Քրդիկանցում պեղումներ էին...

16.03.2023 14:51
1767

2022 թ. ամռանը, Քաջարան խոշորացված համայնքի հինավուրց Քրդիկանց (Լեռնաձոր) գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, բարերարների հովանավորությամբ, պեղումներ է իրականացրել։ Այս առիթով հանդիպեցինք և մեզ հուզող հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ կենտրոնի հնագետ, աշխատանքները համակարգող Մելինե Սիմոնյանից։

- Հարգելի Մելինե, ուրախ և շնորհակալ ենք Ձեր առաքելության համար, թերևս սկսենք այնտեղից, թե ինչո՞ւ ընտրվեց Քրդիկանցի Սբ. Աստվածածինը…

- Ծրագիրն իրականացվել է բարերարների ֆինանսավորմամբ, ովքեր այդպես էլ չցանկացան ներկայանալ: Նրանց իսկ խոստովանությամբ՝ տարիներ շարունակ նպատակ են ունեցել իրականացնել այն, որն ի վերջո կյանքի կոչվեց։

Առաջնահերթությունը տրված էր տանիքի վերանորոգմանը, քանի որ այն անմխիթար վիճակում էր: Եվ երբ հաստատվեց նախագիծը, որոշվեց նաև ներառել տարածքի բարեկարգումը, եկեղեցու հիմքերի ամրակայումը:

Բնականաբար հնագետների կարիքը զգացվեց: Կառավարության որոշումով գործուղվել եմ այստեղ, պեղման աշխատանքները մեկնարկել են հունիսի 10-ից։ Աշխատանքների ծավալը մեծ է, ընդգրկված են եկեղեցու շրջակայքը և ներսի հատվածը: Պեղում ենք 1.5 մետր հեռավորությամբ՝ ամեն կողմից, որպեսզի բացենք հիմքերը`ամրակայման համար:

- Իսկ ի՞նչ են մեզ հուշում մինչ այժմ գտածոները, և արդյո՞ք այդ ամենը մեզ նոր տեղեկատվություն կտա։

- Անշուշտ, պեղումները հստակ տեղեկություններ են տալիս Քրդիկանցի վերաբերյալ: Ասեմ, որ բնակավայրի վերաբերյալ ունենք հրապարակումներ, տարբեր պատմական աղբյուրների վկայություններ, դրանք այժմյան տեղեկատվության հետ մեկը մյուսին հակասում են:

Գյուղի տարեցները պարբերաբար այցելում էին եկեղեցու տարածք, խորհուրդներ տալիս և կիսվում հիշողություններով. «Այստեղ այս իրը կար... » կամ նմանատիպ այլ հիշատակումներ անում: Կուտակված ողջ ինֆորմացիայի ճշտությունը կարողանում ենք հաստատել կամ հերքում ստանալ հենց պեղումների արդյունքներով: Օրինակ, պնդում էին, թե եկեղեցու ներսում կան թաքցված զենքեր, և այդ մասին վկայում էին տարբեր աղբյուրներ, նույնիսկ`գրավոր: Պեղումների արդյունքում ոչինչ չգտանք, սակայն գտանք բավական հետաքրքիր այլ գտածոներ, թաղումների հետքեր:

Բացվել են հինգ  մանկական, միջին, հասուն տարիքի մարդու թաղումների հետքեր : Դրանք ենթակա են մարդաբանական ուսումնասիրության:

Պատմական աղբյուրներում նշվում է, որ 1935 թվականին այստեղ կարմրուկի համաճարակ է բռնկվել, և 20 երեխա է մահացել: Տեղացիների պնդմամբ՝ մահացած երեխաների թիվն ավելի շատ է եղել:

- Շատ հետաքրքիր է, սակայն թեմայից շեղվելով մի հարց եմ ուզում տալ Ձեզ՝ ինչպե՞ս ընտրեցիք հնագետի մասնագիտությունը:

- Դեռ դպրոցական տարիքից եմ սիրել հնագետի մասնագիտությունը, անգամ  իդեալներ ունեի ոլորտում:

Այն էքստրեմալ է, ընտրություն անելուց պատկերացնում էի` ինչ խնդիրների եմ բախվելու. տևական ժամանակ տնից հեռու, բարձր լեռնային գոտիներում կամ այլ վայրերում տարբեր եղանակային պայմաններին աշխատելը, սողունների և այլ տարբեր կենդանիների հանդիպելը… Այդ բոլոր խոչընդոտները գիտակցելով հանդերձ` հաստատակամորեն գնացի իմ երազանքի հետևից:

Սկզբնական շրջանում անհանգստություն ունեի հատկապես սողուններից, սակայն դրանք այնքան շատ էին հանդիպում պեղավայրերում, որ շուտով հարմարվեցի և հասկացա, որ վախենալն ընդամենը լարվածություն է ստեղծում և ուրիշ ոչինչ: Դե, գիտեք, փորձն առաջնայինն է, իսկ այն արդեն քիչ չէ՝ շուրջ 11 տարի։

- Տեղանքի գործող ու խոնարհված եկեղեցիների, վանքերի մեծ մասը վտանգված է և ունի հիմնանորոգման կարիք: Ձեր կարծիքով՝ հնարավոր կլինի՞ այդ ցանկը լրացնել՝ Կարդ, Աջաբաջ, Գեղի, Կիցք, Արջաձոր և այլն:

- Իրականում հնագիտության համար խնդիր է ֆինանսների հայթայթումը, քանզի հատկացվող պետական միջոցներն անբավարար են: Կոնկրետ այս և մյուս դեպքերում, երբ ֆինանսավորումը բարերարների կողմից է կատարվում, կարողանում ենք ավելի լայն տարածք ու ծավալներ ընդգրկել, ինչն օգնում է հուշարձանի ամբողջական պատկերը ստանալ:

Իսկ այն վայրերը, որտեղ հիմնական փորձարարական պեղումներ ենք կատարում կամ  սեզոնային, ամբողջական պատկեր ստանալ չի հաջողվում։

Ազատ ժամանակիսհաշվին հասցրել եմ լինել տարածաշրջանի մի շարք պատմական վայրերում, օրինակ՝ Լեռնաձորի Սուրբ Գևորգ խոնարհված եկեղեցում, որն ինձ մասնագիտորեն շատ հետաքրքրեց։

Ավելացնեմ նաև, որ մեր կենտրոնը մի նախաձեռնությամբ է հանդես գալիս. այս կամ այն տարածքում ուսումնասիրություններ իրականացնելիս համագործակցում ենք հանրակրթական դպրոցների հետ, իրազեկում դպրոցականներին կատարվելիքի մասին, փորձում հետաքրքրությունները շարժել։ Շատ կամավորներ կան, սիրով նրանց բացատրում ենք հնագիտության կարևորությունն ու մեր աշխատանքների իմաստը։ Դա կարևոր է:

 

Հ.Գ.

Այնուհետև մեր զրույցը շարունակեցինք Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանի հետ:

- Հին Հայաստանում եկեղեցիները կառուցվել են գյուղերի կենտրոնական մասում, որոնց շուրջը հետո բնակավայրն է տարածվել։ Բարձրաբերձ ժայռերին թիկնած մեր գյուղերը, եկեղեցիները, վանքերն ու բերդերն ապշեցնում են հենց իրենց տեղակայումով: Նրանք կառուցվել են, հաճախ նաև մարդկանց համար բնակատեղի և պատսպարան հանդիսացել։ Բացառություն չէ նաև այս եկեղեցին, որը մյուսների պես այսօր գիտական լուրջ ուսումնասիրության կարիք ունի, ամեն մի նոր գտածո նոր ոգևորություն է ծնում, հնարավորություն՝ սերունդներին ավելի շատ բան փոխանցելու, մեր ինքնության մասին վկայելու։

Քրդիկանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին սիրված է շատերիս կողմից, այնտեղ հաճախ են այցելում՝ չնայած դժվարանցանելի է ճանապարհը։ Ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը, երբ տեղեկացաք սկսվող պեղումների մասին։

- Յուրաքանչյուր պատմամշակութային կոթող մեծ բան ունի տալու և՛ մեզ, և՛ մեր սերունդներին, աշխարհին։ Նման կառույցները խոսում, աղաղակում և բարձրաձայնում են մեր հայ ազգի ինքնության, պատմության մասին: Դրանք տեղաբնակների ձեռքի և մտքի աշխատանքն են, և դրանց շնորհիվ տարակույսները վերջանում են:

- Եկեղեցին վերանորոգվում է որպես Աստծո տուն… Մենք վերաթարմացնում ենք մեր պատկերացումները նախնիների նիստուկացի մասին, ապացուցում, որ տերն ենք մեր հող ու ջրի։ Սա պետք է վարակիչ բնույթ կրի մեր ազգի համար, դառնա ավելիին ձգտելու և անելու պատրաստակամության պայման։

Հետաքրքիր է, արդյո՞ք անհրաժեշտ է հոգևորականի ներկայությունը նման աշխատանքների ժամանակ, թե՞ ուղղակի աջակցել եք որպես հայ մարդ ու նվիրյալ։

- Եթե բացվում և պեղվում են հոգևոր-կրոնական բովանդակության արժեքներ, հոգևորականի ներկայությունը պարտադիր է, անհրաժեշտ։ Եթե պեղվում են գերեզմաններ, ապա դրանք պետք է աղոթքով արվեն, նաև վերահուղարկավորություն լինի աշխատանքների ավարտից հետո։

Իհարկե, այդ ամենի նկատմամբ հետաքրքրություն կա նաև որպես հայ մարդու և անհատի։

Աստված օրհնի բոլորին, ովքեր նախաձեռնեցին, ովքեր հիմքեր ստեղծեցին այս ամբողջի համար և  իրականություն դարձրին սրբավայրի վերականգնումը։

 

Հարցազրույցը՝

Լիլիթ Իսրայելյանի

 

Լուսանկարները`  Սոս Դավթյանի

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31