Փոխվարչապետի հերթական այցը Սյունիք

06.09.2013 14:00
1964

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն օգոստոսի 27-ին Սյունիքում էր` մարզում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար:

Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Տաթեւի ճոպանուղու Հալիձորի կայան, որտեղ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի, «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրինության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, վանական համալիրի հարակից համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ:

Ներկայացվեց վանական համալիրի հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգմանն ուղղված կառուցապատման նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ներկայացուցիչներն ու համայնքների ղեկավարներն իրենց նկատառումները հայտնեցին նախագծի վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նախագիծը մեկ անգամ եւս կքննարկվի շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների կողմից, եւ ստացված առաջարկությունները հաշվի կառնվեն այն լրամշակելիս:

Քննարկվեցին նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված ութ համայնքում աղբահանության կազմակերպման, այդ նպատակով անհրաժեշտ միջոցների ներգրավման աղբյուրների, ինչպես նաեւ անտառային հատվածի սանիտարական վիճակի եւ մաքրության պահպանման հետ կապված հարցեր:

Ա. Գեւորգյանն այնուհետեւ մեկնեց Մեղրու տարածաշրջան, եղավ Մեղրու ինքնահոս համակարգի կառուցման վայրում: Լեհվազ համայնքի տարածքում, որտեղ պետք է լինի համակարգի գլխամասը, փոխվարչապետին ներկայացվեց ինքնահոս համակարգի նախագիծը:
Մեղրու ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրն իրականացվում է «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակում` Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: Նախատեսվում է կառուցել 32 կմ երկարությամբ ինքնահոս համակարգ, որը Մեղրի, Ագարակ եւ հարակից համայնքների համար կապահովի կայուն ջրամատակարարում, ինչպես նաեւ զգալի կնվազի էլեկտրաէներգիայի ծախսը: Համակարգի կառուցման համար տարածաշրջանում առկա են անհրաժեշտ պայմաններ. նախատեսվում է, որ ջուրը կվերցվի Մեղրի գետից:

Ներկայումս տարածաշրջանի ոռոգումն իրականացվում է 18 պոմպակայանի միջոցով, որոնք ջուր են մղում Արաքսից: Պոմպակայաններն արդեն ֆիզիկապես մաշված են, իսկ դրանց շահագործումը բավականին ծախսատար է: Պատասխանատուները տեղեկացրեցին, որ առաջիկայում կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ, եւ հաղթող ընկերության որոշումից հետո համակարգի կառուցումը կմեկնարկի: Ա. Գեւորգյանը կարեւորեց աշխատանքների` ժամանակացույցի համաձայն իրականացումը` ընդգծելով համակարգի անհրաժեշտությունը տարածաշրջանի գյուղացիական տնտեսությունների համար:

«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը», որի վերաբերյալ համաձայնագիրն ԱԺ կողմից վավերացվել է 2013թ. հունիսին, ուղղված է ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Բացի Մեղրու ինքնահոս համակարգից, ծրագրով նախատեսվում է նաեւ Քաղցրաշենի եւ Գեղարդալճի ինքնահոս համակարգերի կառուցում:

Փոխվարչապետն այնուհետեւ խորհրդակցություն անցկացրեց Մեղրու քաղաքապետարանում, որին մասնակցում էին նաեւ տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Քննարկվեցին համայնքներում իրականացվող ծրագրերին, համայնքների սեփական եկամուտների հավաքման ընթացքին, գյուղմթերքի իրացմանը, աշնան գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն օգոստոսի 28-ին ծանոթացավ մարզկենտրոն Կապանում իրականացվող ծրագրերին եւ ընթացիկ խնդիրներին:

Առավոտյան փոխվարչապետը մարզպետ Վահե Հակոբյանի եւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց քաղաքում: Նա այցելեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինհրապարակ: Շենքի կառուցման համար պետբյուջեից նախատեսվել է 720 մլն դրամ: Ներկայումս արդեն կատարվել են մոտ 450 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Ըստ պատասխանատուների` նախատեսված ֆինանսական միջոցների հատկացման պարագայում դպրոցի կառուցումն ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում, եւ 2014թ. սեպտեմբերի 1-ին կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:

Փոխվարչապետն այցելեց նաեւ «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրով նախատեսված բնակելի համալիրի կառուցման վայր: Զեկուցվեց, որ ծրագրի իրականացման առումով որոշակի խնդիրներ են առաջացել: Ա. Գեւորգյանը խոստացավ հարցը իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել կառավարությունում` առաջացած խնդիրներին լուծումներ գտնելու համար:

Քաղաքապետը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց նաեւ քաղաքի կենտրոնի բարեկարգման ծրագրերի մասին:

Մինչ Կապան այցելելը փոխվարչապետը ծանոթացել էր նաեւ Մեղրի եւ Քաջարան քաղաքների միջեւ` միջպետական ճանապարհի վրա վերակառուցվող կամրջի շինարարական աշխատանքներին: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 52 մլն դրամ: Կամրջի կառուցման աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին:

Մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին Կապանի, Սիսիանի, Գորիսի, Ագարակի քաղաքապետերը, մարզպետարանի պատասխանատուներ, քննարկվեց համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքը, ներկայացվեցին հրատապ լուծում պահանջող խնդիրներ:

Մարզպետարանի պատասխանատուները տեղեկություններ ներկայացրեցին քաղաքաշինական, գյուղատնտեսական աշխատանքների, համայնքների սեփական եկամուտների կառավարման վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ առանձին քննարկվեց նաեւ Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը: Ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին վերագործարկման ծրագիրը:

Օդանավակայանի շահագործումը փոխվարչապետը կարեւոր համարեց մարզի բնակչության համար` նշելով, որ ծրագրի իրականացման համար առկա է նաեւ ՀՀ նախագահի հանձնարարականը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մարզպետը նաեւ տարածաշրջանի գործարարների հետ կքննարկի ծրագիրը, եւ վերջնական ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն:

mta.gov.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11