Հրետանավոր Յուրին, որին Մարտունու զորամասում Մոնթե էին կոչում

03.08.2022 11:38
1292

Դռան ջարդած բռնակին ձեռքը դնելով՝ Մհեր Ալեւորյանի դեմքը, կարծես, մշուշվում է, հետո մեղմ ժպիտ է հայտնվում։ Մարզիկ որդին՝ Յուրին էր ջարդել, այնքան ուժեղ էր, որ մի անգամ շտապելուց դուռն այնպես էր փակել, որ  պատահաբար դռան բռնակի մի մասը մնացել էր ձեռքում։ «Էս բռնակին Յուրիիս ձեռքերն են կպել, դրա համար չեմ ուզում փոխել»,- ասում է հայրը։

Ալեւորյանների Կապանի բնակարանի անկյուններում Յուրիի նկարներն են։ Հյուրասենյակում խնկի թեթեւ հոտ է տարածվել։ Յուրիի հուշանկյան մոտ դրված խնկամանից է։ Նրա անձնական իրերն ապակու տակ են ցուցադրված։

Պատերազմից առաջ ու դրա ընթացքում արված լուսանկարներում 19-ամյա Յուրին տարբեր է, պատերազմի օրերին արված նկարներում, կարծես, մի քանի տարով ավելի մեծ լինի։

Ռազմաճակատում Յուրիին նաեւ Մոնթե անունով էին դիմում։

«Համարձակության համար»,- ասում է հայրն ու լռում։

Որդու մասին հուշերը դանդաղ հավաքվում են։ Դա նման է անամպ երկնքի, երբ անձրեւաբեր ամպերն սկսում են հավաքվել։

Տանն ամենավաղն արթնանում էր Յուրին՝ երկու որդիներից ավագը։ Նրա եւ եղբոր՝ Բորիսի տարբերությունը 1 տարի ու մի քանի ամիս է։

Մհերը նախկին ծանրամարտիկ է։ Մինչեւ զորակոչվելը Յուրին էլ քիքբոքսինգ էր պարապում, նախքան դա կարատեով ու ծանրամարտով էր զբաղվել։ Որդու զոհվելուց հետո Մհերը հազվադեպ է հաճախում մարզասրահ։ Վերցնում է այն ծանրաձողերը, որոնց դիպել են տղայի ձեռքերը։

Յուրին զորակոչվել էր 2019 թ․ հունիսի 5-ին։ Մինչ այդ բժշկական հանձնաժողովում բուժզննում էր անցել ու զանգել հորը։ «Զանգել ա թե՝ պապ, աչքդ լույս, տղադ առողջ ա, բանակ ա գնում, պավեստկան տվել են»,- պատմում է մայրը՝ Սյուզաննա Միքայելյանը։

Նախքան զորակոչվելը Յուրին ընկերներին հավաքել էր իրենց առանձնատանն ու նշել բանակ գնալը։ Այդ օրը նրա հովվաշունը՝ Գանգստերը, փաթաթվել էր տիրոջն ու, Մհերի բնորոշմամբ, սկսել լացել։ «Մենակ էդ շունն ա հասկացել, թե իրա վերջն ինչ ա լինելու։ Էդ շունը մինչեւ էսօր տխուր ա։ Դե, Յուրիի բանակ գնալուց հետո մինչեւ էսօր դաչա չեմ գնացել, էդ շանն էլ չեմ տեսել, բայց ամենահավատարիմն էդ շունն էր»,- ասում է հայրը, հետո աչքերը լցվում են։

Մհերը նայում է, կարծես, անորոշ կետերի ու ձեռքով սրբում աչքերը։ Հաղթանդամ ծանրամարտիկին ցավը, կարծես, կուլ է տվել։

Մեր դիմաց դրված է հեռուստացույցը։ Այն պատերազմի օրերից մինչեւ հիմա չի միացվել։

Յուրին ծառայում էր Արցախի Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանում (Մարտունի-2)։ Հրետանավոր էր։  

2020 թ․ սեպտեմբերի 27-ի նախորդ գիշերը Մհերը տագնապալից երազներ էր տեսել։  «Առավոտյան որ վեր կացա, «Կարմիր կակաչները» սկսեցի երգել։ Ժամը 6-ն էր։ Երազումս ցանկապատված գոտի էի տեսել՝ սպիտակ ու կարմիր կակաչներով, բայց տանը բան չեմ ասել։ Զգում էի, որ մի բան լինելու է»,- պատմում է նա, ու արցունքներն արագ հոսում են այտերով։ Ծանր է տեսարանը։

Ամսի 27-ին Յուրիի՝ նույնպես Արցախում ծառայող դասընկերոջ ծնողները պետք է որդուն տեսակցության գնային։ Սյուզաննան վերհիշում է, թե ինչպես իմացան պատերազմի մասին․ «Որ Մարտունի էինք գնում, միշտ գիշերն էինք դուրս գալիս, որ լուսադեմին հասնենք, ամբողջ օրն անցկացնենք այնտեղ։ Ամսի 27-ին՝ ժամը 07։30-ին, Յուրիի դասընկերոջ ծնողները զանգեցին։ Ես էլ ասում եմ՝ Նելլի, դե տուր խոսեմ Յուրիի հետ։ Ասեց՝ պատերազմ ա սկսվել, չենք կարողացել գնալ։ Որ տենց ասեց, Մհերը չկարողացավ վեր կենալ անկողնուց, ողնաշարը, ոնց որ, անջատվեր»։ «Սաղ կյանքս ծանր քաշեր եմ բարձրացրել, մեջքիս ցավ չի տվել»,- շարունակում է ամուսինը։

Նույն օրը Յուրին զանգել էր հորը, ասել, թե պետք չի անհանգստանալ։ Սյուզաննան պատմում է, որ Մհերը որդուն ասել էր․ «Խնդրում ըմ՝ մըզ մինակ չթողնիս։ Ասում ա՝ լավ էլի, պապա, հաջորդ անգամ զանգիմ, լեց չինիս»։

Յուրիի վերջին ծանրոցը, որ պիտի տանեին դասընկերոջ ծնողները, այդպես էլ տեղ չհասավ։ Իսկ նրան հիմնականում ուղարկում էին հիգիենիկ պարագաներ։ Ծնողները նաեւ 3-4 համազգեստ էին գնել որդու համար, որ հաճախ փոխի։ «Ես էլ եմ էդպիսի մարդ։ Ասում էի՝ Յուրի, ընենց չլինի, որ ֆորմադ մաշված լինի»,- նկատում է Մհերը։ Սյուզաննան շարունակում է․ «Արարատցի մի կամավոր տղա էր մեր տուն եկել, ասում էր՝ էդ ինչ տղա ես դաստիարակել, կռվի ժամանակ մեզանից շան հոտ էր գալիս, Յուրիից՝ մենակ տեսնաս․ բռնում էինք պաչում, թե քեզ որտեղից․․․»։ Սա պատմելիս Սյուզաննան նորից մաքրում է աչքերը։

Յուրին Դ-20 հրանոթի հաշվարկի հրամանատար էր։ Մինչեւ պատերազմը նրան ցանկացել էին սերժանտի կոչում շնորհել, բայց հրաժարվել էր՝ ասելով, որ կկատարի բոլոր պարտականությունները, բայց առանց կոչումի։

Մհերը պատմում է, որ ըստ զինվորականների՝ Յուրին Դ-20 հրանոթից թշնամու ուղղությամբ առանց դադարի 140 արկ է արձակել, այնինչ, ըստ կարգի, 40 արկից հետո անհրաժեշտ է զենքին դադար տալ, որ շարքից դուրս չգա, մաքրել փողը։ Հրանոթի պարանը անընդհատ քաշելուց Յուրին աջ ձեռքը վնասել էր ու վիրակապել։ 

Հայր ու որդի շատ մտերիմ էին։ Մհերն ասում է՝ ծառայության ժամանակ օրական 4-5 անգամ հեռախոսով խոսում էին, բայց պատերազմի մասին Յուրին ոչինչ չէր պատմում։ Մայրը հիշում է, որ որդին հորն անընդհատ հորդորում էր չանհանգստանալ, գոտեպնդում, որ ամեն ինչ լավ է լինելու։

«Մարգարեություն բառը կա՞։ Ես լրիվ զգում էի։ Հոկտեմբերի 23-ին արդեն տագնապի մեջ էի։ Երբ իմ սենյակից մտա հյուրասենյակ, Յուրիին տեսա՝ էստեղ նստած էր ֆորմայով։ Ու իմ ներսում ասեցի՝ Յուրիի հետ բան ա կատարվել»,- վերհիշում է հայրը։

Նույն օրը Յուրին եւս 4 հոգու հետ զոհվել է Մարտունի-2-ի դիրքերում թշնամու ինքնաթիռի արձակած ռումբից։ Ծնողներն այդ մասին իմացել են հաջորդ օրը։

«Չէի հավատում, որ էս բանը պիտի կատարվեր ինձ հետ։ Ամեն ինչն էն գլխից տեսել եմ, էն գլխից նկատել եմ, դաժե գիտեի, որ ամսի 10-ին պատերազմն ավարտվում է, ուղղակի ինձ թվաց, թե հոկտեմբերի 10-ին ա ավարտվում։ Հոկտեմբերի 6-ին երազումս Յուրին Աստվածաշունչը բացած կարդում էր, ասեց՝ ես կարդում եմ 91 համարի սաղմոսը, որը վերաբերում է ինձ։ Ասում է՝ պատերազմն սկսվեց ամսի 27–ին, ավարտվում է ամսի 10-ին, ու սկսում է այդ սաղմոսը կարդալ։ Ուղղակի ես չէի պատկերացնում՝ 19 տարեկան․․․»,- սա ասելուց հետո արցունքները դարձյալ հոսում են հոր դեմքով։

Յուրին հետմահու արժանացել է Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ու «Մարտական ծառայություն» մեդալի, պարգեւատրվել է նաեւ Կապան համայնքի «Կապան» մեդալով։

«Սա հոսող արյուն է, վերքդ առանց լավանալու անընդհատ հոսում է։ Պատերազմն ինձնից ամեն ինչ վերցրեց։ Կարաս անալգին խմես, դիմեդրոլ խմես, նարկոզ տան, ցավդ մի ժամանակ անցնի, բայց էս մի ցավի համար դեղամիջոց չկա, անկեղծ ասեմ՝ փոխարինող բան չեմ կարողանում գտնել»,- ասում է Մհերը։ Մենք լռում ենք։

Խնկի հոտն արդեն տարածվել է հյուրասենյակում։ Մենք դեռ երկար խոսում ենք Յուրիի մասին։ Ժամանակաձեւերն էլ արդեն անկանոն են։ Ծնողները որդու մասին ներկայով են խոսում։ Մհերը գրեթե ամեն գիշեր որդու ներկայությունն է զգում, ասում է՝ երազ չէ, բայց հաղորդակցություն կա իրենց միջեւ, սակայն երբ լույսը բացվում է, ոչինչ չի կարողանում մտաբերել։

«Պարտավորված կյանք ա էլի, ուղղակի երեւի պիտի առանց չարանալու անցկացնել։ Իմ երազանքը, իմ ընթացքը Յուրին վերցրել ա իմ ձեռքից»,- ասում է հայրը։

Հյուրասենյակում մի տեսակ ծանր լռություն է։ Չափազանց ճնշող է ցավի կերպարանք ստացած ծնողներին նայելը։ Յուրիից հետո օրվա մի մասը նրանք անցկացնում են որդու մոտ՝ Կապանի Բաղաբուրջ թաղամասի «Եղբայրական» գերեզմանատանը։ Մայրն ասում է՝ եթե մատդ քսես շիրմաքարին, փոշու մի հատիկ չես գտնի։

Մարինե Մարտիրոսյան

https://hetq.am/

 

 

 

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել

12.12.2025 14:06

2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ կառավարության կողմից չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

12.12.2025 11:15