Պողոս Տեր-Դավթյան. ըստ Արամ Սիմոնյանի «Զանգեզուրի գոյամարտը (1917-1921թթ.)» գրքի

14.06.2022 10:13
2303

Արամ Սիմոնյանի «Զանգեզուրի գոյամարտը (1917-1921թթ.)» մենագրության մեջ պատմագիտական հետազոտությունների, մամուլի նյութերի և արխիվային փաստաթղթերի լայն ընդգրկմամբ անդրադարձ է կատարվում Զանգեզուրի հայության հերոսական գոյամարտին, որը նա 1917-21թթ. մղել է թուրք-ազերի զավթիչների, ռուսական 11-րդ Կարմիր բանակի և Խորհրդային Ադրբեջանի զորամասերի դեմ՝ հանուն իր ազատության՝ դրանով իսկ ձախողելով հայոց գավառն Ադրբեջանին ենթարկելու բոլոր փորձերը:

Գրքում լուսաբանված է նաև Պողոս Տեր-Դավթյանի դերը մեր երկրամասում ծավալված գոյամարտում:

Ստորև՝ հատվածներ այդ գրքից:

Ներկայացվող դրվագները հնարավորություն են տալիս ավելի ամբողջական պատկերացում կազմել Պողոս Տեր-Դավթյանի մարտական փառապանծ գործունեության մասին:

 

1919 թ. ապրիլի սկզբներին Զանգեզուրի ազգային խորհրդի վերընտրությունից հետո նախկին խորհուրդը ներկայացրեց իր հրաժարականը: Հայաստանի կառավարությունը, ընդառաջ գնալով Զանգեզուրի ու Արցախի ժողովրդի միահամուռ փափագին, ինչպես նաև ելնելով Զանգեզուր-Արցախի համար ընդհանուր պետական կոմիսար նշանակելու փաստից, որոշեց ՀՀ Զանգեզուրի նորընտիր Ազգային խորհուրդը վերանվանել Զանգեզուր- Ղարաբաղի միացյալ շրջանային (մարզային) խորհուրդ և նրա կազմը համալրել Արցախի ներկայացուցիչներով: Այդ ձևով պաշտոնապես նվիրագործվեց Ղարաբաղ-Զանգեզուրի միությունը և երկուսի կցումը Մայր Հայաստանին: Զանգեզուր-Արցախի ընդհանուր պետական կոմիսար նշանակվեց շտաբս-կապիտան Արսեն Շահմազյանը, որի պարտականություններին ավելացվեց նաև շրջանային խորհրդի գործունեությանն աջակցելու և ուղղություն տալու գործը: Ինչ վերաբերում էր Արցախի ազգային խորհրդին, ապա այն շարունակելու էր գործել, բայց սահմանափակ իրավունքներով:

Զանգեզուր-Ղարաբաղի միացյալ շրջանային նորընտիր խորհրդի կազմում ընդգրկված էր 11 հոգի (Գորիսի շրջանից՝ 3, Սիսիանից՝ 2, Կապանից՝ 1, Արցախից՝ 5): Նորաստեղծ խորհրդի նախագահ ընտրվեց Մուշեղ Զաքարյանը (Սիսիանի շրջանից), փոխնախագահ՝ Արշակ Շիրինյանը (Գորիսի շրջանից), քարտուղար՝ Մելիքսեթ Եսայանը (Արցախից): Խորհրդի անդամներ ընտրվեցին Երեմիա Բակունցը և Սահակ Տեր-Հայրապետյանը՝ Գորիսի շրջանից, Սմբատ Մելիք-Ստեփանյանը՝ Կապանի շրջանից, Հակոբ Տերունին՝ Սիսիանի շրջանից, Խաչատուր Դանիելյանը, Գերասիմ Բալայանը, Եղիշե Իշխանյանը և Ավետիս Ասատուրյանը՝ Արցախից:

Ինքնապաշտպանության գործը ղեկավարելու համար ստեղծվեցին զինվորական խորհուրդ և գլխավոր սպայակույտ: Այդտեղ ակտիվ դերակատարություն ստանձնեցին արհեստավարժ զինվորականներ Պ. Տեր-Դավթյանը, Խ. Մալինցյանը, Մ. Հուսեյինյանը, Հ. Տեր-Պետրոսյանը և ուրիշներ: Այսպես, Սիսիանում կազմակերպվեց լրացուցիչ չորս վաշտ՝ փորձված հրամանատարների գլխավորությամբ:

Նույն գրքում, էջ 253-255

 

 

Զանգեզուրի զինված ուժերի ընդհանուր հրամանատար Արսեն Շահմազյանի հանձնարարությամբ Սիսիանում տեղակայված հայկական զորամասերի և աշխարհազորային ջոկատների մի մասը՝ Պողոս Տեր-Դավթյանի հրամանատարությամբ, փակեց Ճաղատ սարից դեպի Եռաբլրի սարահարթ իջնող ճանապարհը, իսկ հիմնական ուժերը կենտրոնացան Նախիջևանին հարող տարածքներում՝ այնտեղից հնարավոր հարձակումները կասեցնելու համար:

Դեպի Եռաբլուր տանող սարահարթի ճանապարհը փակած Սիսիանի ուժերը կատաղի կռիվ տվեցին հակառակորդի դեմ և նրան ստիպեցին մտնել պաշտպանական դիրքեր: Պողոս Տեր-Դավթյանն առաջավոր գծում էր և  անձնական օրինակով ոգեշնչում էր մարտիկներին:

Կռվի հետագա ընթացքի վրա մեծ ազդեցություն գործեց 1918թ. աշնանը Սիսիանի ժողովրդական կամավորներից Պողոս Տեր-Դավթյանի կազմած հեծելախումբը՝ քաջ ու առնական, աժդահա ուժի տեր երիտասարդ Զաքոյի գլխավորությամբ: Գիշերով երկար ռազմերթ կատարելով՝ հեծելախումբն անցավ Զաբուղ-Ավդալար շրջանի թիկունքը և կռվի երրորդ օրը՝ լույսը չբացված, հանդուգն ու անսպասելի հարվածներով խուճապի մատնեց թուրք զորամասերին, որոնք լքեցին իրենց պաշտպանական դիրքերը և ցրվեցին տարբեր ուղղություններով:

Առավոտյան կողմ Ճաղատ սարի և Հովվի բլրի տարածքների ադրբեջանական ուժերը, չդիմանալով հայկական ուժերի հզոր հարվածներին, թողեցին մարտադաշտը և սկսեցին անկանոն նահանջել դեպի Գառնակ լճի տարածք,  բայց այստեղ նրանք ամրանալ չկարողացան: Սեպաձև խրվելով հակառակորդի դասավորության մեջ՝ հայկական ուժերը դիպուկ հարվածով նրան դուրս քշեցին դիրքերից: Թուրքերը խուճապով սկսեցին իջնել նախօրյակին իրենց գրաված Խոզնավար և Բայանդուր գյուղերի հատվածը: Այստեղ ևս հանդիպելով հայկական վաշտերի փոթորկալի կրակին՝ թուրք ծեծված զորամասերը փախան Զաբուղի ձորերը: Ադրբեջանական զորքերը ջարդվեցին նաև Տեղի և Կոռնիձորի մոտ, որտեղ ամբողջովին ոչնչացավ 2-րդ ձիավոր գունդը:

Խայտառակ փախուստի դիմած և եկած ճամփով գլխիկոր հեռացած ադրբեջանական բանակը կռվի դաշտում թողեց շուրջ 500 դիակ, իսկ թե քանի հարյուր սպանվածների թուրքերն ու քրդերը տարան իրենց հետ, հայտնի չէ: Վիրավորների թիվը, հավանաբար, պակաս չէր 2000֊ից: Ավելի  քան 150 ասկյար գերի ընկավ: Հայերի ձեռքն անցան մեկ թնդանոթ, 20 գնդացիր, հարուստ ռազմավար:

Գորիսյան հերոսապատումը հյուսվեց առաջին հերթին հազարավոր շարքային զինվորների սխրանքներով: Կռիվը ղեկավարող Զանգեզուրի զորքերի ընդհանուր հրամանատար Արսեն Շահմազյանի շուրջն էր համախմբված քաջազուն հայորդիների մի փայլուն համաստեղություն՝ Զանգեզուրի նահանգապետ Սերգեյ Մելիք-Յոլչյանը, Սիսիանի զինուժի հրամանատար, Կապանի Խոտանան գյուղի բնակիչ Պողոս Տեր-Դավթյանը, շուշեցի գնդապետ Ռուբեն Նարինյանը, հրանոթային անձնակազմի հրամանատար, Վայոց ձորի Սերս գյուղի բնակիչ Սիմոն Տեր-Հարությունյանը (Թոփչի Սիմոն), գորիսեցիներ՝ Տաթևի վանքի վանահայր Հովհաննես Տեր-Գրիգորյանը, կապիտան Նիկոլայ Դոնդարովը, պոդպորուչիկ Միխայիլ Մելիք-Օհանջանյանը, Միքայել (Միշա) Պարոնյանը, Զաքար Յոլյանը, Հովհաննես Պարոնյանը (Յապոն), Զաքար Տեր-Դավթյանը, Խաչատուր Մալինցյանը, Ղազար Մալունցը և շատ ուրիշներ:

Նույն գրքում, էջ 342-345

 

 

1920թ. հունվարի 19-ին Նժդեհի վաշտերն անցան հարձակման: Միաժամանակ Յապոնի զորամասը հարվածեց  Որոտանի  ափին գտնվող  թուրքական Էյվազլար գյուղին: Տեղ հասավ նաև Սիսիանի աշխարհազորային ջոկատը՝ Պողոս Տեր-Դավթյանի հրամանատարությամբ: Դաժան բքի պայմաններում, հաղթահարելով Ղարաքիլիսա-Յայջի-Տաթև-Երիցաթումբ դժվարին ճանապարհը, Սիսիանի ջոկատը դիրքեր գրավեց Կատար բարձունքում՝ կրակի տակ առնելով թուրքերի գրաված բարձունքները:

Նույն գրքում, էջ 396-397

Կապ հաստատելով Նժդեհի  հետ՝ Սիսիանի շրջանի ընդհատակը սպասում էր ապստամբության ազդանշանի:

Զանգեզուրյան պաշտպանների համար իրադարձություններն այստեղ հենց սկզբից հաջող ծավալվեցին: Դրա հիմնական պատճառն այն էր, որ 11-րդ Կարմիր բանակի՝ Զանգեզուրում գտնվող համարյա բոլոր զորամասերը  կռվի էին նետվել Կապանի և Մեղրիի ուղղությամբ, իսկ Սիսիանում մնացել էին փոքր թվով զինվորական ուժեր: Այստեղից, ինչպես ասվեց, մի զորամաս դեռ ապստամբության նախօրյակին գնացել և ամրացել էր Բաղաբերդում, իսկ մի ուրիշ զորամաս անցել էր Նախիջևանի գավառ:

Դրոն, որը մինչ այդ գտնվում էր Վայոց ձորում, 1920 թ. սեպտեմբերին՝ թուրք-հայկական պատերազմն սկսվելուն պես, մեկնել էր ռազմաճակատ և կռվում էր Հայաստան ներխուժած քեմալական զորքերի դեմ: Վայոց ձորում նրան՝ իբրև զորամասի հրամանատարի, փոխարինել էր ցարական բանակի նախկին սպա, պորուչիկ Պողոս Տեր-Դավթյանը՝ ծնունդով Կապանի Խոտանան գյուղից:

Դեռևս հոկտեմբերի 5-ին Պողոս Տեր-Դավթյանն ու նրա զինակիցները հավաքվել էին Ջուլում, որտեղ որոշել էին կապ հաստատել Կապանի հրամանատար Նժդեհի ու Գորիսի ընդհատակի հետ և սպասել հարմար պահի՝ ապստամբելու համար: Ջուլի խորհրդակցությունից հետո Պողոս Տեր-Դավթյանը վստահելի մի քանի մարդկանց ուղարկեց Սիսիանի գյուղերը՝ նրանց առջև խնդիր դնելով մոտիկից ծանոթանալու ժողովրդի քաղաքական տրամադրություններին, պատրաստ լինելու վիճակի բերել հակախորհրդային ուժերը: Նրանք իրենց հետ վերցրել էին թռուցիկներ՝ գյուղերում տարածելու համար:

Տեղեկություն ստանալով, որ Կապանում հաղթել է Նժդեհը, և որ Սիսիանի ընդհատակը պատրաստ է անցնել կոնկրետ գործողությունների, հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Տեր-Դավթյանը 200 զինվորների հետ Վայոց ձորից անցավ Սիսիանի գյուղերը: Այստեղ նրան միացավ տեղական ամբողջ զինվորությունը: Համարյա առանց դիմադրության՝ Վայոց ձորի սահմանից մինչև Սիսիանի կենտրոն Ղարաքիլիսա ընկած գյուղերը գրավվեցին: Հոկտեմբերի 13-ի կեսօրին հայկական ուժերը գրավեցին նաև Ղարաքիլիսա գյուղը: Կարճատև ընդհարումներից հետո ապստամբները հասան Ուզ, Աղուդի, Վաղուդի գյուղերի տարածքները և մոտենալով Գորիսի շրջանի սահմաններին՝ դիրքեր գրավեցին Յայջի գյուղի ուղղությամբ:

 

Հոկտեմբերի 14-ին ամբողջ Սիսիանի շրջանը գտնվում էր ապստամբների ձեռքին: Այդ գործողություններն այնքան արագ կատարվեցին, որ Սիսիանի շրջանային ղեկավար աշխատողները, կոմունիստները, գյուղական հեղկոմների անդամները, ըստ էության, չկարողացան որևէ լուրջ հակազդեցություն գործել և խույս տալով ձերբակալությունից՝ անցան Գորիս:

Նույն գրքում, էջ 656-657

Հոկտեմբերի 18-ի լուսաբացին Նժդեհն իր զորամասերին ու գայլավաշտերին տարավ հակահարձակման: Հանկարծակի և հզոր գրոհով Խոտանանից հարձակված Նժդեհի զորասյունը խուճապի մատնեց խորհրդային ուժերին, որոնք սկսեցին նահանջել Ինջաբելի ամբողջ ճակատի վրա: Միաժամանակ Կարապետի հրամանատարությամբ գործող զորամասը, Տափասարի կողմից թևանցում կատարելով, անցավ կարմիրբանակայինների թիկունքը և ուժգին գրոհով նոր խուճապ առաջացնում նրանց շարքերում:

Ռազմաճակատի այս հատվածից բոլշևիկյան զորքերի խուճապահար նահանջի պահին թիկունքում՝ Տաթև գյուղում, Նժդեհի կողմնակիցները  ապստամբեցին և գրավեցին ոչ միայն Տաթև, այլև Տանձատափ, Սևարանց, Մալդաշ, Աղվանի գյուղերն ու դրանց հարող տարածքները: Խորհրդային բրիգադի նահանջի միակ՝ Տաթև-Հալիձոր-Գորիս ճանապարհը փակվեց: Շուտով վրա հասան և կարմիրբանակայիններին թիկունքից հարվածեցին Սիսիանի կողմից Տաթևի տարածքներ մտած զանգեզուրյան զորամասերը՝ Պողոս Տեր-Դավթյանի և սպա Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Խորհրդային ուժերի մի մասը, ավելորդ համարելով դիմադրությունը, հանձնվեց: Մնացած մասը խուճապահար նահանջեց՝ մեծ կորուստներ կրելով Պողոս Տեր-Դավթյանի ուժերի հարվածներից:

Նույն գրքում, էջ 675

 

Անհաջողություն կրեցին նաև Սիսիանի ուղղությամբ հարձակվող Կարմիր բանակի զորամասերը: Դուրս գալով Գորիսից՝ այդ զորամասերը հոկտեմբերի 20-ին մտան Յայջի, ապա, արագ առաջ շարժվելով, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 21-ին, հասան Անգեղակոթ և գրավեցին այն: Նույն օրը Անգեղակոթից բոլշևիկյան հրամանատարությունը վերջնագիր հղեց Սիսիանի ապստամբներին՝ պահանջելով անհապաղ զինաթափվել:

Բոլշևիկների հաշվարկները սխալ դուրս եկան: Սիսիանի ապստամբները բնավ մտադիր չէին տեղի տալ: Նրանց առաջնորդ Պողոս Տեր-Դավթյանը ոչ միայն չպատասխանեց այդ վերջնագրին, այլև իր ջոկատներին հրաման տվեց անմիջապես հակահարձակման անցնել և ետ գրավել Անգեղակոթը: Գիշերային հարձակումով սիսիանցի մարտիկները կարողացան բոլշևիկյան զորամասերը դուրս մղել գյուղերից և ստիպել նահանջել Ղարաքիլիսա: Այդ պահին Պողոս Տեր-Դավթյանը լուր ստացավ Ինջաբելի գծում խորհրդային 83-րդ բրիգադի ջախջախման և դեպի Տաթև նահանջի մասին: Նա, մի զորամասի գլուխ անցած, շրջանցեց Ղարաքիլիսա գյուղը, որտեղ ապաստանել էին Անգեղակոթից նահանջած խորհրդային զորամասերը և մի այլ ճանապարհով առաջ անցնելով՝ գրավեց Յայջին: Դրանով իսկ նա մի  կողմից սպառնում էր Ղարաքիլիսայում գտնվող բոլշևիկյան զորամասերին, մյուս կողմից՝ հնարավորություն էր ստանում օգնության գնալու Ինջաբելի գծից Տաթև նահանջող 83-րդ բրիգադին հալածող ապստամբական ուժերին:

 

Յայջի գյուղից Պողոս Տեր-Դավթյանը իր զորամասով անցավ Տաթև, ապա, Նժդեհին միանալու նպատակով Տաթևից դուրս գալով, շարժվեց Կապանի ուղղությամբ: Ճանապարհին՝ Մալդաշ գյուղում, հանդիպելով բոլշևիկների մի զորամասի, կռվի բռնվեց և նրան ստիպեց նահանջել:

Անցնելով Կապանի Խոտանան գյուղը՝ Պողոս Տեր-Դավթյանը միացավ Նժդեհին: ... Մի քանի օր հետո նա վերադարձավ Սիսիան՝ Ղարաքիլիսա գյուղ, որտեղից խորհրդային զորամասերն արդեն նահանջել էին Գորիս:

Այսպիսով՝ ձախողվեց 11-րդ բանակի հրամանատարության մշակված օպերատիվ մարտավարական պլանը: 28֊րդ դիվիզիայի 84-րդ և 83-րդ բրիգադները և 20-րդ դիվիզիայի զորամասերը չկարողացան կատարել իրենց խնդիրը և նահանջեցին ելման դիրքեր:

Նույն գրքում, էջ 679-680

 

Սիսիանի ուժերի հրամանատարությունը շտապում էր օր առաջ հարձակում սկսել՝ Գորիս քաղաքը և շրջանը վերագրավելու համար: Համաձայնություն ստանալու համար Պողոս Տեր֊Դավթյանը դիմեց Հանքեր՝ Նժդեհին:

Հոկտեմբերի 27-ին Նժդեհը Սիսիանի ուժերի հրամանատարությանը նամակ գրեց: Նամակում իր կարծիքն էր հայտնում Գորիսը տվյալ պահին վերագրավելու աննպատակահարմարության մասին: Նա ևս գտնում էր, որ կարելի է և պետք է վերագրավել Գորիսը, բայց դրա համար, գրում էր նա, անհրաժեշտ է՝

1. առանց ուշացնելու ունենալ բավականին կանոնավոր ու զգալի զինված ուժեր, այնքան, որ քաղաքը գրավելուց հետո այդ ուժերի մի մասով «կարողանանք ամրացնել և մեր ձեռքին պահել Զաբուղի մեր հին դիրքերը»,

2. Բուն Զանգեզուրի ժողովուրդը հետևի Ղափան-Սիսիանի օրինակին. «թոթափի սովետա-ադրբեջանական լուծը», իր միջից արմատախիլ անի բոլոր կոմունիստական տարրերին, վճռականորեն կանգնի իր սահմանների վրա՝ «միշտ պատրաստ՝ դիմագրավելու թշնամու բոլոր տեսակի փորձերին ու խաղերին»:

Առաջադրելով Գորիս քաղաքը և բուն Զանգեզուրը վերագրավելու պարտադիր այս երկու նախապայմանները՝ Նժդեհը, այնուհետև, ավելացնում էր. «Որքան ես գիտեմ, այժմ մենք ո՛չ այնքան կանոնավոր ուժեր ունենք, ո՛չ ժողովուրդն է ապստամբելու միտումներ ցույց տալիս»: Նա նշում էր, որ Խոտ, Շինուհայր, Հալիձոր գյուղերի կոմունիստները շարունակում են խտացնել խորհրդային զինվորների շարքերը, իսկ  Խնձորեսկ գյուղը պաշտպանում է մեծամասնականների բոլոր ձեռնարկումները: Հետևապես գտնում էր, որ Գորիսը կարելի է վերագրավել ամեն րոպե, ամեն ժամ, ամենաչնչին ուժերով, բայց այդ ուժերով վերագրավել բուն Զանգեզուրը, առավել ևս՝ պաշտպանել այն, անհնար է: «Կարելի է մի խիզախ налет-ով կարճ ժամանակով տեր դառնալ Գորիսին. թշնամուն փախցնել մինչև Զաբուղ, ձեռք գցել թշնամու թնդանոթները և ռազմամթերքը, ազատել բանտարկյալներին, բայց մնալ Գորիսում, առանց Զաբուղն ամրացնելու, անկարելի էր»:

Ընդհանուր հրամանատարը նշում էր, որ հակառակորդը, կարիքի դեպքում, բուն Զանգեզուրում իր պահեստազորը համալրելու մեծ հնարավորություններ ունի Հաջիսամլուի և ուրիշ վայրերի թուրքերի հաշվին: Այդ առավելություններից, ասում էր նա, Զանգեզուրի պաշտպանները զրկված են:

 

Նժդեհը Սիսիանի հրամանատարությանը նախազգուշացնում էր, որ շատ ժամանակ չի անցնի, և բոլշևիկները Ադրբեջանի կողմից նորից կանոնավոր ուժեր կուղարկեն Զանգեզուրի վրա, ուստի կարճատև դադարը պետք է օգտագործել առավելագույն արդյունավետությամբ: Նա հատկապես կարևորում էր բուն Զանգեզուրի ժողովրդի բարոյական ու մարտական ոգին  բարձրացնելու ուղղությամբ աշխատանքների ծավալումը:

«Մինչև կանոնավոր (Կարմիր բանակի: - Ա. Ս.) ուժերի գալը, - գրում էր Նժդեհը, - պետք է թռուցիկներով, կոչերով, պրոպագանդիստներով հեղեղել բուն Զանգեզուրը, պետք է այնտեղ ստեղծել ցանկալի հոգեբանական մթնոլորտ (психологическая атмосфера)»:

Գորիս քաղաքը և բուն Զանգեզուրը գրավելու նախապատրաստական աշխատանքների թվում ընդհանուր հրամանատարը խիստ կարևորում էր թիկունքի՝ տվյալ դեպքում Սիսիանի ամրապնդումը: «Աշխատե՛ք Սիսիանում մոբիլիզե անել 26, 27, 28, 29 և 30 տարեկաններին, կազմակերպել եռավաշտ մի ուժեղ գումարտակ, իհարկե, լավ զգեստավորելու (обмундировать) և կերակրելու պայմանով»: Այնուհետև նա խորհուրդ էր տալիս Սիսիան ներմուծել մանածագործական արտադրանք, թեյ, շաքար, օճառ, լուցկի և նման բաներ:

Նժդեհը համոզված էր. «Որքան լավ կազմակերպված լինի և ուժեղանա Սիսիանը, այնքան կհեշտանա բուն Զանգեզուրի վերագրավման գործը»:

Մինչ Գարեգին Նժդեհը, Պողոս Տեր-Դավթյանը և նրանց զինակիցները զանազան ծրագրեր էին կազմում Գորիս քաղաքը և բուն Զանգեզուրը վերագրավելու համար, 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությունը Զանգեզուրի գավառը վերջնականապես գրավելու նոր նախապատրաստություն էր տեսնում:

Նույն գրքում, էջ 683-684

Նժդեհը ստացավ գողթանցիների խնդրագիրը, բայց տվյալ պահին նրանց օգնելու հնարավորությունը նա չէր տեսնում, քանի որ առջևում Սիսիանի և Գորիսի շրջանների ազատագրման խնդիրն էր:

Նույն ժամանակ արյունահեղ կռիվներ էին ծավալվել Սիսիանի շրջանում: Մտնելով Սիսիանի տարածքը՝ խորհրդային զորքերը թուրքական գնդի հետ առաջ էին շարժվում:

Որքան թուրքական գունդը առաջանում էր դեպի Նախիջևանի սահմանը, այնքան ասկյարներն ավելի սանձարձակ էին դառնում: Նրանք Սիսիանի գյուղերում նույնպես սկսեցին թալանը: Բայց այստեղ գյուղացիների նոր կազմակերպած զինված խմբերը և զանգեզուրյան զինյալները, Սիսիանի ուժերի հրամանատար Պողոս Տեր-Դավթյանի գլխավորությամբ ցույց տվեցին համառ դիմադրություն: Թուրք զավթիչներին հատկապես մոլեգնաբար էին խփում Ուզ և Ղարաքիլիսա գյուղերի բնակիչները:

Կռվի թեժ պահին հայ մարտիկներն օգնություն ստացան: Դեռ մի քանի ամիս առաջ՝ 1920 թ. հուլիսին՝ Գորիսը Կարմիր բանակի զորքերի կողմից գրավելու օրը, մի խումբ երիտասարդներ քաղաքից հեռացել էին դեպի Երևան, բայց ճանապարհին որոշել էին ապաստանել Մեծ Վեդիի մոտակայքում գտնվող Չիմքենդ գյուղում: Ավելի քան երեք ամիս այստեղ մնալուց հետո նրանք կազմել էին զինյալների մի խումբ, որը մեկնել էր Զանգեզուր՝ մասնակցելու ազատագրական կռիվներին: Հասնելով Սիսիան՝ խումբն իրեն դրել էր Պողոս Տեր-Դավթյանի տրամադրության տակ:

 

Սիսիանի տարածքով Կարմիր բանակի զորքերի առաջխաղացումը գնալով դանդաղում էր: Սարսափելի ցուրտ էր, ձյան հաստ շերտը ծածկել էր սարերն ու դաշտերը: Հայկական ջոկատները գիշերային արագ երթեր էին կատարում՝ մանևրելով անսպասելի հարձակվում էին հակառակորդի զորամասերի վրա, հանկարծակիի բերում նրանց: Տալով զգալի կորուստներ՝ ռուսական զորքը ստիպված սկսեց նահանջել դեպի Գորիս:

Թուրքական գունդը, որը, թվում էր, ուր որ է մոտենալու է Նախիջևանի սահմանին, շնչակտուր եղավ: Նոյեմբերի 5-ին Սիսիանի ուժերի հրամանատար Պողոս Տեր-Դավթյանի զորամասերը, օգտվելով մառախուղից, խելահեղ հարձակման անցան Ուզ գյուղի մոտ:

Հերոսաբար էին կռվում նաև գյուղացիական նոր կազմակերպված ջոկատները և Չիմքենդից եկած գորիսեցիների խումբը: Տալով 100-ի չափ սպանված՝ թուրքերը նույնպես բռնեցին նահանջի ճանապարհը:

Այդ օրվա կատաղի կռվում Ուզ գյուղի ճակատում գլխից մահացու վիրավորվեց Պողոս Տեր-Դավթյանը, որը Զանգեզուրի պաշտպանության տաղանդավոր կազմակերպիչներից մեկն էր՝ Գարեգին Նժդեհի աջ թևը: Ժողովրդի պաշտելի հրամանատարը մահվան դեմ մաքառեց ամբողջ երկու շաբաթ, սակայն հնարավորություն չեղավ նրան հարկ եղած բժշկական օգնություն ցույց տալու, և նա վախճանվեց նոյեմբերի 20-ին: Հերոսի դին փոխադրեցին ծննդավայր Խոտանան և դեկտեմբերի 4-ին մեծ պատվով ամփոփեցին գյուղի գերեզմանատանը: Ավելի քան 60 կիլոմետր՝ Սիսիանի կենտրոն  Ղարաքիլիսա գյուղից մինչև Խոտանան գյուղ, հերոսի դագաղը նրա զինակիցները տարան ուսերի վրա:

Մառախլապատ եղանակը թուրքական գնդին օգնեց խույս տալ սիսիանցիների նոր հարվածներից և նահանջել Աղուդի գյուղի վերևով անցնող վայրի ճանապարհով: Հայերը կրնկակոխ հետևում էին թշնամուն: Չիմքենդցիների խումբը, անցնելով հարձակվող զորաշղթայի ձախ թևը, կրակ էր թափում թուրքերի վրա: Հակառակորդին կենտրոնից խփում էին սիսիանցիների ուժերը: Պողոս Տեր-Դավթյանին ժամանակավորապես փոխարինեց անգեղակոթցի խմբապետ Սարգիսը: Նա կռիվը վարում էր խելահեղ համարձակությամբ. ամբողջ հասակով հերոսաբար կանգնելով զորաշղթայի առաջ՝ ոգեշնչում էր դեպի թշնամին սլացող մարտիկներին: «Տղե՛րք ջան, ձեզ մատաղ, թուրքին խփեցե՛ք քաջաբար, հերիք է որքան նրան գերի մնացինք», բարձրաձայն գոչում էր նա՝ չմոռանալով նաև հիշոցներ ուղղել ասկյարներին: Կենտրոնից հասցրած հարվածն այնքան ուժեղ էր, որ թուրքական զորամասը բաժան-բաժան եղավ և ցրվեց աջ ու ձախ կողմերի վրա: Աջ կողմից էլ Շաղաթի գյուղացի Զախարի գլխավորած խումբն էր ուժգին գրոհով թուրքերին մղում ետ՝ դեպի ձորերը:

Նոյեմբերի 5֊ի իրիկնադեմին թուրքական զորամասը բռնեց դեպի Գորիս քաղաք փախուստի ճանապարհը՝ ձյան վրա թողնելով տասնյակ դիակներ:

Ճանապարհին նորից մտնելով Յայջի՝ ասկյարները սոսկալի խժդժություններ կատարեցին, գնդակահարեցին մի քանի անմեղ գյուղացիների, թալանեցին գյուղը՝ իբրև փոխվրեժ Ղարաքիլիսայի ճակատում իրենց կրած  պարտության:

 

Նույն գրքում, էջ 713-714

 

Ժողովրդի հերոս զավակ Պողոս Տեր-Դավթյանի մահացու վիրավորվելը  Սիսիանում, ապա և մահը խոր վիշտ էր պատճառել ողջ Զանգեզուրին: Կորուստը անփոխարինելի էր. չկար այլևս Նժդեհի նվիրյալ զինակիցը, լեռնաշխարհի հարազատ զավակը, հայոց բազում քաջերից մեկը, որի գերագույն նպատակը նույնպես իր բազմաչարչար ազգին անմնացորդ նվիրումով ծառայելն էր: Բայց կյանքը շարունակվում էր: Նժդեհը նահատակ Տեր֊Դավթյանին փոխարինելու ուղարկեց իր հավատարիմ մարդկանցից մեկին՝ արհեստավարժ զինվորական կապիտան Թորոսյանին:

Դեկտեմբերի 5-ին Նժդեհը Կապանի հանքերից Սիսիանի հերոսական Ժողովրդին ուղղեց հետևյալ կոչը.

«Դուք, հետևելով ապստամբ Ղափանի օրինակին, թոթափեցիք բոլշևիկ-ադրբեջանական լուծը և ստեղծեցիք ձեզ համար ազատ ու անկախ կյանք: Փառք ու պարծանք ձեզ: Հարգանք ձեր տված զոհերին ու թափած սրբազան արյունին: Խեղճացած, բայց չար թշնամին մինչև ձեր ապստամբությունը անարյուն կոտորածով էր բնաջնջում, ոչնչացնում ձեզ՝ խլելով ձեզնից ձեր զենքը, ձեր ղեկավարներին, ձեր արյուն-քրտինքով ձեռք բերած մի կտոր հացը, միացած աշխարհի ամոթն ու անեծքը հանդիսացող օսմանյան ջարդարար ասկյարներին նա փորձեց նորից ձեր վզին դնել բռնության լուծը:

Այդ փորձի Ժամանակ, որը շնորհիվ ձեր անօրինակ քաջության, դարձավ պարտություն թշնամու համար, վիրավորվեց մեր պաշտելի Պողոսը և մի քանի օր անց վախճանվեց: Փառք այդ մեծ ու հերոս նահատակին:

Այսօրվանից Պողոսի որբացած զորամասը հանձնում եմ շտաբս-կապիտան Թորոսյանին, որին արդեն հրամայված է անցնել Սիսիան: Լիահույս եմ, որ դուք, քաջանուն սիսիանցիներդ, թև ու թիկունք կը հանդիսանաք ձեր նոր հրամանատարին:

Աստված և իմ հոգին ձեզ հետ»:

Նժդեհի կոչը լայնորեն տարածվեց Սիսիանի բնակչության շրջանում:

Գյուղական համայնքների ժողովներում և հավաքներում սիսիանցիները ելույթներ էին ունենում, երդվում մինչև վերջ հավատարիմ մնալ իրենց ընտրած պայքարի ուղուն, անսակարկ կատարել հրամանատարի  բոլոր կարգադրությունները:

Նույն գրքում, էջ 771-772

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53