ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ... (Մտորումներ գրողի ծննդյան 80-ամյակի առիթով)

20.02.2020 12:04
1530

Իր ներկայությամբ եւ արդեն բացակայությամբ Ռուբեն Հովսեփյան հայ գրողն ու գործիչը, հայ ազդեցիկ ու մեծանուն անհատականությունը շարունակում է հաստատուն ազդեցությամբ ներգործել հայ գրական ու հասարակական-քաղաքական մտքի վրա, շարունակում է ոչ միայն ազգի ու երկրի ներսում ավելացնել իր համակիրների ու հետեւորդների թիվը, այլեւ բազմապատկել հայ գրականության եւ մշակույթի նվիրյալների ու բարեկամների թիվը օտարազգիների շրջանում եւ շրջապատում։

Կամոքն Աստծո նա եղավ այն անհատականությունը, որը կոչված էր նոր չափանիշներ ու սկզբունքներ գտնել ու ներարկել հայ գրական ու հասարակական մտքի ընթացքին, նոր մթնոլորտ ձեւավորել գրական միջավայրի մարդկանց համար (ո՛չ միայն գրողների, այլեւ ընթերցող հանրության համար)։

Ռուբեն Հովսեփյանը հայ ազգային մտածողությամբ եւ ազգային նկարագրով օժտված անհատ էր։ Վերոնշյալ հատկանիշներով եւ ունակություններով նա առանձնանում էր շատերից եւ բացառիկ դիրք էր գրավում գրական եւ հասարակական միջավայրերում։ Ավելին, ինքը որպես տաղանդաշատ անհատականություն կարողանում էր իր ուզած, իր ցանկացած մթնոլորտը հասունացնել, ձեւավորել եւ՛ գրական, եւ՛ հասարակական միջավայրերում։

Ռուբեն Հովսեփյան հայ անհատը եզակի էր շատ առումներով։ Բայց նաեւ ու հատկապես այն առումով, որ նրա գիրը, քարոզած գաղափարը երբեք չտարբերվեցին ու հակասության մեջ չմտան իր ընդհանուր ապրելակերպի եւ առօրյա-ամենօրյա վարքագծի հետ։

Նա այն էր կյանքում, իրականության մեջ, ինչը եւ ինչպես որ կար իր գրքերում, հոդվածներում, հարցազրույցներում եւ հրապարակային ելույթներում։

Նա՝ Ռուբեն Հովսեփյան հայ գրողը չուներ մի ճշմարտություն անձնական կյանքի եւ մի այլ ճշմարտություն՝ գրական կյանքի ու գրականության համար։

Իմ խորին համոզմամբ, նա այդպիսին է եղել իր գիտակցական կյանքի բոլոր փուլերում, այն ժամանակ, երբ առաջին ստեղծագործական քայլերն էր անում, եւ երբ մենակ էր, առանց փառքի եւ զորեղ ընկերական ու կուսակցական միջավայրի։ Եվ այդպիսին էր իր կյանքի վերջին, փառահեղ ու ամենափառահեղ տասնամյակներին, երբ համաժողովրդական փառքը իր ամուր թեւերով գրկել էր նրան, երբ իր խոսքը ընկալվում եւ ընդունվում էր որպես որոշում ու վճիռ գրական, հասարակական ու կուսակցական ոլորտներում։

Առաջին գործերից եւ գործունեության առաջին քայլերից մինչեւ վերջ, մինչեւ երկրային կյանքի ավարտը, Ռուբեն Հովսեփյանը հավատարիմ մնաց իր ստեղծած ու մշակած սկզբունքներին, որոնց մեջ առաջինն ու ամենակարեւորը արժանապատվության ու արժանապատիվ ընթացքի գիտակցումն ու կարեւորումն էր։ Հայ գրողի, Հայաստանի քաղաքացու եւ հայ մարդու զարմանալիորեն վերին աստիճանի արժանապատիվ ընթացքով եւ ուղիով նա գնաց մինչեւ վերջ, այդ ճանապարհին երբեք չսայթաքելով ու չսակարկելով։

Առհասարակ, որեւէ գրական, ազգային ու համամարդկային արժեքի եւ սկզբունքի հետ կապված նա չէր կարող գնալ սակարկման ու զիջումների, չէր կարող համաձայնվել ու հանդուրժել, երբ խնդրահարույց հարթակին էր դրվում հայոց արժեհամակարգի, մեր ինքնության եւ պատմության կարեւոր մի դրվագ կամ էտապ, ազգային գործչի անուն, ճակատագրական դեպք եւ իրադարձություն։

Հենց ինքը՝ մեծանուն գրողը իր երկնած գրականությամբ, ապրած ազնվական կյանքով եւ անբասիր վարքագրությամբ այնպես նմանվում էր իրեն ծնած ժողովրդի հավաքական կերպարին։

Հայոց դարերի խորհուրդն իր մեջ կրող գրողը ապրեց, ստեղծագործեց մեր պատմության բարդ, խրթին ու դրամատիկ ժամանակներում: Պատերազմը Մեծ Հայրենականն էր (նրա մանկության եւ պատանեկության շրջան), որտեղ այնքան շատ հայի արյուն թափվեց, որը, սակայն, Հայկական հարցի լուծմանն ու կարգավորմանը որեւէ նպաստ չբերեց: Հետո խորհրդային իրականության վայրիվերումներով լեցուն փուլերն էին՝ խրուշչովյան ձնհալքի շրջանը եւ, ապա, բրեժնեւյան գորշ ու գարշելի լճացմանը: Ազատ, ստեղծագործ մտքի համար, իհարկե, ոչ հաճելի ու նպաստավոր դարաշրջան:

Խորհրդային կարգերի փլուզումից հետո սկսվեց ազգային կյանքի բուռն ու աննախադեպ զարթոնքը:

Դա իսկապես եւ իրականորեն Ռուբեն Հովսեփյանի երազած ու փայփայած ժամանակն էր: Գալիս էր այն Հայաստանն ու այն հայրենիքը, որը դարերով էին երազել հայ սերունդները: Անկախ ու Ազատ Հայաստանի զանգերն էին բարձր ու զիլ ղողանջում: Իր՝ ազնիվ, գաղափարական ու ոգեշունչ անհատի երազանքների իրագործման ժամանակն էր իսկ:

Եվ նա՝ Հովսեփյան գրողն ու հայորդին լծվեց ստեղծագործական ու հասարակական-քաղաքական բուռն ու բերքառատ գործունեության: Նրա շուրջը համախմբվում էին համախոհ ու գաղափարակից բազմաթիվ հայորդիներ:

Ռուբեն Հովսեփյանն իր բազմաբովանդակ գործունեությամբ ազգային արժեհամակարգը, ազգային-բարոյական կոդեքսն էր հիմնավորում, վերականգնում եւ վերաիմաստավորում մեր հասարակական, մշակութային, քաղաքական կյանքի մեջ եւ դա անում էր բնական ու բնականոն կերպով, առանց կեղծ ջանքերի եւ արտաքին շլացնող դրսեւորումների:

Հետո նրա զգայուն հոգին գերագույն ուշադրությամբ բեւեռված էր մարտնչող Արցախի ուղղությամբ: Արցախյան ռազմադաշտերում ընթացող իրադարձությունները փոթորկել էին նրա հոգեւոր աշխարհի բոլոր անկյունները: Եվ այդ առումով նրա դերակատարությունը, նրա խոսքն ու գործը դեռ հետագայում պետք է իմաստավորվի ու ամբողջանա:

Այնուամենայնիվ, այսօր եւս պետք է արձանագրել հատկապես հետեւյալը. Ռուբեն Հովսեփյան հայ գրողը, հայ գործիչը ոչ մի կերպ չէր կարող պատկերացնել, որ հայկական Ազատամարտի այս նոր փուլը 20-րդ դարավերջին կարող է ավարտվել այլ կերպ, քան հայոց հաղթանակով: Նա ոչ մի կերպ չէր կասկածում, այո՛, հայոց հաղթանակին, չէր կասկածում, որ Արցախի դարերը վերստին հայերեն են գալու: Պատերազմի տարիներին նրա գրած հրապարակախոսական հոդվածները, ելույթներն ու հարցազրույցները այդ ամենն են հաստատում: Նա դեմ էր հուսահատության եւ պարտվողականության ամեն մի դրսեւորմանը, ում կողմից էլ եւ ինչպես էլ այն արտահայտվելիս լիներ: Այո՛, այդ ծանրագույն, դժնդակ տարիներին Ռուբեն Հովսեփյան հայը ոչ միայն երբեւիցե հուսահատ չդարձավ, այլեւ հայոց բարոյական բարձր ոգու կրողը հանդիսացավ:

Պատերազմի աստվածը այս անգամ հայոց կողմն էր եւ Փառավորվեց հայոց ոգին կերտած անկասելի հաղթանակով: Զինադադարից հետո, խաղաղ կոչված այս տարիների ընթացքում Ռուբեն Հովսեփյանը ոչ միայն որպես հայ գրող եւ հանրային գործիչ, այլեւ որպես օրենսդիր բարձր պաշտոնյա՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանական ամբիոնից մշտապես զգոնության ու զգաստության էր կոչում հայրենի իշխանություններին, որպեսզի Արցախի անվտանգությունն ապահովված լինի ամենաբարձր մակարդակով:

Ռուբեն Հովսեփյանի թողած ժառանգությունը հարուստ է, նրա կտակած դասերն ու պատգամները՝ խորապես արդիական, ազգանվեր ու ազգօգուտ:

Մենք՝ մեր առողջ հանրությամբ այսուհետեւ միշտ ու մշտապես նայելու ենք հայոց հավերժական խորհուրդն իր մեջ կրող, հավերժի ճանապարհին կանգնած գրողի ուղղությամբ: Նրա գործն ու անունը, գրական աննման, բարձրարժեք ստեղծագործությունները հարատեւորեն դառնալու են մեր երթի անբաժան ուղեկիցը:

Ուրեմն, փառք նրա անվանն ու խոնարհում նրա մաքուր անբիծ հիշատակին։

 

Արմեն Կարապետյան

ՀՀ լրագրողների միության անդամ,

Պատմական գիտությունների թեկնածու,

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի

ավագ գիտաշխատող

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06