Հաշվի առնելով, որ 2026 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) դատական իշխանությանը վերաբերող դրույթների պաշտոնական շրջանառությունն ու քննարկումն արդեն իսկ կարող են բացասաբար ազդել դատական իշխանության անկախության ու հեղինակության վրա, Հայաստանի դատավորների միությունը հարկ է համարում համառոտ ու նախնական անդրադարձ կատարել նախագծի բացառապես այդ դրույթներին։
Նախագծի մշակման և քննարկման գործընթացում դատական իշխանությունը պատշաճ ներկայացված չի եղել. որևէ դատավոր չի մասնակցել այդ գործընթացին։
Սահմանադրական բարեփոխումների իրականացման որևէ նպատակ չի կարող արդարացնել պաշտոնավարող դատավորների համատարած վերագնահատումը (վեթինգ կամ կարգավիճակի վերահաստատում), նրանց պաշտոնավարման սահմանադրական երաշխիքների վերացումը կամ պաշտոնավարման շարունակականությունը նոր նշանակմամբ կամ կարգավիճակի վերահաստատմամբ պայմանավորելը:
Միջազգային փորձը ևս հաստատում է դա. Վենետիկի հանձնաժողովը մերժել է բոլոր գործող դատավորների լիազորությունների դադարեցումը (Ուկրաինա, 2015 թ.), Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը սահմանադրական բարեփոխման շրջանակում բոլոր դատավորների վերանշանակումը գնահատել է որպես անփոփոխելիության խախտում (Սերբիա, 2010 թ.), Հայաստանում 2019 թվականին Եվրոպայի խորհրդի մասնակցությամբ արձանագրվել է, որ բոլոր գործող դատավորների վեթինգը «ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ օգտակար», իսկ Դատավորների միջազգային միությունը խոր մտահոգություն է հայտնել Մեքսիկայի դատական բարեփոխման առնչությամբ (2024 թ.)։ Օրինակները բազմաթիվ են։
Դատավորների անփոփոխելիության և դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները չեն կարող ստորադասվել քաղաքական նպատակահարմարությանը, իսկ դրանց սահմանափակումը չի կարող արդարացվել սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությամբ։
Միությունը հորդորում է Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես դատարանների և դատավորների անկախության սահմանադրական երաշխավորի՝
Հայաստանի դատավորների միությունն ակնկալում է նաև, որ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ու եվրոպական համապատասխան կառույցները ուշադրություն կդարձնեն դատական իշխանության անկախությանը սպառնացող նշված նախաձեռնությանը։
Միությունը շեշտում է նաև, որ սույն հայտարարությունը նախնական բնույթ է կրում և չի սպառում նախագծի՝ դատական իշխանությանը վերաբերող կարգավորումների վերաբերյալ իրավական գնահատականներն ու առարկությունները։
Վերջապես, դատական իշխանության անկախությունը՝ դատավորների անփոփոխելիության երաշխիքով հանդերձ, ոչ թե դատավորների արտոնությունն է, այլ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի հիմնարար երաշխիքը։
Հայաստանի դատավորների միություն
© 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից