Պատվով անցած մարտական ուղի

08.05.2018 10:43
1091

Հայրենական Մեծ պատերազմի առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը ոտքի կանգնեց: Կարելի է փաստել, որ նրա համար եւս դա Հայրենական պատերազմ էր: Վտանգը գիտակցում էին բոլորը: Բանն այն է, որ Թուրքիան Հայաստանի սահմանների մոտ մարտական վիճակում էր պահում 26 դիվիզիա եւ հարմար պահի էր սպասում Հայաստան ներխուժելու, որ ավարտին հասցնի դարասկզբին սկսած իր սեւ գործը: 

1990-ականներին Հայրենական մեծ պատերազմի այդ էջը նորովի ընդհանրացնելու փորձեր արվեցին, սակայն հաղթեց բանականությունը, վերստին հաստատվեց այն ճշմարտությունը, որ 1941-1945 թվականների պատերազմը մղվել եւ հաղթանակ ձեռք է բերվել մեր հայրերի ու պապերի արյամբ, որ այդ կռիվը մեր կռիվն է եղել, հայերիս կռիվը: Իսկ մայիսի 9-ը՝ նաեւ մեր հաղթանակի օրն է, հաղթանակով տուն վերադարձածների եւ մարտերում մարտիրոսված հերոսների հիշատակի օրը: Մարտի դաշտից վերադարձածներից մեկը Պետրոս Մարտիրոսյանն է՝ մարտական փառավոր ուղի անցած եւ խաղաղ աշխատանքի անցած անձնավորությունը:

Ծնվել է 1911-ին Կապանի շրջանի Ներքին Մազրա գյուղում: Հայրը՝ Ալեքսան Կոստանդյանը, 1904-1905թթ. ռուս-ճապոնական եւ Առաջին համաշխարհային պատերազմների մասնակից էր, ուներ ցարական բանակի հարյուրապետի կոչում: 1921-ին եղել է Գարեգին Նժդեհի զինակիցը եւ օգնել Սյունիքը Հայաստանի կազմում պահելու սրբազան գործին: 1930-ականների բռնաճնշումներն աննկատ չանցան նրանց ընտանիքի կողքով: Ալեքսան Կոստանդյանը ՀՅԴ անդամ լինելու եւ իբր հակախորհրդային քարոզչություն անելու համար հանիրավի բռնադատվել է եւ գնդակահարվել…

Պետրոս Մարտիրոսյանը 1936-ին տեղափոխվել է Կապան, աշխատել պղնձահանքային կոմբինատի բանվորական մատակարարման բաժնում՝ որպես հաշվապահ: 1941-ի դեկտեմբերի 23-ին մի խումբ զինակոչիկների հետ մեկնել է Երեւան, որտեղ կազմավորվում էր Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիան: 1942-ի հունվարից մասնակցել է կրտսեր հրամկազմի դասընթացներին, վեց ամիս հետո նրան շնորհվել է սերժանտի կոչում, ուղարկվել դիվիզիայի 526-րդ գնդի երկրորդ գումարտակի երկրորդ դասակի հրամանատարի օգնական: 1942-ի օգոստոսին դիվիզիան ուղեւորվում է ռազմաճակատ, Գրոզնիում Պետրոս Մարտիրոսյանը հանդիպում է թշնամուն: Թերեքի ափերից սկսվում է նրա մարտական ուղին, որ ձգվում է Գրոզնի, Նովորոսիյսկ, Թաման, Կերչ, Սեւաստոպոլ, Լեհաստան, Վիսլա, Վարշավա մինչեւ Գերմանիա եւ հաղթանակով ավարտվում Բեռլինում: Դիվիզիան Թամանյան կոչվելու օրը Պետրոս Մարտիրոսյանին խիզախության եւ քաջության համար պարգեւատրում են «Կարմիր աստղի» շքանշանով: Առաջադրանք էր ստացել իր անձնակազմով լռեցնել հակառակորդի կրակակետերը, ինչը խոչընդոտում էր հետեւակի առաջխաղացումը: Նույնպիսի հանձնարարություն ստացավ 1944-ին՝ Կերչի ազատագրման ժամանակ, ինչի համար նրա կուրծքը զարդարեց «Փառքի երրորդ աստիճանի» շքանշանը: Գորնայա սարի մոտ՝ Սեւաստոպոլի ազատագրման մարտերում դրսեւորած խիզախության համար արժանացավ «Փառքի երկրորդ աստիճանի» շքանշանի: Թշնամու հակագրոհը հետ մղելիս վաշտի ավագ Մարտիրոսյանը փոխարինեց շարքից դուրս եկած դասակի հրամանատարին եւ ղեկավարեց ականաձիգների գործողությունները:

Ինչպես գրում է հուշերում, իր համար հիշարժան էր Վիսլայի գետնանցումը: Օդերի Ֆրանկֆուրտի ազատագրման մարտերին (1945թ. մարտ-ապրիլ) ակտիվորեն մասնակցելու համար երկրորդ անգամ արժանացավ «Կարմիր աստղի» շքանշանի: Ֆաշիստների որջ Բեռլինում ավարտեց իր մարտական ուղին, Բեռլինի գրավման համար եւս խրախուսվեց. նրա պարգեւներին ավելացավ «Արիության համար» մեդալը:

1945-ի աշնանը Երեւանի կենտրոնական հրապարակում մասնակցեց մեծ հաղթանակին նվիրված շքերթին, այնտեղ, որտեղից նույն հանդիսավորությամբ 1942-ի օգոստոսին մեկնել էր ռազմաճակատ:

Նկարում՝ Պետրոս Մարտիրոսյանը (ձախից՝ երկրորդը) պատերազմի վետերանների հետ Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանի մոտ

Կրտսեր որդին՝ Լեռնիկը, սրբությամբ է պահպանում հոր շքանշաններն ու մեդալները, այդ պարգեւները հաստատող փաստաթղթերը: Նրա վկայությամբ՝ հայրը չէր սիրում խոսել իր սխրանքների մասին՝ ասելով, որ պարգեւները իր մասին ամեն ինչ պատմում են… Եվ իրոք, հնարավոր չէ առանց հարգանքի զգացման շոշափել նրա ստացած շքանշաններն ու մարտական մեդալները, որոնցից յուրաքանչյուրի հետեւում մի սխրագործություն է, չխամրող մի հուշ…

Պետրոս Մարտիրոսյանի մարտական ուղու վրա լույս են սփռում կրտսեր դստեր Ամալյա Մարտիրոսյանի մոտ գտնվող ալբոմում ամփոփված շնորհակալագրերը՝ ստացված Գերագույն գլխավոր հրամանատարից՝ տարբեր քաղաքների գրավմանը մասնակցելու համար, քաղվածքներ ռազմաճակատային թերթերից, վկայագրեր պարգեւների մասին, պատվոգրեր, լուսանկարներ: Ամալյան Կապանի երկրագիտական թանգարանի տնօրենն է եղել 1980-1999 թվականներին, երկրորդ աշխարհամարտի մասնակից հորն առնչվող յուրաքանչյուր փաստաթուղթ կամ գրություն նրա համար մասունք է: Նրա մոտ պահվող 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի ճակատային «Կարմիր զինվոր» թերթի 1943թ. նոյեմբերի 14-ի համարում «Ականաձիգների գիշերային պարապմունքը» թղթակցությունից տեղեկանում ենք, որ մարտերի արանքում ընկած դադարների ժամանակ տակտիկական պարապմունքներ են անցկացվել, ընդ որում՝ նաեւ գիշերային ժամերին: «Յուրաքանչյուր ականանետ գիշերը եւս պիտի գործի գերազանցորեն եւ դիպուկ հարվածներ հասցնի այնպես, ինչպես ցերեկը»,- ջոկի հրամանատար Պետրոս Մարտիրոսյանի խոսքն է մեջբերել թղթակցության հեղինակը՝ հավելելով, որ Պետրոս Մարտիրոսյանի մարտիկները հմուտ գործողությամբ պարտության են մատնել հավանական հակառակորդին եւ գրավել նրանց դիրքերը: Ի դեպ, թերթի այդ համարում զետեղված է «Թամանցիների քայլերգը», որում այսպիսի տողեր կան. «Առա՜ջ հանուն նախնիների, մենք թոռներն ենք քաջ Վարդանի»:

Ալբոմում պահվող նյութերից ուշագրավ է գործող բանակից ուղարկված նամակը՝ հասցեագրված Պետրոս Մարտիրոսյանի ընտանիքին, ծնողներին, հարազատներին: Նրանում ասվում է, որ 14-րդ ամիսն է, ինչ Պետրոսը, որպես ականաձիգ, գերմանացիների դեմ պայքարելիս հանդես է բերում անվախ մարտիկի, խիզախ ականաձիգի հատկություն՝ մահ ու ավերածություն սփռելով գերմանական բլինդաժներում ու զորաշարքերում: Ականանետային վաշտի հրամանատար, կապիտան Գ. Ակոպովը գրում է, որ այդ նամակը որպես աչքալուսանք են ուղարկում Շիշկերտ՝ Պետրոս Մարտիրոսյանի ընտանիքին, ծնողներին եւ հարազատներին՝ ողջունելով, որ նման խիզախ զավակ են աճեցրել:

Իր բաժին պատերազմն արժանապատվորեն ավարտելուց հետո Պետրոս Մարտիրոսյանը շարունակեց աշխատանքը առեւտրի համակարգում՝ որպես հաշվապահ, ունեցավ երեք զավակ՝ Լարիսա, Լեռնիկ, Ամալյա: Երկու զավակ էլ ունեցել էր մինչեւ պատերազմը՝ Լաուրա, Լենդրուշ: Այսօր էլ, եթե կենդանի լիներ, կհպարտանար իր ժառանգներով՝ 15 թոռ, 22 ծոռ, մանավանդ իր անունը կրող Պետրոս թոռով, ով ավարտելով Երեւանի տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, ուսումը շարունակելով ասպիրանտուրայում, 26 տարեկանում թեկնածուական թեզ է պաշտպանել «Ֆինանսական արդյունքի հաշվառման եւ վերլուծության կատարելագործման ուղիները ՀՀ տնտեսության իրական հատվածի կազմակերպություններում» թեմայով եւ շարունակում է պապի մասնագիտությունը «Ապառաժ մայնինգ» ՍՊ ընկերությունում՝ որպես գլխավոր հաշվապահ:

Վաստակած հանգստի անցնելուց հետո էլ Պետրոս Մարտիրոսյանը ձգտում էր օգտակար լինել հասարակությանը, մանավանդ երիտասարդներին եւ դպրոցականներին ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Հանդիպումներ էր ունենում հանրակրթական դպրոցներում, բանակ ճանապարհելուն նվիրված հանրահավաքների ժամանակ զինակոչիկներին խորհուրդ տալիս արժանապատվորեն ծառայել հայրենիքին, նրանց ոգեւորում Մեծ հայրենականին մարտնչած հայ զինվորների սխրանքներով: Այդ մասին են պատմում «Սովետական մանկավարժ» ամսագրում շրջանային «Պղնձի համար», այնուհետեւ «Ղափան» թերթերում տպագրված թղթակցությունները: 

Երկրորդ աշխարհամարտի ակտիվ մասնակիցը, արտակարգ համեստ ու մեղմաբարո մարդը երկրային կյանքին հրաժեշտ է տվել 1990 թվականի փետրվարի 19-ին: 

Այժմ կրկին մայիսի 9-ն է, որ իրավամբ նշվում է որպես մեծ հաղթանակի օր: Հաղթանակ, որին հասնելու համար ծանրակշիռ ավանդ ունի Թամանյան 89-րդ լեգենդար դիվիզիայի մարտիկ Պետրոս Մարտիրոսյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57