Գիտությունների ակադեմիայից՝ մարտադաշտ։ Արցախի Մարտու շրջանի ինքնապաշտպանության առաջամարտիկը հայրենիքը զգում էր ամեն միլիմետրով։ Զենք ու զրահին ծանոթ էր երիտասրադ տարիքից․ Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանն ավարտելուց հետո մեկնել էր Իրան, ապա Լիբանան, որտեղ մասնակցել է հայկական թաղամասերի ինքնապաշտպանությանը։
Ռազմաճակատում նա հրամանատար էր, հայրենիքի համար մաքառող մարտիկ ու ընկեր՝ բառի բոլոր երանգներով։
Շատերի նման ես էլ եմ խորապես կապված իմ հայրենիքին, ասում էր Մոնթեն, բայց զգացմունքները չպետք է խանգարեն մեզ իրերն իրենց անունով կոչել․ խնդիրներին պետք է մոտենալ լուրջ և սթափ։
Ռազմական բացառիկ տաղանդով աչքի ընկնող մարտիկին առավել մեծ փայլ էր տալիս լրջմտությունը, անգլերենին գերազանցապես տիրապետելն ու իսկապես, իրերն իրենց անունով կոչելը։
Այս ամենը հնարավորություն էր տալիս աշխարհին առավելագույնս ճիշտ ու հստակ ներկայացնել, թե ինչու է Արցախն այդքան կարևոր հայության համար։ Նրա՝ մեկը մեկից դիպուկ ուղերձները լայն արձագանք էին գտնում աշխարհում՝ դառնալով միացյալ հայ ժողովրդի խոսքը։
Առանձնահատուկ մեծ էր նրա հանդեպ սերը հատկապես այն բնակավայրերում, որտեղ ռամիկի հետ՝ հավասարը հավասարին, պայքարում էր հանուն միացյալ Հայաստանի։
«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,-ասում էր 1993-ին հանուն Արցախի կյանքը կորցրած մեծ հայը։
Հ․Գ․ «Հաղթանակ» զբոսայգում գտնվող նրա փոշոտ կիսանդրու առջև մի քանի ծաղիկ էր դրված՝ կիսաթոշնած։ Պետական այրերի շուրթերից ևս այսօր՝ Ավոյի 69-ամյակին, շնորհավորանքի կամ մեծարման խոսքեր չեն հնչել։