Քաղաքապետի աթոռը փրկելու համար նոր զոհեր են պահանջվում

09.04.2013 15:26
4134

Սյունիքի մարզպետարանը Սիսիանի քաղաքապետարանի ֆինանսական գործունեության բնագավառում արձանագրել է մի շարք թերություններ: 2012թ. դեկտեմբերի 3-10-ը Սիսիանի քաղաքապետարանում իրականացված այդ ստուգման արդյունքներն ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն` իրավական ընթացք տալու համար:

Ինչպես տեղեկացնում է մարզպետարանի վարչության պետ Սեյրան Ավետիսյանը` «Համայնքի իշխանության ֆինանսական գործունեության ոլորտում նկատված թերություններն ուղարկվել են դատախազություն, իսկ թե ինչ ընթացք կստանա գործը` չեմ կարող ասել: Այդպիսի ստուգումներ վերջին մեկ տարում կատարել ենք 30 համայնքում եւ միայն Սիսիանի գործն ենք ուղարկել դատախազություն, քանի որ նկատված թերությունները ծանրակշիռ են: Սպասենք քննության ավարտին»: Դատախազություն ուղարկված դիմումը հասցեագրվել է մարզի քննչական վարչությանը, որն էլ իրականացնում է նախաքննություն: Առայժմ քրեական գործ չի հարուցվել եւ, բնականաբար, մեղադրանք առաջադրելու մասին խոսք լինել չի կարող: Առայժմ հայտնի չէ նաեւ, թե խոսքն ինչ ծավալի եւ բնույթի խախտումների մասին է: Սիսիանի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյան, ով չցանկացավ իր անունը հրապարակված տեսնել, վկայում է մինչդեռ, որ հայտնաբերված ֆինանսական խախտումներն առնչվում են գնումների վերաբերյալ գործող օրենսդրությանը եւ ենթակա կառույցների (մասնավորապես` «Սիսիանի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ) ֆինանսավորմանը: Քաղաքապետարանի նույն պաշտոնյայի վկայությամբ` հիմա քաղաքապետարանում ինտենսիվորեն փնտրում են նոր զոհերի թեկնածուներ` արձանագրված խախտումների պատասխանատվությունը նրանց վրա բարդելու համար, այլապես մեղավորի դերում կհայտնվի Սիսիանի քաղաքապետը:

Սիսիանի քաղաքապետարանը վերջին մեկ-երկու տարում մի քանի անգամ արդեն հայտնվել է նման իրավիճակում եւ կարողացել է իր աշխատակիցների շարքերից քավության նոխազներ գտնել ու քշել «կառափնարան»` իրական մեղավորներին հեռու պահելով պատասխանատվությունից: Առաջին քավության նոխազը նախկին փոխքաղաքապետ Աշոտ Գրիգորյանն էր, ով պատասխանատվության ենթարկվեց ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով: Այդ գործին անդրադարձել ենք «Սյունյաց երկրի» 2012թ. հոկտեմբերի 20-ի համարում, եւ հիմա հարկ չկա վերապատմել տեղի ունեցածը: Թե ինչու Աշոտ Գրիգորյանը հաճույքով ստանձնեց քավության նոխազի դերը` դա խոսակցության այլ եւ շատ հետաքրքիր թեմա է: Հիշեցնենք միայն, որ այդ գործում բազմաթիվ հարցեր մնացել էին անպատասխան: Ավելի ուշ Աշոտ Գրիգորյանն ազատվեց փոխքաղաքապետի պարտականություններից:

Մեկ այլ գործով փորձեցին մեղավոր նշանակել Համիկ Ստեփանյանին` Սիսիանի քաղաքապետարանի եկամուտների հավաքման բաժնի պետին, բայց այդ օպերացիան այնքան հիմարաբար էր կառուցվել, որ ձախողվեց երկրի դատական բոլոր ատյաններում: Համիկ Ստեփանյանի գործում էլ բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան (տես` «Սյունյաց երկիր» 20 հոկտեմբերի 2012թ.):

Կկարողանա՞ քաղաքապետարանն այս անգամ էլ քավության նոխազներ գտնել ու կատարվածի պատասխանատվությունը դնել նրանց վրա (հիմա արդեն շրջանառվում է երկու անուն): Հարցի պատասխանը, անշուշտ, կիմանանք ժամանակի ընթացքում:

Այդ ամենին զուգահեռ Սիսիանում փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում քաղաքապետարանում եւ քաղաքապետարանի շուրջ: Ոմանք գտնում են, որ Հայաստանի տեղական ինքնակառավարման ոչ մի մարմին չորս-հինգ տարում այդքան անգամ չի հայտնվել ֆինանսական խախտումների հորձանուտում, որքան Սիսիանի քաղաքապետարանը: Այդ մարդիկ կարծում են, որ Սիսիանի քաղաքապետարանում ստեղծված վիճակը պետք է համակողմանիորեն ուսումնասիրվի եւ պատշաճ գնահատական ստանա: Մարդկանց մի խումբ էլ կարծում է, որ սկսված օպերացիան Աղասի Հակոբջանյանին երիցս ընծայաբերված իշխանությունը հետ վերցնելու նպատակ ունի, այլապես 30 համայնքի ստուգումների արդյունքից միայն Սիսիանի քաղաքապետարանի գործը չէր ուղարկվի դատախազություն: Ըստ ՀՀԿ-ի պատասխանատուների` Աղասի Հակոբջանյանը 2013թ. փետրվարի 18-ին չկարողացավ ապացուցել, որ ինքը Սիսիանում որոշիչ կշիռ ունի: Եվ հիմա հարց է դրված` արժե՞ր ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանին նվիրաբերել Սիսիանի քաղաքապետի աթոռը, այն էլ` սիսիանյան երեւելի ՀՀԿ-ականներին վարկաբեկելու եւ ծաղրելու գնով:

Թե վերոգրյալ վարկածներից որն է հավաստի` իրադարձությունների հետագա ընթացքը ցույց կտա: Բայց շատ տարօրինակ է, որ Աղասի Հակոբջանյանը մինչեւ այսօր Սիսիանի հանրությանն այդպես էլ բացատրություն չի տալիս, թե ինչու եւ ինչ հանգամանքների արդյունքում քրեական մեղադրանքներ ներկայացվեցին իր տեղակալ Աշոտ Գրիգորյանին, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վաչագան Միրաբյանին, քաղաքապետարանի բաժնի պետ Համիկ Ստեփանյանին… Աղասի Հակոբջանյանը պատասխան չտվեց հարցին, թե ինչու միեւնույն հոդվածով մեղադրված Աշոտ Գրիգորյանին աշխատանքից ազատում է, իսկ աշխատակազմի ղեկավարին` ոչ: Աղասի Հակոբջանյանը պատասխան չտվեց նաեւ պարզագույն հարցին` այդ ինչպե՞ս է ստացվում, որ իր ղեկավարած ոչ այնքան մեծ հիմնարկում պարբերաբար խախտումներ են արձանագրվում (ֆինանսական բնույթի), իսկ ինքը (որպես կանոն) տեղյակ չի լինում: Եվ այդ ամենից հետո` կրկին ֆինանսական խախտումներ…

 

Հ.Գ. - 1

Պարզվում է սակայն, որ Սիսիանի քաղաքապետն այս օրերին փորձում է ռեաբիլիտացիայի ենթարկվել վերադաս իշխանությունների աչքում` պատժելով անգամ իր երդվյալ թիմակիցներին, ովքեր 2013թ. փետրվարի 18-ին ջանասիրաբար չաշխատեցին ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: Հենց նման գործելակերպի զոհ է իրեն համարում Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն (2004 թվականից), հանրահայտ «Սյունիք» պարային համույթի հիմնադիր եւ ղեկավար (1979 թվականից) Համլետ Բաբայանը` Սոկոլ մականունով (ի դեպ, համույթը, ինչպես եւ քաղաքապետարանի մշակույթի բաժինը, լուծարվեցին ներկա քաղաքապետի պաշտոնավարման օրերում): Համլետ Բաբայանն Աղասի Հակոբջանյանի թիմի ակտիվ անդամներից է, ԲՀԿ-ի բազմաթիվ միջոցառումների մասնակիցը (թեեւ անկուսակցական է): Ապրիլի 3-ին մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նա պատմեց իրեն աշխատանքից ազատելու հանգամանքները. «Ազատման հրամանը տալուց առաջ մի քանի սուտ, հնարովի մեղքեր բարդեցին ինձ վրա: Իբր իմ ղեկավարած մշակույթի կենտրոնում «բաքսիները» դիտավորյալ փչացրել եմ (դա իսկական զառանցանք է, ինչպես կարող եմ տարիներ շարունակ իմ փայփայած օջախում նման բան անել, թող իրենց արշինով ինձ չչափեն), իբր մշակույթի կենտրոնում հարբեցողությամբ են մարդիկ զբաղվում, ինչը նույնպես անբարո սուտ է: Եվ այդպիսի ստեր տարածելուց հետո ձեւակերպվեց իմ ազատման հրամանը: Ես չեմ պատրաստվում բողոքարկել նրա հրամանը, պատրաստվում եմ տեղափոխվել Հայաստանից: Բայց Աղասի Հակոբջանյանը թող խաղեր չտա, ինքը բոլորից լավ գիտի, թե ինչու է ՀՀԿ-ն Սիսիանում վերջին շրջանում դժվարությունների հանդիպում»:

 

Հ.Գ. – 2

Պարզվում է նաեւ, որ Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում է տեղաբաշխված եղել ՀՀ նախագահի ընտրության N37/13 տեղամասային կենտրոնը, որտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիմա փորձում են որեւէ մեկին այդ ամենի համար մեղավոր նշանակել: Տարածքի ենթաշտաբի պետին, ըստ էության, չեն կարող մեղավոր նշանակել, քանի որ նա բարձր պաշտոնյա է եւ 2012թ. մայիսի 6-ին նույնպես Սիսիանում հաջողությամբ տապալել է ՀՀԿ-ից ԱԺ պատգամավորի թեկնածուի հաղթանակը: Այնպես որ եթե իրերը կոչվեն իրենց անուններով, ապա այդ պաշտոնյան միգուցեեւ պատասխանատվության ենթարկվի: Ուստիեւ` որոշել են խարազանն իջեցնել Համլետ Բաբայանի (Սոկոլի) մեջքին, ով մեղավոր նշանակվելու համար հարմար թեկնածու է` ե՛ւ այդ տեղամասն ընդգրկող տարածքի բնակիչ է ու հեղինակություն, ե՛ւ տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի (հիմնարկի) տնօրենն է: Եվ եթե ամեն ինչ իրոք այդպես է, ապա տեղի ունեցողը, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն է քանիցս ասել, սովորական արջի ծառայություն է:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25