«Քոնթուր Գլոբալ»-ը մեր տարածաշրջանում իրականացնում է միջազգային նորմերին (պահանջներին) հարիր սոցիալական եւ բնապահպանական քաղաքականություն

30.06.2017 11:41
2171

Ինչպես գիտենք, ՀՀ կառավարությունում 2015թ. հունիսի 8-ին ստորագրվել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված եւ լրամշակված պայմանագիր` Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ», «Քոնթուր Գլոբալ Տերրա Հոլդինգս» եւ «Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի» ընկերությունների միջեւ, իսկ նույն թվականի հուլիսի 30-ին գործարքը վավերացվեց. մի խոսքով՝ 2015թ. օգոստոսից «Քոնթուր Գլոբալ» ընկերությունն անցել է իր պարտականությունների կատարմանը՝ հետեւելով ՄԱԿ-ի Գլոբալ Կոմպակտ-ի գործունեության (Ընկերության կողմից ստորագրվել է 2010թ.) եւ Կայուն Զարգացման հիմնական սկզբունքներին ու տարեցտարի ընդլայնելով իր բնապահպանական եւ սոցիալական ծրագրերի շրջանակը:

***

«Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցում «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը նշել էր, որ այս ընկերությունն աշխարհի բոլոր երկրներում հանդես է գալիս «լավ քաղաքացու» իմիջով եւ հետամուտ է լինում իրականացնել այդ տարածաշրջանին պատշաճող բնապահպանական եւ սոցիալական զարգացման ծրագրեր: Տեւական ժամանակ անց կատարված աշխատանքներն ակնհայտ ու ոգեւորիչ են: «Մինչ այժմ համակարգում էական փոփոխություններ են կատարվել, բայց ընկերությունն առաջնահերթությունը տալիս է աշխատանքի պաշտպանությանն ու անվտանգությանը, բնապահպանությանը: Այդ նպատակով կատարվել են եւ դեռ կկատարվեն մեծ ներդրումներ թե՛ համակարգի արդիականացման ու վերազինման, թե՛ սոցիալական, բնապահպանական, մշակութային եւ մի շարք այլ ուղղություններով: Կարճ ասած՝ արեւմտյան չափանիշներին հասնելու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու, - նշեց ընկերության արտադրության ղեկավար Արամ Յոլյանը եւ հավելեց. - սարքավորումների արդիականացման ուղղությամբ 51 մլն դոլար ներդրում է կատարվել՝ դրանք նույնպես պետք է համապատասխանեն բնապահպանական չափանիշներին, այսինքն՝ հնարավորինս հրաժարվելով յուղով աշխատող սարքավորումներից՝ նվազագույնին ենք հասցնում շրջակա միջավայրին հասցվող վնասները: Մեր բոլոր կառույցներում նախատեսվում է կառուցել նաեւ մաքրման կայաններ, որոնք ՀՀ հէկ-երի ոչ մի համակարգում մինչ այժմ չեն եղել»:

Սոցիալական ծրագրեր/ներդրումներ

2016թ. ընթացքում «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲ ընկերությունը 100 հազար դոլար արժողությամբ սոցիալական ծրագրեր է իրականացրել մարզի տարբեր համայնքներում:

«Պատկերավոր ասած՝ մեր ընկերությունը տարածաշրջանում օազիսի նման երեւույթ է, որ սոցիալական եւ բնապահպանական ուղղվածության նշանակալի ներդրումներ է կատարում, եւ հետագայում ավելի կընդլայնվեն այդ գործելաոճի սահմանները: Բայց որեւէ ծրագիր հաստատելուց առաջ համայնքների ներկայացրած դիմումները կամ առաջարկները քննարկում է սոցիալական ծրագրերի հանձնաժողովը եւ ընտրում նրանք, որոնք համապատասխանում են ընկերության քաղաքականությանը», - նշեց Արամ Յոլյանը: Ներդրումներ հիմնականում կատարում են իրենց կառույցների ազդեցության ներքո գտնվող համայնքներում, որոնց թիվն այս պահին հասնում է 15-ի: Ընկերությունն անցյալ տարի մշակել, այս տարի լրամշակել է շահառուների ներգրավվածության պլան, որտեղ ներկայացվում են, թե ովքեր են համարվում ընկերության շահառուները, որոնք են ազդակիր համայնքները եւ այլն: Սոցիալական, բնապահպանական ծրագրերի մեծ մասն իրականացվում է Գորիսի եւ Սիսիանի (քանի որ ՔԳՀԿ-ի կառույցները գտնվում են այդտեղ) տարածաշրջաններում, բայց ազդակիր համայնքների թիվը ժամանակի ընթացքում կարող է վերանայվել, այսինքն՝ ավելանալ կամ պակասել: «Մոտ ապագայում կվերանայվի ընկերության ազդակիր համայնքների ցանկը եւ նոր ցանկը կներկայացվի հանրությանը», - նշեց արտադրության ղեկավարը:    

Ա.Յոլյանի խոսքով՝ «Քոնթուր Գլոբալ»-ի քաղաքականությունը հետեւյալն է՝ չտալ նվիրատվություն: Որեւէ աշխատանք կատարելիս առձեռն գումար չի տրվում, աշխատանքներն իրականացվում են կապալառու կազմակերպությունների միջոցով՝ սահմանված կարգով: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ այդ ընթացքում ժամանակավոր լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծվում: 

Գորիսի պետական համալսարանում լաբորատորիայի հիմնում, Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղում ջեռուցման համակարգի անցկացում, Շաղատում՝ մանկապարտեզի տանիքի նորոգում, Անգեղակոթում՝ մշակույթի կենտրոնին կից զբոսայգու վերակառուցում, խմելու ջրի ցանցի նորոգման համար Որոտանում՝ 800 մետր, Տոլորսում՝ 135 մետր պոլիէթիլենային խողովակների տրամադրում ու երկու կապտաժի վերանորոգում (Տոլորս). սրանք են 2016թ. իրականացված առավել կարեւոր սոցիալական ծրագրերը: Վերոնշյալ համայնքների ղեկավարները կարեւորեցին ընկերության հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի:

Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտության եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալբերտ Դինգչյանը մասնավորապես նշեց. «Մեր ֆակուլտետի էլեկտրաէներգետիկա մասնագիտության համար էլեկտրաէներգետիկայի ժամանակակից լաբորատորիա է ստեղծվել համալսարան-գործատու կազմակերպություն համագործակցության շրջանակներում՝ բացառապես «Քոնթուր Գլոբալ» ընկերության ֆինանսական միջոցներով: Երկու սենյակ է վերանորոգվել, որտեղ տեղադրվել է լաբորատոր մեկ ստենդ եւ առաջիկայում նախատեսվում է համալրում: Առհասարակ ընկերության հետ համալսարանի համագործակցությունը բարձր մակարդակով է իրականացվում, երեւի թե ՀՀ-ում քիչ բուհերի հետ գործատուների նմանատիպ համագործակցության օրինակի կարելի է հանդիպել»: Նա տեղեկացրեց նաեւ, որ նորաստեղծ լաբորատորիան տարբեր փորձեր կատարելու հնարավորություն է ընձեռում: Ընկերության լավագույն մասնագետները դասախոսում են բուհում, ուսանողներն իրենց պրակտիկան, նաեւ որոշակի փորձեր անց են կացնում ընկերությունում, բացի դրանից՝ աջակցում են շրջանավարտներին աշխատանքի տեղավորման հարցում:

***

Ի դեպ, կադրային քաղաքականությունից խոսելիս տեղեկացանք, որ բազմաթիվ երիտասարդներ ներկայումս ընկերությունում անցնում են համապատասխան դասընթացներ, շուտով կհանձնեն քննություններ, եւ առավել հաջող հանձնածներն աշխատանքի առաջարկ կստանան: «Հիմնականում մեր աշխատակիցները տեղացիներ են, Երեւանից եւ արտերկրից քիչ թվով աշխատակիցներ ունենք: Հրավիրված մի քանի աշխատակիցներն իրենց գիտելիքներով, մշակույթով թարմ շունչ են տվել ընկերությանը, ասեմ՝ մեզ համար էլ հետաքրքիր է նրանց հետ աշխատելը: Հարկավոր է, որ մարդիկ իրենց մտածելակերպը փոխեն, ընդունեն նոր մշակույթը եւ աշխատաոճը: Բարեբախտաբար երիտասարդներն արագ են ինտեգրվում սահմանված նոր պահանջներին», - նշեց Արամ Յոլյանը եւ հավելեց, որ այս տարի Գորիսի պետական համալսարանի լավագույն շրջանավարտներից մեկ-երկուսը դիտարկվում են՝ հետագայում աշխատանքի ընդունելու նպատակով: Մեր այցելության օրն առաջին պրակտիկանտին էին ընդունել, ով որոշակի փորձ ձեռք բերելուց հետո հետագայում կփոխարինի ոչ տեղացի կադրերին, նպատակը մեկն է՝ անհրաժեշտ է փոխառել արտասահմանի գործընկերների փորձը եւ կադրերի փոխարինման հստակ պլանավորում իրագործել: Սա է ընկերության կադրային քաղաքականության շարունակական գործընթացը:

***

2017թ. նախատեսվում է Ծղուկ համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցում՝ էներգախնայող լուսադիոդային լուսատուներով, Գորիս քաղաքի Գր.Տաթեւացի փողոցում արդեն կառուցվել է խաղահրապարակ, Բռնակոթի եւ Դարբասի դպրոցներում (դեռեւս հաստատված չէ)՝ ինժեներական լաբորատորիայի ստեղծում: «Կոնկրետ այս տարվա սոցիալական ներդրումային ծրագրերն ուղղված են մարզի կրթական, սոցիալական եւ մշակութային ծրագրերի աջակցությանը, իսկ կապիտալ ներդրումային ծրագրերը հիմնականում ուղղված են բնապահպանական խնդիրների լուծմանը», - տեղեկացրեց «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲ ընկերության շրջակա միջավայրի պաշտպանության եւ սոցիալական պատասխանատվության գծով ղեկավար Արմեն Բոդոյանը:

Բնապահպանական ծրագրեր/ներդրումներ

Արմեն Բոդոյանից տեղեկացանք նաեւ, թե որոնք են հէկ-երի շահագործման եւ վերազինման ծրագրի ժամանակ առաջացող հնարավոր բնապահպանական ռիսկերը: Դրանք հիմնականում կապված են նախեւառաջ արտադրության ընթացքում կամ վերազինման, վերանորոգման աշխատանքների ժամանակ թափոնների գոյացման եւ արդեն որոշ հնացած սարքավորումների եւ թափոնների տեսքով դրանց դուրսգրման, իսկ հաջորդը՝ յուղային տնտեսության, այսինքն՝ օգտագործված յուղերի հետ: «Այս պահին ունենք ՀՀ բնապահպանության նախարարության հաստատած 11 թափոնի անձնագրերը, որոնցից ամենավտանգավորը՝ որպես այդպիսին, օգտագործված արտադրական մարտկոցներն են, որոնք դեռեւս դուրս չեն եկել արտադրությունից: Վերազինման ծրագրի շրջանակներում հնարավոր թափոնների գոյացման ցանկում ընդգրկված են նաեւ օգտագործված մալուխների որոշակի քանակություն, մետաղի ջարդոն (հին սարքավորումների մասերի տեսքով), օգտագործված լամպեր եւ այլն, որոնք պետք է փոխարինվեն նորերով վերոնշյալ ծրագրի շրջանակներում: Բնապահպանության նախարարությունը վերոնշյալ թափոնները դասում է 1-4 դասի վտանգավորության թափոնների շարքին, որոնք սխալ պահպանման եւ պահեստավորման դեպքում կարող են բնապահպանական խնդիրներ առաջացնել, սակայն ՔԳՀԿ ընկերությունը, առաջնորդվելով միջազգային նորմերով եւ պահանջներով, նախապես պլանավորել է դրանց պահեստավորումն ու պահպանումը: Համապատասխան պահեստների կառուցման նախագիծն ընթացքի մեջ է եւ առաջիկա մեկ-երկու ամսում պատրաստ կլինի», - տեղեկացրեց Արմեն Բոդոյանը:

Վերջերս անգլիական մի կազմակերպության միջոցով ընկերությունում իրականացրել են ասբեստ պարունակող նյութերի ուսումնասիրություն, գրանցվել են բոլոր այն սարքավորումներն ու միջոցները, որոնք պարունակում են ասբեստ, որն առողջության համար վտանգավոր է: Կա երկու տեսակ ասբեստ՝ փխրուն եւ ոչ փխրուն: «Բարեբախտաբար, մեր հէկ-երում չկան փխրուն ասբեստ պարունակող նյութեր, սարքավորումներ, իսկ ոչ փխրուն ասբեստ պարունակողները նույնականացրել ենք, տեղադրել նախազգուշացնող նշաններ: Ասբեստ պարունակող չշահագործվող սարքավորումները տեղադրվել են Շամբհէկ-ում այդ նպատակով կառուցված պահեստում եւ անհրաժեշտ բոլոր միջազգային սահմանված ընթացակարգերով անցնելով՝ ժամանակի ընթացքում կհեռացվեն եւ կհանձնվեն համապատասխան լիցենզիա ունեցող ընկերությանը: Սա, ի դեպ ՀՀ-ում նորություն է», - նշեց Արմեն Բոդոյանը:

Գերմանական ինժեներական ըկերություններից մեկն ուսումնասիրել է ընկերության կառույցները եւ տվել անվտանգության եւ բնապահպանական առումով իր եզրակացությունները, որից ստեղծել է մի մեծ ցանկ: Ըստ առաջնահերթության սկսվել են աշխատանքներ իրականացվել, որոնք տարիների եւ մեծ ներդրումների հետ են կապված: Դրանցից են՝ մաքրման կայանների, ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների, բիոսանհանգույցների տեղադրումը եւ այլն, բայց, զրուցակիցներիս խոսքով, ամենակարեւորն առանց պատահարների ու մարդկային կորստի աշխատանքն է եւ տարբեր բնույթի թափոնների ճիշտ կառավարումը:

Բիոսանհանգույցներն արդեն տեղադրվել են, իսկ ձկնապաշտպան կառույցների տեղադրումը բավականին աշխատատար գործընթաց է: Ա.Բոդոյանի տեղեկացմամբ՝ նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառու ընկերությունը որպես ենթակապալառու վարձել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի աշխատակիցներին, ովքեր արդեն ավարտել են դաշտային աշխատանքները եւ կենսաբազմազանության, ձկնատեսակների հետ կապված եզրակացություններ տալուց հետո կսկսվեն բոլոր ջրամբարներում (Անգեղակոթ, Սպանդարյան, Շամբ, Տոլորս) ձկնապաշտպան կառույցների տեղադրման նախագծային աշխատանքները: Նախատեսում են նախագծային աշխատանքներն ավարտել այս տարվա հոկտեմբեր ամսին:

***

Ինչպես տեղեկացանք, ընկերության յուրաքանչյուր ծրագիր՝ լինի սոցիալական, բնապահպանական կամ մշակութային, ավարտելուց հետո մշտադիտարկվում է, այսինքն՝ վերադասին պարբերաբար ներկայացվում են հաշվետվություններ՝ քանակական եւ/կամ որակական համապատասխան ցուցանիշներով տվյալ ծրագրի արդյունավետության վերաբերյալ: Օրինակ՝ քանի՞ աշակերտ կամ ուսանող է օգտվել ստեղծված լաբորատորիայից, ինչպիսի՞ն է տրամադրված սարքավորումների տեխնիկական, վերանորոգված ջրամատակարարման ցանցի ընդհանուր վիճակը եւ այլն: «Ընկերությունը հետեւողական է իր կատարած յուրաքանչյուր ներդրման, հետամուտ՝ ծրագրերի իրագործումից հետո դրանց նպատակային օգտագործման հարցում», - նշեցին զրուցակիցներս:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   

Վրաստանի տուրիստական կազմակերպությունն իր էջից հեռացրել է Լոռու մարզին վերաբերող աղմկահարուց գրառումը, որով կիսվել էր Զուրաբիշվիլին

05.11.2024 00:30

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

04.11.2024 21:36

Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ․ Վահե Սարգսյան

04.11.2024 20:34

Զուրաբիշվիլին մի շարք հայկական հուշարձաններ ներկայացրել է իբր թե «պատմական Վրաստանի» մաս

04.11.2024 20:06

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29-ին

04.11.2024 19:44

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

04.11.2024 15:39

ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

04.11.2024 15:30

Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի Պուտինին

04.11.2024 14:51

Սահմանադուռ և սահմանապահ Ագարակ քաղաքը 75 տարեկան է

04.11.2024 13:17

Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար

04.11.2024 12:20

Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութ

03.11.2024 21:43