Պողոս Տեր-Դավթյան. փրկենք մոռացության մշուշից

10.05.2022 10:50
5310

Պողոս Տեր-Դավթյանը ծնվել է 1880 թ.  Կապանի շրջանի Վերին Խոտանան գյուղում, երկրագործ Սողոմոնի ընտանիքում: Ուշիմ ու գրասեր էր, տարրական կրթությունը ստանալով գյուղում, ցանկանում է ուսումը շարունակել: Պատանին մեկնում է Բաքու՝ Շրվենանց գյուղացի, նավթարդյունաբերող Գասպար Տեր-Մարգարյանի մոտ: Վերջինս չունենալով ժառանգ, հոգում է Պողոսի մասին, ընդունել տալիս ռուսական գիմնազիա: Պողոս Տեր-Դավթյանը գիմնազիան վերջացնելուց հետո 1901 թ. մեկնում է ցարական բանակ, դառնում զինվորական ուսումնարանի ունկնդիր:

1904 թ. մասնակցում է ռուս-ճապոնական պատերազմի Մուկդենի հայտնի ճակատամարտին: Դրսևորելով մարտավարական հմտություններ, լավ կռվելու համար արժանանում է Գեորգիևյան խաչի և պարգևատրվում հատուկ զենքով:

Պողոս Տեր-Դավթյանը հարում էր սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությանը, իր գործունեության հիմնական նպատակը համարում էր Հայաստանը տեսնել անկախ ու ինքնիշխան: 1905-ին զորացրվելով ցարական բանակից՝ աշխատանքի է անցնում Բաքվի նավթարդյունաբերությունում, որպես կառավարիչ: 1914-ին կրկին սասանվեց խաղաղ կյանքը. առաջին համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի գլխին բերեց նոր արհավիրք: Պողոսը զգաց, որ իր տեղը մարտադաշտն է: Եվ նա համաշխարհային պատերազմը դիմավորեց Կովկասյան ռազմաճակատում: Թուրքական մարդակուլ բանակը փորձում էր խժռել Կովկասը և առաջ սուրալ: Դիլմանի մոտ տեղի է ունենում վճռական ճակատամարտ: 1915-ին գնդապետ Պողոս Տեր-Դավթյանի հրամանատարությամբ ռուսական ջոկատը ջախջախում է Խալիլ բեյի թուրքական կորպուսը: Այստեղ տեղի է ունենում երկու հայ արծիվների՝ Պողոսի և Անդրանիկի անմիջական ծանոթությունը:

1918-ին Բաքու քաղաքում, տաճկական կանոնավոր 70 հազարանոց զորամասերի կողմից գրավվելու պատճառով, հայտարարվեց արտակարգ դրություն, կազմվեց պաշտպանական պետական կոմիտե, կազմվեցին աշխարհազոր ազգային ջոկատներ: Հայկական աշխարհազոր ջոկատի հրամանատար նշանակվեց Պողոս Տեր-Դավթյանը, որը ջախջախիչ հարված հասցրեց թշնամուն Շամախու և Բլաջառի հատվածում:

1918 թ. Տեր-Դավթյանը նշանակվում է Զանգեզուր գավառի Սիսիանի շրջանի զորքերի գլխավոր հրամանատար: Սիսիանի շրջանը գավառի հիմնական դարբասն էր և ուներ ստրատեգիական նշանակություն: Թշնամու համար մատչելի էր՝ արևմուտքից տաճկական զորքերի, արևելքից՝ Թուրքիայից արտաքսված Էնվեր փաշայի գլխավորությամբ մուսավաթական զորքերի մուտքը: Սիսիանը դարձել էր մի թատերաբեմ, որտեղ թուրք մարդակերները ցանկանում էին բնաջնջել Զանգեզուրի բնակչությանը և տիրել երկրամասին: 1918-ին Շաղաթ գյուղի քահանա Տեր-Կարապետը գաղտնի հասնում է Պողոս Տեր-Դավթյանի զորաջոկատը և հայտնում, որ Նախիջևանի կողմից, Որոտանի լեռնանցքով Սիսիանի տարածք է մտել թուրք-մուսավաթական մի մեծ զորախումբ և սկսել ավերածություններն ու բռնությունները: Պողոսն իր տրամադրության տակ ուներ ընդամենը 84 հոգուց բաղկացած մի հեծելախումբ: Նա ջոկատը բաժանում է 3 մասի և անսպասելի հարված տեղում թշնամու գլխին: Թշնամին, որ չէր սպասում որևէ ռազմական միջամտության, շփոթվում է և ռազմադաշտում թողնելով բազմաթիվ դիեր, ճողոպրում: Այդ հերոսական արարքը ողջ Զանգեզուրում թնդացնում է հայ քաջորդու անունը: Այդ հերոսական դրվագը պատկերված է Ս. Խանզադյանի «Հայրենապատում» գրքի երրորդ հատորում:

Պողոսը անմիջական ընկերն ու զինակիցն էր Նժդեհի, որի հետ միասին պայքարել են Զանգեզուրի միասնության համար: 1919-1920 թթ. Նժդեհը իր զորաջոկատով մոտ վեց ամիս հանգրվանում է Վերին Խոտանան գյուղում՝ Բաբուց տանը: Այստեղ Պողոսի միջնորդությամբ նրա զարմիկին՝ հետագայում բրիգադային կոմիսար Հմայակ Տեր-Դավթյանին վերցնում է որպես անձնական կապավոր: Նժդեհը, Անդրանիկն ու Պողոսը համակրում էին ռուս ժողովրդին, նրա զոր ուժի կարիքը միշտ զգացել են, սակայն, ինչպես ասում են՝ ջրերը պարզվելուց երևաց, որ կարմիր բանակի մուտքից օգտված ադրբեջանական մուսավաթականները ցանկացան օգտագործել առիթը և Զանգեզուրը վերցնել բռան մեջ: Մուսավաթական բանակը, որը ըստ ծրագրի պետք է անցներ Նախիջևան, անցավ Զանգեզուրի հայկական գյուղերը և նոր, թուրքին հատուկ բարբարոսություն սկսեց:

Պողոսն ու Նժդեհը որոշեցին դաս տալ անարգ թշնամուն: Թուրքական բանակը՝ սպառազեն, նոյեմբերի 12-ին շարժվում է դեպի Սիսիան: Օրհասական վիճակ է ստեղծվում Ուզ և Ղարաքիլիսա գյուղերի համար: Եվ այստեղ էլ իր հեծյալ ջոկատով օգնության է հանում Պողոս Տեր-Դավթյանը: Օգտվելով մառախլապատ եղանակից, խիզախ թևանցումով շրջապատում է թշնամուն. երեքժամյա կատաղի մարտից հետո թշնամին ջախջախվում է: Ծանր մարտում Պողոսը ստանում է մահացու հարված: Երիտասարդ օրգանիզմը մեկ շաբաթ պայքարում է մահվան դեմ, սակայն մահը հաղթում է մարտադաշտի տիտանին: 40 տարեկան հասակում, ժամանակ չունենալով ընտանիք կազմել, կյանքից հեռանում է լեռների արծիվը՝ թողնելով սերունդներին մի անգիր պատգամ՝ ամեն հայ պետք է շունչն ու հոգին տա հայրենիքին, պայքարի հանուն անկախության: Հերոսի դին Բռնակոթ գյուղից մինչև հայրենի Վերին Խոտանան գյուղը բերեցին ուսերի վրա՝ ի նշան երախտագիտության:

Գյուղի գերեզմանատանը այսօր էլ հերոսի շիրիմը հարգված է: Համագյուղացիները հուզմունքով են պատմում, որ ռեպրեսիայի տարիներին գերեզմանաքարը մի քանի անգամ հարազատները հանել և թաքցրել են տներում, որպեսզի սրբությունը չպղծվեր:

Հերոսի մասին սուրբ մասունքները պահվում են գյուղի միջնակարգ դպրոցի ռազմա-հայրենագիտական թանգարանում: Սակայն ժամանակն է, որ թանգարանի պատերից դուրս թնդա հայորդու անունը, ի նշան երախտագիտության, դպրոցը անվանակոչվի նրա անունով, մի փողոց, մի պուրակ հիշեցնի նրան: Եվ մոռացության մշուշից փրկենք այդ սրբությունը, անզավակ կյանքից հեռացած այդ քաջ մարդուն և ամեն մի հայախոս մանուկ դառնա նրա զավակը ու շարունակի կիսատ մնացած երազանքի իրագործումը՝ անկախ Հայաստանի կերտումը:

Ալմարա Անտոնյան

Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցի տնօրեն

«Սյունիք» թերթ,  թիվ 11, 12, 1996 թ.

Լուսանկարում՝ վերինխոտանանցիները Պողոս Տեր-Դավթյանի շիրմաքարի մոտ:

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

03.04.2026 21:30

«ՌԴ-ն պետք է հրաժարվի հարևանների՝ ԵՄ-ին միանալու նկատմամբ հանգիստ վերաբերմունքից». Մեդվեդև

03.04.2026 19:49

Երկրի ղեկավարը չպետք է ստի ժողովրդին. Արման Թաթոյան

03.04.2026 16:24

Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը

03.04.2026 16:15

Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը

03.04.2026 16:06

Թարմ, բայց խախտումներով․ ինչ է բացահայտել ՍԱՏՄ-ն ձվի շուկայում

03.04.2026 15:17

Վերին Խոտանանի Սուրբ Աստվածածին եկեղեցին

03.04.2026 14:58

Ղարաբաղի կորուստը ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել Հայաստանի հետ. ռուս քաղաքագետ

03.04.2026 14:49

Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

03.04.2026 14:35

ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ոչնչացրել են Իրանի ամենաբարձր կամուրջը

03.04.2026 14:32

ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է դատարանում

03.04.2026 12:46

ԶՊՄԿ ֆինանսավորմամբ կիրականացվեն լայնամասշտաբ անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ

03.04.2026 12:38