Փոքր դպրոցի խնդիրները` օլիմպիադաներից մինչեւ կադրի ընտրություն ու ֆինանսավորում

14.12.2014 16:00
2338

Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցը, որ ժամանակին (խորհրդային տարիներին) 100-ից ավելի աշակերտ ուներ, այս ուսումնական տարին դիմավորել է 25 աշակերտով, առաջին անգամ դպրոց ոտք է դրել մեկ առաջին դասարանցի:

Կրթօջախ մտնելիս` մուտքի աջ ու ձախ պատերին անմիջապես տեսանելի են գյուղի երկու մեծերի` Մովսես Տաթեւացի կաթողիկոսի եւ Պողոս Տեր-Դավթյանի (դպրոցն արդեն կրում է նրա անունը) նկարներն ու տեղեկություններ նրանց մասին, որ պատկերել է դպրոցի նախկին տնօրեն Ալմարա Անտոնյանը:

Դպրոցն արդեն 10 տարի ղեկավարում է մասնագիտությամբ ֆիզիկոս Խաչիկ Բադալյանը: Ծնվել է հենց Վերին Խոտանանում, Լենինգրադում ավարտել տեխնոլոգիական ինստիտուտն ու վերադարձել հայրենի գյուղ, մինչ տնօրեն նշանակվելը ինը տարի աշխատել ուսուցիչ, տարբեր առարկաներ դասավանդել, կնոջ ու երեք զավակի հետ դարձել համայնքի կյանքի անբաժանելի մասը:

Դպրոցական շենքը (180 աշակերտի համար) կառուցվել է 1983-ին, մինչ այդ եղած դպրոցական նախկին շենքը կառուցված է եղել 1930-ականներին:

Այս ուսումնական տարում Վ.Խոտանանի դպրոցում կոմպլեկտավորվել է ինը դասարան, բայց քանի որ ոչ լիարժեք դասարաններ են, միավորով 4.5 են:

"Երբ դպրոցն ընդունեցի, 27 աշակերտ ունեինք, 10 տարում գրեթե փոփոխություն չկա նրանց թվաքանակում: Ընդ որում, վերջին չորս տարում գյուղական դպրոցներից երեւի մերը միակն է, որտեղ դպրոցականների քանակն ավելանում է, ոչ թե նվազում: Այստեղ մի պահ 18-19 երեխա կար, հիմա ավելացել է", – հայտնում է տնօրենը:

Դպրոցում ինը մանկավարժ է աշխատում, հիմնականում բարձրագույն կրթություն ունեն, դասվարներ կան միջնակարգ մասնագիտական կրթությամբ: Ընդ որում թե՛ մանկավարժները, թե՛ աշակերտները տեղաբնակ են, երթեւեկող չկա:

Դպրոցը վերջին տարիներին բուհ ընդունվողներ էլ է ունեցել, մասնակցելով առարկայական օլիմպիադաներին` հաջողություններ արձանագրել: Սակայն տնօրենը վերջին տարիների մաթեմատիկայի եւ ֆիզիկայի օլիմպիադաների անցկացման կարգն անարդար ու ոչ արդյունավետ է համարում, որից տուժում են փոքր դպրոցների աշակերտները. "Կարգն, ըստ իս, սխալ է. այդ առարկաներից օլիմպիադան անց են կացնում միանգամից ամբողջ հանրապետության աշակերտների համար` օնլայն տարբերակով, եւ մրցում են, ասենք, մեր դպրոցի եւ Երեւանի ֆիզմաթ թեքումով դպրոցի, վարժարանների, կրթահամալիրների երեխաները: Մեր աշակերտները, որ քաղաքային եւ մարզային փուլերում միշտ լավագույններից էին եւ մասնակցում էին հանրապետական փուլին, այնտեղ դրսեւորում իրենց, գոնե դիպլոմ, պատվոգիր, խրախուսանք էին ստանում: Այժմ միանգամից դուրս են մնում մրցույթից եւ ոչինչ չեն ստանում, հաղթողները միշտ հատուկ թեքումով դպրոցների երեւանցի աշակերտներն են, եւ մերոնց հանրապետական փուլին մասնակցելու շանս չի մնում":

Սակավաթիվ աշակերտներով դպրոցի պահպանման, զարգացման, կրթության կազմակերպման խնդիրները թվարկելիս` պարոն Բադալյանը փաստում է, որ դրանք բոլորը շաղկապված են միմյանց: Նախեւառաջ նա նշում է որակյալ մանկավարժական կադրերի խնդիրը. ինը մանկավարժ ունեն, մինչդեռ բարձր դասարաններում 15-16 առարկա են անցնում: Դպրոցն ի սկզբանե հնարավորություն չունի մասնագետ ուսուցիչ ունենալ բոլոր առարկաների համար, եւ իրենց մանկավարժներից յուրաքանչյուրը 2-3, նույնիսկ 4 առարկա է պարապում: "Եվ դրա պատճառը նախ ֆինանսավորման կարգն է, այն դրա հնարավորությունը չի տալիս: Ասենք, քիմիա կամ կենսաբանություն առարկան դպրոցում ընդամենը կարող է 3-3.5 ժամ լինել, որովհետեւ դասարանները թերկոմպլեկտավորվում են, դրսից մասնագետն էլ այդքան ժամի համար չի գա, դիմում ենք այստեղ ունեցած կադրերին": Օրինակ, այս պահին մրցույթ են հայտարարել դասվարի թափուր հաստիքի համար, դիմող չկա, բայց կարգը ստիպում է անընդհատ ու անվերջ հայտարարություն տալ, մինչեւ ե՞րբ... Իսկ թափուր հաստիքի մրցույթը ենթադրում է զուտ մասնագիտական բարձրագույն կրթություն: "Այնպիսի տպավորություն է, որ այդ կարգն ընդունողներն ընդհանրապես տեղյակ չեն, թե փոքր դպրոցներում ինչ է կատարվում, – նեղսրտում է տնօրենը, – եթե քաղաքի դպրոցներում մեկ տեղի համար կարող է մեծ մրցակցություն լինել, այստեղ դիմող չկա, եւ ըստ օրենքի, ախր, չես էլ կարող մարդուն աշխատանքի ընդունել, որովհետեւ 3-5 ժամը նվազագույն աշխատավարձ չի ապահովում": Եվ նման հակասությունների պարագայում հայտարարություն տալը պարզապես ձեւական է դառնում...

Որքանո՞վ է կրթական գործընթացը տուժում ոչ մասնագետ կադրերի տարբեր առարկաներ պարապելուց: Տնօրենը հայտնում է, որ կան մեթոդներ կոմպլեկտ դասարաններում պարապելու համար, իսկ այդ մեթոդները կիրառելիս էլ պետք է մասնագետ ուսուցիչ լինի. "Մեկ տարուց ավելի է` անցել ենք կոլեկտիվ ուսուցման: Ուսուցչի աշխատանքի ծավալն այս դեպքում մեծանում է, ոչ մասնագետ ուսուցիչը չի կարողանում համապատասխան քարտեր, երթուղիներ կազմել, միայն իր մասնագիտականն է կարող անել, բնականաբար, դրանից ուսման որակը կարող է եւ իջնել...":

Խ.Բադալյանը տեղեկացնում է, որ վերջերս կայացած խորհրդակցության ժամանակ, նաեւ իրենց առաջարկությունների հիման վրա, քննարկվել է մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցներում դասարանների փոխարեն ուսումնական խմբեր ձեւավորելը: Եթե այս տարբերակը հաստատվի, այն նման կրթօջախների համար փրկություն կլինի: Այդ դեպքում եւս, ճիշտ է, կոմպլեկտավորում է լինում, բայց ձեւավորվում է 8 ուսումնական խումբ, եւ եթե Վ.Խոտանանի դպրոցը հիմա աշխատում է 4.5 կոմպլեկտ դասարանով եւ ֆինանսավորվում դրա համար, 8-ի դեպքում դասաժամերն ու դրանց համար հատկացվող գումարը կավելանան, եւ կարող են, օրինակ, առանձին պատմության ուսուցիչ ընդունել:

Դպրոցը երբեւէ չի վերանորոգվել: Ամենացավոտ ու հրատապ լուծում պահանջող խնդիրն ավերված տանիքն է, որի պատճառով տեղումներից հետո վնասվում է նաեւ դպրոցի ներսը, խոնավանում ու բորբոսնում են առաստաղներն ու պատերը: Խ.Բադալյանը նշում է, որ սեփական ռեսուրսներով կարող են տարեկան գոնե մեկ դասասենյակ վերանորոգել, բայց նման տանիքի պարագայում դա անիմաստ է: Խնդրի լուծման համար իրենց դիմումներն առայժմ անարձագանք են մնացել… Նյութական ներդրում վերջին տարիներին միայն "Վորլդ Վիժն"-ի կապանյան գրասենյակն է կատարել, որի հետ ակտիվ համագործակցություն կա. դպրոցում տարբեր ծրագրեր է իրականացրել, վերանորոգել սանհանգույցները, գրադարանն ու համակարգչային սենյակը, դահլիճն ու մարզահրապարակը: Տարբեր ծրագրեր իրականացնելիս "Վորլդ Վիժն"-ը աջակցել է նյութական միջոցներով, իսկ կամավոր աշխատուժը եղել է համայնքից. հենց գրադարանում տնօրենը ցույց է տալիս այս ծրագրերի շրջանակում իր իսկ ձեռքով պատրաստած գրադարակները. հարուստ գրադարանում տեղավորել են նաեւ Շրվենանցի դպրոցի վերակազմավորումից հետո այստեղ տեղափոխած գրքերը: Շրվենանցից բացի, վերակազմավորման միջոցով Վ.Խոտանանի միջնակարգ դպրոցին են միացվել նաեւ Առաջաձորի եւ Անտառաշատի դպրոցները: Խաչիկ Բադալյանն ասում է, որ տվյալ գյուղերում, եթե 1-2 աշակերտ էլ լինի, կարելի է տեղում տարրական կրթություն կազմակերպել: Բայց Շրվենանցում եւ Առաջաձորում երեխա չկա, իսկ Անտառաշատի մի քանի աշակերտին ծնողները գերադասում են Օխտարի դպրոց ուղարկել:

Խոսելով գյուղապահպանության եւ նման դպրոցները փրկելու մասին` տնօրենն իր սկզբունքն է ներկայացնում. աշխատակազմում ձգտում են հիմնականում ընդգրկել այն համագյուղացիներին, որ երեխաներ ունեն դպրոցում: Լուրջ կրթություն ստացած եւ գիտելիքների տպավորիչ պաշարով, յուրօրինակ աշխարհայացքով տնօրենն ու իր կինն էլ գալով ու հաստատվելով այստեղ, իրենց երեք զավակին տեղում կրթություն տալով` գյուղապահպանման ու դպրոցի շունչը տեղը պահելուն օգնող օրինակ են… "Մեր աշակերտների թիվը դեռ պահպանվում է… Եթե հարեւան գյուղերին նայեք, ընդհանրապես մարում են. երբ այս դպրոց եկա, մեր աշակերտների կրկնակի թվին հավասար աշակերտ Տանձավերում կար, հիմա այնտեղ 12 երեխա հազիվ կա, Աղվանիում` 6-7, – ցավում է մեր զրուցակիցը: – Դրա համար գոնե ուսումնաօժանդակ կազմում հարկավոր է ընդգրկել այն մարդկանց, որ երեխաներ ունեն, որովհետեւ երիտասարդ ընտանիքները հիմնականում աշխատանքի պատճառով են հեռանում գյուղերից: Միգուցե կոշտ պայման եմ դնում, բայց մեր աշխատողներին էլ եմ ասում, որ եթե այս դպրոցում աշխատում են, եւ իրենց երեխան այստեղ չի սովորում, դա ճիշտ ու բարոյական չեմ համարում…":

Իսկ փոքր դպրոցների սուղ բյուջեի գոյացման մեջ տարակուսանքների տեղիք է տալիս ֆինանսավորման ներկա կարգը: Նախ, այն նույն ձեւով է բոլորի համար` աշակերտ-թվով, բայց քանի որ օրենքով պետական լիազոր մարմնին թույլատրված է վերաբաշխումներ անել, փոքր դպրոցներից վերցնում եւ հատկացնում են ավելի շատ աշակերտ ունեցողներին, որոնք էլ իրենց հերթին աշակերտ-թվով ֆինանսավորման սահմաններում չեն կարող տեղավորվել: Մինչդեռ, տնօրենի փոխանցմամբ, եթե նախատեսված գումարն ամբողջությամբ իրենց հասներ, դպրոցի վիճակը շատ լավ կլիներ:

Դպրոցում ակտիվ է աշակերտական խորհուրդը. միջոցառումներ, սպորտային մրցումներ, ցերեկույթներ է կազմակերպում: Իսկ այ արտադպրոցական խմբակների, ֆակուլտատիվ պարապմունքների մասին խոսք լինել չի կարող: Իհարկե, կան երեխաներ, որ կուզենային դասերից դուրս պարապմունքների գնալ, բայց գյուղում չկա այդ հնարավորությունը: "Մինչեւ 5 միավոր դասարան ունեցող դպրոցներն իրավունք չունեն խմբակներ պահել, 5-ից բարձրերը շաբաթական 11 ժամ կարող են", – հայտնում է պարոն Բադալյանը: Իսկ երեխաները, որ, օրինակ, արվեստի այս կամ այն ճյուղի հանդեպ հակում ու շնորհք ունեն եւ կցանկանային նման պարապմունքների հաճախել, կրկին զրկված են դրանից. պարի, նկարչության կամ երաժշտության դասատուին ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով գյուղ բերես…

Այսպիսով` երեխաների հավասար իրավունքներից, միջազգային կոնվենցիաներից զօրուգիշեր խոսող, քննարկումներ ու սեմինարներ կազմակերպող մեր երկրում գյուղի եւ քաղաքի երեխաները դպրոցում եւ դրանից դուրս կրթվելու եւ իրենց կարողությունները զարգացնելու հավասար հնարավորություններ չունեն…

Եվ, ի վերջո, տեսնելով գյուղերի ծերացման, ծնունդների նվազման միտումը, ինչպիսի՞ն է տեսնում մեր զրուցակիցը գյուղական դպրոցի ապագան: "Միգուցե դպրոցը գյուղում եղած երեխաների հաշվին, եթե աճ չլինի, ամենաշատը 10 տարի եւս գոյատեւի, հետո կհասնենք հարեւան գյուղերին…", – ցավով կանխատեսում է Խաչիկ Բադալյանը:

Ի դեպ, դպրոց մեր այցելության օրը (նոյեմբերի 13) համընկավ կրթօջախի աշակերտական խորհրդի կազմակերպած միջոցառմանը: Այն նվիրված էր ՏԻՄ օրվան, եւ դպրոցականները հանդիպման էին հրավիրել գյուղապետին ու համայնքի ավագանու անդամներին` շնորհավորելու անցած տոնի կապակցությամբ: Հիացնող ու գեղեցիկ հայերեն խոսքով, անկաշկանդ ու անկեղծ մթնոլորտում աշակերտները ՏԻՄ անդամներին պատմեցին Սյունիքի աշակերտական խորհուրդների ցանցի մասին, նշելով, որ իրենք եւս միացել են դրան, ներկայացրին իրենց աշխատանքները, անելիքները: Աշակերտները նաեւ ուզում էին իմանալ, թե ինչպես ԱԽ-ն կարող է համագործակցել ՏԻՄ-ի հետ, նաեւ գյուղապետից խնդրեցին համայնքի վարչական քարտեզը, որի վրա հենվելով` ցանկանում են կառուցել իրենց պատկերացրած Վերին Խոտանանի մանրակերտը: Քննարկումներից ու զրույցից հետո աշակերտները ներկաներին հյուրասիրեցին ՏԻՄ օրվան նվիրված եւ իրենց ձեռքով պատրաստած տորթով:

Իսկ միջոցառման մասին պատմող նյութում, որն աշակերտները տեղադրել են Սյունիքի ԱԽ ցանցի բլոգում, նշվում է նաեւ "Սյունյաց երկրի" հետ հանդիպման մասին:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Տիգրան Համասյան «Կձգտեմ մասնակցել Կապանի երաժշտական փառատոնին»

20.04.2024 11:40

Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 օկուպացված գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ

19.04.2024 21:42

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով

19.04.2024 20:05

«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

19.04.2024 19:51

Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

19.04.2024 19:47

Տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովի 8-րդ նիստը. նախնական համաձայնեցվել են սահմանագծի 4 հատվածները

19.04.2024 19:04

Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում

19.04.2024 16:52

Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից

19.04.2024 16:31

Լև Օզերովի նամակը Համո Սահյանին

19.04.2024 16:06

Մտորումներ Բակունցի «Կարմրաքար» վեպի շուրջ

19.04.2024 15:55

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին

19.04.2024 15:46

Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել

19.04.2024 14:27