Ռուսական զինուժի կրկնապատկումը անվտանգության տեսանկյունից դրական ազդեցություն կունենա. Ստեփանակերտը ողջունում է

03.11.2019 10:43
1113

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

 

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են մի շարք հարցեր։

«Երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերը տարբեր էին, սակայն դրանց  հիմնական շրջանակը վերաբերում էր անվտանգության ոլորտին, սահմանին տիրող իրավիճակին և  երկու հայկական պետությունների  փոխգործակցությանը՝ անվտանգության ոլորտում։ Այս համատեքստում  մտահոգություններ, որպես այդպիսին, չկան, պարզապես կարծում ենք, որ կա աշխատելու լայն դաշտ, և անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ  անելիքներն երբեք չեն վերջանում, դա տարիներ շարունակ ամենօրյա քրտնաջան աշխատանք պահանջող ոլորտ է, որովհետև  յուրաքանչյուր  ժամանակահատված իր  մարտահրավերներն ունի։ Այս տեսանկյունից՝  երկուստեք պարբերաբար տեղի ունեցող նման  հանդիպումները Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների միջև շատ կարևոր են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ընդգծեց  Դավիթ Բաբայանը։

Նշենք, որ օրերս Հայաստան էր այցելել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա կատարած այցելությունից հետո հայտնի դարձավ, որ արդիական նոր սպառազինություններով ու նոր տեխնիկայով վերազինվելուց հետո ռազմաբազայի ռազմական ներուժը գրեթե  կկրկնապատկվի։

Այս համատեքստում Դավիթ  Բաբայանից հետաքրքրվեցինք նաև, թե Բակո Սահակյանի, Արշավիր Ղարամյանի և Արմեն Գրիգորյանի միջև տեղի ունեցած այդ հանդիպման ժամանակ  խոսվե՞լ  է   Հայաստանում ռուսական զինուժի կրկնապատկումից և եթե այո, ապա ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Ստեփանակերտն այս կապակցությամբ։

 

«Շատ կարևոր է, որ մենք միշտ ունենանք հզոր և մարտունակ զինված ուժեր, միշտ լինենք միախմբված և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք։ Ցանկացած ողջամիտ մարդու համար էլ պարզ է, որ Հայաստանում ռուսական ռազմական ուժի թվաքանակի ավելացումն ոչ թե սպառնալիք է, այլ  հակառակը՝  բարձրացնում է  Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակը։ Տեսեք, թե այսօր Թուրքիան ինչ է անում Մերձավոր Արևելքում, արդյո՞ք Թուրքիայի վարած քաղաքականությունը Սիրիայում  վտանգ չի ներկայացնում հայոց պետականության և հայ ժողովրդի համար, իհարկե´ ներկայացնում է, դա ամենամեծ վտանգներից մեկն է և այս որոշումն ինչ-որ ձևով նաև պատասխան է Թուրքիայի այդ քաղաքականությանը․ բա քրդերի ցեղասպանությունը, բա հայերի կոտորածը նույն այդ Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող, արդյո՞ք հարմար առիթի դեպքում Թուրքիան չի փորձի այդ նույնը ՀՀ-ի նկատմամբ իրականացնել, եթե օրինակ մենք թուլացնենք մեր զգոնությունը, եթե հանկարծ  չունենանք այդ հնարավորությունները չեզոքացնելու Թուրքիայի ագրեսիան, եթե  հանկարծ ռուսական ռազմաբազան չլինի  այլևս, չէ՞ որ,  ըստ էության, այն  հանդիսանում է նաև Թուրքիայի համար զսպիչ ուժ։ Առանց  դրա՝ մենք ո՞նց ենք կարողանալու կասեցնել Թուրքիայի գործոնը կամ հավասարակշռությունը  պահել։ Այս ամենը լուրջ  վտանգներ են, որոնք  պետք է հաշվի առնենք։ Այսինքն սա փոխշահավետ մոտեցում է թե´ մեզ համար, թե´ Ռուսաստանի Դաշնության»,-պատասխանեց նա։

Դիտարկմանը, թե արդյո՞ք հայկական Զինված Ուժերն ինքնուրույն չի կարողանա դիմագրավել այդ մարտահրավերներին և հակազդել  թուրքական հնարավոր արկածախնդրությանը, Բաբայանն  արձագանքեց․

«Իհարկե չենք կարողանալու, մենք չենք կարող մեր անվտանգությունը  փորձարկումների  դաշտ սարքենք կամ այն վերածենք կենացների առարկայի։ Հայրենասիրությունը  կենացներով և բղավոցներով չէ, որ պետք է չափվի։ Անգամ Գերմանիայի նման պետությունը չի կարողացել երկու ճակատով պայքարել, Ադրբեջանը մեզ հերիք չի, մի հատ էլ Թուրքիայի դեմ պայքարե՞նք,  ի՞նչ է մեր ազգին նորից ուզում ենք դնել  ցեղասպանության ռիսկի տակ, 85 միլիոն բնակչություն ունի Թուրքիան։ Մի հատ մտածենք էլի  այս բոլոր ռիսկերի մասին։ Իմ անձնական կարծիքով՝  ռուսական զինուժի կրկնապատկումը միմիայն դրական ազդեցություն կունենա՝ հատկապես հաշվի առնելով վերջին տարիներին Թուրքիայի պանթուրքիստական, ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է պաշտոնական  Ստեփանակերտի դիրքորոշման այս առնչությամբ, ապա  դա Հայաստանի ներքին գործն է, սակայն մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որը կուժեղացնի ու կամրապնդի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը  և այս տեսակետից կարևորում ենք, որ ՀՀ-ի անվտանգությունը միշտ  լինի բարձր մակարդակի վրա և այս քայլը, անկասկած, դրան է նպաստելու»։

Անդրադառնալով նաև Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի  առաջին տեղակալ, գեներալ-մայոր  Ալբերտ Խաչիյանի  աշխատանքից ազատմանը, Դավիթ  Բաբայանը վստահեցրեց, որ դա կապված է բացառապես նրա կենսաթոշակային տարիքին հասնելու հետ։

«Նրա 65 տարին լրացել է և այս ոլորտում երկարամյա գործունեությունից հետո  նա ըստ օրենքի՝ թոշակի է անցնում, որևէ այլ պատճառ այստեղ չկա։ Ով կփոխարինի նրան այս պաշտոնում՝ ներկա դրությամբ չեմ կարող հստակ ասել, առաջիկայում որոշումը կհրապարակենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

1in.am

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10