Քաջիկ Միքայելյանի մասին. հուշի պատառիկներ

01.06.2017 14:21
1424

Անցած դարի 60-ական թվականներից ի վեր դժվար թե առաջին անգամ Գորիս այցելող որեւէ նշանավոր անհատ, լիներ նա խորհրդային երկրից, թե արտասահմանից, առանց Ակսել Բակունցի տուն-թանգարան այցելելու մեկներ Գորիսից: Քաջիկ Միքայելյանը հանդիպում էր նրանց բոլորի հետ, ծանոթանում…

Քաջիկի՝ թանգարանում աշխատելու վերջին տարիներին ինքս էլ հաճախ էի լինում այնտեղ: Կարելի է ասել՝ արձակուրդս անց էի կացնում այնտեղ՝ հաճելին համատեղում օգտակարի հետ: Այդ օրերի ընթացքում, ինչպես ընդունված է ասել, ընկնում էի Քաջիկի ջրերը, կարդում, շփվում թանգարան այցելող հանրաճանաչ շատ անհատների հետ: Այդ օրերին մեկ անգամ եւս համոզվում էի, որ իմ ընկերն ու բարեկամն իր գործի անմնացորդ նվիրյալն է. թանգարանում էր օր ու գիշեր, նույնիսկ ոչ աշխատանքային օրերին:

Ահա այդպիսի ոչ աշխատանքային մի օր էլ Երեւանից զանգահարեցին՝ իմանալու, թե նա կարո՞ղ է բացառության կարգով (գիտեին, որ թանգարանն այդ օրը չպետք է աշխատեր) ընդունել Վահագն Հովնանյանին, ով բարեգործական նպատակներով գտնվում էր Արցախում եւ վերադարձի ճանապարհին ցանկանում է այցելել թանգարան: Քաջիկը, հասկանալի է, սիրով համաձայնեց: Երեկոյան կողմ թանգարանի մուտքի  մոտ կանգ առավ մի շքեղ եւ շատ մեծ ամենագնաց ավտոմեքենա:

Քաջիկը դուրս եկավ հյուրերին դիմավորելու: Հովնանյանին ուղեկցում էին 3-4 երիտասարդ, հավանաբար՝ օգնականներ կամ թիկնապահներ: Քաջիկին բարեւեց ձեռքսեղմումով, հետո նույն ձեւով՝ նաեւ ինձ: Դարպասից ներս մտավ, մի քանի քայլ առաջացավ, կանգ առավ թանգարանի բակում, կանգնեց ոտքերը սովորականից մի քիչ լայն բացած դիրքով եւ սկսեց զննել շրջապատը: Նրա հայացքը հատկապես երկար կանգ առավ թանգարանի նորակառույց կցաշենքի վրա: Այն տպավորությունն էի ստացել, որ հյուրը եկել է ոչ թե թանգարանին ծանոթանալու, այլ այն գնելու համար: Վերջապես խախտեց լռությունը՝ սկսե՞նք:

Քաջիկը նրան ներս հրավիրեց:

Ընկերս տարերքի մեջ էր: Զգում էր, որ այցելուն լրջորեն հետաքրքրված է եւ համակ ուշադրությամբ լսում է իրեն: Մոտ մեկ ժամ հետո դուրս եկանք Բակունցների ճաշասենյակից: Քաջիկը Հովնանյանին ուղեկցեց դեպի ցուցասրահ, իսկ մնացածներս հավաքվեցինք Ակսել Բակունցին նվիրված խաչքարի մոտ: 10-15 րոպե հետո երեւացին նաեւ նրանք: Հյուրի՝  մինչ այդ ուրախ դեմքին նկատելի թախիծ կար: Լուռ մոտեցավ խաչքարին՝ ձեռքով հպվեց նրան ու թեքվեց դեպի այգին տանող արահետը: Մեզանից ոչ ոք, կարծես ինչ-որ մեկի հրահանգով, չփորձեց տեղից շարժվել: Նրան հետեւում էինք միայն հայացքով: Հովնանյանը խորացավ այգու մեջ: Նկատեցինք, թե ինչպես կռացավ, բուռ ջուր վերցրեց այգում գտնվող աղբյուրի քարե գուռից, խմեց, հետո սկսեց շրջել այգում. մոտենում էր մեկ այս, մեկ այն ծառին, ձեռքը դնում նրա բնին, գլուխը բարձրացնում եւ նայում դեպի ծառի կատարը, կարծես փորձում էր աչքաչափով ծառի բարձրությունը որոշել: Որոշ ժամանակ անց դանդաղ քայլերով մոտեցավ մեզ: Արահետի վերջին տասը մետրի աջ ու ձախ կողմերին մարդաբոյ բացված վարդենիների ու հասմիկի թփեր էին: Մերթ ընդ մերթ թեքվում ու հոտ էր քաշում դրանցից: Ակնհայտորեն խնամված պարտեզ-այգին դուր էր եկել մեծահարգ հյուրին: Նրա դեմքը դարձյալ փայլում էր, իսկ զննող, փնտրող հայացքն անընդհատ պտտվում: Մի ակնթարթ այն կանգ առավ թթենու խեչակում դրված նարդու վրա: Դիմեց Քաջիկին.

- Նարդի՞ եք խաղում:

- Ես չէ, ընկերս է խաղում, - գլխով ցույց տվեց ինձ, - բայց «հենց այնպես» չի խաղում:

- Է, ճիշտ է վարվում, աշխարհում ոչ մի սպորտաձեւ առանց փողի չի լինում:
Դիմեց ինձ.

- Կխաղա՞ս ինձ հետ:

- Հաճույքով:

- Ինչի՞ վրա ենք խաղալու:

- Դուք հյուր եք, Ձեր ասածն օրենք է:

- Խաղա՞նք մի ուլի վրա…

Մինչ ես ցած կբերեի նարդին ու կդասավորեի խաղաքարերը, Քաջիկը քարե սեղանի աջ մասում քառածալ սփռոցի վրա դրեց թթի օղու երկարավիզ գրաֆինը, բակունցյան ժամանակների բաժակները, հարեւան Շալունց Սաքոյի տնից բերված թեժաթուխ լավաշը, մոթալի պանրի կռոճը, թփից նոր պոկված փշոտ վարունգը, դեռ ջրի կաթիլներն իրենց վրա պահող կանաչ սոխն ու համեմը:

Հյուրը մի հայացք նետեց ուտեստի վրա ու դիմեց ինձ.

- Բրազիլիայի նախագահի օրինակո՞վ կփորձես հաղթել ինձ:

Ես տարակուսած բարձրացրեցի ուսերս: Սպասել չտվեց, նստեց ու պատմեց…

1930-ին Բրազիլիայի նախագահը շախմատի աշխարհի չեմպիոն Խոսե Կապաբլանկային առաջարկում է իր երկրի երիտասարդ չեմպիոնի հետ մեկ պարտիա շախմատ խաղալ: Հաղթողին մեկ միլիոն դոլար հոնորար է նախատեսում: Բայց դա սովորական խաղ չի լինում: Շախմատի խաղաքարերն իրենց խաղային արժեքին համապատասխան տարողություններ են լինում՝ լցված ֆրանսիական կոնյակով: Տվյալ խաղի կանոններով հակառակորդի խաղաքարը վերցրած խաղացողը պարտավոր է լինում ըմպել խաղաքարի պարունակությունը, այնուհետեւ շարունակել խաղը: Բրազիլիայի երիտասարդ շախմատիստը խաղասկզբում հարվածի տակ է թողնում իր թագուհին, Կապաբլանկան վերցնում է այն, ըմպում մոտ կես լիտր կոնյակը եւ շուտով տանուլ տալիս խաղը:

Նրա պատմելու ընթացքում ես բաժակներն եմ լցնում, եւ երկուսիս համար էլ լավաշի մեջ պանիր ու կանաչի փաթաթում:

- Եթե կասկածում եք, կարող եք չխմել:

Նա ասածս անպատասխան է թողնում, փոխարենը բաժակ բարձրացնում.

- Դե ինչ, սպորտային հաջողություն մեզ, - եւ ըմպում է:

Նկատելի էր, որ առաջին անգամ է նման օղի խմում:

Սկսում ենք խաղը: Ակնհայտ է, որ սկսնակ է: Հաղթում եմ մարսով: Թեքվում է դեպի իրեն ուղեկցող երիտասարդները.

- Տղաներ, ուլի երկու ոտքերը եկան:

Երկրորդ խաղն էլ եմ մարսով հաղթում:

Նորից թեքվում է դեպի ուղեկցողները եւ փորձում տեղից բարձրանալ.

- Ուլի չորս ոտքերն էլ եկան:

Կատակելու հերթը հասնում է ինձ.

- Պարոն Հովնանյան, մեր ուլերը հինգ ոտք ունեն:

Շարունակում ենք խաղալ: Այ քեզ բան, զառը երես է թեքում ինձնից, եւ ես պարտվում եմ:

Շնորհավորում եմ նրան եւ տեղից բարձրանում: Ժամանակն է հոգս տեսնել: Նա կանխում է ինձ.

- Ես առանց Աննայի (կնոջ) այդ ուլին ձեռք չեմ մեկնի: Մենք այն պետք է վայելենք միասին: Միայն հիշիր, որ դու պարտք ես:

Ես նորից նստում եմ տեղս, իսկ նա շարունակում է վայելել պանիրն ու լավաշը: Հավանաբար աշխարհի հարյուրավոր լավագույն ռեստորանների համադամ ուտեստներ է համտեսել, բայց սփռոցի վրա ընկած լավաշի փշրանքներն այնպիսի զգուշությամբ է հավաքում, կարծես մանանա լինեին: Ակնհայտորեն այստեղ ամեն ինչ նրան դուր է եկել…

Հրաժեշտից առաջ Քաջիկը նրան մի շիշ թթի օղի է նվիրում: Օգնականներից մեկը փութով մոտենում է, ձեռքը մեկնում շիշը վերցնելու, բայց նա այն թեւի տակ է առնում, խուսափում դեպի իրեն մեկնած ձեռքից, ինչպես կվարվեր փոքր երեխան, երբ նրանից փորձում են վերցնել սիրած խաղալիքը, ավելացնելով.

- Ինձ են նվիրել:

Դուրս ենք գալիս տուն-թանգարանի դարպասից: Մուտքի մոտ մի քանի հետաքրքրասերներ էին հավաքվել: Բոլորիս հրաժեշտ է տալիս: Ձեռքը մեկնում է նաեւ Քաջիկը: Հովնանյանը միայն այստեղ է թեւատակի շիշը հանձնում օգնականին եւ գրկում Քաջիկին:
Ամառային երկար օրը մոտենում է ավարտին: Մայր մտնող արեւի շողերից ամպերը կարմիր էին հագել…

***

Այս դեպքից մի քանի ամիս անց հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ էկրանին աչքովս ընկավ պարոն Հովնանյանի դեմքը: Եթե չլիներ գորիսյան մեր հանդիպումը, գուցե եւ ուշադրություն չդարձնեի: Հաղորդումը բարեգործական մի ընթրիքի մասին էր: Նման արարողություններին հարիր կահավորված դահլիճում մեր ազգի գործարար մարդկանց ընտրանին էր եւ պետության ղեկավարությունը՝ իրենց կանանց ու ամուսինների հետ: Ելույթ-բաժակաճառեր շատ եղան, որոնք ավարտվում էին մեր երկրի վաղվա օրվան, ապագային նվիրված բարեմաղթանքներով, երբեմն էլ՝ նվիրաբերվող գումարի չափի մասին երեկոն վարողի հայտարարությամբ: Խոսք ասելու հերթը Վահագն Հովնանյանինն է: Դահլիճի հասկանալի լռությունն առավել նկատելի է դառնում: Զգացվում է, որ դահլիճի գործարարների մեջ ինքն առաջիններից է: Նրա խոսքն էլ առանձնանում է իր բովանդակությամբ, որն առաջացնում է սեղանակիցների ակնհայտ զարմանքը:

«Առաջարկում եմ բաժակ բարձրացնել «Թամարա» պաղպաղակ արտադրող վարպետի եւ Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Քաջիկ Միքայելյանի համար: Ես պատիվ չեմ ունեցել ծանոթանալու առաջինի հետ, բայց ամեն օր վայելել եմ նրա պատրաստած անմահական պաղպաղակը, իսկ Քաջիկ Միքայելյանի հետ ծանոթացել եմ Գորիսում, տեսել նրա աշխատանքը: Եթե մեր հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացի իր գործին, աշխատանքին նվիրվի այնպես, ինչպես այս պարոնները, ապա մենք կարիք չենք ունենա նման բարեգործական ընթրիքների, իսկ կարճ ժամանակ անց մեր հայրենիքը կդառնա աշխարհի ամենաբարեկեցիկ, ամենաուժեղ երկրներից մեկը»:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
(Ըստ Մարատ Հարությունյանի պատմածի)

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10