Պողոս Տեր-Դավթյանի մասին՝ ըստ Եղիշե Իշխանյանի

11.07.2022 12:46
1840

Նախ՝ ո՞վ է Եղիշե Իշխանյանը:

20-րդ դարասկզբի հայ նշանավոր ազգային, հասարակական և պետական գործիչ:

Ծնվել է Շուշիում՝ 1886-ին, մահացել 1975-ին՝ Նյու Յորքում:

Պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Արցախում և Հայաստանի առաջին հանրապետությունում:

1918թ. հուլիսի 27-ից մինչև 1919թ հուլիսի 5-ը եղել է Ղարաբաղի ժողովրդական կառավարության առաջին նախագահը:

1966-ին Նյու Յորքում, իր օրագրական գրառումների հիման վրա, թղթին է հանձնել 1917-1920թթ. դեպքերը:

Այդ գրառումները տեղ են գտել «Լեռնային Ղարաբաղ, 1917-1920» գրքում (Երևան, 1999):

Գիրքը սկզբնաղբյուրային նշանակություն ունի բոլոր նրանց համար, ովքեր կամենում են ծանոթանալ Պողոս Տեր-Դավթյանի սյունիքյան գործունեությանը:

Նշված ժամանակաշրջանում՝ 1917-1920թթ. (որոշ ժամանակ նա Վայոց ձորի գործադիր մարմնի քարտուղարն էր), քանիցս հանդիպել է Անդրանիկին, Դրոյին, Գարեգին Նժդեհին, Պողոս Տեր-Դավթյանին և համագործակցել նրանց հետ:

Ահա, թե ինչ է գրում Եղիշե Իշխանյանը Պողոս Տեր-Դավթյանի մասին:

                                            

Ես մի նամակ գրեցի Արսէնին ու յայտնեցի նախ, որ ճամբին վիրաւորւել եմ ազդրից և չպիտի կարողանամ շուտ շարունակել ճանապարհս, ուստի լաւագոյնն է, որ իմ փոխարէն մէկ ուրիշ ընկեր գնայ Երևան նույն յանձնառութեամբ և երկրորդ, հաւանական է, որ թուրքերը յարձակում գործեն մեծ ուժերով Ղուշչի Բիլակի վրայ, ուստի անհրաժեշտ է, որ Սիսիանի ուժերը պատրաստ լինեն թիկունքիg խփելու: Անհրաժեշտ համարեցի մի նամակ էլ գրել Սիսիանի ուժերի հրամանատար տեղակալ Պօղոս Տէր Դաւթեանին: Նամակները սուրհանդակների միջոցով ուղարկւում են ըստ պատկանելւոյն: Սիսիան գնացող սուրհանդակը պիտի նամակները յանձնէր Ղարաքիլիսայի կոմիսարին ու վերադառնար: Մէկ նամակ էլ, թէև անծանօթ, գրեցի գեներալ Շելկովնիկեանին:

Մովսէս Մովսիսեանի և գիւղացիների ենթադրութիւնը ճիշտ էր, օգոստոս 11-ին, առաւօտեան ժամի 5-ին թուրքերը մեծ ուժով, մօտ 2000 հոգով, մի մասը ձիաւոր, 3 գնդացիրով յարձակւում են Ղուշչի Բիլակի վրայ: Գիւղացիները բռնում են գիւղի առջև, երկու-երեք հարիւր քայլ հեռաւորութեան վրայ փորւած մարդաբոյ խրամատը, որի մէկ մասը գետի աջ ափին է, իսկ միւս մասը ձախ ափին:

Բախշին և ընկերները մեկնելուց երկու ժամ անց գալիս է տեղակալ Պօղոս Տէր Դաւթեանը՝ Սիսիանի հերոս հրամանատարը, մի տասնեակ ձիաւորներով: Պօղոսը ախ է քաշում և անիծում չար բախտը, որ միանգամայն երես է դարձրել մեզնից:

 

«Այո, չար բախտի պատճառով էր, յարմար առիթ էր լաւ ջարդ տալու թուրքերին, որ խելոք մնան, չեղաւ: Շրջագայութեան մէջ լինելով, սուրհանդակը ուշ էր հասել ինձ, ի հարկէ, սուրհանդակը մեղք չունի, եթէ շրջագայութեան մէջ չլինէի, սուրհանդակը իր պարտականութիւնը շուտ կատարելով, կը վերադառնար: Եւ միայն վերջին ժամին, շտապ կերպով մօտ գտնւող  գիւղերից՝ Բռնակոթից, Ուզից, Ղարաքիլիսէից, Շաղաթից հարայ տալով մարդիկ հաւաքեցինք, Անգեղակոթի մարտիկների հետ ուղղւեցինք դէպի Չախմախթափա, սակայն հասնելով այնտեղ, գիւղացիներից մէկից տեղեկացանք, որ կռիւը վերջացել է, ուստի տղաներին վերադարձրի, ինքս եկայ: Այո, յարմար առիթը փախաւ: Եթէ պահանջւած մոմէնտին պատրաստ գտնւէինք, փառաւոր գործ կը կատարէինք, ափսոս, շատ ափսոս»:

Օգոստոս 12-ին Պօղոսը իւր տղաներով վերադարձաւ Սիսիան, իր հետ տանելով Տէրունուն ուղեկցած միլիցիոներներին: Պօղոսը մեկնելիս, Քեշինշքենդի կողմից, սարի վրայ երևացին  Շելկովնիկեանի ուղարկած վաշտի զինւորները: Թրքական առածն ասում է՝ «Թոյգան սոնրա նաղարա» (հարսանիքից յետոյ նաղարայ), ճիշտ այդպէս: Քէշիշքէնդից եկած վաշտին տեղաւորեցին գիւղում, զինւորներին բաժանելով տների վրայ, ուրիշ կերպ հնարաւոր չէր:

 Յուլիս 29-ի առաւօտեան Դրօն և Կուռօն յառաջապահ ջոկատի գլուխն անցած եկան Ղուշչի-Բիլակ: Երբ դեռ հեռւից տեսանք, որ գալիս են, Ասլան Շահնազարեանը, Պօղոս Տէր Դաւթեանը, Յարութիւն Թումեանը, Ասատուր Աւետիսեանն ու ես զարմացած իրարու երես էինք նայում: Երբ մտան գիւղ, գիւղի երիտասարդները, Խաչոյի գլխաւորութեամբ, արագ գործի անցան, մարդկանց տեղաւորելու և ձիերին կեր մատակարարելու: Մենք խմբովին գնացինք դէպի Դրօն, որի մօտ վազեց Խաչօն և տարաւ մէկի տունը, ուր ուղղւեցինք և մենք: Դրօն պատմեց, որ հասել են մինչև Ջահրի և Ղարարաղլար, բայց առաջ չեն գնացել, որովհետև Երևանից շտաբը կասեցրել է յառաջխաղացումը և կարգադրել Զանգեզուրի վրայ յարձակւելու Ղուշչի Բիլակից և Գնդևազից:

Հարցնում ենք, թէ ինչո՞ւ Նախիջևանի գործողութիւնը կասեցւեց. Դրօն պատասխանում է, որ դեռ իրեն յայտնի չէ կասեցման պատճառը, ապա առաջարկում է, որ Զանգեզուր մտնելու առաջին շաբաթը բոլոր պրոպագանդիստներն աշխատեն զինւորականների հետ միասին, աջակցեն նրանց տեղական մարտական ուժերի համախմբման ու կազմակերպման գործում:

Նոյն օրը երեկոյեան գնացի Դրոյի մօտ, իմանալու՝ Երևանից նոր ի՞նչ կարգադրութիւն է ստացւել: Դրօն պատմեց, թէ ինքը շտաբին յայտնել է, որ եղած ուժերով հնարաւոր է, կարող ենք գրաւել Զանգեզուրը, բայց պահել չենք կարող, անհրաժեշտ է, որ օգնական ուժ ուղարկւի, և շտաբը խոստացել է 1500 հոգուց բաղկացած մի գունդ ուղարկել:

Մխութուրեանցի Խաչօն, որը սուրհանդակի դեր է կատարում, մանաւանդ պատասխանատու վայրկեաններին մեծապէս օգտակար լինում, ուղարկւել էր Զանգեզուր, որի ամէն մի քարնուքոլը յայտնի էր իրեն. նա վստահ էր այնտեղ եղած գիւղացի ընկերների վրայ:        Վստահ գնացել էր Շիրինից և Խորէնուց տեղեկութիւն բերելու: Խաչօն յաջողութեամբ հանդիպում է Շիրինին ու Խորէնուն Շնհէր (Շինուհայր) գիւղում, որը Շիրինենց գիւղն է: Խաչօն գնացած է եղել Սիսեան՝ հրամանատար Պօղոս Տէր Դաւթեանի կարգադրութեամբ:

Դրօն հեռագրով պահանջում է զօրամաս ուղարկել և, օպերացիան յետաձգել մինչև զօրամասի հասնելը: Երեկոյեան ժամը 10-ին Դրօն մերժողական պատասխան է ստանում: Ժամը 11-ին Դրօն մեզ կանչում է իր մօտ, ներկայ էին Կուռօն, խմբապետ Մարտիրոսը և Պօղոս Տէր Դաւթևանը:

 

Դրօն հարց է դնում, ինչպէս վարւել: Ես կրկնեցի առաւօտեան ասածս, որի վրայ պնդեց Պօղոսը, թէ չպիտի կարողանանք պահել Զանգեզուրը, ուստի պէտք չէ յարձակում գործենք:

- Սակայն արժանապատւութեան խնդիր է դարձած այժմ ինձ համար, ասում է Դրօն: Կենտրոնում, թիւրիմացաբար, պիտի կարծեն, թէ վախեցայ և այդ պատճառով յարձակում չգործեցի:

Դրօն շատ մտածկոտ, ծանրակշիռ խնդիր լուծող կենտրոնացած մարդու դէմք ունէր: Երկընտրանքի մէջ էր. իր կարծիքը պարզ ու որոշ յայտնել էր, և իր հետ համաձայն էին սպաները, որոնք շատ լաւ էին հասկանում խնդիրը, նոյն իսկ ոչ զինւորականներս համամիտ էինք Դրոյին, որ առանց բաւարար ուժ ունենալու հնարաւոր չէ Զանգեզուրը պահել մեր ձեռքում, գտնւելով թշնամու երկու բանակների՝ Հաջի Սամլուի և Նախիջևանի խաչաձև կրակի տակ: Բոլորիս մէջ նոյն դժգոհութիւնն էր բորբոքւում, թէ ինչու զինւորական շտաբը կասեցրեց Նախիջևանի գործողութիւնը և շարունակ այդ մասին էինք խօսում, քննադատում կառավարութեանը:

- Պարզապէս, շտաբում նստածներից ոչ մէկը գաղափար չունի Զանգեզուր-Ղարաբաղի մասին, ասում է յաճախ Պօղոսը, և ոչ մէկը չի կարողանում պատկերացնել մեր շրջանի իրական կացութիւնը: Եթէ Նախիջևանը գրաււած լինէր, կարելի կը լինէր վստահ առաջ շարժւել, իսկ այժմ, երբ առաջ գնանք, թիկունքից թշնամին միշտ կարող է զարկել մեզ:

- ճիշտ է, ասում է Դրօն և կրկին խորանում մտքերի մէջ:

Ինչպէս կասեն, խօսելու պահանջ էի զգում, ինքզինքս հանգստացնելու համար, խօսում էի, բայց Դրօն, տարւած լինելով իւր մտքերով, կարծես չէր լսում ինձ, ուստի դարձայ իրեն:

- Ինքդ համոզւած ես, որ Զանգեզուրը գրաւելուց յետոյ մեր ձեռքում պահելու համար, անհրաժեշտ է, որ տրամադրութեանդ տակ ունենաս 1500 զինւոր, մինչև որ կարողանանք տեղական ուժերը համախմբել և պաշտպանել սահմանը, դու պէտք է կրկին օգնական զօրք պահանջես, այլապէս յաջողութիւն չենք ունենայ:

- Լաւ ես ճառում, մեր տղայ, այդ բոլորը ճիշտ է, սակայն ես կարգապահութեան մարդ եմ, օգնական ուժ պահանջել և մերժում եմ ստացել, արշաւանքը կը սկսեմ և, ինչպէս յայտնել եմ կենտրոնին, շտաբին, վերջինիս վրայ կընկնի հետևանքի պատասխանատւութիւնը: Ոչ մի դժւարութիւն չկայ Զանգեզուրը գրաւելու, բայց եթէ չկարողանանք պահել, դրա մեղքը կընկնի կետրոնի վրայ: Այլևս երկար ու բարակ մտածելու պէտք չկայ. Պօղոս, անմիջապէս կարգադրիր տղաներիդ, պատրաստ լինել մինչև մի ժամ, բռնելու արդէն որոշւած ելակէտերը:

Բազարչայում պիտի ձիեր գտնել ու դնել պրոպագանդիստների տրամադրութեան տակ, որպէսզի պրոպագանդի գործը արագութեամբ կատարեն և շուտ գլուխ բերեն մարտական ուժերի համախմբումը:

Գիշերը զօրքերը շարժւում են առաջ, մեկնում է և Դրօն, ժամը 12-ին գրաւում են Բազարչայը:

Երեկոյեան ժամը ինն անց էր, լսեցինք, որ Դրօն եկել է ճակատից և դոկտոր Միշա Պարոնեանի մօտ իջևանել: Յարութիւն Թումեանը, Ասլան Շահնազարեանն ու ես անմիջապէս շտապեցինք այնտեղ: Դոկտորի հետ կանխաւ մօտ ծանօթ լինելով, առաջ անցայ և աստիճաններով բարձրացայ երկրորդ յարկը, Ասլանն ու Յարութիւնը հետևեցին ինձ: Մտանք նախասենեակը, դոկտորը դիմաւորեց մեզ, յայտնեցինք, որ ուզում ենք տեսնւել Դրոյի հետ:

Դոկտորն ասաց՝ «ճակատից եկել է, սոսկալի յոգնած վիճակում, երկու օր քնելու հնարաւորութիւն չի ունեցել, պէտք է, որ երկու ժամ հանգստանայ, մի քիչ թարմանայ, որպէսզի մի քիչ կազդուրւած վերադառնայ ճակատ, ուստի պատւիրել է, որ մարդ չթողնեմ մօտը և որպէս բժիշկ չեմ ուզում, որ անհանգստացնէք»:

- Դոկտոր, թոյլ տուր, գէթ հինգ րոպէով աչքին երևանք և խօսենք մեր անմիջական անելիքների մասին. Հարց ու պատասխանը հազիւ թէ հինգ րոպէից աւելի երկար տևէ, ասացի: Դոկտորն ու ես մտանք այն սենեակը, որտեղ պառկած էր Դրօն. նա դռան ձայնից գլուխը բարձրացրեց, տեսաւ մեզ, և դարձաւ նախ դոկտորին:

- Դոկտոր, շատ ջարդւածութիւնից ու յոգնութիւնից, որ պիտի անմիջապէս քնէի, չեմ կարողանում քնել, ուշքս յետ է, ճակատում: Մի բան տուր ընդունեմ, քնեմ: Ապա խօսքն ուղղեց ինձ՝ «Եղիշ ջան, երկար խօսելու ժամանակ և հնարաւորութիւն չկայ. շան տղեքը զոռ են անում, դրութիւնը շատ լուրջ է, որովհետև Հաջի Սամլուի քրդերն էլ միացել են բոլշևիկներին. անմիջապէս, ովքեր եկել էք Գօրիս, վերադարձէք Սիսիան, մարդիկ հաւաքէք, ուղարկէք Պօղոսին, որ կարողանայ հակայարձակման անցնել, որքան կարելի է շուտ, նրա ուժերը միայն ինքնապաշտպանւել կարող են, որովհետև քիչ են:

- Շատ լաւ, անմիջապէս կօգնենք, ասացի ես ու դուրս եկայ, դոկտորի հետ միասին:

Օգոստոսի 7-ին, կէսօրւայ մօտ գիւղերից խումբ-խումբ գալիս են մարտական ուժերը, որ ժամը 3-ին մեկնեն Պօղոսի մօտ: Արդէն վեց հարիւրից աւելի մարդ էր հաւաքւել և Կրմինանցը պէտք է նշանակէր մէկին կամ ինքը պարտականութիւն ստանձնէր մարտիկներին առաջնորդելու Պօղոսի մօտ: Արդէն Ժամը 3-ն էր. այդ մտմտուքի մէջ էինք, որ հեռւից թնդանօթի ձայն լսեցինք: Բոլորս զարմացած իրարու երես էինք նայում հարցական հայեացքով և անհանգիստ հոգով: Եւ հազիւ տասը րոպէ անցած Դրոյի նոյն սուրհանդակը սրարշաւ դպրոցի բակը մտաւ, որտեղ կենտրոնացած էին գիւղերից եկած մարտիկները: Մենք ևս, բոլոր պրոպագանդիստներս գտնւում էինք այնտեղ:            Սուրհանդակը հևիհև, կարճ յայտարարեց Դրոյի հրամանը, թէ թշնամու գերազանց ուժի ճնշման տակ զօրքը նահանջում է, ուստի մենք էլ շուտ նահանջենք Գնդևազ կամ Ղուշչի-Բիլակ: Նահանջի մասին լսելուն պէս, կենտրոնացած մարտիկ ուժերը ամենայն արագութեամբ դուրս եկան բակից և ցրւեցին իրենց գիւղերը: Բնական ու հասկանալի էր՝ մնային, ի՞նչ անէին: Եւ մենք էլ բռնեցինք նահանջի ճամբան:

Սուրհանդակը պատմեց, որ Նժդեհը թեթև վիրաւորւել է, Դրօն հրահանգել է Նժդեհին՝ ղափանցի մարտիկներին ազատ արձակել, որպէսզի գնան իրենց գիւղերը, իսկ ինքը և իր սպաները նահանջող զօրքի հետ անցնեն Դարալագեազ ու միասին գնան Երևան, սակայն Նժդեհը չի համաձայնել և ղափանցիների հետ անցել է Ղափան:

Գնդեվազից Պօղոսն իւր 240 ձիաւոր սիսիանցիներով գնաց թրքական աւերակ Ջուլ գիւղը, որտեղ պիտի ապրէին որպէս Դարալագեազի զօրաբաժնի մէկ մասը և հսկէին այն գիծը, որտեղով Նախիջևանի թուրքերը կարող էին կապւել Հաջի Սամլուի քրդերի հետ:

Օգոստոսի 19-ին Պօղոս Տէր Դաւթեանը (Ղափանի Խոդանան գիւղացի), Սիսիանի հերոս ղեկավարը և ժողովրդի անվերապահ յարգանքն ու սէրը վայելող անձնւէր մարդը Ջուլից եկել էր Դրոյից հրահանգներ ստանալու, բայց Դրօն արդէն մեկնել էր:

- Եթե երեկ եկած լինէիր, ի հարկէ կը հանդիպէիր:

- Դրոյի մեկնելը յանկարծակի եղաւ, ասաց Գերասիմը, գիտէինք, որ պիտի մեկնէր, բայց մեկնելու օրը որոշ չէր. նախանցեալ օրը երեկոյեան հրամայում է ջոկատին՝ պատրաստւել մեկնելու, և երեկ առաւօտեան զօրամասը կազմ ու պատրաստ էր շարժւելու: Ոչ մէկս չգիտէինք, որ երեկ պիտի մեկնէր, առաւօտեան անցայ մօտը՝ մի հարցի շուրջ խօսելու, տեսայ, որ ուզում է մեկնել:

- Հիմա ծուռ նստենք և ուղիղ խօսենք, ասում է Պօղոսը, ի՞նչ եղաւ, գնացինք, գրաւեցինք Զանգեզուրը, փախանք և ժողովրդին աւելի սառեցրինք մեր հանդէպ: Աւելի լաւ չէ՞ր լինի, եթէ չարշաւէինք Զանգեզուրի վրայ: Խեղճ Նժդեհը դարձեալ մնաց մենակ. նրա գլուխն էլ էնտեղ կուտեն, և այլևս հնարաւոր չի լինի Զանգեզուրի գրաւումը:

Պօղոսը մինչև Ջուլ վերադառնալը ամէն օր մեզ հետ միասին էր, և խouակցութեան նիւթը Զանգեզուր-Ղարաբաղի հարցն էր:

Օգոստոսի 21-ին Պօղոսը իր հետ Քէշիշքէնդ եկած սիսիանցի մարտիկներից մէկին, որպէս սուրհանդակի, ուղարկում է Նժդեհի մօտ, նամակ է գրում և տեղեկացնում իրերի դրութեան մասին: Սուրհանդակը, ի հարկէ, քաջ ծանօթ էր բոլոր ճամբաներին և պիտի գնար գաղտնի:

- Դուք երկուսդ և ես պիտի միասին աշխատենք, ասում է Պօղոսը, գոնէ կարողանանք սուրհանդակների միջոցով կապ պահենք Նժդեհի հետ. եթէ զօրք չեն ուղարկում, դրամ չեն ուղարկում, տեղեկացնենք իրեն, որ տեղեակ լինի անցուդարձին:

- Գերասիմն ու ես, ասացի, հնարաւորն ու կարելին երբէք չենք խնայի, կօգնենք քեզ, վստահ եղիր:

Օգոստոսի 22-ին Պօղոսը հրաժեշտ տալով մեզ, մեկնում է Ջուլ, իւր սիսիանցի մարտիկների հետ, որոնք, 240 հոգի, հաշււում են Դարալագեազի ջոկատի մաս:

Սեպտեմբերի 2-ին Պօղոսը գալիս է Ջուլից, հրամանատարութիւնը թողնելով ղափանցի գլխապետ Սմբատ Թորոսեանին, կարճ ժամանակով Երևան գնալու, տեսնելու իր նշանածին ու եղբօրը՝ Յարութիւնին: Սմբատ Թորոսեանը մեր լաւագոյն սպաներից մէկն էր:

- Ախպեր, չափազանց անյարմար վիճակում եմ զգում ինձ, ես պարուշչիկ եմ (տեղակալ), իսկ Սմբատը կապիտան (գլխապետ), ես զօրամասի հրամանատարն եմ, իսկ կապիտան Թորոսեանը ինձ ենթակայ իմ զօրամասում: Սմբատը մեր արժանաւոր, խիզախ և թասիբով զինւորականներից մէկը՝ կապիտան, պարուշչիկի հրամանատարութեան ներքո՞յ. եղա՞ւ:

Հրահանգ տալուց ճնշւում եմ, ուստի հետը այնպիսի տօնով եմ խօսում, որ չվիրաւորւի: Սմբատը մի քանի տարով փոքր է ինձնից և իբրև տարիքով մեծի է վերաբերւում ինձ հետ: Էհ, ինչևէ, մի կերպ կանենք, եօլա կերթանք, - ասաց Պողոսը:

- Չե՞ս յիշում, Արսէն Շահմազեանին կապիտանի աստիճանով ուղարկել էին Զանգեզուր, որպէս նահանգապետի և զինւորական ուժերի հրամանատարի, որին ենթակայ պիտի լինէր պատերազմում աչքի ընկած գնդապետ Մելիք Հիւսէյինեանը, որը չէր հանդուրժում այդ պարագան և քանի անգամ թիւրիմացութիւններ տեղի ունեցան, ու շնորհիւ դոկտոր Միք. Պարոնեանի, ամէն անգամ անուշի կապւեց:

Դժգոհ էին ոչ միայն գնդապետ Մելիք Հիւսէյինեանը, այլև Արսէնը: Երբ արտայայտւում ես այդ առթիւ, ասում են՝ «ձևական բաների հետևից էք ընկել. կարևորը կատարւելիք գործն է, որի կատարման հրահանգը տւողր կապիտան է, թէ պալկովնիկ, ի՞նչ կարևորութիւն ունի»:

Ի՞նչ ես պահանջում վեց հարիւր տարւայ ստրկական կեանք վարած մի Ժողովրդի մարդկանցից, որոնք անակնկալ կերպով և հարկադրւած անկախ են դարձել և երկիր են կառավարում, առանց ամենադոյզն փորձառութեան: Եթէ հետևես հէնց Երևանում մեր պաշտօնատար  մարդկանց և նրանց հետ գործ ունեցողների ընթացքին, կեցւածքը երկուստեք այնպէս չէ, ինչպէս պէտք է: Հարկաւ, բոլշևիկեան յեղաշրջման հետևանքով, տակնուվրայ եղաւ ամէն բան, կարգ, կանոն, պատշաճ կեցւածք, սակայն տարրական գէթ որոշ բաներ պիտի գիտնալ, զգալ:

 

Ինքդ, որ մասնակցել ես անցեալ տարւայ նոյեմբերեան կռիւներին Ազրբէջանի զօրքերի դէմ, որոնք պարտւելով նահանջեցին Հաջի Սամլուից, Արսէնը, որպէս Զանգեզուրի մարտական ուժերի հրամանար, հռչակւեց հերոս, որին գէթ այդ ժամանակ, նոյնիսկ մէկ աստիճանի վրայից էլ անցնելով, պէտք է զօրավարի աստիճան տային, որով ոչ միայն գնահատւած կը լինէր Արսէնը, այլև Զանգեզուրի ժողովուրդը և ի մասնաւորի մարտական ուժը: Մինչդեռ նոյեմբերեան յաղթանակի օրերին իսկ յետ են կանչում Արսէնին և նրա փոխարէն ուղարկում Սերգէյ Մելիք Եօլչիանին ու նորակնունք, զինւորականների շրջանում անգամ անյայտ մնացած՝ Զօրավար Ղազարեանին:

- Դրօն ու Նժդեհը չէին հանդուրժում էդ զօրավար Ղազարեանին. Դրօն շատ էր առնւած նրանից, ասում է Պօղոսը, և անւանում էր նրան անտաղանդ արարած: Դրօն իրաւունք ունէր այդպէս որակելու. նա ոչնչով օգտակար չեղաւ Զանգեզուրում, իրա բոյով, բուսաթով, արտաքինով էր յայտնի միայն, նրա արած մի գործը չտեսանք:

Սեպտեմբերի 3-ին մի նամակ եմ գրում Ռուբէնին, որ Հայաստանում շատ երիտասարդ սպաներ, իրենց ունեցած հովանաւորների շնորհիւ, աստիճանի բարձրացում են ստացել, մինչև իսկ մէկ աստիճանի վրայից թռնելով, սակայն Զանգեզուր-Ղարաբաղի զինւորականները, որոնք աւելի ժողովրդական են և աւելի հասարակական, մնացել են աննկատ: Նժդեհը Ղափան-Գնդեվազ-Գողթանում, իսկ Պօղոսը Սիսիանում ահագին գործ են կատարել, և առաջինը մինչև այժմ մնում է գլխապետի, իսկ երկրորդը տեղակալի աստիճանում: Դա խիստ աչքի է զարնում, պէտք է ուղղել սխալը, որը Ժողովրդի վրայ էլ լաւ կազդէ, երբ կը տեսնէ, որ իրա ղեկավարները գնահատւում են: Նա շատ մեծ ժողովրդականութիւն ունի այնտեղ, և ժողովուրդը նրա հետ է, թէև դէպքերի բերումով այսօր նա երկրից դուրս է գտնւում: Պէտք է անպայման Պօղոսին գլխապետի աստիճան նկատի ունենալ և մօտ ապագային փոխ-գնդապետութեան բարձրացնել:

Նամակը տանում է Պօղոսը, որը չգիտէ նամակի բովանդակութիւնը. լոյս 4-ին, մի քանի մարտիկներով, Չիմանքէնդի վրայով գնում է Երևան:

Սեպտեմբերի 25-ին Պօղոսն է գալիս, և դէմքի արտայայտութիւնից պարզ երևում էր, որ լաւ տրամադրութեան մէջ չէ. խիստ դժգոհ էր: Պատմում է, որ շատ ընկերների հետ հանդիպումներ և մտքերի փոխանակութիւն է ունեցել թէ Նախիջևանի և թէ Զանգեզուր-Ղարաբաղի հարցերի շուրջ:

- Յիշու՞մ ես, ասում է նա, երբ հրատարակւում էր «Որոտան» թերթը, որը տպագրւում էր Խօսունց Ծատուրի «Սասուն» տպարանում, մինչև տպագրութեան ծախսը կանխիկ չէր ստանում կոմիտէից, թերթը չէր տպագրում: Բացի այդ, ամէն մի համարի համար նոր և աւելի բարձր գին էր պահանջում: Ինքդ էլ այն ժամանակ արտայայտւևցիր, թէ դա վաշխառութիւն է, և կարծեմ դա էր առիթը, որ Զանգեզուրի շրջանի ներկայացուցչական ժողովին չմասնակցեցիր, պատճառաբանելով, որ այնտեղ վաշխառուներ են նստած և ոչ թէ դաշնակցականներ: Ի՞նչու քո այդ խօսքերի և հետագային քո հակառակ դիրք բռնելու համար քեզ չդատապարտեցինք, իսկ երբ նոյնը Մուշեղն էր ասում, վայնասուն էինք բարձրացնում:

Հա, Երևանում իմացայ, որ իմ մասին Ռուբէնին գրել ես ու խնդրել ինձ գլխապետութեան աստիճան տալու:

Դու շատ իզուր ես գրել, ինձ նման «չոբանները», որոնք միշտ «խուժանի» հետ գործ ունեն, իսկական զինւորական չեն նրանց հաշւով: Ես 1909 թ. պահեստի սպայ եմ, պատերազմի ընթացքին դարձել եմ պարուշչիկ, մասնակցել եմ Բագւի բոլոր կռիւներին, դաշնակիցները Կովկաս գալուց յետոյ եկել եմ Զանգեզուր և, ինչպէս գիտես, մինչև այժմ սիսիանցիների հետ եմ եղել:

 

Անհամեստութիւն չի լինի ասելը, որ մասնակցել եմ Զանգեզուրի բոլոր նշանաւոր կռիւներին, օգնական ունենալով հանգուցեալ Զաքար Տէր Ղազարեանին, Սիսիանի մարտական ուժերով, որոնցից 300-ը ձիաւոր, և ինքդ էլ գիտես, որ իմ մասնակցութիւնը յաճախ վճռական նշանակութիւն է ունեցել մեր գաւառի ինքնապաշտպանութեան գործում, գրեթէ միշտ գործ եմ ունեցել թշնամու թիկունքում, բայց ինչ արած, որ իմ զօրամասը բաղկացած է գիւղացիներից, թէև բոլորը ցարական նախկին զինւորներ են, մարզւած, բայց հաշււում են խուժան, ուստի պարզ է, խուժանի պետը, մարդկանց աչքում իրենց պաշտպանողների շնորհիւ բարձր աստիճան ստացած և Երևանի բուլվարում օրիորդների հետ թևանցուկ զբօսնող սպաների նշանակութիւնն ու արժէքը չպիտի ունենայ: Այո, իզուր ես գրել, կը կարծեն, թէ ես եմ խնդրել քեզ՝ նման բան գրելու:

Ինչևիցէ, ես խղճի կատարեալ հանգստութիւն եմ զգում և չեմ մեղանչել գործ կատարելիս: Ես կատարել եմ իմ պարտականութիւնը, նախ՝ որպէս հայ և երկրորդ՝ որպէս դաշնակցական: Տէրն իրենց հետ, ինչպէս կուզեն, այնպէս էլ վարւեն. ես կերթամ իմ տղաների մօտ Ջուլ և նրանց հետ միասին քամուն կը տամ դարդերս: Այժմ, սակայն, դու խօսք տուր, որ միասին կը շարունակենք աշխատել և, ինչպէս խոստացել ես, չպիտի գնաս Երևան, պիտի մնաս, որ պատրաստենք Սիսիանի ապստամբութիւնը և օգնութեան հասնենք Նժդեհին:

- Ինձ քաջ յայտնի է, թէ սիսիանցիները որչափ և ինչպէս կապւած են քեզ հետ: Նրանք սրտատրոփ քո գալուն էին սպասում, քո բացակայութեան ժամանակ, վերջին տասն օրը յաճախ, գրեթէ երկու օրը մի անգամ մարդ էին ուղարկում ինձ մօտ, հարցնում, թէ երբ ես գալու Երևանից, շատ էին անհանգստանում: Ենովքի բերած դրամը փոխադրիր, յետոյ մտածենք Սիսիան մտնելու մասին:

Գործը գլուխ բերելու համար անհրաժեշտ է, որ մեր անելիքը գաղտնի մնայ, առ այժմ միայն երկու հոգիս ենք իմանում: Պէտք է տղաներից մէկին ուղարկես Սիսիան, մերոնցից, որոնք մնացել են այնտեղ, տեղեկութիւններ բերելու: Մի նամակ պիտի գրել Նժդեհին և մէկն էլ՝ Սաքօ Եապօնին: Ինչպէս գիտես, Սաքօն 200 հոգի ունի, պիտի իմաց տայ նրանց, որ պատրաստ լինեն: Այնպէս պիտի անել, ինչպէս նախ քան Երևան գնալդ ասում էիր, որ Նժդեհն ու դու միաժամանակ սկսէք գործողութիւնները, նա իջնի Խուստուփից, իսկ դու էլ այս կողմից մտնես Սիսիան: Որպէսզի զօր. Մելիք Մուրադեանին և օգնական գնդապետ Եգոր Տէր Աւետիքեանին համոզենք, որ ժամանակը հասել է Սիսիանի վրայ յարձակւելու, պիտի նախ պատրաստես Սիսիանի մարդկանց և վերջիններիս անունից պահանջի ձևով գրութիւն պատրաստել տաս կառավարութեանն ուղղւած: Գերասիմը դէմ չի լինի այս խնդրում, ես գիտեմ նրա կարծիքը: Կարճ ասած, պիտի գործը սկսել, հասունացնել և վերջին ժամին, այսինքն՝ մի քանի օր առաջ գաս այստեղ, շտաբում հարցը դնես:

Սեպտեմբերի 27-ին Պօղոսը մեկնում է Ջուլ: Պօղոսին միանում է և Ենովքը: Նրանք դեռ լոյսը չբացւած մեկնել էին:

Հոկտեմբերի 2-ին Ջուլից գալիս է Պօղոսի սուրհանդակը: Պօղոսը գրում է. «Սիրելի Եղիշէ, տղաներից վեց հոգու ուղարկեցի Սիսիան, զանազան գիւղեր՝ Ղալագէղ, Անգեղակոթ, Ղարաքիլիսէ և Բռնակոթ: Նրանք մեկնել են երկու օր առաջ, գիշերս կամ վաղը պիտի լինեն տեղս:            Տղաները պիտի մերոնցից տեղեկանան ժողովրդի տրամադրութեան մասին:

Գեօմուր գիւղացի մի գաղթական նախանցեալ օրը Սիսիանից անցել է մեզ մօտ. ըստ նրա վկայութեան, ժողովուրդը խիստ զզւած է բոլշևիկներից և օրէցօր սպասում է, թէ երբ այս կողմից մենք կը յարձակւենք, որպէսզի միանայ մեզ: Վերոյիշեալ գեօմուրեցի գաղթականի ասելով, մի շարք գիւղերից փախածներ կան. փախստական է դարձել նաև Անգեղակոթի քահանան: Աւելի լաւ է սպասենք մեր տղաների վերադարձին, նրանք ճիշտ տեղեկութիւններ կը բերեն:

Հաւանական է, երբ տղաները վերադառնան, ինքս գամ տեղդ: Բարևներով, քո Պօղոս, 1-ին Հոկտեմբերի»:

Երեկոյեան գալիս է երկրորդ սուրհանդակը. Պօղոսը գրում է. «Սիրելի Եղիշէ, այսօր գաղթականներ էլ եկան Սիսիանից: Առինջ գիւղացիներ են, սրանք էլ գեօմուրեցու ասածն են հաստատում և չգիտեն, որ գեօմուրցիներ են անցել այս կողմը: Սրանք պատմում են, որ Սիսիանից մօտ 700 հրացան են գրաւել. Խեղճ գիւղացիութիւնը զինաթափ է եղած: Այդ բանը ինձ շատ է անհանգստացնում:   Սիսիանից 25 հազար փութ ցորեն են պահանջել, որի 2/3-ը հաւաքել են: Խեղճ գիւղացիները չգիտեն ինչ անել:

Տղաներից մէկին պատրաստել եմ Գօրիս ուղարկելու Սաքոյի մօտ: Տղան շատ ճարպիկ է և համարձակ: Աւելի լաւ կը լինի, որ Սաքոյին դու նամակ գրես, նա քեզ շատ մօտ է և կը հաւատայ գրածիդ: Գօրիսեցի մի քանի հոգու պատճառով նա թիւրիմացութեան մէջ է ընկած իմ հանդէպ:

Վերոյիշեալ տիպերի հետ ունեցած իմ ծանօթութիւնից կարծել է, թէ ես նրանց կողմնակիցներից եմ: Առինջեցիների ասելով, Մուշեղ Զաքարեանը եղել է Բռնակոթում: Բոլշևիկները նրան չեն հաւատում, և իբրև հասարակ ծառայող, նրանց մօտ աշխատում է, իբրև թէ նա էլ է դժգոհ բոլշևիկներից: Առինջեցիք պատմում են, որ մի անգամ եղել են Գօրիսում, տեսել են Սաքոյին, նա ամբողջ օրերով խմում է, հարբում և երբեմն բոլշևիկների հետ վիճաբանութեան բռնւում, հայհոյում: Իմ կարծիքով, լաւ կը լինի, որ Մուշեղին էլ մի նամակ գրես, նա քեզ հետ լաւ է եղել: Ինչպէս կուզես, բայց Սաքոյին մի լաւ նամակ գրիր: Բարևներով, քո Պօղոս: 1 Հոկտեմբեր, Ջուլ»:

Հոկտեմբերի 3-ին երկրորդ սուրհանդակի (ղարաքիլիսեցի Համբարձումի) միջոցով ուղարկում եմ Սաքոյին գրածս նամակը: Սաքոյին նկարագրում եմ մեր վիճակը և յայտնում դժգոհութիւնս նրա՝ Գօրիսում մնալու առթիւ, որ նա օգոստոսի 2-ին, երբ մերոնք մտել են Գօրիս, իզուր է թաքնւել: Եթէ ինքը դժգոհ էր Դրոյից ու միւսներից, կարող էր կենտրոնին յայտնել իւր դժգոհութիւնը: «Դու տասը տարի տաժանակիր աշխատանքներում մաշել ես քո կեանքի լաւագոյն տարիները յանուն Քրիստափորի, Զաւարեանի և Ռոստոմի մեզ աւանդ թողած գաղափարի, որին դաւաճանել չես կարող և, կարծում եմ, անընդունակ ես դաւաճանելու այն դրօշին, որին երկար տարիներ ծառայել ես և զոհաբերել ամէն ինչ: Պատմական այս ծանր օրերին եթէ դու մեր ազգային ինքնապաշտպանական կռւին անմասն մնաս, չաջակցես կամ անտարբեր գտնւես, մեր նահատակ ընկերների ոսկորները գերեզմաններից կը բողոքեն ու կը դատապարտեն քեզ: Մենք պատրաստւում ենք անցնել Սիսիան, դու էլ պատրաստ եղիր և սպասիր մեր երկրորդ սուրհանդակին: Բանաւոր կերպով կը պատմէ քեզ սուրհանդակը: Ընդունիր Պօղոսի և իմ ջերմ բարևները»:

Հոկտեմբերի 4-ին ստանում եմ Պօղոսի նամակը հետախուզութեան գնացած տղաների մասին:  Տղաները հաստատում են մեր կողմը փախած գաղթականների ասածները: Ամսոյս 5-ին կամ 6-ին կը լինեմ այդտեղ, գրում է նա, այժմ պիտի իմաց տանք Նժդեհին, որ մենք պատրաստ ենք և պիտի յարձակւենք Սիսիանի վրայ, որ միաժամանակ ինքն էլ Խուստուփից իջնի Ղափան: Տղաների սիրտը զնգզնգում է, րոպէառրոպէ սպասում են հրամանի. նրանց զօռով եմ պահում:

Հոկտեմբերի 6-ին գալիս է Պօղոսը, շատ ոգևորւած և տրամադրութիւնը բարձր, «Դու շուտ արա, պահեստի հաշիւները յանձնիր Գերասիմին և պատրաստ եղիր, հէնց որ Սիսիան մտնենք, դու էլ գաս այնտեղ: Աշխատանքը կը բաժանենք մեր մէջ, ես իմ գործը կը կատարեմ, դու էլ քաղաքացիական գործերը, ես գլուխ չունեմ կոմիսար, դատաւոր նշանակելու, դա քո բանն է, կը գաս, որ էդ գործերը կատարես:

 

Այժմ պէտք է Գեներալի (Մելիք-Մուրադեան), պալկովնիկի (Եգոր Տէր Աւետիքեան) և Գերասիմի հետ խօսենք, որպէսզի Դարալագեազի ուժերի աջակցութիւնը ապահովենք»:

Նույն օրը հաւաքւում ենք Դարալագեազի շտաբը, ներկայ են զօրավար Միքայէլ Մելիք-Մուրադեանը, գնդ. Եգոր Տէր Աւետիքեան, Գերասիմ Բալայեանը, Ենովք Միրաքեանը, գլխապետ Վահան Գալստեանը և ևս: Պօղոսը զեկուցում է իրերի գրութեան մասին, որ ամբողջ Սիսիանը, բացի մի քանի տականքներից, որոնք կոմունիստներ են, սրտատրոփ սպասում է մեր զօրամասի առաջխաղացմանը, որ միանայ մեզ:

- Ես երրորդ անգամ մարդիկ ուղարկեցի՝ հետախուզութիւն կատարելու, ասում է Պօղոսը, բերելու մանրամասն տեղեկութիւններ ուրիշ գիւղերից: Նրանց պատւիրել եմ՝ երեք օր մնալ այնտեղ և հաստատ տեղեկութիւններ բերել: Մենք պէտք է երկար չսպասենք, պիտի իմաց տանք Նժդեհին, որ մեզ հետ միաժամանակ նա էլ այնտեղից սկսէ յարձակումը:

- Այո, պիտի սկսել առանց ուշացնելու, պնդում է Գերասիմը:

- Պէտք է սպասել վերջին սուրհանդակներին, տեսնենք, նրանք ի՞նչ են պատմում, ասում է Միրաքեանը:

- Պէտք է ունենալ կենտրոնի համաձայնnւթիւնը, ասում է Զօրավարը:

Գերասիմն ու ես պնդում ենք, ոը կենտրոնին պէտք է կատարւած փաստի առջև կանգնեցնել. կենտրոնը պայմանների ճնշման տակ ուղում է Զանգեզուրը զիջել, բայց մենք քանի որ հնարաւnրnւթիւն ունենք: Մտքերի փոփոխանակութիւն ունենալուց յետոյ որոշւում է, որ Պօղոսը, Գնդապետ Եգոր Տէր Աւևտիքեանը, գլխ. Գալստեանը և Ենովքը գնան Ջուլ, լսեն Սիսիան ուղարկւած վերջին սուրհանդակներին, եթէ նրանք էլ նոյնը հաստատեն, ինչ առաջիններն են վկայել, յարձակումը սկսել, նախապէս իմաց տալով Նժդեհին:

Ես եթէ կենտրոնի համաձայնութիւնն ունենալը շեշտեցի, ասում է Զօրավարը, չկարծէք, թէ ես դէմ եմ Սիսիանի վրայ գնալուն, ես միայն ուզում եմ, որ հետագային մի փոքրիկ անյաջողութեան համար մեզ չդատապարտեն:            Ես մի քանի անգամ գրել եմ Սպարապետին ու զօր. Սիլիկեանին, որ թոյլ տան Վայոց Ձորի ուժերով Նախիջևանը գրաւենք, որը դժւար չէ. այժմ էլ ուշ չէ, պէտք է այդ մասին միատեղ դիմում անենք:

Հոկտեմբերի 7-ին Պօղոսը, գնդ. Տէր Աւետիքեանը և գլխ. Գալստեանը մեկնում են Ջուլ:

Հոկտեմբերի 8-ին մեկնում է այնտեղ նաև Միրաքեանը: Ջուլում կրկին խորհրդակցում են, յարձակւե՞լ, թէ՞ ոչ. Միրաքեանը վաղաժամ է համարում յարձակումը, իսկ միւսները պնդում են:

Հոկտեմբերի 9-ին Պօղոսից կարճ նամակ եմ ստանում, կարճ, յայտնում է խորհրդակցութեան մասին և կրկին յիշեցնում, որ պատրաստ լինեմ, սպասեմ. Սիսիանից երկու ձիաւոր զինւոր կուղարկի՝ ինձ տանելու այնտեղ: Գրում է, որ սուրհանդակ են ճամբել Նժդեհին, նամակ գրել, որ ամսի 11-ին կը յարձակւեն Սիսիանի վրայ, ինքն էլ Խուստուփից սկսէ իւր յարձակումը: Գնդ. Տէր Աւտիքեանը և գլխ. Գալստեանը վերադառնում են Քէշիշքէնդ:

Հոկտեմբերի 11-ին Պօղոսը Սիսիանի ուժերի գլուխն անցած մտնում է Սիսիան, առանց դիմադրութեան հանդիպելու գրաւում Ղալաջէղ, Բլաք, Շաղաթ, Անգեղակոթ, Բռնակոթ և Ղարաքիլիսա գիւղերը, կտրելով կարմիրների՝ Բազարչայից դէպի Նախիջևան երկարող փախուստի ճանապարհը: Բոլոր գիւղերի ժողովուրդը ցնծութեամբ է ընդունում իր հրամանատարին: Պօղոսի հետ Սիսիան է անցնում և Միրաքեանը:

Հոկտեմբերի 12-ին Սիսիանի բոլոր գիւղերը միանում են ազատագրւած գիւղերին:

 

Հոկտեմբերի 13-ին Պօղոսը գրաւում է Բարիսովկա և Բազարչայ մալականների գիւղերը առանց դիմադրութեան և գերում 25 հոգի կարմիր բանակայիններ:

Հոկտեմբերի 15-ին գալիս են երկու ձիաւոր մարտիկներ և տալիս Պօղոսի նամակը. «Սիրելի Եղիշ, արդէն ամբողջ Սիսիանը գրաւել ենք, առանց սպասելու և ուշանալու՝ տղաների հետ կը գաս ուղիղ Ղարաքիլիսա կամ Բռնակոթ. կատարելապէս մենակ եմ. ջոկատի հետ Սիսիան մտած մի քանի զանգեզուրցիների ուշքումիտքը իրենց տների վրայ է կենտրոնացած. օր առաջ ուզում են գնալ Գօրիս, ոչ ոք չի ուզում կարճ ժամանակով մնալ տեղումս, աշխատել: Եթէ Ուչ Թափալարից այն կողմը բոլշևիկներ չլինէին, մի րոպէ անգամ չէին սպասի, վաշտապետներից մէկին 100 հոգով ուղարկեցի Դարաբասի Ձորը, որտեղ նոյնպէս շարժման մէջ են մերոնք: Վաղւանից կանոնաւոր կապ կունենանք Նժդեհի հետ:

Երկու անգամ ուղարկւած սուրհանդակները յաջող գնացել-եկել են: Նժդեհը գրաւել է ամբողջ Ղափանը, այժմ ծրագրում ենք Գօրիսի վրայ գնալ: Պէտք է դրսից մի քանի խելքը գլխին մարդիկ էլ գան տեղս՝ քաղաքացիական գործերը վարելու: Բոլշևիկներից գրաւել ենք 40 հրացան և բաւականաչափ հեռագրաթել: Վաղը չէ միւս օրը մէկ ձի կուղարկեմ քեզ, որպէսզի շուտ գաս: Համբոյրներով՝ Պօղոս. հոկտեմբեր 14, Ղարաքիլիսա»:

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34