Քարահունջ աստղադիտարանը՝ մեր ազգի ծննդյան վկայաքարն է․․․

30.10.2024 11:06
219

Հարցազրույց ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) պրոֆեսոր Գառնիկ Ստեփանյանի հետ

– Պարոն Ստեփանյան, 2020 թ. ամռանը Քարահունջի աստղադիտարանում Ձեր գլխավորությամբ ՃՇՀԱՀ-ը Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ գիտարշավ կազմակերպեց՝ ճարտարապետների, գեոդեզիստների և աստղագետների մասնակցությամբ: Կուզենայինք, որ ներկայացնեիք գիտարշավի աշխատանքների հիմնական արդյունքները:

– Ի սկզբանե նախաձեռնել էի 2020 թ ամռանը կատարել Քարահունջ աստղադիտարանի մանրակրկիտ և ամբողջական չափագրություն, որին մասնակցելու ցանկություն հայտնեցին Բյուրականի աստղադիտարանի աստղագետներ Գրիգոր Բրուտյանը և Հայկ Մալխասյանը: Գեոդեզիստների և ճարտարապետների խումբը ինքս էի ղեկավարում: Բյուրականի աստղադիտարանի հետ պայմանագիր կնքեցինք՝ ուսումնասիրելու Քարահունջը: Բանն այն է, որ Քարահունջի աստղադիտարանը, լինելով եզակի հուշարձան հայկական լեռնաշխարհում, չուներ չափագրական որևէ բազա: Մեր եկեղեցիները, վանական համալիրները, պատմաճարտարապետական մյուս հուշարձաններն արխիվներում ունեն հետքեր, այսինքն՝ տարբեր ժամանակներում տարբեր ճարտարապետներ չափագրել են, և այդ չափագրված նյութերը պահպանվում են: Եթե մի գիտնական ուզում է աշխատել այդ ուղղությամբ՝ օգտվում է արխիվային այդ նյութերից: Քարահունջին առնչվող ոչ մի արխիվային նյութ չունեինք: Դա էր պատճառը, որ նախաձեռնեցինք նշված գիտարշավը՝ պրոֆեսիոնալ մակարդակով կազմակերպելու Քարահունջի չափագրումը:

Չափագրական աշխատանքի նպատակը, նախևառաջ, հուշարձանը փրկելն էր վայրագություններից, այսինքն՝ եթե մենք ունենք իրավիճակի հստակ պատկերը, ապա հուշարձանի նկատմամբ կատարված ցանկացած ոտնձգություն՝ լինի դա քարերի տեղաշարժ թե վայրագություն, հնարավոր կլինի այն վերականգնել նախնական դիրքի համաձայն:

Դա առաջին նպատակն էր, երկրորդն այն է, որ արդեն տվյալ բազայի վրա գիտնականները՝ պատմաբաններ, հնագետներ, աստղագետներ, ճարտարապետներ, երկրաբաններ, կարող են կատարել իրենց ոլորտին համապատասխան գիտական հետազոտություններ: Այն, ինչ-որ հիմա պարբերաբար կատարում ենք մենք: Այս պահին ինքս անձամբ ճարտարապետական, մի քիչ էլ հնագիտական հետազոտություններ եմ կատարում հուշարձանի ամբողջ տարածքում, աստղագետներն էլ աստղագիտական չափումների, ճշգրտումների գործընթաց են իրականացնում: Այդ չափումները մեկ անգամ ևս հստակ ապացուցեցին, որ Պարիս Հերունին իր գրագրությունների մեջ, որ թողել է որպես ժառանգություն, հստակ նշել է Քարահունջի՝ որպես աստղադիտարան լինելը: Մենք դրանում կրկնակի, եռակի համոզվեցինք՝ մեր նոր ճշգրիտ չափումների շնորհիվ: Եվ դա մի ճշմարտություն է, որ հերքելն արդեն անհնար է: Բայց հուշարձանը պարունակում է նաև մեկ այլ խորհուրդ, որի բացահայտման նպատակով հիմա զուգահեռ աշխատանքներ ենք կատարում:

– Կարելի՞ է ասել, որ չափագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել:

– 2020 թվականին չափագրման աշխատանքները լիովին ավարտել ենք, դրանից հետո սկսել ենք աշխատել և՛ մենք, և՛ աստղագետները: Տեսանք, որ լրացուցիչ ճշտումների կարիք կա... Քանզի կարող է աչքդ վրիպի և ինչ-որ բան բաց թողնես: Հետո, երբ աշխատում ես, նյութն ուսումնասիրում ես, տեսնում ես, որ լրացուցիչ ճշտումների անհրաժեշտություն կա: Եվ այդ պատճառով պլանավորում ենք ամռանը մի փոքրիկ խմբով նորից լինել աստղադիտարանում՝ որոշակի ճշգրտումներ անելու համար:

– Այսինքն՝ այս տարի սպասվում է Ձեր արշավախմբի նոր այցելություն Քարահունջի աստղադիտարան և նոր աշխատանք:

– Ստացվում է այդպես. նոր այցելություն և նոր աշխատանք: Գիտական հետազոտությունները միշտ էլ պարբերաբար ճշտումներ կատարելու և ստուգելու կարիք ունեն: Դա նորմալ գործընթաց է։ Մենք չափագրական նյութի հիման վրա գրասենյակային պայմաններում կատարում ենք ուսումնասիրություններ, հաշվարկներ: Այդ հաշվարկները հանգեցնում են  եզրակացության, ինչը տեղում պիտի ստուգվի՝ արդյո՞ք չենք սխալվել: Դրա համար պարբերաբար հուշարձան այցելելու, ստուգելու, ճշգրտումներ կատարելու կարիք է լինում:

– Կուզեինք, որ Պարիս Հերունու կատարած աշխատանքը բնութագրեիք՝ Քարահունջի հնավայրում կատարված, թեև քիչ առաջ որոշակի անդրադարձ կատարեցիք:

– Հերունին իրականում շատ մեծ աշխատանք է կատարել: Իր գրքում բավականին մանրամասն նկարագրում է հուշարձանի հետ առնչվող յուրաքանչյուր դետալ: Մենք ցանկանում ենք նախաձեռնել նրա գրքի վերահրատարակումը, այդ ուղղությամբ աշխատում ենք Քարահունջ հայագիտական կենտրոնի հետ, որովհետև շատ ցանկացողներ կան այն ձեռք բերելու: Տարբեր լեզուներով ենք ցանկանում վերահրատարակել, ու նաև թվայնացված տարբերակով:

Եվ այն աշխատանքը, որ զուգահեռաբար կատարում ենք ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, միտված է մի նոր գրքի հրատարակմանը, որում ավելի մանրակրկիտ են ներկայացվելու, քան Հերունու ժամանակ կատարված չափումները: Հերունին տիտանական աշխատանք կատարեց ժամանակին, որի օրոք, սակայն, չափիչ գործիքները չունեին շատ մեծ ճշգրտություն, բայց այդ պայմաններում նա կարողացավ ապացուցել, որ դա աստղադիտարան է: Ավելին՝ Քարահունջ անվանումը, որ նա դրեց շրջանառության մեջ, տարբեր ժամանակներում տարբեր անուններով է ժողովուրդը կոչել, բայց իր անվանումը՝ խոսող քարեր, հնչող քարեր և Քարահունջ, բնութագրում է հուշարձանի էությունը: Հիմնական այն դիտարկումները, որ ինքը կատարել է այդ քարերի առնչությամբ, քարերի երկու մասի տեսակավորումն է: Առաջին՝ քարեր, որոնք ունեն անցքեր՝ աստղային երկինքը դիտելու համար, և արևի տաճարի շրջանաձև դասավորված քարեր, որոնք այլ խորհուրդ են հետապնդում: Երբ մենք աշխատում էինք լազերային բարձր ճշգրտություն ունեցող սարքերով՝ ևս մի անգամ ապացուցվեց Հերունու տեսությունը: Նշանակում է՝ այդ անձնավորությունն իր ժամանակին շատ ճշգրիտ աշխատանք է կատարել և ճիշտ եզրակացության  հանգել:

– Փաստորեն, Զորաց քարերի հետ կապված գիտության մեջ ունենք երկու իշխող վարկած: Մեկն աստղադիտարան լինելու վարկածն է, որը շրջանառության մեջ դրեց Պարիս Հերունին, և Դուք էլ այժմ զարգացնում եք, մյուսը՝ սովորական բնակավայր լինելու վարկածն է, որը հիմնավորողներից մեկը պատմաբան, հնագետ Աշոտ Փիլիպոսյանն է, ով իր արշավախմբով տարիներ առաջ այդտեղ աշխատում էր: Ասել է թե՝ երկու իշխող, բայց և իրարամերժ, կարծիք: Դուք ի՞նչ փաստարկներով եք հերքում հնագետների տեսակետը և հիմնավորում Ձեր տեսակետը, քանզի Աշոտ Փիլիպոսյանը միանշանակ մերժում է այդտեղ աստղադիտարան լինելու վարկածը:

– Շատ լավ հարց է, սիրով կպատասխանեմ... Չգիտեմ՝ Փիլիպոսյանն իր վարկածի համար ինչ հիմքեր է տեսել, որոնցով հիմնավորում է, թե դա դամբարանադաշտ է, բնակատեղի է և ոչ մի կապ չունի աստղադիտարանի հետ: Բայց այդտեղ առայժմ ոչ մի դամբարան չի հայտնաբերվել:

– Ասում են՝ պեղումների ժամանակ մարդկային մասունքներ, ոսկորներ, գանգեր են հայտնաբերվել կամ ի հայտ եկել:

– Ոչինչ չի հայտնաբերվել: Իհարկե, չեմ բացառում, որ վաղը հնագիտական ուսումնասիրություն կատարեն, հողի ներքին շերտերում մի բան գտնվի, եթե ամբողջ տարածքն ուսումնասիրեն: Բայց, կրկնում եմ, մինչև այժմ դեռ չկա գտնված որևէ մասնիկ: Այսինքն՝ չունեն որևէ հիմք պնդելու, որ դա դամբարանադաշտ է: Դա թյուրիմացություն է: Երկրորդ՝ մենք ունենք քարերի մի հսկա շարան՝ հյուսիսից հարավ ձգվող և կենտրոնական հատվածում: Ունենք, այսպես ասած, արևի տաճարի կլոր օղակը երիզող քարերը: Դրանց մեջ՝ մոտավորապես 220 անցքավոր քար: Մենք չափել ենք անցքավոր քարերն առանձնակի ճշտությամբ: Հետո միասին ստուգել և ուսումնասիրել ենք անցքավոր քարերը, դեռ ավելին՝ բոլոր անցքավոր քարերի երկրաչափական տվյալները վերցրել ենք, այսինքն՝ որ անցքն ինչպիսի անկյան տակ է դիտարկվում, ինչպիսի անկյուն ունի, հորիզոնի նկատմամբ ինչպիսի բարձրություն ունի: Որևէ անցքով քար չկա, որ հստակ չկրկնի հորիզոնի ուրվագիծը, այսինքն՝ քարը տաշված է հենց հորիզոնի դիտման ուրվապատկերով:

Երկրորդ՝ այդ անցքերը հստակ նայում են արևի, աստղերի ու լուսնի ծագման ու մայր մտնելու կետերին, որոնք որ անմիջապես ծագում են սարի գագաթին: Հիմա պատկերացրեք՝ չափագրել ենք 220 անցքավոր քար, որոնք համընկել են աստղերի, լուսատուների շարժման հետ, արդյո՞ք դա պատահական է: Ինչպե՞ս կարող է լինել այդքան պատահականություն: Դա անհնար է: Ավելին՝ կան քարեր, որոնք մի քանի անցք ունեն, և յուրաքանչյուրը որոշակի նպատակի է ծառայում: Որ ասում են աստղադիտարան, ոմանք կարծում են, թե այդտեղ խոշորացույցներով սարքեր պիտի լինեին դրված: Այսինքն՝ Քարահունջն այն ժամանակվա համար նախատեսված աստղադիտարան էր:

– Քարերի անցքերի առնչությամբ մի դիտարկում էլ ունենք: Նախկինում Պարտավ-Դվին ճանապարհի ճյուղերից մեկն անցել է Սիսիան-Գորիս տարածքով: Այդ ճանապարհի եզրերին տնկված քարերը վերին մասում ունեն անցքեր: Մարդիկ մի բան են ասում, եթե աստղադիտարանի քարերն ունեն անցքեր՝ երկինքը դիտելու համար, ապա ինչպե՞ս է ստացվում, որ ճանապարհի երկարությամբ քարերը նույնպես անցքեր ունեն: Եվ մարդիկ տալիս են բացատրություն. այդ անցքերը բացել են քարերի վրա՝ դրանք ինչ-որ տեղից քաշելու-բերելու համար: Սա, իհարկե, մասնագիտական բացատրություն չէ, ուստի և կուզեինք Ձեր կարծիքն իմանալ:

– Նախ ասեմ, որ Քարահունջի նման անցքավոր քարեր մեր հանրապետության տարածքում սփռված են, եզակի չեն: Պարզապես ամեն անցքավոր քար մի առանձին դիտումի համար նախատեսված կարող է լինել, իսկ Քարահունջը համալիր է, այդտեղ յուրաքանչյուր քար մի նպատակի համար է ծառայում: Յուրաքանչյուր քար, երբ տեղադրվում է, քարի վրա անցք չեն բացում տեղափոխելու համար: Քարը շատ հեշտ տեղափոխվում է ճոպանների օգնությամբ: Այն ժամանակվա մարդու համար, պատկերացնո՞ւմ եք, ինչ դժվար է եղել այդ անցքը բացելը, եթե չկային ժամանակակից գործիքները: Դա անհեթեթություն է՝ քարի վրա անցք բացել՝ տեղափոխելու համար, երբ շատ հեշտությամբ այն կարելի է տեղափոխել ուղղակի կապած ճոպաններով: Այսօր էլ այդ կարգի աշխատանքները կատարվում է նույն տեխնոլոգիայով, և դրա համար քարի վրա անցք չեն բացում։ Եթե ուշադրություն դարձնեք՝ այդ անցքավոր քարերը ներքևի հատվածում շատ լայն են և որոշակի մշակված՝ ողորկված, ճշգրիտ տեղադրման համար հարմարեցված, որ նստեն հիմքին ու լինեն երկրաշարժակայուն:

Երկրորդ՝ այդ ծանրաքաշ քարերը, որի ծանրության կենտրոնը կեսից ներքև է, հատակը ողորկված է, որպեսզի տեղադրելուց հետո պտտեն, և այդ անցքի ճշտությունը համապատասխանեցնեն այդ օրվա աստղի դուրս գալու հետ: Դա նույնպես պատահականություն չէ:

Երրորդ՝ Քարահունջի քարերի մի մասը, որ այս ընթացքում հասցրել ենք դիտարկել, տեղադրված են հաստ քարե պատվանդանի վրա, այսինքն՝ իր հիմքը ոչ թե հողի վրա է, այլ գետնի տակ կան պատվանդաններ. դա շատ կարևոր փաստ է, հակառակ դեպքում՝ հազարամյակների ընթացքում այդ քարերը կթեքվեին, և մեզ հասած Քարահունջը կկորցներ իր ճշգրտությունը:

– Իսկ չե՞ք կարծում, որ հնագետները, պատմաբանները, աստղագետները և Ձեր նման մասնագետները՝ ճարտարապետները պիտի հավաքվեն մի հարկի տակ՝ գիտաժողովի: Գուցե մի ընդհանուր հայտարարի գան այդ հուշարձանի գիտականությունը վերջնականապես ճշգրտելու համար:

– Մեր համալսարանը մի գրություն է հղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, նման բովանդակությամբ մի նամակ էլ Բյուրականի աստղադիտարանի տնօրինությունն է ուղարկել: Երկու կոլեկտիվները խնդրել են, որ այսուհետ Քարահունջի հետ կապված դիտումները, քննարկումներն արվեն համատեղ: Եվ այդ գործով զբաղվողները նստեն կլոր սեղանի շուրջ և գիտական բանավեճ ծավալեն: Յուրաքանչյուրն իր ոլորտում ներկայացնի իր փաստարկները: 2020 թվականի մեր հաջողությունն այն է, որ ձեռքի տակ արդեն ունենք փաստեր, ինչը որ հնագետները չունեն: Ունենալ փաստ՝ մի բան է, առանց փաստերի ենթադրություններ անելը՝ ոչ միայն  ճիշտ չէ, այլև ոչ պրոֆեսիոնալ:

Տեսեք՝ մեր վերջին չափումների արդյունքում ինչ ենք պարզել՝ Քարահունջի ամբողջ համալիրը ծավալատարածական իր ձևով հիշեցնում է մեր հայկական դիցաբանության մեջ հայտնի Անգղի համաստեղության աստղերի դասավորությունը: Այսինքն՝ Քարահունջի քարերի դասավորությունը կրկնում է Անգղի համաստեղության աստղերի դասավորությունը: Երբ այս երկու դասավորությունը համեմատում ենք, տեսնում ենք, որ դրանք շեղված են որոշակի անկյան տակ: Այսօր կան ժամանակակից գործիքներ, չափումներ և հաշվարկներ անող ծրագրեր, որով Բյուրականի աստղադիտարանի աստղագետ Հայկ Մալխասյանը կարողացել է կատարել համադրման հետադարձ հաշվարկ, համադրել է աստղային համաստեղության աստղերի դիրքն ու քարերի դիրքը, ինչն էլ բացահայտել է, որ Քարահունջը ստեղծվել է 32 հազար տարի մեր թվարկությունից առաջ: Այսքան պատահականություններ և պատահական զուգատիպումներ լինել չի կարող։

– Սովորաբար հայերս մեր ունեցածով քիչ ենք հպարտանում, հատկապես հիմա: Քարահունջի պարագայում, ցավոք, նույն պատկերն է: Մեր աստղադիտարանի կարևորությունը շեշտելու համար անընդհատ համեմատում ենք անգլիական Սթոունհենջի հետ: Արդյո՞ք նմանություն կա, ժամանակագրական առումով ո՞րն է ավելի հին:

– Սթոունհենջը հինգ հազար տարվա պատմություն ունի: Հերունին իր գրքում էլ չի պնդում, որ Քարահունջի աստղադիտարանը յոթ հազար տարվա պատմություն ունի, այլ ասում է՝ առնվազն յոթ հազար տարեկան է, այսինքն՝ որ յոթ հազար տարեկան է, դրանում կասկած չկա, գուցե և ավելին լինի: Հիմա մենք ապացուցում ենք՝ յոթ հազար տարեկան չէ, երեսուներկու հազար տարեկան է: Այն արտասահմանցի գիտնականները, ովքեր Հայաստանի ժառանգությանը հետևել և ուսումնասիրել են, վստահ ասում են՝ Հայաստանն է մարդկության բնօրրանը, հենց Քարահունջն է, որ ամենահինն է, մյուսները, որ ստեղծվել են դրանից հետո, կրկնել են Քարահունջին: Եթե չմոռանանք, որ անգլիական պետության հիմնադրման հիմքում ընկած են բրիտները, որ եկել են Հայաստանից և հայկական մշակույթն են զարգացրել, հետևաբար Քարահունջի գիտելիքներով զինված՝ ստեղծել են Սթոունհենջը:

Հայկական բարձրավանդակը եղել է մարդկության բնօրրանը, այստեղից են զարգացման ճյուղերը տարածվել աջ ու ձախ:

– Ի՞նչ կարևոր հարց դուրս մնաց մեր զրույցից կամ ի՞նչ կավելացնեիք ասվածին:

– Երբ ասում եք՝ այդտեղ բնակատեղի է եղել, ես բնական եմ համարում: Եթե հայ մարդն այդ ժամանակ ունեցել է այդքան գիտելիքներ, որ նման աստղադիտարան է ստեղծել, հետևաբար, աստղադիտարանը չէր կարող ամայի մի տեղ լինել, որևէ բնակավայրից հեռու և կտրված: Մարդը, որ անմիջապես շփվում էր աստղադիտարանի հետ, չէր կարող հեռու մի վայրում բնակվել:

Հետևաբար չի բացառվում, որ հնագիտական ուսումնասիրություններ կատարելիս հայտնաբերենք Քարահունջի շրջակայքում բնակատեղիներ, սակայն դա ամենևին ստվեր չի գցում աստղադիտարանի վրա, հակառակը, էլ ավելի է ամրապնդում նրա՝ որպես աստղադիտարան լինելու և գործելու փաստը: Այդ ժամանակվա հայ մարդը, որն ունեցել է այնքան գիտելիքներ, որով կարողացել է կերտել նման շճտության աստղադիտարան, պարտադիր պետք է ապրեր նրա հարևանությամբ, աստղադիտարանը սարքելու, սպասարկելու, մշտադիտարկումներ և աստղային չափումներ անցկացնելու համար։

Քարահունջ աստղադիտարանը՝ մեր ազգի ծննդյան վկայաքարն է ․․․

 

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

 

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03