Քաղաքացու օրը` մարզկենտրոն Կապանում

29.04.2019 16:34
1121

Հայոց տոնացույցում ըստ ամենայնի տոների թիվն ավելանում է մեկով։ Ապրիլի վերջին շաբաթ օրն Ազգային ժողովը սահմանել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր, ինչը ապրիլի 27-ին առաջին անգամ նշվեց Հայաստանի համայնքներում։

Մարզկենտրոն Կապանում տոնակատարությունների շարքը մեկնարկեց Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգուց, որտեղ ծառատունկ կատարվեց։ Զբոսայգում ծառեր տնկեցին ճանաչողական այցով Սյունիքում գտնվող ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Աժ պատգամավորներ, փոխնախարարներ, պաշտոնատար այլ անձինք։

Այնուհետեւ տոնին մասնակցողները շարժվեցին դեպի Կապանի համայանքապետարանի հարակից պուրակ, որտեղ կայացավ հանրային քննարկում` «Իրազեկ քաղաքացի» թեմայով։

Օրվա խորհրդի առնչությամբ իրենց նկատառումները հայտնեցին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Կարեն Համբարձումյանը, Տիգրան Կարապետյանը, քննարկմանը մասնակցած այլ անձինք, ովքեր նաեւ իրենց պատկերացումները ներկայացրին` օրվա խորհրդին առնչվող, ինչպեսեւ քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների մասին։ «Չեմ  կարծում, որ մենք ունենք միայն իրավունքներ, մենք, նախեւառաջ ունենք պարտականություններ, եւ դրանք սկսվում են մեր գեղեցիկ քաղաքը մաքուր պահելուց, որ, ցավոք սրտի, չենք անում։ Մենք հաջողություններ կունենանք, եթե տարեցների փորձը զուգակցենք երիտասարդների ավյունի հետ, իսկ այն մտահոգությունները, որ կապված են այս տոնի հետ, կարծում եմ, շատ կարճ ժամկետում փարատվելու են, որ այս տոնը պետք է»,- իր խոսքում նշեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

«Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչ Լեւոն Գալստյանն այն կարծիքն ուներ, որ տոնական օրվա ընթացքում էլ կարելի է բարձրաձայնել մտահոգող խնդիրների մասին, ինչպես, բնապահպանական, մասնավորապես պայքարել երկրի ընդերքի վայրենի շահագործման դեմ, որպեսզի մի քանի տասնամյակ հետո, հանքի պաշարները սպառվելուց հետո, Կապանը չնմանվի ուրվական քաղաքի, ինչպես Սիսիանի տարածաշրջանի Դաստակերտ քաղաքը, որ ժամանակին հինգ-վեց հազար բնակչություն ուներ։ «Անհրաժեշտ է այսօրվա պաշարները նպատակային օգտագործել` այլընտրանքային տնտեսությունների զարգացման համար»,- իր միտքն այսպես եզրափակեց նա։ 

Քննարկմանը մասնակից անձինք հնարավորություն ունեցան հարցեր ուղղել օրվա բանախոսներին, մասնավորապես ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին։ Դրանք վերաբերում էին ներառական կրթությանը, երիտասարդ մանկավարժ կադրերին աշխատանքի տեղավորելուն, Շրվենանց բնակավայրի ավերվող դպրոցը կործանումից փրկելուն եւ այլն։

…Մարդաշատ էր Եղիշե Չարենցի փողոցը, որտեղ կազմակերպվել էր արհեստների եւ արվեստների փառատոն։ Տաղավարներում իրենց տարածաշրջանի գեղանկարչական, գորգարվեստի, փայտափորագրության աշխատանքներն էին ցուցադրում Կապան, Սիսիան, Գորիս, Քաջարան, Տեղ, Տաթեւ համայնքները, իսկ շարժական բեմից ելույթ ունեցան Կապանի ժողգործիքների անսամբլը, «Առիթմիա» ռոք խումբը, «Կապան» համույթը։ Հանդիսության մասնակիցները  համտես արին մարզի տարածաշրջանների բերքն ու բարիքը, հընթացս պատրաստված ուտեստները։

Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությունը ներառում էր մարզական մրցումներ. պատանի մարզիկները մասնակցեցին համաքաղաքային կրոսսավազքին, համայնքապետարանի պուրակում անցկացվեց նարդու առաջնություն, իսկ Կապանի N2 ավագ դպրոցի մարզահրապարակում մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ հանդիպումն էր։ Հաղթողներին եւ մրցանակակիրներին հանձնվեցին գավաթներ եւ հուշանվերներ։

Մարզկենտրոնի պատմամշակութային օջախներում ցուցադրանք էր կազմակերպվել։ Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում ցուցադրված էին ճանաչված արվեստագետներ Ռուդոլֆ Խաչատրյանի, Հովհաննես Զարդարյանի, Վաղարշակ Արամյանի, Գրիգոր Իսայանի, Վահրամ Խաչիկյանի, Պետրոս Մալայանի գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքները, որոնցում մեր ժողովրդի անցած ճանապարհն էր եւ մեր մեծերի դիմանկարները։

Իսկ Կապանի երկրագիտական թանգարանի ցուցադրանքը «Քաղաքացին` ծանոթ ու անծանոթ» խորագիրն էր կրում` Սյունյաց երեւելիների կյանքն ու գործը ներկայացնող։

Ժամը 18-ին Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը ներկայացրեց «Հաղթանակի գենեզիս» բեմադրությունը (ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար` Նարինե Գրիգորյան)։ Բեմադրությանը մասնակից երեք դերասանի` Արման Նավասարդյանի, Վարշամ Գեւորգյանի, Նարինե Գրիգորյանի հուշերով վերակենդանանում է 1988-ից 1992 թվականը մեր ժողովրդի համար կարեւոր մի ժամակաշրջան, երբ Շուշիի գրավումով հիմք դրվեց մեր նորօրյա պատմությանը։ Նշված ժամանակաշրջանում դերասաններից մեկը Ստեփանակերտում էր ապրում, մյուսը` սահմանամերձ Շամշադինում, երրորդը` Երեւանում, եւ ըստ ամենայնի հանդիսականն առնչվեց վավերագրական թատրոն կոչվող երեւույթին։ Բեմում ծավալվող իրադարձություններն էլ ծանոթ էին միջին եւ ավագ սերնդի կապանցի հանդիսականին, քանզի նա այդ ամենը սեփական մաշկի վրա զգացել է հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին։

Տոնի շրջանակում Կապանի էլէկտրոնային գրադարանում հանդիպում կայացավ գրող Արմեն Օհանյանի հետ, ով ընթերցողներին ներկայացրեց իր «Կիկոսի վերադարձը» գիրքը, որում փորձ է արվում վերաիմաստավորել Թումանյանի հեքիաթը։

Երեկոյան կողմ Սյունիքի մարզպետարանի առջեւի հրապարակում համերգային ծրագրով հանդես եկան տեղացի երգիչ-երգչուհիներ, մայրաքաղաքից ժամանած երաժիշտ-կատարողներ։ Իսկ ավելի ուշ երկինքը երփներանգվեց տոնական հրավառության գույներով։

Տոնին պատշաճող միջոցառումներ տեղի ունեցան մարզի քաղաքային բնակավայրերում։

Վահրամ Օրբելյան

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

04.06.2026 10:56

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի հետ

04.06.2026 10:44

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05

Ադրբեջանի ամենահզոր զենքը Նիկոլ Փաշինյանն է. Աննա Գրիգորյան

03.06.2026 21:41

Փաշինյանի հետ միջադեպի մեջ հայտնված կինը կոչ է անում գնալ ընտրության, չվախենալ կարծիք հայտնելուց

03.06.2026 21:25

Նարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը

03.06.2026 21:01

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին

03.06.2026 20:35