Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքիայի եւ Ադրբեջանի հեռահար նպատակը Սյունիքն է, ես դրանում չեմ կասկածում»

03.02.2022 17:47
3638

Հարցազրույց արեւելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի հետ

-Պարոն Սաֆրաստյան, նախ՝ շնորհակալություն՝ մեր լրատվամիջոցին հերթական անգամ հարցազրույց տալու պատրաստակամության համար:

Դուք ճանաչված թուրքագետ եւ օսմանագետ եք, Թուրքիայի նոր եւ նորագույն պատմությանը, նաեւ այդ երկրի արտաքին քաղաքականությանը նվիրված բազմաթիվ գիտական աշխատությունների եւ հետազոտությունների հեղինակ:

Ուստի եւ՝ հետաքրքիր են Ձեր նկատառումները հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքի վերաբերյալ:

Բայց փորձենք նախեւառաջ անդրադառնալ պատմական հենքին:

Այսպես՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքվեց բարեկամության պայմանագիր՝ մի կողմից Ադրբեջանական ԽՍՀ-ի, Հայկական ԽՍՀ-ի եւ Վրացական ԽՍՀ-ի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջեւ, եւ, իհարկե, Ռուսաստանի մասնակցությամբ:

Դա, կարելի է ասել, կրկնում էր 1921, 1925 թվականների Սովետաթուրքական պայմանագրերի հիմնական դրույթները:

Հիմա՝ Հայաստանը ճանաչո՞ւմ է այդ պայմանագրերը, եւ արդյո՞ք խնդիրներ չունենք այդ փաստաթղթերի հետ:

-Այդ փաստաթղթերը, մասնավորապես Կարսի պայմանագիրը, մեր հասարակության մեջ, մեր ժողովրդի կողմից անարդարացի է ճանաչվում, որովհետև հիմնվում է 1921 թ. մարտին կնքված Մոսկվայի պայմանագրի վրա, որի կնքմանը Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել, այսինքն` Հայաստանի սահմանները որոշվել են անկախ մեզանից,  առանց մեր ներկայության, ինչն անարդարացի էր: Եվ այդ անարդարությունը պարտադրվեց Խորհրդային Հայաստանին՝ արդեն Կարսի պայմանագրով, այդ պատճառով հայ ժողովուրդն այն ճանաչում է  որպես անարդարացի: Հայկական կողմից պաշտոնական ոչ մի հայտարարություն չի եղել, ուստի և կարող եմ ասել՝  Հայաստանը պաշտոնապես ճանաչել է  Կարսի պայմանագիրը: Իհարկե, Հայաստանը դառնալով ՄԱԿ-ի անդամ՝ ճանաչել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների սահմանները: Ակնհայտ է, որ միջազգային կազմակերպության  անդամ դառնալով` դու ճանաչում ես այդ կազմակերպության անդամ երկրների սահմանները, բայց կոնկրետ Կարսի պայմանագրի վերաբերյալ Հայաստանը ոչ մի հայտարարություն չի արել:

-Մեկ անդրադարձ եւս պատմությանը՝ Սեւրի հաշտության պայմանագրին՝ 1920-ի օգոստոսին ստորագրված: Դրանով, թղթի վրա, հաստատվեցին հայ ժողովրդի պահանջներն ու իրավունքներն Արեւմտյան Հայաստանում:

Լոզանի 1923-ի պայմանագրով Սեւրի հաշտության պայմանագիրը չեղյալ հայտարարվեց:

Հայաստանը եւ, իհարկե, այդ պայմանագրի կողմ երկրներն ի՞նչ դիրքորոշում ունեն Սեւրի հաշտության ու Լոզանի պայմանագրի հանդեպ:

-Սևրի պայմանագիրը, իհարկե, մեր ժողովրդի դարավոր ձգտումների իրականացումն էր՝ որոշ չափով: Ցավոք սրտի, այդ պայմանագիրը չվավերացվեց, օրենքի ուժ չստացավ: Բայց Սևրի պայմանագրի ստորագրումից հետո եղավ Վիլսոնի իրավարար  որոշումը, որի հիման վրա որոշվեց Հայաստանի ու Թուրքիայի սահմանը, որը մենք ընդունում ենք՝ և՛ պատմագիտական միտքը, և՛ տարբեր քաղաքական կուսակցություններ, տարբեր քաղաքական շրջանակներ: Սևրի պայմանագիրը պատմական փաստ է, որն ուժի մեջ չմտավ, բայց շատ կարևոր հանգամանք է մեզ համար: Մյուս կողմից՝ Լոզանի պայմանագրով փաստորեն հայկական հարցը փակվեց, որովհետև դրա մեջ  ոչ մի խոսք չկա Հայաստանի մասին: Մինչև Լոզանի պայմանագրի կնքումը խոսակցություններ էին շրջանառվում, թե այդ պայմանագրում պիտի արտահայտվի հայկական հարցը, բայց ի վերջո թուրքական պատվիրակությունը, որ ղեկավարում էր Իսմեդ Ինյոնուն, ով հետագայում դարձավ Թուրքիայի երկրորդ նախագահը, հասավ այն բանին, որ դուրս հանվեց, այսինքն՝ կարելի է ասել, որ 1921 թվականից սկսած՝ Թուրքիայի ջանքերի շնորհիվ,  Մոսկվայի և Կարսի պայմանագրերից հետո հայկական հարցը դուրս մղվեց միջազգային թատերաբեմից: Լոզանի պայմանագրի շուրջ, շատ հետաքրքիր կերպով, Թուրքիայում  սկսում են ձայներ  հնչել ներկայումս, թե պիտի վերանայվի Լոզանի պայմանագիրը, որովհետև դա անարդարացի է, այսինքն՝ հենց Թուրքիայում են բարձրացնում այդ խնդիրը, նույնիսկ  Էրդողանն է դրան անդրադարձել: Ինչո՞ւ, որովհետև Լոզանի պայմանագրով ամրագրվեցին Թուրքիայի այն սահմանները, որոնք որոշ չափով չեն համապատասխանում Ազգային ուխտի սահմաններին, որ ընդունվել էր 1920 թվականին Օսմանյան խորհրդարանի կողմից: Եվ հիմա Թուրքիայում ձայներ են հնչում, թե դրանից պիտի ազատվել ու վերականգնել Ազգային ուխտի սահմանները: Այնպես որ՝ Լոզանի պայմանագրի վերականգնման խնդիրը Թուրքիայում է դրվում, արդեն պաշտոնական ներկայացուցիչներն են այդ մասին խոսում: Բայց պաշտոնապես օրակարգային հարց չի դարձել:  Ինչ վերաբերում է Սևրի պայմանագրին, ապա այն շատ կարևոր հանգամանք է մեզ համար, չմոռանանք, որ դա փոքրիկ մասով էր վերաբերում հայկական հարցին: Սևրի պայմանագիրը փորձ էր հետպատերազմյան պայմաններում, Օսմանյան կայսրության  պարտության պայմաններում վերաձևավորել  Մերձավոր Արևելքը: Ողջ Մերձավոր Արևելքին է անդրադառնում այդ պայմանագիրը՝ ելնելով Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրից, որով հիմք դրվեց ժամանակակից Մերձավոր Արևելքին՝ իր պետականություններով, որոնք առաջացան  նախկին Օսմանյան կայսրության տարածքում: Այստեղ կարևոր հանգամանք կա, որ չպիտի  մոռանանք: Դա այն է, որ Մերձավոր Արևելքը մտել է մի փուլ, երբ այն պետությունները, որոնք ստեղծվել էին ըստ Սևրի պայմանագրի, դրանցից մի քանիսն  ըստ էության շատ ծանր վիճակում են. պետական մեխանիզմները չեն գործում: Տեսեք՝  ինչ է կատարվում Եմենում, Սիրիայում, Լիբիայում, Լիբանանում, Իրաքն ինչ վիճակի հասավ, այսինքն՝  կարծում եմ՝  Մերձավոր Արևելքում այդ պրոցեսները, որ հիմա սկսվել  են, ու եթե  զարգանան՝ կհանգեցնեն մի  իրավիճակի, որ անհրաժեշտություն կառաջանա նորից անդրադառնալ Սևրի պայմանագրին՝ իբրև նախադեպ, և նոր պայմաններում մի նոր պայմանագիր կնքել Մերձավոր Արևելքի վերաբերյալ: Սա առաջին:

Երկրորդ՝ մենք տեսնում ենք, որ մի քանի տասնյակ միլիոնանոց քուրդ ժողովուրդը չունի  իր պետականությունը, և համոզված եմ՝  պատմական օրինաչափությունն այնպիսին է, որ վաղ թե ուշ պիտի ստեղծվի քրդական պետականություն՝ Մերձավոր Արևելքի երկրներից մեկի կամ մի քանիսի տարածքի վրա: Կգա այդ ժամանակը: Եվ երբ սկսվի քրդական պետականության ձևավորման գործընթացը, խոշոր տերությունները, որոնք կփորձեն այդ գործընթացը կառավարել, ուզած-չուզած պիտի անդրադառնան  Սևրի պայմանագրին: Ինչո՞ւ, որովհետև Սևրի պայմանագիրը միակ  միջազգային փաստաթուղթն է, որ ստորագրվել է այն երկրների կողմից, որտեղ խոսվում է  քրդական պետության մասին: Սևրի պայմանագրով քուրդ ժողովրդին իրավունք է վերապահվում ստեղծել իր  անկախ պետականությունը: Սևրի պայմանագիրը քրդական պետականության ստեղծման դեպքում էլ հանդիսանալու է որպես նախադեպ, որի հիման վրա պիտի որոշվեն քրդական նոր պետության սահմանները: Ուստի՝ Սևրի պայմանագիրը, լինելով պատմական փաստ,   այս վերջին աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում որոշակի արդիականություն կարող է ձեռք բերել, որին ուզած-չուզած պիտի անդրադառնալ: ՈՒ այս պայմաններում,  համոզված եմ, Հայաստանը պիտի պատրաստ լինի, որպեսզի կարողանանք  որոշակի ձեռքբերումներ ունենալ: 

-Եվ, այդ բոլորով հանդերձ, Հայաստանը գնում է Թուրքիայի հետ հաշտության…Ըստ Ձեզ՝ Թուրքիան ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ մեկնարկած բանակցություններից:

Որքան էլ ասենք՝ առանց նախապայմանների են բանակցությունները լինելու, իրականում այնքան էլ այդպես չէ, Թուրքիան դեռեւս 1990-ականներից նախապայմաններ է մեզ առաջադրում: Իսկ վերջին օրերին Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիան քննարկման առարկա է դարձրել կառավարությունում եւ երկրի անվտանգության խորհրդում:

-Թուրքիայի նպատակը և ակնկալիքները շատ պարզ են, որոնք արտահայտել է Թուրքիայի արտգործնախարար Չաուշօղլուն՝ հետևյալ կերպ.  մենք ուզում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները լիովին կարգավորել: Այս դիվանագիտական ձևակերպման մեջ արտահայտվում է նրանց ողջ նպատակը, Հայաստանին վերաբերող հարցերի համալիրը կարգավորման գործընթացի մեջ լուծելու ձգտումը, այն է՝ հարցերը կարգավորել իրենց ուզած, նախընտրած ձևով, այսինքն՝ Ձեր նշած նախապայմանները կդնեն բանակցային սեղանին՝ որոշակի փուլերով: Պարտադիր չէ, որ միանգամից դրվեն, այսինքն՝ թուրքական կողմը պիտի ձգտի, որ Հայաստանը հրաժարվի ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, Արցախին պաշտպանելու քաղաքականությունից, Հայաստանը հատուկ հայտարարությամբ հանդես գա, որ վերահաստատում է Կարսի պայմանագիրը: Այս ամենին ավելացել է՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խնդիրը: Համոզված եմ՝ բոլոր այդ հարցերը կդրվեն բանակցային սեղանին, և հույս ունեմ, որ հայկական կողմը՝ գիտակցելով, որ այդ հարցերում զիջումների գնալն անընդունելի է, որոշ կարմիր գծեր կդնի իր առջև, թուրքական  պահանջները չի կատարի կամ ճնշումներին չի ենթարկվի:

-Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունենք մենք եւ ի՞նչ խնդիր կարող ենք լուծել՝ հաշվի առնելով ստեղծված մթնոլորտը:

-Երբ Թուրքիայի կողմից առաջարկներ եղան՝ բանակցությունների հետ կապված, հայկական կողմից, նաև աշխարհի ազդեցիկ պետությունների կողմից դրական արձագանքներ եղան: Ամերիկյան լրատվամիջոցներից մեկը (Բլումբերգ) հայտարարեց, որ Բայդենի հորդորանքով է Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը բարձրացնում, այսինքն՝ այնպիսի իրադրություն է ստեղծվել, որ եթե հայկական կողմը հրաժարվի թուրքական առաջարկից, միջազգային թատերաբեմում մեր մեկուսացումն ավելի կուժեղանա: Տեսանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք, ըստ էության, մեկուսացած էինք աշխարհում, ոչ մեկը մեզ լուրջ օգնություն ցույց չտվեց, բացի Ռուսաստանից՝ որոշ չափով: Եղան հայտարարություններ Արևմուտքից, որոնք լուրջ ազդեցություն չունեցան: Այժմ, երբ հրաժարվենք բանակցություններից, թուրքական դիվանագիտությունը կներկայացնի, թե իրենք ձեռք են մեկնում Հայաստանին, իսկ Հայաստանը դրանից հրաժարվում է, և վերը նշածս մեկուսացումն ավելի կուժեղանա: Այդ պատճառով հայկական կողմը պետք է գնա բանակցությունների՝ իհարկե շատ լավ պատկերացնելով այն կարմիր գծերը, որոնք չի կարելի անցնել:

-Հայ ժողովրդի համար (հայ-թուրքական հարաբերություններում) հարցերի հարցը, անտարակույս, Հայոց մեծ եղեռնի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքն է, մինչդեռ, հարյուր եւ ավելի տարիների ընթացքում Թուրքիան զղջմանը միտված որևէ  քայլ չի կատարել:

Ըստ Ձեզ՝ Ցեղասպանության թեման ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել հաշտեցման գործընթացում:

Հնարավոր համարո՞ւմ եք հայոց ավանդական դիրքորոշման փոփոխություն, ինչի մասին վերջերս հաճախակի ենք լսում հանրային-քաղաքական ամենատարբեր հարթակներից:

-Մինչև հիմա եղել են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու  երեք փորձ՝ դեռևս 1990-ական թվականների սկզբներից՝  երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք: Ներկա բանակցային գործընթացը, որ մեկնարկել է,  ունի մի առանձնահատկություն, որ նախորդները չեն ունեցել: Դա այն է, որ աշխարհի երեք խոշոր պետությունները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ են՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նախորդ երեք փորձերի ժամանակ այդպես չի եղել, այսինքն՝ հիմա աննախադեպ իրավիճակ  է ստեղծվել, և, կարծում եմ, Հայաստանի դիվանագիտությունը պիտի փորձի հանգամանքն օգտագործել: Այսինքն՝ թուրքական կողմի ժխտողականությանը, Հայոց ցեղասպանության մասին կեղծիքներին պիտի հակադրել ճնշումն այդ երեք պետության կողմից: Ես այսպես եմ պատկերացնում, որ այո, Հայաստանը պիտի գնա Թուրքիայի հետ բանակցությունների՝ քաջ գիտակցելով, թե Թուրքիայի համար ամենակարևորը ցեղասպանության խնդիրն է և ամեն կերպ պիտի ճնշում գործադրի, որ մենք դրանից հրաժարվենք: Նաև այն համոզմունքն ունեմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերություններում պետք է ունենանք ուժեղ դաշնակիցներ.  Ռուսաստանը մեր ռազմաքաղաքական դաշնակիցն է՝  որոշակի առանձնահատկություններով, բայց պիտի ձգտենք, որ գոնե ցեղասպանության ճանաչման հարցում որպես դաշնակիցներ ունենանք  նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային:

-Մեզ՝ սյունեցիներիս, շատ է հետաքրքրում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ թուրք-ադրբեջանական նկրտումը, որը, կարելի է ասել, նախապայմանի պես է հնչում…

Անկեղծ լինենք՝ այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ չեն պատկերացնում Սյունիքի տարածքով միջանցք Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ (Նախիջեւանի տարածքով), առավել եւս՝ եթե այդ միջանցքը մեր ինքնիշխանության ներքո չգտնվի:

-Շատ ճիշտ եք նկատում. այո, այդ միջանցք ասվածը ոչ միայն կոմունիկացիաներ են, այլ, ըստ էության, ինչը վկայում են փաստերը, խոսքը գնում է ընդհանրապես Սյունիքի մասին, որ Սյունիքը մաս կազմի Ադրբեջանին ու Թուրքիային, և դրանով իսկ ապահովվի ոչ միայն կոմունիկացիոն կապը Նախիջևանի ու արևմտյան Ադրբեջանի միջև, այլ նաև հող նախապատրաստի ընդհանրապես պանթուրքիստական ծրագրերի իրականացման համար: Մենք դա շատ լավ ենք հասկանում, այս դեպքում կարևոր է, որ գիտակցենք  հակառակորդի ստրատեգիական  նպատակները, քանզի նրա հեռահար նպատակը Սյունիքն է, ես դրանում չեմ կասկածում:

-Հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս, նաեւ այս պահին, մենք վկայակոչում ենք տարբեր պայմանագրեր, բայց…

Մի կարեւոր հարց, կարծեք, այդպես էլ առաջնություն չի ստանում, նկատի ունենք վստահությունը:

Մեզ հայրենազրկել են Արեւմտյան Հայաստանում ու  կոտորածի ենթարկել…

Մեր ժողովուրդը Շուշիի, ապա Սումգայիթի եւ նման այլ կոտորածներ է տեսել…

Մենք 2020 թ. աշնանն Ադրբեջանից պատերազմ ստացանք՝ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ…

Պատերազմից հետո էլ՝ Սյունիքի որոշ հատվածների օկուպացիա:

Եվ ոչ մի զղջում, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, ոչ մի դատապարտում, իրական խաղաղությանը միտված ոչ մի քայլ:

Մեր գրական մեծերն են քանիցս ձեւակերպել՝ «Թուրքը մնում է թուրք»…

Նման իրավիճակում խաղաղության դարաշրջան բացելու մասին խոսակցությունն իսկապե՞ս լուրջ է, արդյո՞ք նորից չենք խաբվում: Արդյո՞ք այս անվստահությունը կարելի է հռչակագրերով վերացնել:

-Իհարկե ոչ, այդ անվստահությունը մենք տեսնում ենք, նաև այն, որ թշնամական վերաբերմունք կա հայ ժողովրդի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ, Արցախի նկատմամբ, Սյունիքի նկատմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Այս պայմաններում հայտարարություններով չի վերանա ոչ մի բան: Մենք պետք է տեսնենք ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի զղջալու գործընթացը, այլ նրանց  կոնկրետ քայլերը, որոնք վստահություն կներշնչեն, որ խաղաղության մասին իրենց հայտարություններն իրական են: Ժամանակ առ ժամանակ այդ հայտարարությունները՝ մանավանդ Թուրքիայից, շատ են հնչում, դրանք իսկապես ինչ-որ հիմք ունեն, և այդ համատեքստում ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից կարևոր նախապայման է: Մենք դրանով կհամոզվենք, որ ժամանակակից Թուրքիան չի կրկնելու Օսմանյան կայսրության, քաղաքականությունը, և հայ ժողովրդին նորից չեն ենթարկելու ցեղասպանության: Այ դա կլիներ անվտանգության երաշխիք:

-Վերջին երեք հարյուր տարում, կարելի է ասել, հայ-թուրքական խնդիրներն առանց Ռուսաստանի (գրեթե) չեն հանգուցալուծվել:

Հիմա, կարծեք, հասկանալի չէ Ռուսաստանի դիրքորոշումը հայ-թուրքական՝ այսպես կոչված հաշտեցման գործընթացի հանդեպ:

Որոշ ծայրահեղականներ էլ (մեզանում), օգտվելով առիթից, ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու ցնորական առաջարկներ են հնչեցնում:

Ո՞ւր ենք գնում այսպես… Արդյո՞ք ողջամիտ է ճանապարհն առանց Ռուսաստանի:

- Կարծում եմ՝ այդ ճանապարհով չենք գնում, որովհետև պատմական փորձն է ցույց տալիս, ինչպես արդեն նշեցի, մենք Թուրքիայի հետ (Ադրբեջանն էլ դրա կողքին) հարաբերվել առանց դաշնակցի չենք կարող: Պիտի ունենանք մեկ կամ մի քանի հզոր ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական դաշնակից, և առաջինը Ռուսաստանն է: Սա աքսիոմա է: Եթե մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանի ռազմաբազան դուրս է բերվում Հայաստանից կամ ռուս խաղաղապահներն են գնում Ղարաբաղից, պարզ է՝ ինչ կլինի դրա հետևանքը: Այս առումով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը, բանակցային գործընթացը կարմիր գծերի վրա պիտի հիմնվեն, չպետք է ոչ մի բան զիջենք, այլապես կնշանակի՝  հրաժարվում ենք մեր ինքնության մի մասից: Եվ, իհարկե, Ռուսաստանի հետ պետք է լինենք դաշնակից:  Պատահական չէ՝  Թուրքիան հարց է բարձրացնում, որ այսուհետև բանակցությունները տեղի ունենան ոչ թե Մոսկվայում, այլ Անկարայում, որպեսզի այդ դեպքում Ռուսաստանը ոչ մի դեր չունենա:

-Հայ հանրության մեջ տարածված տեսակետ կա, թե իբր թուրքական գործակալական ցանցն է այսօր Հայաստանում որոշում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների միտումները:

Այդ մասին պարբերաբար բարձրաձայնվում է նույնիսկ մեր խորհրդարանի ամբիոնից:

Ձեր դիրքորոշումը կուզենայինք իմանալ. թեեւ հարցը հատկապես առնչվում է ազգային անվտանգության մարմիններին և ոչ թե մեր գիտական հանրությանը:

-Դա ինձ համար դժվար հարց չէ, հեշտ հարց է, քանի որ մեր ներքին անվտանգային համակարգը՝ ազգային անվտանգության ծառայությունը, չի բացահայտել թուրքական կամ ադրբեջանական գործակալական ցանց, ուստի պիտի ելնենք այն տրամաբանությունից, որ դա գոյություն չունի: Մնացյալը քաղաքական հայտարարություններ են, իսկ ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում: Փաստերի վրա ենք հիմնվում՝ մեր ազգային անվտանգության ծառայությունը նման հայտարարություն չի արել...

- Որեւէ հարցով արտաքին քաղաքական սկզբունքներ մշակելիս, Ձեր կարծիքով, որքանո՞վ է կարեւոր հանրության տեսակետը, տվյալ ոլորտի գիտական մտավորականության դիրքորոշումը:

Այս դեպքում, օրինակ, հաշվի առնվո՞ւմ է թուրքագետների կարծիքը, մեր ժողովրդի, նաեւ Սփյուռքի տրամադրությունները:

Երբ վարչապետը հայտարարում է, թե Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել՝ որքանո՞վ է դա արժանահավատ ու գիտական, մի՞թե Հայ դատը Սփյուռքի մենաշնորհն է եղել ու կա:

-Նախ՝ կուզեի նշել՝ որպես թուրքագետ ներգրավված չեմ այդ գործընթացներում: Ըստ իս՝ իմ գործընկերներից ոչ մեկն էլ ներգրավված չէ: Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունն ըստ Սահմանադրության վարում է ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղաքականություն: Դա Հայ դատի կարևոր հատվածն է: Հայաստանի երրորդ հանրապետությունը Թուրքիային տարածքային պահանջներ չի ներկայացրել, որովհետև դա պետական քաղաքականություն կլիներ և դա պետական մակարդակով չի ընդունվել: Բայց  կրկնում եմ՝ ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը  մեր պետության օրակարգային հարցն է, որը հիմնվում է Սահմանադրության վրա: Այնպես որ՝ այս առումով Հայաստանի Հանրապետությունը նաև վարում է Հայ դատի կամ Հայկական հարցի մի կարևոր հատվածի վրա հիմնված արտաքին քաղաքականություն:

Սփյուռքի պարագան այլ է: Սփյուռքը, որ ինքը հիմնականում հենց ծնունդ է հայոց ցեղասպանության, պարզ է, որ ոչ միայն ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղաքականություն վարի և ձգտի դրան, այլ նաև մեր կորցրած հայրենիքի զգալի մասի հայաթափման ու Արևմտյան Հայաստանի ցեղասպանության արդյունքում վերջնականորեն հայաթափված հայրենիքի մի մասի  վերադարձման խնդիրները բարձրաձայնի:

-Բայց առանց հայոց  պետականության աջակցության Սփյուռքը ոչինչ անել չի կարող:

-Իհարկե չի կարող: Սակայն մենք՝ պարտապաններս, շատ լուրջ այդ հարցերն ուսումնասիրում ենք՝ կապված Սևրի պայմանագրի հետ՝ կապված ցեղասպանության քաղաքականության հետևանքները վերացման հետ, բայց գիտական շրջանակներում կարևոր խնդիրներից մեկը՝ բազմաթիվ հետազոտություններ, գիտաժողովներ, այդ թվում միջազգային, տեղի են ունենում: Կարծում եմ՝ կգա մի ժամանակ, երբ Թուրքիան  արդեն չի կարող պահել տարածքները, որոնք ինքը բռնազավթել է հայոց ցեղասպանության հետևանքով, այդ հարցերը կդառնան մեր պետականության կարևոր խնդիրները:

-Դուք կուզենայի՞ք որևէ այլ  խոսք փոխանցել սյունեցիներիս:

- Տասնամյակներ շարունակ ուսումնասիրել եմ և՛ մեր ժողովրդի պատմությունը, և՛ Թուրքիայի պատմությունը, ու կարող եմ ասել՝ հայ ժողովուրդը մեծ ժողովուրդ է, մենք հազարամյակների ընթացքում ամենածանր պայմաններում պահպանել ենք մեր ինքնությունը,  և մեր պետականությունն ամրապնդելով՝ պիտի վստահությամբ նայենք ապագային: Համոզված եմ՝ այն հողի մի փոքր հատվածի վրա, որ  կա Հայաստանի Հանրապետությունը, կհասնենք մեր վերջնական նպատակին՝ վերականգնել հայոց հզոր  պետականությունն իր բնական սահմաններով: Սա պետք է լինի այն գաղափարը, որ  կհամախմբի Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և Սփյուռքին: Ու այդ գաղափարը, նպատակն իրականացնելու ճանապարհով կգնանք առաջ...

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի և Վահրամ Օրբելյանի

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13