Տասը հարց Սյունիք այցելող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

02.05.2025 12:48
2241

Պարոն վարչապետ

Մենք տեղեկություն ստացանք, որ մայիսի 10-ին կրկին այցելելու եք Սյունիքի մարզ։

Եվ «Սյունյաց երկրի» խմբագրությունում նպատակահարմար գտանք օգտագործել առիթն ու Ձեզ ուղղել հազարավոր սյունեցիներին մտահոգող հարցերից մի քանիսը։

Նման գործելակերպին դիմելու պատճառն այն է, որ Սյունիքին առնչվող բազմաթիվ հարցեր են կուտակվել մեզանում, որոնց պատասխանը կարող ենք ստանալ միայն ու միայն Ձեզանից։

Բանն այն է, որ տեղի իշխանավորները (ինչպես տեսնում ենք) Ձեզ չեն ներկայացնում (կամ ի վիճակի չեն ներկայացնելու) Սյունիքին ու սյունեցիներին մտահոգող գլխավոր հարցերը և բավարարվում են իրականության հետ կապ չունեցող ինչ–որ տեսարաններ կազմակերպելով ու ցուցադրելով կամ իրենց անձնական ընդդիմախոսների, իրենց անձն օբյեկտիվորեն մերժողների մասին բանսարկություններ շաղ տալով։

Մյուս կողմից՝ գրեթե անհնար է դարձել ՀՀ վարչապետին որևէ խնդրով դիմում գրելն ու պատասխան ստանալը։ Ձեր իսկ բառերով՝ օդում կախված լուրերի համաձայն, Արայիկ Հարությունյանի գլխավորած աշխատակազմում են որոշում՝ ո՞ր դիմում–նամակը ներկայացնել վարչապետին, որը՝ թաքցնել կամ ձևական հուն մղել։

Մյուս կողմից՝ հնարավորություն չկա մասնակցել ՀՀ վարչապետի՝ մայրաքաղաքում կազմակերպվող ասուլիսներին. որպես կանոն դրանց Սյունիքից լրագրող չի մասնակցում և Սյունիքի վերաբերյալ որևէ ողջամիտ հարց չի հնչեցվում։

Սյունիք այցելելու դեպքում էլ հնարավոր չի լինում մոտենալ Ձեզ և որևէ հարց ուղղել։

Երբ Ձեզ (Ձեր գլխավորած քաղաքական ուժին) ընտրում էինք՝ հույս էինք փայփայում, որ լինելու եք բոլորիս վարչապետը, «երեք մլն վարչապետներից» մեկը։ Ժամանակը ցույց տվեց սակայն, որ (Սյունիքի օրինակով) ընդամենը մարզպետի և սյունեցի ՔՊ–ական պատգամավորների վարչապետն եք։

Այդ ամենից ելնելով՝ որոշեցինք այսկերպ Ձեզ ուղղել մեր լրատվամիջոցին ու հազարավոր սյունեցիներին մտահոգող բազմաթիվ հարցերից մի քանիսը՝ ակնկալելով պատասխան։

1. Մինչև 2020 թ. պատերազմը Սյունիքի մարզի տարածքը (ըստ պաշտոնական տեղեկությունների) 4506 քառ. կմ էր կամ 450542 հա ու կազմում էր հանրապետության տարածքի մոտ 15.2 տոկոսը։ Դա այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության տարածքը (պաշտոնապես, նաև ըստ հանրագիտարանների) 29.8 հազար քառ. կմ էր։

Հարց՝ որքա՞ն է կազմում Սյունիքի մարզի ներկայիս տարածքն այն բանից հետո, երբ Ադրբեջանը բռնազավթեց Գորայքի ամառային արոտավայրերի հյուսիսային հատվածը, Մեծ Իշխանասարի մերձակայքը, Սև լճի արևելյան մասն ու հարավային բարձունքները, Գորիս–Որոտան և Որոտան–Շուռնուխ ճանապարհի մի մասը, Շուռնուխ գյուղի արևելյան կեսն ու հարակից տարածքը, Ներքին Հանդի երեք եզերքը, Տեղ գյուղի արևելյան դաշտերը։

Կուզենայինք, որ Սյունիք այցելելիս ի ցույց դնեիք Սյունիքի մարզի ներկայիս տարածքի քարտեզը, որի վրա տարածվում է ՀՀ ինքնիշխանությունը, կոնկրետ թվերով նշեիք՝ Սյունիքի մարզից քանի՞ քառ. կմ կամ քանի՞ հա տարածք է բռնազավթված Ադրբեջանի կողմից և քանի՞սն է մնացել մեր ինքնիշխանության ներքո։

2. Շարունակում է անհանգստացնող մնալ Սյունիքից մարդկանց արտագաղթը...

Այդ միտումը նկատվում էր 2008-ից ի վեր. այն ժամանակ մարզի բնակչության թիվը 163 հազար էր, 2017-ին՝ 138.9 հազար, 2023-ին՝ 134.6 հազար։

Այսինքն՝ անցած 15 տարում մարզի բնակչության թիվը մոտ 30 հազարով նվազել է։

Նախ՝ կուզենայինք իմանալ՝ որքա՞ն է մարզի բնակչությունը ներկայումս։

Եվ հաջորդը՝ ի՞նչ ծրագրեր ունեք Սյունիքից բնակչության արտագաղթը կանգնեցնելու, Սյունիքի լեռնային գյուղերի հոգեվարքը դադարեցնելու կամ մեղմելու ուղղությամբ։

Ի վերջո փաստը, որ 15 տարում՝ Հայաստանի ամենառազմավարական մարզի բնակչության թիվը նվազել է 30 հազարով, Հայաստանի կառավարությանը չպետք է հանգիստ տա։

3. Քանիցս Դուք հայտարարել եք, թե ՀՀ ավելի քան 200 քառ. կմ տարածք օկուպացված է Ադրբեջանի կողմից, որ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում ռազմական ճանապարհով վերադարձնել օկուպացված իր տարածքները...

Ձեր ասելով՝ այն պայմանավորվածություններն ու սկզբունքները, որոնք արդեն որդեգրված են՝ հնարավորություն են տալիս խաղաղ բանակցային եղանակով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում, խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։

Անշուշտ, խաղաղության հանդեպ Ձեր հավատամքը գնահատելի է, իսկ աշխարհում, հավանաբար, ամենաշատը հենց Սյունիքում են խաղաղություն փափագում, բայց...

Սյունիքի տարածքների բռնազավթումները սկսվել են 2020 թ. դեկտեմբերի 18-ից, ապա շարունակվել 2021-ի հունվարին, մայիսին, նոյեմբերին... Եվ այսպես շարունակ։

Այդ օրերից մինչև հիմա Ադրբեջանը մեկ քառ. սմ տարածք անգամ հետ չի տվել։

Ավելին, այդ տարածքներում (ըստ մամուլի հրապարակումների) Ադրբեջանն ամրաշինական մեծածավալ աշխատանքներ է իրականացնում։

Դուք իսկապե՞ս հավատում եք, որ օկուպացված տարածքներն օրերից մի օր Ադրբեջանը կվերադարձնի։

Դուք իսկապե՞ս հավատում եք, որ սահմանների ճշգրտման արդյունքում Ադրբեջանը՝ այդ տարածքների վրա կճանաչի մեր ինքնիշխանությունը։

Իսկ եթե հակառա՞կ արդյունքն ունենանք սահմանազատման շնորհիվ, այսինքն՝ «ապացուցվի», որ դրանք «պապենական» ադրբեջանական հողեր են, ի՞նչ եք ասելու:

4. Շարունակենք սահմանների ճշգրտման թեման...

Սահմանազատման–սահմանագծման գործընթացը (տեսականորեն) օգտակար աշխատանք է ընդհանրապես։ Սակայն Սյունիքի պարագայում, եթե դա տեղի ունենա, ոչ միայն չի հասկացվի, այլ տարօրինակ ու անբացատրելի կլինի։

Դուք հավանաբար տեղյակ եք, որ 1924-26 թվականներին Հայաստանի Զանգեզուր գավառի և Ադրբեջանի Քյուրդիստան գավառի միջև սահմանների ճշգրտում է կատարվել։

Կատարվել է Անդրկենտգործկոմի և Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների համատեղ որոշմամբ։

Հանձնաժողովի կազմում էին Անդրկենտգործկոմի լիազոր Կաչետկովը, Ադրբեջանի կենտգործկոմի ներկայացուցիչ Ա. Կարաևը, Հայաստանի հողժողկոմատի ներկայացուցիչ Ակսել Բակունցը (հետագայում հանձնաժողովի կազմում փոփոխություններ են կատարվել)։

Հանձնաժաղովի աշխատանքի արդյունքում ճշգրտվել և վավերացվել են Սիսիան–Քելբաջար, Գորիս–Լաչին, Գորիս–Կուբաթլի, Կապան–Կուբաթլի և Կապան–Զանգելան շրջանների սահմանները։

Այսինքն՝ Որոտանի ակունքներից, Մեծ Իշխանասարից ու Սև լճից մինչև Ճակատեն մետր առ մետր ճշգրտվել են սահմանները։

Հաջորդ անգամ Սյունիքի շրջանների և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև սահմանները վերաճշտվել են 1980-ականների երկրորդ կեսին՝ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների համատեղ նախաձեռնությամբ (Հայաստանը ներկայացնում էր երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած թիմը)։

Եվ ուրեմն՝ եթե երկու անգամ արդեն իսկ (պետական ամենաբարձր մակարդակով) ճշգրտվել են Սյունիքի արևելյան սահմանները, ապա ո՞րն է այդ սահմանները երիցս վերաճշգրտելու իմաստը։

Արդյո՞ք 1920-ականների հանձնաժողովի և 1980-ականների հանձնաժողովի աշխատանքների հիման վրա ընդունված փաստաթղթերը չեղարկվել են։

5. Պարզաբանեք, խնդրեմ, Մեղրիի տարածքով Ադրբեջանին տրամադրվելիք հաղորդակցության ուղիների վերաբերյալ Ձեր արտահայտած դիրքորոշումը։

Ի՞նչ ասել է հաղորդակցության «պարզեցված» եղանակ կամ «անխոչընդոտ» ճանապարհ։

Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ էին Հայաստանի վերջին հարյուր տարվա կառավարիչները (անգամ Ստալինի օրերում) դեմ արտահայտվում Մեղրիի տարածքով Ադրբեջանի ու Թուրքիայի միջև «անխոչընդոտ» ճանապարհ ստեղծելու ադրբեջանաթուրքական երազանքի իրականացմանը։

Եվ ինչո՞ւ ենք մենք լռությամբ ի գիտություն ընդունում հրամցվող սուտը, թե իբր Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապ չկա։ Չէ՞ որ, իրականում, Նախիջևանը հետխորհրդային շրջանում երբեք էլ շրջափակման մեջ չի եղել, և Ադրբեջանի երկու հատվածի միջև գործել ու գործում են և՛ տրանսպորտային, և՛ օդային, և՛ երկաթուղային հաղորդակցության ուղիներ։

6. Ս.թ. մարտի 20-ից Ադրբեջանը կրակում է Խնածախի, Խոզնավարի, Արավուսի ուղղությամբ, ինչը փաստում են և՛ ՀՀ ՊՆ–ն, և՛ եվրոպացի դիտորդները։

Ենթադրում ենք, որ ՀՀ կառավարությունն ինչ–ինչ քայլեր է ձեռնարկել՝ այդ ամենին վերջ տալու համար, բայց դա, ինչպես տեսնում ենք, արդյունք չի տվել ու չի տալիս։ Ընդհակառակը՝ կրակոցները ժամանակ առ ժամանակ սաստկանում են և վնասներ պատճառում բնակչությանը:

Կուզենայինք իմանալ (այդ ամենից հետո)՝ ի՞նչ է ձեռնարկում հայրենի մեր կառավարությունը՝ Սյունիքի արևելյան սահմանների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Եվ, իհարկե, Ձեր խորհուրդը կամ հորդորը սահմանապահ գյուղերի բնակիչներին, ովքեր ապրում են ադրբեջանական չդադարող սադրանքների և ահաբեկչության պայամաններում։

7. Սյունիք կատարած Ձեր նախորդ այցի ընթացքում ծանոթացաք Խոտ–Որոտան կառուցվող ճանապարհին, որը (կարծեք) ավարտական փուլում է...

Հիշում եք հավանաբար՝ Գորիս–Կապան միջպետական ճանապարհը դադարեց գործել այն պատճառով (ըստ պաշտոնական տեղեկությունների), որ Քարահունջից մինչև Որոտան միջպետական ճանապարհը (մոտ 3 կմ երկարությամբ) անցնում է իբր Ադրբեջանին պատկանող երբեմնի Էյվազլար գյուղի տարածքով։

Այսինքն՝ խոչընդոտն Էյվազլարի տարաքծն էր...

Իսկ հիմա, երբ շահագործման հանձնվի Խոտ–Որոտան ճանապարհը, հնարավոր համարո՞ւմ եք, որ վերաբացվի Գորիս–Կապան միջպետական ճանապարհը՝ շրջանցելով Էյվազլարը։

8. Դուք ի սկզբանե կարևորել եք հրապարակայնությունը և Ձեր առօրյայի կենցաղային որոշ դրվագներ անգամ սփռում եք համացանցով։

Միևնույն ժամանակ մենք այդպես էլ չենք կարողանում իմանալ՝ երեք տարի շարունակ ինչո՞վ է զբաղված Սյունիքի մարզպետի պաշտոնին գտնվող անձնավորությունը, ինչո՞վ է զբաղված Գորիսի տարածաշրջանը ներկայացնող ԱԺ պատգամավորը։

Նախորդ երկու դեպքում հրապարակային ներկայացրիք, թե ինչու եք Հունան Պողոսյանին կամ Մելիքսեթ Պողոսյանին նշանակում Սյունիքի մարզպետ (նրանք, ի դեպ, շարունակում են վայելել տեղացիներիս հարգանքն ու վստահությունը)։

Հիմա, գոնե ուշացումով, կարո՞ղ եք ասել՝ ո՞ր մի արժանիքի համար եք գործող մարզպետին կարգել այդ պաշտոնին, ո՞ր մի արժանիքի համար եք Արմեն Խաչատրյանին ընծայել պատգամավորի մանդատ։

9. Սյունիքի ռազմավարական բացառիկ նշանակությունը հաշվի առնելով և՛ Հայաստանի առաջին հանրապետության օրերում, և՛ Խորհրդային Հայաստանի ժամանակ, և՛ անկախության տարիներին մեր երկրամասի հանդեպ Հայաստանի իշխանությունները տարբերակված քաղաքականություն են վարել։

Կարեն Դեմիրճյանից մինչև Վազգեն Սարգսյան ու Անդրանիկ Մարգարյան, օրինակ, մի քանի որոշում է ընդունվել Սյունիքի մարզի և հատկապես Մեղրու շրջանի հիմնախնդիրների վերաբերյալ։

ՀՀ առաջին նախագահն էլ նույնիսկ ՀՀ պետնախարարի ինստիտուտ հիմնեց՝ Սյունիքի հարցերով զբաղվող՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, որի գործառույթներից մեկն էլ «Սյունիք–Զանգեզուր» պետական ռազմավարական ծրագրի մշակումն էր։

Հիմա, երբ (գրեթե ամեն օր) Ադրբեջանից սպառնալիքներ ենք լսում, նաև տարածքային հավակնությունների բարբաջ՝ Սյունիքի հանդեպ, երբ Սյունիքը 2020-ից ի վեր դարձել է աշխարհաքաղաքական գործոն, չե՞ք կարծում, որ պետք  է մշակվի և գործողության մեջ դրվի սյունիքյան նոր քաղաքականության ռազմավարություն, ստեղծվի տարածաշրջանի կառավարման նոր մոդել կամ ինստիտուտ։

10. Ձեր ընտրողը, ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է, խիստ անհրաժեշտության դեպքում, դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ վստահ լինելով, որ դիմումը կհասնի հասցեատեր Նիկոլ Փաշինյանին, որ այդ նամակը չի կորչի կամ արհեստական հուն չի մղվի Արայիկ Հարությունյանի գլխավորած աշխատակազմում։

Եվ վերջում, պարոն վարչապետ՝ Ձեր առաջիկա այցի առթիվ կազմակերպվելիք տեսարանները կամ Ձեր իսկ նախաձեռնած ամենագունեղ միջոցառումները, հավատացեք, որևէ նշանակություն չեն ունենա, քանի դեռ չեք պատասխանել իրական Սյունիքին մտահոգող բազում հարցերից այդ մի քանիսին։ Ովքեր էլ հակառակը կպնդեն, ուրեմն (ներող եղեք) Ձեզ խաբելու կամ մոլորեցնելու փորձված գործընթացն են շարունակում...

Բարի գալուստ իրական Սյունիք…

Սամվել Ալեքսանյան

Հոսանքահարման հետևանքով զինծառայող է զոհվել

13.05.2025 16:55

«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը

13.05.2025 16:35

Վրաստանը տարանցիկ երկիր է և անալիզ անցկացնելու խնդիր չկա. ինչի՞ հիման վրա են պահվում մեքենաները․ արտահանման մասնագետ

13.05.2025 15:58

Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. ՓԾ ղեկավարը

13.05.2025 15:39

Քննարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի բանակների միջև փոխգործակցությունը

13.05.2025 14:14

Վստահության պայքար Գորիսի 100-ամյա քոլեջում

13.05.2025 13:00

Զելենսկին մայիսի 15-ին Պուտինին կսպասի Ստամբուլում

13.05.2025 12:16

Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRF

13.05.2025 11:51

Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը. Փաշինյանը՝ Հռոմի պապին

13.05.2025 11:12

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

13.05.2025 11:04

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

13.05.2025 10:26

Գորիսի պետական քոլեջի դասադուլավորներին միացել են կրթօջախի աշխատակիցները՝ հայտարարելով անժամկետ գործադուլ

13.05.2025 10:13