Հանքագործի և մետալուրգի օրը վերածվեց գեղեցիկ տոնակատարության

18.07.2022 16:27
4788

Հուլիսի երրորդ կիրակին նախկին Խորհրդային Միության որոշ երկրներում նշվում է որպես հանքագործի և մետալուրգի օր: Ավանդույթը ձևավորվել է անցյալ դարի 50-ականներին և շարունակվում է մեր օրերում: Քանզի հանքարդյունաբերությունը եղել և շարունակում է մնալ մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը: Հանրապետությունից արտահանվող ապրանքների թվում ամենամեծ չափաբաժինը ձևավորում է հանքահումքային արտադրանքը՝ կազմելով արտահանման գրեթե 40 տոկոսը:      

    Հուլիսի 15-ին և 16-ին Քաջարանում ու Ագարակում անցկացվեցին տոնին պատշաճող միջոցառումներ:

Տարին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար հոբելյանական է. դեռևս անցյալ դարի 30-ական թվականներից Զանգեզուրի պղնձահանքերում սկսվեցին երկրաբանական-որոնողական գործընթացները: 1940-ականներին սկսվեց Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարությունը, իսկ 1952-ին ձեռնարկությունը տվեց սերիական առաջին արտադրանքը. ուղիղ 70 տարի առաջ...

Քաջարանում կայացած միջոցառմանը մասնակցում էին Կապանի և Քաջարանի համայնքապետեր Գևորգ Փարսյանը, Մանվել Փարամազյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, 1994-1998 թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ղեկավարած Ռոման Նավասարդյանը, վաստակաշատ լեռնագործներ, հանրապետության տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Քաջարանի մշակույթի պալատի առաջին հարկում Կապանի երկրագիտական թանգարանի աջակցությամբ  կազմակերպվել էր տարածաշրջանի մետալուրգիայի պատմությանն առնչվող ցուցահանդես, որին ծանոթանալուց հետո միջոցառման մասնակիցները տեղ զբաղեցրին մշակույթի պալատի դահլիճում:

Տոնի առթիվ առաջինը շնորհավորելու պատիվը վերապահվեց «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի  նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյին, ով նախ ներկայացրեց հանքարդյունաբերության տեսակարար կշիռը հանրապետության  տնտեսության մեջ: Բանախոսն այնուհետև անդրադարձավ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի գործունեությանը, որի առաջատար ձեռնարկություններից է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այս համատեքստում Ռ. Խուդոլիյը նշեց, որ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ հանրապետության պետբյուջե կոմբինատի կողմից  չորս անգամ ավելի գումար է մուծվել:

«Մենք աշխատում ենք ոչ թե արտադրական ցուցանիշների կամ շահույթի համար, այլ Հայաստան երկրի ապագայի և մարդկանց կենսամակարդակը բարելավելու նպատակով»,- ասաց Ռ. Խուդոլիյը և սահուն անցում կատարեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և նրա աշխատակիցների գործունեությանը: Ամենամեծ արժեքը նա համարեց մարդկանց և այն կոլեկտիվը, որտեղ նրանք աշխատում են: Բանախոսը տպավորված էր մշակույթի պալատի առաջին հարկում կազմակերպված՝ հանքարդյունաբերությանը նվիրված ցուցահանդեսից, ինչը վկայում է, որ մեր լեռնաշխարհում մետաղների արդյունահանմամբ մարդիկ զբաղվել են հազարամյակներ առաջ: Իսկ մեր օրերում նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տվել ավելի զարգացնել դարերի խորքից եկող ավանդույթները. «Մենք ունենք հավակնոտ ծրագրեր, որոնց համար արժե լրջորեն աշխատել և կյանքի կոչել»,- ասաց ձեռնարկության գլխավոր տնօրենը և շնորհավորեց բոլորին տոնի առթիվ՝ նրանց ընտանիքներին մաղթելով բարեկեցություն, խաղաղ երկինք, ընտանեկան երջանկություն:

Ցուցադրվեց տեսաֆիլմ Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների աշխատակիցների մասնակցությամբ, էկրանից հնչեցին կարծիքներ նաև երկու կոմբինատի ապագայի վերաբերյալ:

Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ ներկաներին բարեմաղթանքներ հղեց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության  գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նորանշանակ նախագահ Վարդան Ջհանյանը. «Հանքարդյունաբերությունն ապահովում է Հայաստանի համախառն արտադրանքի տասը տոկոսը, հանրապետությունից արտադրանքի արտահանման մոտ 40 տոկոսը: Քչերն են պատկերացնում այս թվերի իմաստը. դրանք նշանակում են շատ կարևոր մի բան, այս թվերի հետևում հիվանդանոցներն ու դպրոցներն են, որոնք կառուցվում են մեր երկրում, ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերն են, մեր բանակի ներուժն ու հզորությունը: Իսկ այս ամենն արարում են հանքարդյունաբերության ոլորտի մարդիկ՝ իրենց մասնագիտական հմտություններով, աշխատանքի մեջ ներդրած ջանքերով, գիտելիքներով»: 

    Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների մի ստվար խումբ աշխատակիցներ տոնի առթիվ արժանացան «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ մեդալի և դրամական պարգևի:  Քաջարան քաղաքի պատվավոր քաղաքացի Վիլյուշա Խաչատրյանը հրապարակեց իր շնորհավորական ուղերձը՝ մասնագիտական տոնի առթիվ:

Վաստակաշատ լեռնագործը ներկայացրեց ոչ դյուրին ճանապարհը, որ անցել են իր տարեկից հանքագործները, մանավանդ ձեռնարկության տեխնիկական զինվածությունը՝ այն արտահայտելով թվերի լեզվով: Պարզ եղավ նաև առաջընթացը. հինգ տոննա բեռնատարողություն ունեցող ինքնաթափին տարիներ հետո փոխարինելու եկավ 180 տոննանոցը, մեկ խորանարդ մետր շերեփի տարողություն ունեցող էքսկավատորը հուշ դարձավ, այժմ բայց հանքում գործում են շատ ավելի հզոր էքսկավատորներ՝ ութ խորանարդ մետր և ավելի շերեփի տարողություն ունեցող, շարք մտան ինքնամանրացման հզոր աղացներ և խոր փորման հաստոցներ: Վ. Խաչատրյանն անդրադարձավ նաև կոմբինատի մարդկանց, ձեռնարկության ղեկավարներին, մասնավորապես արժանին հատուցելով Ֆրունզե Պետրոսյանին, ով երկու անգամ նշանակվել է կոմբինատի տնօրեն՝ ընդհանուր առմամբ պաշտոնավարելով 18 տարի, տասը տարի ղեկավարել է հանրապետության գունավոր մետալուրգիայի վարչությունը:

«Աշխատանքը երջանկության հայրն է»,- այսպիսի խոսքերով ավարտեց ուղերձը՝ զգալի աշխուժություն առաջացնելով դահլիճում:

Հանդիսությունն ավարտվեց Քաջարանի արվեստի դպրոցի սաների և ժողգործիքների անսամբլի ելույթներով:

Իսկ երբ օրը երեկոյացավ, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ վարչական շենքի հարակից հրապարակում տեղի ունեցավ տոնական համերգ:

 

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Նվեր Զելյայի

Հ.Գ.

Կից՝ տեսաֆիլմը, որը ներկայացվեց հանդիսության մասնակիցներին:

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30