2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և «միջանցք» եզրույթի ներմուծման փորձերը
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապ ապահովելու, ընդհանուր սահման ունենալու և Թուրքիայի կողմից Հարավային Կովկասում իր ազդեցության գոտու ընդլայնման նորօրյա փուլի մեկնարկը տրվեց 2020 թ. Արցախյան պատերազմով: Վերոնշյալ նպատակներն այս անգամ բանաձևվեցին «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագրի մեջ, որի իրականացմանը թուրք-ադրբեջանական տանդեմն ամբողջ թափով ձեռնամուխ եղավ պատերազմի ավարտից անմիջապես հետո (թեև այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները սկսվել էին ավելի վաղ):
Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցք ձևավորելու մասին նորագույն խոսույթի դե յուրե մեկնարկի առիթը հանդիսացավ 2020 թ. նոյեմբերի 9/10-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ՌԴ նախագահի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը: Պատերազմի 44-օրյա շրջափուլի հրադադար հանդիսացող այդ փաստաթղթում ոչ միայն խոսվում էր Արցախյան հիմնահարցի տարբեր ասպեկտներից, այլև «անակնկալ» կերպով անդրադարձ կար նաև ճանապարհային ենթակառուցվածքներին, որոնք առաջին հայացքից որևէ առնչություն չունեին Արցախյան հիմնախնդրի հետ, սակայն, այնուամենայնիվ, արձանագրված էին փաստաթղթում։ Այսպես, այդ հայտարարության 9-րդ կետում նշվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Նույն կետում նշված էր նաև, որ «Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»: Արցախյան հիմնահարցին վերաբերող այս փաստաթղթում Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության հիշատակումը վկայում էր այն մասին, որ Ադրբեջանի և պատերազմի փաստացի կողմ հանդիսացող Թուրքիայի համար 2020 թ. պատերազմը սանձազերծելու գլխավոր նպատակների թվում է եղել ոչ միայն Արցախի օկուպացումը և ուժի գործադրմամբ այդ հարցի լուծումը, այլև Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան ցամաքային կապի ստեղծումը, որը երբեք դուրս չի եկել թուրք–ադրբեջանական քաղաքական օրակարգից և, հետևաբար, ստեղծված իրավիճակը թույլ է տվել կրկին փորձել հասնել իրենց համար բացառիկ առաջնահերթություն ունեցող այդ խնդրի լուծմանը:
Հայտարարության մեջ տեղ գտած «երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժ» արտահայտությունն Ադրբեջանը և Թուրքիան մեկնաբանում են որպես «ճանապարհային միջանցք», այն է՝ Ադրբեջանի երկու հատվածներն իրար կապող ճանապարհ, որն ունենալու է հատուկ կարգավիճակ և դուրս է լինելու Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից («արտատարածքային միջանցք»)։ Նշված ճանապարհին հատուկ կարգավիճակ հաղորդելու թուրք-ադրբեջանական պնդումների համար ևս մեկ կռվան է հանդիսանում այն, որ համաձայն 9-րդ կետի՝ այդ ճանապարհի վերահսկողությունն իրականացվելու է երրորդ ուժի (տվյալ դեպքում՝ ՌԴ), այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության կողմից: Վերը նշված այս երկու հանգամանքները, ինչպես նաև ձևակերպումների ոչ հստակությունն օգտագործելով՝ Ադրբեջանը և Թուրքիան արհեստականորեն առաջ բերեցին «Զանգեզուրի միջանցք» տերմինը և սկսեցին ոչ միայն իրենք լայնորեն կիրառել այն, այլև ջանքեր գործադրել, որպեսզի այն դառնա միջազգային բանակցությունների, քննարկումների խոսույթի մաս։ Թուրք–ադրբեջանական պատկերացումների համաձայն՝ նեղ իմաստով «Զանգեզուրի միջանցքը» ենթադրում է հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ, որը կկապի Նախիջևանն Ադրբեջանին, իսկ ավելի լայն իմաստով ենթադրում է Սյունիքի խոչընդոտի վերացում և դրանով Հարավային Կովկասում թուրք–ադրբեջանական լիարժեք ցամաքային կապի և գերակայություն հաստատելու ծրագիր:
«Միջանցք» եզրույթի էվոլյուցիայի ժամանակագրությունը թուրքական ԶԼՄ-ներում
Հայաստանի Հանրապետության տարածքով Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհի մասին առաջին խոսակցությունները հայտնվեցին 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում: 2020 թ. հոկտեմբերի 4-ին, երբ դեռ ռազմաճակատի մեծ մասում իրավիճակը շարունակում էր գտնվել հայկական բանակի վերահսկողության ներքո, թուրք հայտնի քաղաքական գործիչ, Թուրքիայի իշխող «Ժողովրդական դաշինքի» անդամ հանդիսացող Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հավատում եմ, որ անպայմանորեն տրորելու ենք օձի գլուխը։ Այս զարգացումների համատեքստում պարտադիր պայման է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապվի Ադրբեջանի Հանրապետությանը, դա պատմական անհրաժեշտություն է, շուտափույթ մի կարիք. թերևս կարելի է ասել, որ կյանքի–մահվան հարց է։ Այս միավորման արդյունքում որպես մեկ ձայն, մեկ շունչ, մեկ սիրտ պայքար կմղվի թշնամու դեմ»: Պատերազմական օրերին թուրք գործչի կողմից արված այս հայտարարությունը մեծ ուշադրության չարժանացավ և ընկալվեց որպես հերթական քարոզչական դրվագ: Անհրաժեշտ է նշել նաև, որ Բահչելիի խոսքում չէր օգտագործվել «միջանցք» բառը: Սակայն պատերազմի ավարտից անմիջապես հետո տեղի ունեցած իրադարձությունները փաստում են, որ Դ. Բահչելիի վերոնշյալ հայտարարությունը պատահական չէր և բացահայտում էր Թուրքիայի համար Արցախյան պատերազմում հետապնդած գլխավոր նպատակներից մեկը, այն է՝ ուղիղ անխոչընդոտ ցամաքային կապ ապահովել Ադրբեջանի հետ:
Ադրբեջանի հետ ցամաքային անխոչընդոտ կապի մասին հաջորդ հիշատակումները և քննարկումները մեկնարկեցին 2020 թ. նոյեմբեր 9/10-ի եռակողմ հայատարարության ստորագրումից և լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո: Հետպատերազմյան առաջին օրերին այդ գործում էական դերակատարում ունեցան թուրքական խոշորագույն մեդիաները, որոնք թե՛ թուրքական ու ադրբեջանական, թե՛ արտասահմանյան լսարանին ուղղված իրենց բազմաթիվ նյութերում սկսեցին հետևողականորեն անդրադառնալ «Նախիջևանը Ադրբեջանին միացնող միջանցքին»:
Ընդ որում, տեղեկատվական այդ արշավը ցամաքային կապի գաղափարը ներկայացնում էր որպես կայացած փաստ և եռակողմ հայտարարության գլխավոր ձեռքբերումներից մեկը: Մեդիա արշավը մեկնարկեց նոյեմբերի 11-ին, երբ պետական ու մերձիշխանական համապետական պարբերականների մի զգալի մասը, անդրադառնալով «Ղարաբաղում ձեռքբերված համատեղ հաղթանակին», անպայման նշում էր Թուրքիա-Ադրբեջան ցամաքային կապի ձևավորման «իրողությունը»: Այդ նյութերի մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցից որոշներում քարոզչական ուղերձների թվում «միջանցքի» գաղափարը կենտրոնական տեղ էր զբաղեցնում: Այսպես, մերձիշխանական «TGRT Haber» հեռուստաընկերությունը նոյեմբերի 11-ին իր լրատվական թողարկման ռեպորտաժներից մեկը վերնագրել էր «Թուրքիան ցամաքային ճանապարհով միանում է Ադրբեջանին»: Նույն օրը հեղինակավոր «Milliyet» թերթի «Թյուրքական աշխարհը գրկախառնվեց» վերնագրով խմբագրական հոդվածի ենթավերնագրում նշվում էր, որ «Նախիջևանի ու Ադրբեջանի միջև Հայաստանի տարածքներով նախատեսվող միջանցքն առաջին անգամ ցամաքային ճանապարհով կմիավորի Թուրքիան և Ադրբեջանը»։ Մերձիշխանական «Türkiye օրաթերթի խմբագրականը վերնագրված էր «Միջանցք դեպի Բաքու», որի հիմնական շեշտը հետևյալն էր. «Թուրքիան Ղարաբաղի տարածքով կապվելով Բաքվի և Միջին Ասիայի հետ՝ մեծացնելու է տարածաշրջանում իր հզորությունը»: Նույն օրը եռակողմ համաձայնագրում «Նախիջևանի հետ միջանցքի բացումը» ձեռքբերում է համարում նաև պահպանողական ու իսլամամետ «Karar» օրաթերթը: Օրվա խմբագրականներում միջանցքի մասին նույնաբովանդակ հիշատակումներ էին առկա նաև այլ՝ ավելի փոքր տարածում ունեցող պարբերականներում և թերթերում։ Կարևոր է նաև արձանագրել, որ «միջանցքի» հարցում վերոնշյալ դիրքորոշումն առկա էր քաղաքական դաշտի գրեթե բոլոր բևեռները ներկայացնող ԶԼՄ-ներում, ինչը թույլ է տալիս պնդել, որ դա այս հարցում առկա թուրքական ընդհանուր մոտեցումն է: Պետք է հավելել, որ այդ խմբագրականները մեծամասամբ ուղեկցվում էին նաև համապատասխան քարտեզներով, որոնցում որպես «միջանցք» էր ցուցադրվում Սյունիքի ամբողջ հարավային հատվածի վրայով անցնող ուղին:
Հաջորդող օրերին և շաբաթներին թուրքական պետական և մերձիշխանական մեդիան ակտիվորեն շարունակեց «միջանցքի» գաղափարի հանրայնացումը՝ հնարավոր բոլոր ձևաչափերով: Այսպես, նոյեմբերի 12-ին թուրքական պետական TRT հեռուստաալիքն ուղիղ եթերում անդրադարձ կատարեց «Նախիջևան-Ադրբեջան միջանցքին»: Եթերին միացած թուրք լրագրող Ջ. Մուսլուն Նախիջևան-Հայաստանի Հանրապետություն սահմանային փակ անցակետի մոտակայքից ներկայացնում էր նշված տարածքը որպես վերոնշյալ միջանցքի մեկնակետ, իսկ եռակողմ հայտարարության 9-րդ կետը` որպես «Թուրքիան և Ադրբեջանը առաջին անգամ իրար միացնող ռազմավարական ցամաքային ճանապարհ»: Նոյեմբերի 14-ին Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հրապարակեց «Նախիջևանի միջանցքով կստեղծվի Թուրքիա-Միջին Ասիա գիծը» վերլուծական հոդվածը, որում հեղինակը պնդում էր, որ «Լեռնային Ղարաբաղի օպերացիան ավարտող համաձայնագրի ամենակարևոր նվաճումը Նախիջևանի և Ադրբեջանի միջև միջանցքի ստեղծումն է», որի շնորհիվ Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իմաստով նոր շրջափուլ է բացվելու:
Վերոնշյալ ժամանակահատվածում նմանօրինակ բազմաթիվ այլ հրապարակումներ և տեղեկատվական նյութեր էին հայտնվում թե՛ տեղական, թե՛ համապետական նշանակության թուրքական ԶԼՄ-ներում։ Հաշվի առնելով Թուրքիայի մեդիա դաշտի առանձնահատկությունները, և մասնավորապես իշխանությունների կողմից տարբեր միջոցներով տեղեկատվական դաշտի վրա գրեթե լիարժեք վերահսկողություն ունենալու փաստը՝ կարելի է պնդել, որ «միջանցքի» շուրջ առկա տեղեկատվական արշավը ոչ թե պատահականության, այլ պետական քարոզչամեքենայի կողմից նախաձեռնված և համակարգված գործողությունների արդյունք էր: Արշավի կազմակերպման արագությունից կարելի է նաև եզրակացնել, որ այն ծրագրվել էր նոյեմբերի 9-ի իրադարձություններից շատ ավելի վաղ և ԶԼՄ-ները, ըստ էության, նախապատրաստված էին ու օպերատիվ կերպով ընդգրկվեցին գործընթացում:
«Զանգեզուրի միջանցք»-ի սահմանների և պատմական ենթատեքստի թուրքական պատկերացումները
Հետպատերազմական առաջին օրերին Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա ցամաքային կապի և ընդհանուր սահմանի մասին թուրքական և ադրբեջանական հրապարակումներում այդ հաղորդակցային գիծը նկարագրելու համար օգտագործվում էին տարաբնույթ տերմիններ՝ «Միջանցք դեպի Բաքու», «Նախիջևանի միջանցք», «Զանգեզուրի գիծ», «Մեղրիի միջանցք», «Նախիջևան-Ադրբեջան միջանցք» և այլն: 2020 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսիներին թուրք-ադրբեջանական խոսույթում ավելի հազվադեպ կարելի էր հանդիպել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, սակայն ավելի ուշ՝ 2021 թվականից սկսած, այն դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի թե՛ պետական, թե՛ հասարակական-քաղաքական խոսույթում կիրառվող հիմնական արտահայտությունը:
«Զանգեզուրի միջանցք» անվան ընտրությունը և պաշտոնականացումը պատահական չեն, քանի որ ժամանակակից Թուրքիայում և Ադրբեջանում այն պարունակում է խոսույթային որոշակի իմաստներ և օգտագործվում է կոնկրետ համատեքստում: Մասնավորապես, թուրքական գիտական և քաղաքական ավանդույթում Սյունիքի մարզը (Զանգեզուրը) ներկայացվում է որպես «թյուրքական Նախիջևանի» և Ադրբեջանի միջև գտնվող «պատմական թյուրքական երկրամաս», որը վերածվել է թյուրքական աշխարհն իրարից բաժանող գործոնի՝ սեպի: Ընդ որում, այս խոսույթն առկա էր արդեն 1920-ականներին, երբ հաստատվեցին Հարավային Կովկասի սահմանները: Նշված տրամաբանության հիման վրա «Զանգեզուրի միջանցք» ասելով հասկացվում է ոչ թե Սյունիքի մարզի հարավային շրջանները կամ որևէ առանձին վերցրած ճանապարհ, այլ նկատի է առնվում ողջ Սյունիքի տարածքը։
Դա են հաստատում թուրքական և ադրբեջանական գիտական, փորձագիտական, ինչպես նաև քաղաքական տարաբնույթ աղբյուրներում հրապարակված քարտեզները, որոնց մի զգալի մասում «Զանգեզուրի միջանցք» գրությունը վերագրվում է ոչ թե առանձին ճանապարհի, այլ ՀՀ Սյունիքի մարզին ամբողջությամբ։
Թուրքիայում 2020 թ. նոյեմբերից մեկնարկած քաղաքական և գիտական/ փորձագիտական քննարկումներում «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում պարբերաբար ու առանձնահատուկ կերպով հիշատակվում է նաև 1921 թ. Մուսթաֆա Քեմալի կողմից Նախիջևանի պատկանելության հարցի կարևորումը, դրա համար մղված պայքարը: Մասնավորապես, ըստ գերակա խոսույթի՝ մեր օրերում «միջանցքի» բացումը հնարավոր է Աթաթյուրքի ռազմավարական հեռատեսության շնորհիվ, ով Նախիջևանը դիտարկելով որպես «թյուրքական դարպաս», արել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքը, ինչն էլ այսօր թույլ է տալիս ստանալ «անխոչընդոտ ցամաքային կապ» Թուրքիայի և Ադրբեջանի ու թյուրքական աշխարհի միջև:
Այս տեսանկյունից խոսուն է Թուրքիայի խորհրդարանում Ազգայնական շարժում կուսակցության (MHP) խմբակցության անունից հանդես եկող պատգամավոր Ի. Օզդեմիրի ելույթը, ով «միջանցքի» մասին խոսելով որպես կայացած փաստ, իր խոսքում նշել էր. «Փառք Աստծո, 1921 թ. հիմնադրված և ներկայիս տեսքը պահպանած Թյուրքական դարպասը, որի հանդեպ Աթաթյուրքը մեծ ուշադրություն էր ցուցաբերել, հարյուր տարի անց բացվեց, և Թյուրքական աշխարհը փաստացի միմյանց միանալու և գրկախառնվելու հնարավորություն գտավ: ...Հարյուր տարի առաջ գործադրված ջանքն այսօր հասավ իր նպատակին»: Անդրադառնալով 1920- 1930-ականներին Քեմալ Աթաթյուրքի` կովկասյան ուղղությամբ իրականացված քաղաքականությանը՝ նմանատիպ ձևակերպում է տվել գեներալ Իլքեր Բաշբուղը. «Մուսթաֆա Քեմալի այս քայլերը նրա հեռատեսության, այսինքն՝ տեսլական ունենալու անհավատալի օրինակներն են: ... 1921 թ. Աթաթյուրքի կատարած քայլերը, ցանած սերմերն այսօր՝ շուրջ 100 տարի անց, տալիս են իրենց արդյունքները»: Քեմալ Աթաթյուրքի և «թյուրքական աշխարհի» հիշատակումը հավելյալ իմաստ ու լեգիտիմություն է հաղորդում «միջանցքին»՝ այդպիսով այն տեղավորելով թե՛ պանթյուրքական խոսույթում, թե՛ քեմալական ազգայնամոլական պայքարի շրջանակում՝ որպես «նպատակ, որի հիմքերը դրել է Աթաթյուրքը»:
«Միջանցքի» բացումը՝ պետական քաղաքականություն, նախապայման և սպառնալիք
Թուրքիայի և Ադրբեջանի մեդիա դաշտում անհրաժեշտ տեղեկատվական արշավին զուգահեռ «միջանցքի» թեմային սկսեց անդրադառնալ Թուրքիայի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարությունը: Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի կողմից Նախիջևան-Ադրբեջան «միջանցքի» մասին առաջին հիշատակումը եղել է 2020 թ. նոյեմբերի 10-ին։ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հեռախոսազրույցում նախագահ Էրդողանն ընդգծել էր «Ադրբեջան-Նախիջևան միջանցքի բացման» կարևորությունը։ Հաջորդ օրը Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակության (ԱԶԿ/АКР) խմբակցության նիստում Էրդողանը ևս մեկ անգամ անդրադարձավ «միջանցքին»՝ հայտարարելով, որ «ապահովվելու է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցային կապը և այդ նպատակով նոր ճանապարհ է կաառուցվելու»։ Օրեր անց իր մեկ այլ ելույթում Էրդողանը նշում է, որ «միջանցքի շնորհիվ Թուրքիան և Ադրբեջանը կհասնեն անխոչընդոտ ցամաքային կապի»։ Հաջորդիվ իր բազմաթիվ ելույթներում նախագահ Էրդողանը պարբերաբար անդրադառնալում է «միջանցքի» թեմային՝ դրա համար օգտագործելով տարբեր բնորոշումներ։
Նախագահ Էրդողանից զատ «միջանցքի» ելույթներ են ունեցել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այդ ելույթների ու հայտարարությունների բովանդակայական վերլուծությունը ցույց է տալիս, որ «միջանցքի բացումը» արձանագրվում է որպես Արցախյան պատերազմում Թուրքիայի ամենամեծ (կամ գլխավոր) ձեռբերում։ Այս տեսանկյունից հատկապես առանձնանում են Թուրքիայի խորհրդարանում թեմայի առնչությամբ առկա քննարկումները։ Հատկանշական է, որ դրանց մասնակցում են բոլոր՝ այդ թվում և՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, և աջակցություն հայտնում իշխանության կողմից առաջարկված միասնական օրակարգին: Խորհրդարանական այս քննարկումներում պատգամավորների կողմից «Նախիջևանի միջանցք», «Զանգեզուրի գիծ» և այլ նմանատիպ արտահայտություններին զուգահեռ առաջին անգամ կիրառվել է նաև կոնկրետ «Զանգեզուրի միջանցք» եզրը: Այսպես, 2020 թ. նոյեմբերի 10-ին Թուրքիայի խորհրդարանի հերթական նիստում ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության պատգամավոր Ա. Ա. Անդիջանն իր ելույթում նշեց. «Գիտե՛ք, որ Հայաստանը երեկ հանձնվեց, և հանձնվելու պայմանների մեջ մի շատ կարևոր բան կա, և դա հետևյալն է. հայերն ընդունել են, որ Նախիջևանի և Ադրբեջանի միջև «Զանգեզուրի միջանցքը» բացվի։ Սա շատ մեծ իրադարձություն է, Թուրքիայի Հանրապետության, թյուրքական պետությունների տեսանկյունից կարևոր է»։
Նույն օրն իշխող ԱԶԿ խմբակցության անունից ելույթ ունեցող պատգամավոր Մ. Էրդողանը, անդրադառնալով միջանցքին, հայտարարեց. «Այսօր Ղարաբաղում էլ շատ լուրջ զարգացումներ են եղել։ Այնտեղ ամենակարևոր իրադարձություններից մեկը Նախիջևանի և Ադրբեջանի միջև միջանցքի ձևավորումն է։ Հարգելի՛ ընկերներ, այս միջանցքը չափազանց կարևոր է, քանի որ վերացնում է այն արգելքը, որը հայտնվել է միայն վերջին 100 տարում և որը բաժանում է Անատոլիան Կովկասից: Սրանից հետո մենք դեպի Կովկաս գնալու ենք ոչ միայն Վրաստանով, այլև Նախիջևանով, Ադրբեջանով և Հայաստանի միջանցքով»։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի 17-ին տեղի ունեցած խորհրդարանական մեկ այլ քննարկման ժամանակ դարձյալ անդրադարձներ են եղել «միջանցքի» հարցին՝ ընդգծելով դրա կարևորությունը Թուրքիայի համար: Միաժամանակ նշվում էր, որ «Թուրքիան և Ադրբեջանը պետք է գործադրեն անհրաժեշտ նյութական և ոչ նյութական բոլոր ջանքերը, որպեսզի 40-45 կիլոմետրանոց այդ ճանապարհը կառուցեն»:
Նույն ժամանակահատվածում Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավի հետ զուգահեռ միջանցքի մասին է սկսում խոսել նաև Ադրբեջանի նախագահը՝ հայտարարելով. «Պատերազմի արդյունքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօրվա քննարկումների թեման է: Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է։ Այս հարցն առանձնահատուկ կերպով արտացոլված է եռակողմ հայտարարության մեջ, ինչը միաժամանակ մեր մեծ քաղաքական հաղթանակն է։ Ներկայումս ընթանում է ակտիվ աշխատանք «Զանգեզուրի միջանցքի» գործունեության ուղղությամբ, կան շատ առաջարկներ, բազմաթիվ տրանսպորտահաղորդակցային նախագծեր արդեն սեղանին են, քննարկվում են, ինչը և դառնալու է մեր հերթական պատմական հաջողությունը»։ «Միջանցքի» հարցը Ալիևը դիտարկում է անցյալի, ներկայի և ապագայի տիրույթում՝ նշելով. «Զանգեզուրի միջանցքի ստեղծումն ամբողջությամբ համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական ու ապագա շահերին»: Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի իշխանությունների այս խոսույթի քարոզմանը և հանրայնացմանն ամբողջությամբ լծված են տեղական ԶԼՄ-ները:
Հարկ է փաստել, որ արդեն 2020 թ. նոյեմբեր-դեկտեմբերին «միջանցքը» դարձել էր թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության, մամուլի, փորձագիտական խոսույթի կարևոր մասը: Ընդ որում, Թուրքիայում և Ադրբեջանում «միջանցքը» լոկ հռետորաբանություն չէ, այլ հստակ պետական քաղաքականության կարևոր բաղկացուցիչ տարր, որի ուղղությամբ սկսեցին հետևողական քայլեր արվել։ Մասնավորապես՝ Իլհամ Ալիևը խոսելով կոնկրետ քաղաքական ծրագրերից՝ հայտարարեց. «Նոր նախագծերից ես կցանկանայի նշել Զանգեզուրի միջանցքը։ Այս նախագիծն առաջ է քաշվել Ադրբեջանի կողմից: Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում մեր հաղթանակից հետո այս հարցը մտցվել է միջազգային օրակարգ, միջազգային բառապաշար, և այսօր «Զանգեզուրի միջանցքը» աշխարհում համընդհանուր ընդունված արտահայտություն է, տերմին է։ Եվ իհարկե, մենք իրականացնում ենք պրակտիկ քայլեր միջանցքի բացման համար»։ 2021 թ. հունիսին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում էր, որ ««Զանգեզուրի միջանցքը» մեծ կարևորություն ունի», իսկ արդեն 2023 թ. նշում էր, որ. «...վայրկյան առաջ այս միջանցքի բացման համար անելու ենք մեր ձեռքից եկածը։ Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի իրականացումը ռազմավարական հարց է և անպայման պետք է ամբողջացվի»: 2023 թ. հուլիսին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարեց. «Զանգեզուրի հարցը արագ լուծելը... կնպաստի երկու երկրների հարաբերությունների հզորացմանը»։ Իր մեկ այլ ելույթում Էրդողանը, անդրադառնալով «միջանցքին», հայտարարում էր. «Օրը կգա, երբ Զանգեզուրից դուրս կգանք և կկարողանանք գալ Ստամբուլ»:
Բացի նախագահներից, Թուրքիայի և Ադրբեջանի բազմաթիվ այլ պաշտոնյաներ նույնպես արտահայտվել են «միջանցքի» մասին, որպես իրենց երկրների համար գերկարևոր քաղաքական խնդիր: Օրինակ՝ 2021 թ. մայիսի 25-ին Ադրբեջանի խորհրդարանի տարածաշրջանային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ս. Նովրուզովը հայտարարեց, որ պատերազմից հետո Ադրբեջանի առջև կանգնած 4 հիմնական խնդիրներից մեկը «ինչ գնով էլ լինի՝ Զանգեզուրի միջանցքի բացումն է», որին պետք է ծառայեն Ադրբեջանի բոլոր ջանքերը:
Հարկ է նշել, որ 2021 թ. հունիսի 15-ին օկուպացված հայկական Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրվեց «Շուշիի հռչակագիրը», որի կետերից մեկում ասվում է հետևյալը. «Կողմերը հայտնում են, որ Թուրքիան ու Ադրբեջանը միավորող Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև միջանցքի («Զանգեզուրի միջանցք») բացումը և որպես վերոնշյալ միջանցքի շարունակություն Նախիջևան-Կարս երկաթգծի կառուցումը ներդրում կունենան երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցային հարաբերությունների խորացման համար»: Միաժամանակ, «Շուշիի հռչակագրով» «Զանգեզուրի միջանցք» եզրույթին տրվեց «կարգավիճակ», ինչից հետո այն դարձավ թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական պետական–պաշտոնական հռետորաբանության մեջ կիրառվող գլխավոր տարբերակը, որը մեխանիկորեն իր ազդեցությունն ունեցավ հանրային, փորձագիտական և մեդիայի խոսույթում:
Թուրքիայի և Ադրբեջանի հարավկովկասյան քաղաքականության համար «Զանգեզուրի միջանցքի» գերկարևորության մասին է վկայում այն փաստը, որ այն վերածվել է Հայաստանի հետ վարվող բանակցությունների գլխավոր նախապայմաններից մեկին, և չնայած որ Հայաստանից բազմիցս հնչել է պաշտոնական հայտարարություն առ այն, որ դեմ են «միջանցքային տրամաբանությամբ» որևէ նախաձեռնության, սակայն թուրք–ադրբեջանական հռետորաբանության մեջ այդ հարցը ներկայացվում է իբրև թե Հայաստանի կողմից տրված խոստում։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում Էրդողանը հայտարարեց, որ «սպասում ենք, թե երբ է Հայաստանը կատարելու իր խոստումները՝ առաջին հերթին «Զանգեզուրի միջանցքի» բացումը»։ Մի քանի օր անց Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «միջանցքի» բացումը դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայմանն է. «Ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք պատրաստ ենք Հայաստանի ղեկավարության հետ քայլ առ քայլ զարգացնել մեր հարաբերությունները, եթե այն սկսի կատարել իր խոստումները: Մասնավորապես, խոսքը «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին է»։ Ավելի ուշ՝ 2024 թ. հուլիսին Էրդողանը նշում էր, որ ««Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության համաձայնագրի վերջնական, այն ամփոփող քայլն է:
... Ադրբեջանի, Ալիևի համար այդ միջանցքը շատ կարևոր է»:
«Միջանցքի» հարցը որպես Հայաստանին ներկայացվող թուրք-ադրբեջանական նախապայման բացահայտ և լայնորեն տարածված է այդ երկրների քաղաքական շրջանակներում: Այդպիսի օրինակ է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Լավ» կուսակցության անունից հանդես եկող Ա. Ահաթ Անդիջանի ելույթը, որում նա ևս նշում է միջանցքը որպես Հայաստանի հետ սահմանների բացման գլխավոր նախապայման. «Հարգելի՛ գործընկերներ, ես ձեր այն ընկերն եմ, որ 1996 թ. կառավարության ծրագրում մտցնել եմ տվել այն հոդվածը, որ «Քանի դեռ Ադրբեջանը չի հաստատել, որ Ղարաբաղի հարցը լուծված է, Թուրքիան չի բացելու այդ (ՀՀ հետ – հեղ.) սահմանը»: Ավելի ուշ, երբ նախարար էի, դա գրել եմ տվել նաև 55-րդ կառավարության ծրագրում։ Իսկ այժմ, ճակատագրական կետը հետևյալն է։ Այդ սահմանի բացումը Թուրքիան պետք է տեղափոխի այլ հարթակ և պետք է ասի, որ. «Զանգեզուրի անցումի բացման դեպքում ես կբացեմ այս սահմանը: Իսկ եթե հարց ունեք Զանգեզուրի՝ այսինքն Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի թեմայով, ապա սահմանները բացելու տարբերակ չկա։ Սա պետք է ասվի և մի բան պետք է արվի»։
Այդ համատեքստում, բացի նախապայմաններ առաջ քաշելուց, Թուրքիան և Ադրբեջանը հնչեցնում են նաև սպառնալիքներ՝ ուղղված «միջանցքի» բացման դեմ հարուցվող «հնարավոր բոլոր խոչընդոտներին»։ Այսպես, 2021 թ. մարտի 5-ին Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության համագումարում նախագահ Ալիևը հայտարարեց, որ «Այսօր Հայաստանը խուսափում է համագործակցությունից։ Փորձում է խանգարել «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը: Բայց չի հաջողելու։ Մենք կստիպենք, կստիպե՛նք։ Մենք կհասնենք մեր առջև դրված նպատակներին, ինչպես որ նրանց վռնդեցինք մեր հողերից»: Հետագա հայտարարություններում սպառնալիքներն ավելի բացահայտ և սուր բնույթ էին կրում և Ադրբեջանի նախագահի կողմից պարբերաբար հնչում են հարցը՝ ուժով լուծելու հայտարարություններ. «Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը, ուզում է դա Հայաստանը, թե ոչ։ Եթե կուզի, ապա ավելի հեշտությամբ կլուծենք, եթե չուզի, կլուծենք ուժով։ Այնպես, ինչպես մինչև պատերազմը և դրա ընթացքում ես ասում էի, որ նրանք (հայերը խմբ.) իրենց կամքով պետք է կորչեն հեռու մեր հողերից կամ էլ մենք ուժով նրանց կվռնդենք։ Այդպես էլ եղավ։ Այդպիսին էլ կլինի Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը»: 2025 թ. հունվարին Ալիևը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի: Որքան շուտ նրանք (հայերը – հեղ.) դա հասկանան, այնքան լավ: Մենք չենք կարող մնալ նման իրավիճակում։ Ինչո՞ւ մենք պետք է երթևեկենք Նախիջևան, որն Ադրբեջանի անքակտելի մասն է, տարբեր ուրիշ ճանապարհներով: Մենք պետք է ունենանք ուղիղ կապ... Արդեն ավելի քան 4 տարի մենք համբերատար սպասում ենք: Արդեն ավելի քան 4 տարի մենք ուզում ենք, որ այս հարցը բանակցությունների ճանապարհով լուծվի։ Որքա՞ն մենք պետք է սպասենք և ինչո՞ւ պետք է սպասենք: Այսինքն՝ նրանք դա պետք է հաշվի առնեն: Ես մի անգամ ասել եմ. չարժե, որ նրանք մեզ նյարդայնացնեն, և նրանք պետք է հասկանան, որ այստեղ ձայնի իրավունքը մեզ է պատկանում։ Ադրբեջանը Հարավային Կովկասում առաջատար տնտեսություն է, առաջատար ռազմական ուժ և առաջատար պետություն: Ժամանակակից աշխարհում ուժի գործոնն առաջնային պլանում է, և ոչ մեկը չպետք է մոռանա այդ մասին»: Նկատենք և փաստենք, որ նմանատիպ սպառնալիքներ պարունակող հայտարարություններն ունեն պարբերական բնույթ:
Այսպիսով, կարող ենք ասել, որ հետպատերազմյան փուլում՝ 2020 թվականից սկսած թե՛ Թուրքիան, և թե՛ Ադրբեջանը մշտապես բարձրաձայնել են «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին՝ որպես խաղաղության և Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման նախապայման: Հետաքրքրական է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը երբեմն դիմում է տարբեր մանևրների, օրինակ՝ առաջին շրջանում Թուրքիան պաշտոնական մակարդակում «միջանցքի գաղափարը» հաճախ ներկայացնում էր որպես «Ադրբեջանի նախագիծ», ինչը պատմական և տարաբնույթ այլ փաստերի լույսի ներքո հերքվում է, քանի որ իրականությունը լիովին այլ է, ու դա հստակ թուրք-ադրբեջանական դարավոր ծրագիր է: Հենց Ադրբեջանից հնչող հայտարարություններն են վկայում, որ Թուրքիան մասնակից կողմ է։ Այսպես, 2021 թ. ապրիլին Ի. Ալիևը հայտարարել է. «Ինչպես գիտեք, այսօր մենք բանակցում ենք ապաշրջափակման և հատկապես Զանգեզուրի միջանցքի բացման համար: Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության։ Թեև Թուրքիան եռակողմ աշխատանքային խմբի անդամ չէ (նկատի ունի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի խումբը), սակայն մենք տեղեկություններ ենք տրամադրում այն հարցերի շուրջ, որոնք բանակցում ենք»։
Ռուբեն Մելքոնյան
Վարուժան Գեղամայան
Հատված «Թուրանի ճանապարհի հայկական սեպը․ «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցը (20-21-րդ դարեր)» գրքից