Սամվել Ալեքսանյանի ելույթը Կապանի գիտագործնական կոնֆերանսում՝ «Լրատվամիջոցների գործունեության առանձնահատկությունները ՀՀ Սյունիքի մարզում»

29.08.2024 18:04
513

Հարգելի բարեկամներ

Ուրախ եմ ձեզ տեսնել Սյունիքի մարզկենտրոնում, բարով եք եկել…

Մեր լրատվամիջոցի խմբագրակազմը կարևորում է այս ֆորումը, ուստի և պատասխանատվությամբ եմ վերաբերվում խոսքիս, որը կհնչեցնեմ այստեղ: Այդ իսկ պատճառով գերադասում եմ ելույթ ունենալ հայերենով, որպեսզի մտքերս առավել պարզ և հստակ արտահայտեմ, որպեսզի երկիմաստության տեղիք չտամ:

Նախ` շնորհակալություն ձեզ և այս գիտագործնական կոնֆերանսի կազմակերպիչներին:

Միջոցառումը  Կապանում անցկացնելու փաստը հավելյալ վկայություն է այն ուշադրության և հետաքրքրվածության, որ կա ձեզ մոտ՝ Սյունիքի տարածաշրջանի և սյունեցիների մտահոգությունների հանդեպ:

Այս կոնֆերանսը,  մեր ընկալմամբ, բարեկամների հանդիպում է, իսկ բարեկամները պարտավոր են զրուցել անկեղծորեն, իրար  աչքերի մեջ նայելով: Այդ սկզբունքով էլ կփորձեմ կառուցել խոսքս:

***

Պահի լրջությունը ճիշտ հասկանալու համար նպատակահարմար եմ գտնում սկզբից ներայացնել Սյունիքի վիճակը, որում հայտնվել ենք վերջին տարիների պատերազմական գործողություններից և ընդհանրապես ռազմաքաղաքական զարգացումներից հետո:

Մեր տարածաշրջանի աշխարհագրությանը և պատմությանը շատ թե քիչ ծանոթ յուրաքանչյուր ոք տեղյակ է, որ Արցախն ու Սյունիքը դարեր շարունակ մեկ ամբողջություն են կազմել, նաև ժողովրդագրական իմաստով, ինչպես և անվտանգային համակարգի տեսակետից: Եվ Արցախի ողբերգությունից հետո Սյունիքը հայտնվել է միանգամայն նոր կարգավիճակում` մի քանի առումով:

Այսպես` այլևս չկա այն Սյունիքը, որ ունեցել ենք 2020 թ. պատերազմից առաջ և նույնիսկ պատերազմից հետո, անգամ 2022 թվականին:

Սյունիքի մարզը պատերազմից առաջ ունեցել է (ըստ պաշտոնական տեղեկությունների) 4506 քառ. կմ տարածք: Իսկ որքա՞ն է Սյունիքի տարածքն այսօր. այդ մասին ստույգ տեղեկություն որևէ մեկը չի կարող տալ:

Սահմանամերձ բնակավայրերի մի մասում նույնիսկ հստակություն չկա, թե կոնկրետ որտեղով է անցնում հանրապետության պետական սահմանը:

Ասում են` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հայ-ադրբեջանական պատերազմն ավարտվել է: Իրականում, սակայն, առնվազն Սյունիքի առումով, այդպես չէ:

Նախ` նոյեմբերի 9-ից օրեր անց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց մի հուշագիր, որի համաձայն 2020 թ. դեկտեմբերի 18-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի մեր մարտական դիրքերը, նաև Գորիս-Կապան ու Կապան-Ճակատեն միջպետական ճանապարհները հանձնվեցին Ադրբեջանին: Այդ փաստաթղթով կիսվեց նաև երբևէ Ադրբեջանի մաս չկազմած Շուռնուխ գյուղը: Սահմանային գրեթե բոլոր իշխող բարձունքները հանձնվեցին Ադրբեջանին, որի հետևանքով չափազանց խոցելի դարձավ Սյունիքի արևելյան ամբողջ սահմանը:

Ի՞նչն է տարօրինակ. այդ հուշագիրը տևական ժամանակ գաղտնի էր պահվում, միայն հետագայում, երբ ամեն ինչ արդեն ավարտվել էր, հայ հանրությունն իմացավ այդ մասին:

Այնուհետև… Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ մի քանի անգամ ագրեսիա ձեռնարկեց և բռնազավթեց մարզի մի շարք տարածքներ. մայիս և նոյեմբեր 2021 թ., մարտ և սեպտեմբեր 2022 թ., մարտ և ապրիլ 2023 թ. …

Այնուհետև… Սյունիքի թեման դարձավ քննարկման առարկա ոչ միայն թուրք-ադրբեջանական ագրեսորների, այլև աշխարհաքաղաքական կենտրոնների համար:

Այնուհետև… Անգլոսաքսոնական աշխարհի և թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հորինվեց և հրապարակ նետվեց  Զանգեզուրի միջանցքի խնդիրը։

Այնպես որ` Սյունիքի թեման այսօր աշխարհի մասշտաբով շարունակում է մնալ ռազմաքաղաքական ու դիվանագիտական իրադարձությունների կենտրոնում: Եվ չկա մի շաբաթ, որ աշխարհի ուժային կենտրոններից, միջազգային այս կամ այն կազմակերպությունից հայտարարություն չլսենք Սյունիքին առնչվող:

Չկա մի շաբաթ, որ Սյունիք չայցելեն այս կամ այն երկրի կամ միջազգային կազմակերպության դիվանագիտական  (և ոչ միայն) ներկայացուցիչներ:

Դե իսկ եվրոպական դիտորդներին` իրենց խորհրդավոր հեռադիտակներով, այլևս կարելի է տեսնել ամենուր, որոնցից լրագրողներս բառ անգամ չենք կարողանում կորզել իրենց իսկ գործունեության վերաբերյալ:

Այդ ամենին զուգահեռ ականատես ենք քարոզչական մեծ արշավի` ընդդեմ Սյունիքի: Ադրբեջան կոչվող պետությունից գրեթե ամեն օր լսում ենք զառանցանք հիշեցնող հայտարարություններ`Սյունիքն արևմտյան Զանգեզուր է, Սյունիքն ադրբեջանցիների բնօրրանն է, մեր սրբության սրբոց Տաթևը ոչ հայկական է, մեր Զորաց քարերը ոչ հայկական են… Ու այդպես շարունակ: 

Եվ գիտե՞ք` ինչն է տարակուսելի ու մտահոգիչ. բոլորը խոսում են Սյունիքին առնչվող այս կամ այն թեմայի մասին, բացի մեզանից`սյունեցիներից: Առայժմ մենք զբաղված ենք իրավիճակի հետ որևէ կապ չունեցող միջոցառումներով։ Որոշ անհայրենիք պերսոններ էլ այդ ամենը համարում են սյունեցիների համերաշխության բացառիկ դրսևորում:

Մեզ զարմացնում է նաև հայագիտական հաստատությունների անտարբերությունը` Գիտությունների ազգային ակադեմիայից մինչև բուհական ամբիոններ:

Սյունիքին առնչվող շատ-շատ հարցերի և դրանց շուրջ քարոզչական դաշտում տեղի ունեցող մանիպուլյացիաների մասին կարող ենք ավելի ծավալուն խոսք ասել այս կոնֆերանսում: Բայց գերադասում ենք կանգ առնել հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի վրա, որն ուղղակի առնչություն ունի Սյունիքի անվտանգությանն ու լինելիությանը:

Դա կարևոր է նաև մեկ այլ տեսակետից. հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը մեր մամուլում գրեթե ամեն օր (եթե ոչ ամեն ժամ)  քննարկվող հարցերից է: Ընդ որում` ամեն մեկը յուրովի է մեկնաբանում առկա իրավիճակը ու շատ հաճախ շրջանցում և՛ օբյեկտիվ  իրողությունները, ե՛ւ գիտականությունն ու ճշմարտությունը, և՛ մեր ազգային ու պետական շահերը:

Մենք քանիցս հանդիպել ենք ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ պարոն Սերգեյ Չաշչիխինի հետ և այդ կապակցությամբ նկատառումներ հայտնել, որոնք կուզենայինք ներկայացնել նաև ձեզ:

Ի դեպ, եթե ուզում ենք շատ թե քիչ հակադրվել ստին, մանիպուլյացիաներին և հակառուսական հիստերիային, ապա պետք է ուժ գտնենք մեր մեջ և առերեսվենք իրականությանը, որքան էլ այն դաժան լինի: Այլապես ոչինչ չի ստացվի:

Իսկ իրականությունը սովորական չէ, այսօր նույնիսկ հրապարակ են դուրս բերվում դարեր առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին նկատառումներ, դիվանագիտական փաստաթղթեր: Եվ այդ մասին առավելապես խոսում են ոչ մասնագետները: Ու յուրաքանչյուրն էլ այդ ամենի մասին խոսում է իրեն ցանկալի ձևով:

Այո, պահի հրամայականն է` առերեսվել իրականությանը և դրանից ողջամիտ եզրակացություններ անել:

Մի քանի օրինակ, որ քննարկվում է մեր լրատվական տիրույթում...

Օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարարը խոսեց Սյունիքի ճանապարհների ապաշրջափակման մասին` հիմք ընդունելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Եվ դրա չկատարման համար մեղադրեց հայկական կողմին:

Ինքս էլ կարող էի համաձայնվել պարոն Լավրովի գնահատականին, բայց… ՌԴ ԱԳ նախարարը խոսում է տվյալ փաստաթղթի միայն մեկ կետի մասին` ոչ մի խոսք չհնչեցնելով հայտարարության մյուս  ձախողված կետերի մասին:

Իսկ եռակողմ հայտարարության 1-ին կետը, օրինակ, սահմանում է` «Կողմերը կանգ են առնում  իրենց զբաղեցրած դիրքերում», ինչը նոյեմբերի 9-ից օրեր անց խախտվեց Ադրբեջանի կողմից:

8-րդ կետով սահմանվում է` «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների ու պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում». մինչև հիմա այդ պայմանավորվածությունը չի կատարվել:

6-րդ կետը` «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»: Թե որքանով իրականացվեց այդ պայմանավորվածությունը՝ ավելորդ եմ համարում անդրադառնալ:

Եվ պարոն նախարարը ոչ մի բառ չասաց այդ ամենի մասին, խոսեց միայն 9-րդ կետի` Ադրբեջանի երկու հատվածը միմյանց կապող և Սյունիքի տարածքով անցնող ճանապարհներն ապաշրջափակելու մասին:

Ձեզ եմ հարցնում` ինչո՞վ է պայմանավորված այդ միակողմանիությունը:

Մեկ ուրիշ օրինակ. դուք գիտե՞ք, թե որքան մեծ սեր, հավատ և հարգանք է ունեցել ղարաբաղցի հայը ռուս ժողովրդի ու նրա մշակույթի հանդեպ: Անգամ հիմա նրանցից շատերը հայերեն խոսելիս ավելի շատ ռուսերեն բառեր են գործածում և ռուսական մտածելակերպ դրսևորում: Եվ ինչ… Շուտով մեկ տարի է` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում է` ակնհայտ շինծու մեղադրանքներով: Իսկ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չենք լսում: Մի՞թե այդ ամենը տեղավորվում է հայ-ռուսական  բազմադարյա բարեկամության տրամաբանության մեջ:

Ուրիշ օրինակ. մոտ տասը ամիս Արցախի հայ բնակչությունը  Ադրբեջանի  կողմից շրջափակման մեջ էր: Մարդիկ նույնիսկ օրվա հացի խնդիր ունեին, հազարավոր հիվանդներ դեղամիջոցներ չէին գտնում… Եվ դա այն դեպքում, երբ նույն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ` Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղավորված էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Որևէ մեկն ունի՞ բացատրություն այդ կապակցությամբ:

Չեմ խոսում ՌԴ խաղաղապահ զորքերի ներկայությամբ 2020 թ. պատերազմից հետո Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին:

Կամ այսօր` ամբողջ աշխարհի աչքի առջև բռնազավթված հայոց Արցախում թուրք-ադրբեջանական վանդալները պղծում են մեր գերեզմանները, հազարամյա մեր սրբությունները: Անգամ  Վատիկանի ենթակա թերթն է արդարացնում Ադրբեջանի այդ արարքները:

Թե ինչու ենք մենք մենակ մնացել` գիտենք, բայց հասկանալի չէ Ռուսաստանի Դաշնության լռությունը:

Դուք տեղյա՞կ եք, որ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության հիմնական պատճառը մեր որոշ պատմաբաններ համարել ու համարում են հայկական զորագնդերի ակտիվ մասնակցությունը ռուս-թուրքական բոլոր 13 պատերզամներին: Չէ՞ որ այդ պատերազմների ժամանակ` Կովկասյան ռազմաճակատում, ռուսական կողմից  (ընդդեմ թուրքերի) կռվում էին հայերը:

Կամ ռուս-թուրքական պայմանագիրը` 1921 թ. մարտի 16-ին ստորագրված: Հայկական Նախիջևանը նվիրվեց Ադրբեջանին, որից հետո տեղի ունեցավ էթնիկ զտում, պղծվեցին մեր սրբությունները: Մինչդեռ Ռուսաստանը չհիշեց, որ այդ պայմանագրով ինքն է Նախիջևանի տվյալ կարգավիճակի երաշխավորը, որ Նախիջևանը միայն 100 տարով կարող էր մնալ հորինված Ադրբեջանի ներքո։

Կամ Կոստանդնապոլսի 1724  թ. ռուս-թուրքական պայմանագիրը… Ցարական Ռուսաստանի աջակցությամբ Դավիթ Բեկը 1722 թ. Վրաստանից ուղարկվել էր Սյունիք` գլխավորելու սյունեցիների ազգային-ազատագրական պատերազմը:  Բայց երկու տարի անց (գաղտնի պայմանագրով) Սյունիքն ու Արցախը հանձնվեցին Թուրքիային, որից հետո (անհայտ հանգամանքներում) մահացավ Դավիթ Բեկ զորավարը, իսկ Սյունիքում թուրքերն արյան խրախճանք կազմակերպեցին։

Կամ Արցախի ողբերգությունը… Հայ ժողովրդի ամենահպարտ ու հերոսական այդ հատվածը բռնագաղթվեց իր հայրենական տնից, և այսօր նվաստացած ու դռնեդուռ ընկած վիճակում է:

Ուզում ենք իմանալ` ո՞րն է մեր ռազմավարական դաշնակցի դիրքորոշումը:

Բոլորը  (ցավոք սրտի նաև ոմանք` Հայաստանից)  Արցախը համարում են Ադրբեջանի մաս` մոռանալով, որ երբեք Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում, որ պատմական խայտառակության և սովորական առևտրի հետևանքով է Արցախը բռնակցվել Ադրբեջանին. 1921 թ. հուլիսի 4-ին՝ Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության` թուրքերի կողմից վարձակալված Կովկասյան բյուրոյի որոշմամբ:

Այդ և նման բազում հանգամանքներն են պատճառը, որ մեր հանրապետությունում ծագած և ծագող դժվարությունների համար մեղավոր են նշանակում ՌԴ-ին: Այդ և նման բազում հարցերի պատճառով է, որ վստահությունը ճաք է տվել մեր երկու պետության ու ժողովուրդի միջև։

Եվ բոլոր այդ ու նման հարցերն անպատասխան թողնելով մենք միասին կանաչ լույս ենք վառում բոլոր նրանց համար, ովքեր հետևողականորեն զբաղվում են հակառուսականությամբ, ովքեր զբաղվում են մեր պատմության աղավաղմամբ:

Անգամ հայ-ռուսական բազմադարյա հարաբերությունների լուսավոր էջերն են այդ ամենի ֆոնին կեղծվում: Խոսքը միայն 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրի մասին չէ, համաձայն որի Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին և առաջին անգամ (դարերի դադարից հետո) Հայկական մարզ ձևավորելու խնդիր դրվեց։

Առկա հարցերը շրջանցելու հետևանք է, որ այսօր հակառուսական քարոզի հեղինակները շրջանառության մեջ են դրել տեսակետ, թե Ռուսաստանի կողմից Հայաստանն այսօր էլ օգտագործվում է իբրև մանրադրամ` Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններում:

Նման քարոզի հետևանքով է նաև, որ ինչ-որ Լուկաշենկոյի` ժամանակ առ ժամանակ նկատվող զառանցանքներն  ընկալվում են իբրև Մոսկվայից փոխանցվող ուղերձ:

Մեկ այլ և չափազանց կարևոր հարցի մասին…

Ամիսներ առաջ Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարեց, թե` «Ադրբեջանի գործելակերպը… գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանը… 2024 թ. նոյեմբերին կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա է ձեռնարկելու»: Տարօրինակ է, որ նման պատասխանատու հայտարարությունից հետո մեզանում որևէ մեկը պարզաբանում չի տվել, որևէ մեկը  չի փորձում հանգստացնել սահմանամերձի բնակչությանը: Տարօրինակ է նաև, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը նույնպես լռությամբ է անցնում վերահաս այդ սպառնալիքի կողքով: Մանավանդ որ շատերը փորձում են արդարացիորեն կարևորել ՀԱՊԿ–ի դերը մեր տարածաշրջանում։

Դուրս եկեք փողոց և հարցուփորձ արեք. ինքներդ  կհամոզվեք, որ շատերն առաջիկա նոյեմբերից հետո պատերազմ են ակնկալում Ադրբեջանից: Իսկ փորձագետները, քաղաքական մեկնաբանները ենթադրյալ ագրեսիան կանխատեսում են Սյունիքի ուղղությամբ և ամեն օր հրապարակավ հիշեցնումներ անում։

Երկու ճշգրտում ևսեթե այսօր խոսում ենք միայն ՌԴ–ի որդեգրած Կովկասյան քաղաքականության և ՌԴ–ից ակնկալվող քայլերի մասին, ապա դա չի նշանակում, որ նկատառումներ չունենք ՀՀ–ի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Պարզապես այսօրվա ֆորումի ձևաչափն է ստիպում ավելի շատ խոսել մեկ ուղղությամբ։

Եթե այսօր խոսում ենք մեր բարեկամության բանավիճային հարցերի մասին, ապա չի նշանակում, որ մոռացել ենք հայ–ռուսական հարաբերությունների լուսավոր էջերը, որոնք շատ–շատ են և որևէ մեկը չի կարող սևացնել։

Հիմա եզրակացություններ ասվածից:

– Մենք գիտակցում ենք, որ Ռուսաստանի Դաշնության համար ծանր ժամանակներ են, գիտակցում ենք նաև, որ տնտեսական ու ռազմավարական տեսակետից Ռուսաստանը սերտ գործընկերության մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Եվ, այդուհանդերձ, չենք կարծում, որ այդ հարաբերություններն ազդեցություն պիտի ունենան հայ-ռուսական դաշնակցային բազմադարյա հարաբերությունների վրա: Այդ հարցի շուրջ երկբայությունն է պատճառներից մեկը, որ հայ հանրության մի մեծ հատվածին ստիպում է հայացքը հառել դեպի արևմուտք։

– Մեր երկու պետությունները հնարավորինս արագ պետք է դուրս գան` միմյանցից  նեղացած-խռոված փոքրիկ երեխաների կարգավիճակ հիշեցնող դրությունից  և ամենաբարձր մակարդակով քննարկեն առկա բոլոր հարցերը: Հատկապես պետք է ջրի երես հանել Արցախյան պատերազմի հետ կապված բոլոր հարցերը, որոնք տարբեր կերպ են մեկնաբանում կողմերը։

– Երկու երկրների գիտական շրջանակները պետք է համատեղ քննարկեն պատմականորեն կուտակված բոլոր հարցերը և վերջակետեն  պատմությունը վերաշարադրելու բոլոր փորձերը:

Ոչ մի հարց հայ-ռուսական հարաբերություններում չպետք է մնա անպատասխան: Ի վերջո մենք իրավունք չունենք մոտ երեք դար տևած բարեկամությունն այսօր դարձնել առ ոչինչ և այդ հարաբերությունները դնել թշնամական ռելսերի վրա:

Վերջում՝ նորից Սյունիքի մասին։

Ամիսներ առաջ  մեր լրատվամիջոցը մարզում անցկացրեց  հարցախույզ: Բոլոր վերոնշյալ խնդիրները նկատի ունենալով հանդերձ, Սյունիքի բնակչության մեծամասնությունը կողմնակից չէ երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը և գտնում է, որ մեր երկրամասի անվտանգությունը  (պատմական ներկա փուլում հատկապես) պայմանավորված է բացառապես հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմամբ: Եթե որոշ փորձագետներ, քաղաքագետներ համաձայն չեն այդ տեսակետին, ապա պատրաստ ենք լսելու նրանց հիմնավոր կարծիքը, պատրաստ ենք նույնիսկ հրապարակավ բանավիճել նրանց հետ։ Ի վերջո Սյունիքի անվտանգության խնդիրներն ու լուծման ուղիներն այստեղից ավելի ողջամիտ են երևում։

Շատերի կարծիքով` եթե նույնիսկ ստորագրվի բոլորի կողմից ներկայումս թմբկահարվող հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ապա դժվար թե ենթադրվող այդ փաստաթուղթը գետնի վրա խաղաղություն բերի տարածաշրջանին և հատկապես հայ ժողովրդին, քանզի ցեղասպան Ադրբեջանը (ինչպես տեսնում ենք) պատրաստ չէ հրաժարվելու հայկական պետության և հայ ժողովրդի դեմ  մինչև վերջ պայքարելու դարավոր հավատամքից: Մանավանդ հիմա, երբ միջազգային իրավունքը չի գործում, երբ հավաքական Արևմուտքը գործնականում որևէ քայլ (բացի խոստումներից) չի անում քարեդարյան օրենքներով ապրող Ադրբեջանին սանձահարելու համար, որքան էլ մենք բարեկամաբար ենք տրամադրված բոլոր ժողովուրդների ու երկրների հանդեպ:

Ահա այսպիսի իրողությունների հետ է բախվում մեր լրատվամիջոցը, որի հիմնական առաքելությունն է Սյունիքի մարզի հասարակական–քաղաքական, տնտեսական և հոգևոր–մշակութային կյանքի լուսաբանումը։

 

 

29 օգոստոսի 2024 թ.

 

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10

Փայտահրագրային գեղանկարչության երախտավորը՝ Սերժ Բաղդասարյան

20.12.2024 15:48

Շուրջ 117 մլն դրամ Սյունիքի բուժհաստատություններին

20.12.2024 15:32