեցիներիս մտահոգող այլ հարցեր:

– Պարոն Դանիելյան, երեք օր շարունակ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներդ Սյունիքի մարզում էիք:

Ներկայացրեք, խնդրեմ, այդ նախաձեռնության հիմնական նպատակը և փորձեք ամփոփել կատարված աշխատանքները:

– ՄԱԶԾ «ՀՀ խորհրդարանի արձագանքման արդյունավետության, թափանցիկության և ներառականության խթանում» ծրագրի շրջանակներում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովն իրականացրեց գործնական այց Սյունիքի մարզ: Հանդիպումներ ունեցանք համայնքապետերի, տնտեսվարողների և Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ: Այցելեցինք մարզի մի շարք բնակավայրեր: Քննարկվող հարցերի շարքում էին ՏԻՄ բյուջեների արդյունավետ բաշխումը, համահարթեցման օրենքի լրամշակման արդյունքում համայնքների բյուջեի ավելացումը, բնապահպանական խնդիրներ և այլն:

Ոչ սովորական ժամանակներ ենք ապրում, և մեր ներկա ընթացքի ամենամեծ արատներից մեկը ձևականությունն է, երևութականություն ու պատրանքներ ստեղծելու մոլուցքը:

Եվ, որպեսզի պատգամավորներիդ այցը չդիտվի իբրև այդ ամենի մի նոր դրսևորում, ապա կուզենայինք իմանալ՝ ի՞նչ կոնկրետ և գործնական արդյունքներ կունենա խորհրդարանականներիդ սյունիքյան այցը:

– Ազգային ժողով վերադառնալուն պես նախատեսել ենք իրականացնել արձանագրված խնդիրների շուրջ քննարկումներ ոլորտային նախարարների հետ: Այդ խնդիրները հասցեական կերպով ներկայացվելու են պատասխանատու պաշտոնյաներին, և հետևողական ենք լինելու դրանց լուծման ուղղությամբ:

– Մեր նախորդ հարցում նկատվող տարակույսն ու վերապահումն էլ հիմնավոր պատճառներ ունեն: Մեկ օրինակ. 2022 թ. սեպտեմբերյան հայտնի իրադարձությունից հետո Ներքին Հանդը զրկվեց նաև խմելու ջրից: Անցել է մեկուկես տարի: Այդ ընթացքում քանիցս մի քանի տասնյակ պատգամավորներ, բարձրաստիճան իշխանավորներ են այցելել երեք կողմից շրջափակված այդ բնակավայր: Այցելել են, մարդկանց հոգսերով հետաքրքրված լինելու պատրանք ձևավորել, խոստումներ տվել, լուսանկարվել, տեղեկատվություն տարածել, բայց խմելու ջրի խնդիրն այդպես էլ չի լուծվել: Եվ մարդիկ շարունակում են իբրև խմելու ջուր օգտագործել Բասուտա գետի ջուրը: Ինչպե՞ս հասկանալ:

Դուք տեղյակ եք, որ այս այցի ընթացքում եղել ենք նաև Ներքին Հանդում, տեղում գործընկերներիս ներկայացրի մի շարք խնդիրներ, այդ թվում՝ խմելու ջրի հարցը: Կառավարության ոլորտային պատասխանատու նախարարը մեզ վստահեցրեց, որ ջրագծի կառուցման աշխատանքներն առաջիկա օրերին կմեկնարկեն:

– Որքան հիշում ենք՝ Ձեզ հետ մեր զրույցները միշտ էլ շաղախված են եղել անկեղծությամբ, ինչն ակնկալում ենք նաև այս անգամ:

Գիտե՞ք, թե ինչ եք առաջին հերթին ակնկալում սյունեցիներս՝ մարզ այցելած իշխանավորներից: Ակնկալում ենք պատասխան՝ գործնականում ի՞նչ է արվում Սյունիքի օկուպացված տարածքներն ազատագրելու, վերադարձնելու ուղղությամբ:

Մեկ տարի առաջ էր (մարտի վերջին և ապրիլի սկզբին) ադրբեջանցիներն անարգել զավթեցին Տեղ գյուղի վարչատարածքի արևելյան հատվածը՝ մոտ 100 հա-ի չափով: Ոմանք հույս էին ներշնչում՝ իրավիճակը կշտկվի, բայց...

– Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքները նախատեսված է սկսել Տավուշի մարզից: Եթե աշխատանքները բարեհաջող և անխափան ընթանան, ապա, ենթադրվում է, այդ գործընթացը կհասնի նաև Սյունիքի մարզ: Ի լրումն Ձեր հարցին, ուզում եմ ընդգծել, որ օկուպացված են ոչ միայն Տեղ համայնքի վարելահողերը, այլև Մեծ Իշխանասարի, Ներքին Հանդի և մի քանի այլ ուղղություններով խախտված է ՀՀ սահմանը: Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ պետք է բոլոր հնարավոր գործիքներն օգտագործել՝ ՀՀ ինքնիշխան տարածքը խաղաղ ճանապարհով վերականգնելու համար: Սակայն պետք է միշտ պատրաստ լինել հակառակ զարգացումներին:

– Մի հարց էլ՝ կապված սյունեցիներիս սպասելիքիներ հետ, նկատի ունենք Սյունիքի պաշտպանվածությունը և անվտանգությունը:

Արդյո՞ք ժամանակը չէ՝ գոնե ընդհանուր գծերով, բարձրաձայնել, թե ինչ է կատարվում այդ ուղղությամբ մարզի սահմաններում:

Մշտապես մտահոգող այդ հարցին պատասխանելու ավանդական ձևը, թե դա պետական գաղտնիք է, թե այդ մասին խոսել չի կարելի՝ այլևս լրջություն չի ներշնչում: Այո, հարցի պատասխանը որոշակի գաղտնիություն է ենթադրում, բայց նաև մարդիկ ուզում են իմանալ՝ ի վիճակի ենք արդյոք պաշտպանելու Սյունիքը, եթե նորից ագրեսիա ձեռնարկվի մեր երկրամասի հանդեպ, մանավանդ որ Ադրբեջանի սպառնալիքների տարափը չի դադարում:

– Օբյեկտիվորեն կան տվյալներ, որոնց հանրայնացումն ազգային անվտանգության համար խնդիրներ կարող են ստեղծել: Սակայն ուզում եմ հստակորեն նշել՝ հատկապես Սյունիքի մարզում հավանական էսկալացիային դիմադրելու նպատակով արվել է զգալի ամրաշինական աշխատանք: Այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության և դիմադրողականության բարձրացմանը միտված աշխատանքներ: Բավարա՞ր են արդյոք այդ աշխատանքները, բնականաբար՝ ոչ: Սակայն պաշտպանական համակարգի ճարտարապետության ձևավորումը պահանջում է ժամանակ:

– Մեր ազգային մեծերն էին ասում՝ ժողովրդի անունից ոչ մի դեպքում չի կարելի խոսել: Իսկ եթե, այնուամենայնիվ, խոսում են, ապա պետք է որոշակիորեն նկատի ունենալ նաև հանրության կարծիքը:

Վերջերս «Սյունյաց երկիրը» հարցախույզ անցկացրեց՝ պարզելու սյունեցիներիս վերաբերմունքը՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ: Եվ քանի որ Սյունիքն այլ իրականության մեջ է, քան, ասենք, մայրաքաղաքը, մարդկանց մեծ մասն արտահատվեց հօգուտ հայ-ռուսական բարեկամության ու համագործակցության: Մինչդեռ հակառուսական քարոզը երկրի մասշտաբով խորանում է ժամ առ ժամ: Հակառուսականությունը, ՌԴ-ի հետ ունեցած մեր բազում տարաձայնություններով հանդերձ, առնվազն Սյունիքի կտրվածքով շատ վտանգավոր ճանապարհ է:

Ձեր կարծիքը հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

– Այո, 44-օրյա պատերազմի և հետագա զարագացումների բերումով Սյունիքի մարզը հայտնվել է ծանրագույն իրավիճակում: Բնականաբար Սյունիքի մարզի բնակչության ամենամեծ խնդիրն անվտանգությունն է: Հարցումների արդյունքները կարող են տատանվել ըստ իրավիճակի, սակայն մի բան հստակ է՝ ՀՀ-ն պետք է բալանսավորված հարաբերություններ ունենա տարածաշրջանի բոլոր պետությունների հետ: Հարկավոր է գործել՝ հիմնվելով Հայաստանի գերակա շահերի պահապանման սկզբունքի վրա: Աշխարհը ցնցումների և ծանր հակամարտությունների մեջ է: Մենք չպետք է ծայրահեղական մոտեցումներով գործենք, այլ պետք է պահենք հավասարակշռություն:

– Գիտե՞ք, թե Սյունիքում էլ ինչն է պակասում՝ իրականության հետ առերեսվելու քաջությունը:

Երեք օրինակ...

Մարզում համերաշխությունն ու միասնությունը երբեք այսքան ճաքճքված չեն եղել, բայց վերևից ներքև, տեղի-անտեղի, բոլոր իշխանավորներն ասում են՝ ուռռա՝ Սյունիքում վերջապես հաստատվել է միասնություն և համերաշխություն:

Կամ՝ բոլորն ասում են՝ վերջին տարիներին Սյունիքում կատարվել է հարյուրավոր միլիարդ դրամների ներդրում, բայց ոչ մեկը չի ուզում կոնկրետ թվարկել՝ որտեղ, որքան, ինչ նպատակով:

Կամ՝ հատկապես 2020-ի պատերազմից հետո պարբերաբար Սյունիք են ժամանում օտարերկրացի բարձրաստիճան դիվանագետներ, տարբեր պետությունների ներկայացուցիչներ՝ բոլորն էլ խոստումներով: Իսկ երբ ուզում ենք ճշտել՝ ի՞նչ են հաջորդել այդ խոստումներին, ապա պատասխան չենք ստանում:

Նախ` համերաշխության մասով ասեմ՝ համերաշխության արհեստական պրոպագանդան անհեթեթություն է, քանի որ այն կա կամ չկա: Ես անկեղծորեն կարծում եմ, որ բոլոր կարող ուժերը պետք է միավորվեն Սյունիքի դժվարությունները հաղթահարելու գաղափարի շուրջ: Երկրորդ օրինակի վերաբերյալ՝ եթե նկատի ունեք կառավարության ներդրումները, ապա դրանք տեսանելի են գրեթե ամեն քայլի: Բավական է զբոսնել Կապանի, Գորիսի կամ Սիսիանի փողոցներով, և կատարվածը տեսանելի կլինի:

Երրորդ օրինակի վերաբերյալ՝ չեմ կարող կոնկրետ պատասխանել, քանի որ հարցն ընդհանրական է: Սակայն պետք է հաշվի առնել, որ աշխարհաքաղաքական մի շարք խաղացողների ուշադրության կենտրոնում Սյունիքն է, և նրանց որոշ հայտարարություններ ուղղված չեն ներքին լսարանին:

– Հիմա շատ մոդայիկ է դարձել սահմանազատում և սահմանագծում բառերի գործածումը...

Այդ առումով Սյունիքին առնչվող առնվազն երկու հարց ունենք:

Նախ՝ 1920-ական թվականներին Հայաստանի Զանգեզուրի գավառի և Ադրբեջանի Քյուրդիստան գավառի միջև սահմանազատում և սահմանագծում կատարվեց, որին, ի դեպ, մասնակցում էր մեր մեծն Ակսել Բակունցը՝ ժամանակի ճանաչված գիտնական գյուղատնտեսը, հողաչափը:

Այդ ժամանակ Սյունիքում՝ Մեծ Իշխանասարից ու Սև լճից մինչև Ճակատեն հիմնովին, կողմերի համաձայնությամբ, կատարվեց սահմանազատում և սահմանագծում: Եվ առայսօր հայտնի չէ որևէ փաստաթուղթ, որի համաձայն  այդ գործընթացի արդյունքները չեղարկված լինեն:

Ինչո՞ւ ենք մենք շրջանցում այդ իրողությունը:

Երկրորդ՝ 1980-ականներին Սյունիքի սահմանների երկարությամբ լրացուցիչ ճշգրտումներ կատարվեցին հայ-ադրբեջանական հանձնախմբի կողմից. մեզ ներկայացնում էր Վլադիմիր Մովսիսյանը: Արդյունքում կազմվեցին իրավունք վերապահող փաստաթղթեր...

Կապանի, Գորիսի, Սիսիանի և Մեղրու այդ օրերի իշխանավորների մի մասը բարեբախտաբար ողջ է, և մարդիկ հաստատում են՝ հարյուրավոր հեկտար հողատարածքներ վերադարձվել են Սյունիքին:

Ինչո՞ւ ենք այդ իրողությունը ևս շրջանցում:

Սահմանազատման և սահմանագծման թեման շատ նուրբ հարց է: Կարծում եմ՝ Ձեր նշած տեղեկությունները հայտնի են այդ բանակցությունները վարող հանձնաժողովին: Հաշվի առնելով ռելիեֆը, քաղաքական լարվածությունը և հակամարտության երկար պատմությունը, պետք է արձանագրել, որ բանակցությունների ընթացքը բարդ և դժվար փուլում է:

– Չմոռանանք հարցնել՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Շուռնուխի բնակելի թաղամասի կառուցումը, որի ավարտը նախատեսված էր 2021-ի դեկտեմբերին, մինչև հիմա ավարտված չէ:

– Ես կիսում եմ Ձեր մտահոգությունը: Ինքներդ նկատած կլինեք՝ թե՛ գրություններով, թե՛ ԱԺ նիստերին, թե՛ տարբեր հարթակներում այդ հարցը քանի-քանի անգամ եմ բարձրացրել: Այո, թերացումներն ակնհայտ են, իսկ բացատրություններն այնքան էլ համոզիչ չեն: Հետևողական եմ, որ այդ գործընթացն ունենա հանգուցալուծում:

– Եվ վերջին հարցը. Սյունիքի լինելիությունը դարեր շարունակ պայմանավորված է եղել նաև հոգևոր-մշակութային հզոր ու հաստատուն գործոնով:

2024-ը Սյունիքում Բակունցյան և Սահյանական տարի է:

Ապրիլի 14-ին լրանում է Սահյանի 110-ամյակը, հունիսի 13-ին՝ Բակունցի 125-ամյակը:

Ի՞նչ է արվում այդ հոբելյանները պետական մակարդակով նշելու ուղղությամբ, չէ՞ որ խոսքը ոչ միայն Սյունիքի ամենաարժանավոր զավակներից երկուսի, այլև մեր ազգային ամենաերևելի դեմքերից երկուսի մասին է:

– Օրերս եղել եմ Համո Սահյանի տուն-թանգարանում և ապրիլի 14-ին կրկին կայցելեմ, իմ կողմից խոստացած տեխնիկան կհանձնեմ ու կմասնակցեմ միջոցառմանը:

Համոզված եմ՝ տարին հագեցած է լինելու մշակութային իրադարձություններով: Առհասարակ (բազմիցս նշել եմ) համայնքների բնակիչները չպետք է զրկված լինեն որակյալ մշակութային միջոցառումներին մասնակցելու և մշակութային կենտրոններ այցելելու հնարավորությունից: Հենց այդ նպատակով որդեգրել եմ մշակութային նախագծերի աջակցման մոտեցումը` ներգրավելով մասնավոր ներդրումներ ևս: Վերջին մեկ տարում մասնավոր-պետություն համագործակցությամբ կազմակերպել եմ  Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի վերանորոգումը, իմ դիմումի արդյունքում ընթանում են Սյունիքի դարպասներ հանդիսացող Սյունիքի զանգերի վերականգման նախագծային աշխատանքները: Սա շատ խորհրդանշական է, քանի որ Սյունիքի զանգերը չպետք է ժանգոտ կամ քայքայված լինեն: Դրանք պետք է նորոգ մնան: Այս պահին նախաձեռնել եմ քննարկումներ Բաղաբերդի վերականգման ուղղությամբ: Իմ նախաձեռնությամբ պետություն-մասնավոր ձևաչափով վերականգման աշխատանքներ են ընթանում Կապանի Բարաբաթումի եկեղեցում: Առաջիկայում կհրապարակեմ տեղեկություն մյուս նախագծերի վերաբերյալ:

 

Հարցազրույցը՝

Մարի Նավասարդյանի

 

 

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04