Սևակ Ավանեսյան. «Կապանի երաժշտական փառատոնը լինելու է ավանդական, հավակնոտ ծրագրեր ունենք…»

18.07.2023 15:12
1107

Հարցազրույց թավջութակահար, Կապանի միջազգային երաժշտական փառատոնի նախաձեռնող և գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանի հետ:

- Հարգելի Սևակ, նախ, «Սյունյաց երկիրը» շնորհավորում է Ձեզ՝ փառատոնի փայլուն ընթացքի և ավարտի կապակցությամբ: Հիրավի, աննախադեպ իրադարձություն էր, և Դուք կարողացաք կազմակերպական բարձր մակարդակով ապահովել ընթացքը՝ առաջին օրվանից մինչև վերջ:

- Չէի ասի, որ ամեն ինչ հեշտ ու հանգիստ ստացվեց: Ամեն տեղ, որտեղ հնարավոր է ունենալ խնդիր, ունեցանք, սկսած   դաշնամուրի մաքսազերծումով: Ամեն պահի կարող էր այդ ամենը փլուզվել: Որքան էլ ունեինք հզոր երաժիշտներ և թիմ, ասես առաջնագծով էի գնում, և եթե ինձ հետ մի բան պատահեր, ապա ամեն ինչը կփլվեր: Դաշնամուրի հետ մի բան պատահեր, ամեն ինչին վերջակետ կդրվեր: Խոչընդոտներ շատ եղան: Գալիս ենք, տեղ ենք հասնում, պարզվում է՝ դուռը փակ է: Ասում են՝ հինգ րոպեից կբացեն, երեք օրից են բացում: Բայց այդ ամենով հանդերձ՝ ունեցանք փառատոն, որը, ըստ իս, աշխարհի ամենահեղինակավոր փառատոնից՝ իմ պատկերացմամբ, լավ էր կազմակերպված:

Այսօր խոսում էինք Կապանի համայնքապետի տեղակալի հետ (խմբ. հարցազրույցը կայացել է հուլիսի 15-ին)՝ կապանցի հանդիսատեսի առնչությամբ, նշեցի, որ կապանցի հանդիսատեսն ավելի բարձր մակարդակ ունի, քան մեկ այլ տեղ: «Կառնեգի հոլում» համերգի ժամանակ մարդիկ հազում են, խոսում են, իսկ Կապանի երգեհոնային դահլիճում մարդիկ քար լռության մեջ ունկնդրում են երաժշտությունը: Իհարկե, առաջին պլանին երաժիշտներն են: Միշտ մի օրինակ եմ բերում. եթե խոհարարին տալիս են լավորակ միս, բանջարեղեն և համեմունքներ, ընտիր ուտելիք է պատրաստում: Իսկ ո՞վ է շահում դրանից: Ուտողը: Ասելս այն է, որ մեր երաժիշտներին ցույց տվեցինք ամենաբարձր ընդունելությունը, նվագելու համար ունեցան ամենալավ դաշնամուրը, բարձր ակուստիկա ունեցող դահլիճը: Եվ նրանք նվագեցին իրենց հնարավորություններից մի բան էլ առավել: Իսկ ո՞վ շահեց դրանից՝ ունկնդիրը: Մինչդեռ ամբողջ աշխարհում արվում է հակառակը: Երաժշտին շատ փող են տալիս, բայց մարդկային վերաբերմունքը պակասում է: Այստեղ մեր երաժիշտներն ընկերացել էին կապանցի ունկնդրի հետ: Զանգում, հարցնում եմ՝ ո՞ւր ես, պատասխանում է՝ այսինչի տանը հյուրասիրության եմ: Մի քանի ժամ առաջ փառատոնի կրտսեր մասնակիցներին ճանապարհեցի մայրաքաղաք, լաց լինելով հեռացան այստեղից: Ասում էին՝ Կապանը մեզ շատ է դուր եկել:

- Փառատոնի վերջին օրը՝ հուլիսի 14-ին, Ձեր խոսքում այսպիսի արտահայտություն հնչեց՝ սա Կապանի երաժշտական առաջին փառատոնն է. կարելի՞ է ենթադրել, որ երբևէ տեղի կունենա երկրորդ փառատոնը, այսինքն՝ կդառնա ավանդական:

- Ըստ ամենայնի՝ փառատոնը կդառնա ավանդական: Ճիշտ է, պարոն Գևորգ Փարսյանից վերջնականապես չեմ ճշտել, բայց երբ փակման արարողության ժամանակ ասում էի, որ կլինի երկրորդ, երրորդ փառատոնը, տեսա ժպտում է, դա ինչ-որ բան ասում էր: Իմ կողմից ավելացնում եմ՝ փառատոնը լինելու է ավանդական, ամեն անգամ՝ ավելի ներկայացուցչական կազմով: Մենք հավակնոտ ծրագրեր ունենք, այս մեկը Ձեր տեսած ամենափոքր փառատոնն է Կապանում, գնալով առաջընթաց ենք ունենալու՝ ավելի մասշտաբային փառատոներ ենք ունենալու: Հինգ տարուց հետո Կապանը դառնալու է համաշխարհային մշակույթի կենտրոններից մեկը, ինչպիսիք են Զալցբուրգը, Վերբիերը: Իսկ տասը տարուց հետո կապանցի փոքրիկները ելույթ են ունենալու ավելի հեղինակավոր բեմերում: Հուսով եմ՝ այստեղի երեխաները միջազգային մրցույթների մրցանակակիրներ կդառնան: Ուզում եմ ասել՝ մենք ճիշտ ուղու վրա ենք: Հունվարին, երբ ասում էինք, թե ինչ ենք ուզում անել, ոչ մեկը չէր հավատում, երաժիշտները պատկերացնում էին, բայց թերահավատորեն էին վերաբերվում ասածներիս:

- Կապանյան հանրությունը հիացած է փառատոնով, տասը օր շարունակ երաժշտության կախարդական մեղեդիների աշխարհում էին, բայց Ձեր գնահատականը կուզենայինք լսել: Հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք Ձեր բոլոր ծրագրերը կյանքի կոչվեցին, թե՞ ընթացքում եղան ծրագրային փոփոխություններ:

- Ծրագրային շատ փոքրիկ փոփոխություններ եղան: Շատ սիրելի ջութակահար Արմեն Նիկողոսյանը չկարողացավ գալ՝ հարգելի պատճառով, նրա փոխարեն եկավ Կարմեն Թոսունյանը, ով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին կոնցերտմայստերն է, այսինքն՝ մի հիասքանչ ջութակահարին փոխարինեցինք  մի այլ բարձրակարգ ջութակահարով, ով գեղեցկացրեց և հարստացրեց մեր փառատոնը: Անակնկալներ եղան այս կարգի: Դմիտրի Մասլեևը, ով բավականին անուն հանած երաժիշտ է Ռուսաստանի Դաշնությունում, իմանալով փառատոնի մասին, իր միջոցներով եկավ և մասնակցեց: Մասլեևն աննախադեպ վարպետաց դասեր անցկացրեց մեր երեխաների հետ: Անակնկալներ եղան, բայց դրական... Երևանից մանուկներ եկան, ովքեր պարզապես լսել էին փառատոնի մասին: Հեղինակավոր եվրոպացի երաժիշտներ կան, որոնց ուղարկեցի փառատոնից լուսանկարներ, տպավորված էին, խոստացան մյուս փառատոնին մասնակցել:

- Անտարակույս, փառատոնին մասնակցած բոլոր խմբերը, անհատ կատարողներն արժանի են երախտագիտության և խոնարհումի, բայցևայնպես կուզենայինք որևէ կոլեկտիվի, անհատ կատարողի անունը հնչեցնել առանձին:

- Ես կուզեի առանձնացնել Մարիաննա Շիրինյանին: Նա հիասքանչ մարդ է: Ինքը մասնակցեց մեր փառատոնին՝ իր ընտանիքի, ամուսնու հետ: Ամուսինը ջութակի աղեղի լարերն էր փոխում, երեխաները մասնակցում էին համերգներին: Կապանի արվեստի քոլեջում մի անտեսված դաշնամուր կար, ինքը հովանավորեց այդ դաշնամուրի նորոգումը: Տեսնեմ՝ երեխաների մազերն էր հարդարում բեմ բարձրանալուց առաջ, այսինքն՝ բոլոր մանուկներին մայրություն էր անում՝ և՛ հավաքարարություն, և՛ խոհարարություն: Ես Մարիաննա Շիրինյանի հետ բախտ ունեցա նվագելու Շուբերտի կվինտետը: Երբ նվագում էինք, քար լռություն էր դահլիճում: Երբ ունենում էի խնդիրներ, ասենք դաշնամուր ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը չէր բավականացնում, նրան էի զանգահարում, ինքն ինձ համար հոգեբան էր, հույս, կոլեգա, շատ դեպքերում՝ խստապահանջ մայր, որտեղ սխալներ էի անում, ինքն ինձ ուղղում էր: Մարիաննա Շիրինյանն իմ թիկունքն էր, ինձ առաջնորդում էր, իմ հետևից գալիս և այսպես շարունակ:

- Փորձենք մտնել Ձեր գաղտնիքների տիրույթ, ինչպե՞ս եք կարողացել համաշխարհային ճանաչում ունեցող այդ կատարողներին ընդգրկել ծրագրում և հրավիրել Կապան: Իսկապես, առաջին հայացքից անհավատալի բան է տեղի ունեցել, բայց տեղի է ունեցել: Խնդրեմ:

- Մարդիկ շատ են մտածում իրենց մասին: Ասում են՝ ինձ տվեք, ինձ տվեք, հետևաբար ոչ մեկը չի տալիս: Ես բոլորից ուզում էի, բայց ոչ ինձ համար: Թե՛ փառատոնի ընթացքում, թե՛ ընդհանրապես կյանքում ինձ համար որևէ բան չեմ ուզել: Ես երիտասարդ եմ, առողջ և ուժեղ,  ինձ համար ամեն ինչ ստեղծում եմ, իսկ հովանավորներից, բոլորից պահանջում էի դաշնամուրի գումար, որովհետև դա իմ դաշնամուրը չէր: Դա Կապանի համար էր: Ես պահանջում էի ու ստիպում, որ մի լավ բան անեն Կապանի համար, և պիտի ասեմ, որ լավ գաղափարի համար բոլորը միավորվում էին: Ես համարում եմ, որ մեր գլխավոր հովանավորները  մեր երաժիշտներն են: Ճանաչված երաժիշտ Անդրեյ Գրիդչուկը փոխանակ հոնորար պահանջի և գա մի համերգի ժամանակ նվագի, ինքն անվճար մի համերգի փոխարեն տասը համերգի մասնակցեց, նվագեց: Մինչև կեսգիշեր և դրանից հետո բեմի վրա փորձ էր անում, բայց ժպիտը դեմքին: Ասել է թե՝ նա մեր հովանավորն էր: Երբ դու անում ես շատ լավ բան, քո շուրջը հավաքվում են շատ լավ մարդիկ:

- Վերադառնանք սկիզբ, ե՞րբ և ինչպես հղացավ Կապանում միջազգային փառատոն անցկացնելու գաղափարը:

- Ես շատ ակտիվ եմ, ինձ կարելի էր տեսնել Արցախում, այնտեղ էլ եմ փառատոն կազմակերպել, Երևանում երաժշտական մրցույթներ ենք կազմակերպել: Փոքր տարիքից սովորություն ունեի քիթս ամեն տեղ խոթել: Մի քանի տարի առաջ, երբ այստեղ էի, հորեղբայրս՝ Միշա Ավանեսյանն ասաց, որ ինքը հետևում է իմ գործունեությանը և տեսնում, որ տարբեր տեղեր բարի գործեր եմ անում, օգնում երաժշտական գործիքներ ձեռք բերելուն: Մի անգամ ասաց՝ բա ե՞րբ ես Կապանում մի բան անելու, Կապանը նաև քո տունն է: Մտածեցի՝ ճիշտ է ասում: Ես էլ պատասխանեցի, որ չեմ կարող Կապան գալ մի ջութակով կամ մի համերգով, ես այստեղ ծանրակշիռ, մնայուն մի բան պիտի անեմ: Առաջին ոգևորողն իմ հորեղբայրն է եղել: Նաև ասեմ՝ եթե չլիներ հրաշալի ակուստիկա ունեցող երգեհոնային դահլիճը, այս ամենը չէինք անի: Հանդիպումներ շատ է եղել հայտնի մարդկանց հետ, ունեցել եմ մեծ գաղափարներ, բայց շատ դեպքերում պատասխանը «չէ»-ն է եղել: Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին 20 րոպեանոց հանդիպում ունեցա Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ, ներկայացրի ծրագիրս՝ կազմակերպում եմ փառատոն, բերում եմ աշխարհի ամենալավ դաշնամուրը, ամենաբարձրակարգ երաժիշտներին, Դուք էլ մեզ ընդունում եք ամենալավ ձևով: Առանց վարանելու ասաց՝ համաձայն եմ: Մարդը երաժշտասեր է, բայց երաժշտագետ չէ: Ինքը գնահատեց դա, իրեն խոստացել էի 20 երաժիշտ, բայց եկավ 165-ը: Պատկերացնո՞ւմ եք, ինչ կրակը գցեցի մարդուն: Երբ նրան հայտնեցի, որ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբն է գալիս, ասաց՝ Սևակ ջան, մեր բյուջեն 20 երաժշտի համար է, բայց և այնպես բարձր մակարդակով սիմֆոնիկն ընդունելության արժանացավ: Ասացի՝ գալիս է ոչ թե երկու, այլ ութ դաշնակահար, մի խոսքով՝ ասածներս ժպիտով էր ընդունում և ընդառաջում: Մի խոսքով՝ Գևորգ Փարսյանն էր այս ամենի շարժիչ ուժը: Եթե չլիներ նա, մենք այստեղ կգայինք երեք հոգով, կունենայինք մի փոքրիկ համերգ և վերջ: Աշխարհում ոչ մի տեղ չեք գտնի սիրված քաղաքական գործիչ. Գևորգ Փարսյանը եզակիներից է...

- Կուզենայինք լսել այն մարդկանց, կազմակերպությունների անունները, ովքեր աջակցեցին Ձեզ՝ կազմակերպելու  մեծամասշտաբ այդ փառատոնը: Ի վերջո պահանջվում էին կազմակերպչական ջանքեր, ֆինանսական միջոցներ, 165 արվեստագետ Երևանից Կապան հասցնելու և նրանց գործունեությունն ու կեցությունն այստեղ կազմակերպելուն միտված աշխատանքներ:

- Շարունակեմ նախորդ հարցի պատասխանը: Եվ ես ու պարոն Փարսյանը մի հայտարարի եկանք, ձեռք սեղմեցինք և անցանք գործի, ինքն իր ուղղությամբ, ես՝ իմ, ճիշտ է 20 երաժշտի հաշվարկով: Ասացի՝ շուտով բերում եմ դաշնամուրը, սկզբից դանդաղ էր հանգանակության գումարը հավաքվում: Նստած մտորում էի՝ մի՞թե ծրագիրը տապալվելու է, դաշնամուրը չի լինելու, որը պիտի լիներ կապանցիներին նվեր: Զանգեցինք Սանկտ Պետերբուրգում բնակվող ֆլեյտահար Սասուն Առաքելյանին՝ ասաց՝ 1000 եվրո իմ կողմից: Դա մեծ հույս ներշնչեց: Շատերը նաև թերահավատորեն մոտեցան մեր ծրագրին: Բայց Սասունն առաջինն էր, որ հավատաց այս ամեն ինչին, մեզ ոգևորեց, սկսեցինք հավատալ, որ մեր բռնած գործն ավարտին կհասնի:

- Կապանյան լսարանն էլ որերորդ անգամ դրսևորեց իր բարձր մակարդակը, երաժշտական աշխարհի հետ իր համերաշխությունը, գուցե մեկ անգամ ևս խոսենք Կապանի հանդիսատեսի մասին:

- Կապանի հանդիսատեսի մասին վաղուց էի լսել: Կապանը մշակութային քաղաք է, և բազում երաժիշտներ է տվել՝ Դանիել Երաժիշտ, Սասուն Առաքելյան, Սամվել Ավանեսյան և ուրիշներ: Բայց վերջին տարիներին հնչեղ անուններ, ասես, չեն լսվում: Կապանում գործում են արվեստի պետական քոլեջ, երաժշտական դպրոցներ, բայց, կարծես, անտեսված է աշխարհի կողմից: Դա բոլորիս բացթողումն է, որը պիտի շտկենք և այդ նպատակով ենք այստեղ: Կապանի երաժիշտն ինձ համար և մեր երաժիշտների համար դարձավ ամենասիրելի հանդիսատեսը: Եվրոպայում նման մակարդակի հանդիսատես չկա: Մենք կարողացանք  հանդիսատեսին ցույց տալ, որ իրենք ավելի կարևոր են, և  սկսեցին այդ ամենը գիտակցել, զգալ ու վայելել: Ինձ թվում է, որ հաջորդ փառատոնին ևս կապանցի հանդիսատեսը նույնը կլինի՝ երաժշտասեր, բարեկիրթ և քաղաքավարի:

- Հայ հանրությունը Սևակ Ավանեսյանին ճանաչեց հատկապես 44-օրյա պատերազմի օրերին՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում ունեցած բացառիկ, հուզիչ ելույթով. այդ եկեղեցին արդեն վիրավոր էր, արդեն արյուն էր ծորում նրանից, բայց Դուք փորձում էիք սպեղանի դնել նրա վերքին, փորձում էիք հնարավորինս ամոքել: Քանի որ ուրիշ առիթ չի եղել չափազանց հուզիչ այդ դիպվածը քննարկելու,  ապա կուզենայինք՝ հետադարձ հայացք ձգել այդ նախաձեռնությանը:

- Այդ առիթով  չեմ ուզում խոսել, ես թավջութակահար եմ, ունեմ իմ համերգային ծրագիրը, ինձ համար հաճելի է նվագելը, երաժշտությամբ զբաղվելը: Մեկ էլ հանկարծակի հայտնի եմ դառնում մեր պարտության պատճառով: Մեր տղաներից շատերը, ովքեր զոհվեցին, նրանց հականե-հանվանե գիտեի: Դա այդ օրերին պետք էր, որ ամբողջ աշխարհին ցույց տանք՝ մենք մշակութային ազգ ենք, իսկ մեր թշնամին՝ բարբարոս: Այդ օրերին պետք էր: Շուշիում նվագելն իմ կյանքի հազարավոր դրվագներից մեկն էր, և ամեն ինչ ուզում եմ անել, որ մարդիկ դա մոռանան: Ես շարունակում եմ նվագել և այսօր Կապանում եմ՝ որպես փառատոնի կազմակերպիչ: Որպես մեր պարտության խորհրդանիշ՝ չեմ ուզում հիշվել: Նաև վստահ եմ, որ մեր կորցրածը հետ ենք վերադարձնելու:

-Դուք  վերադառնում եք մայրաքաղաք, Ձեր խոսքը կապանցիներին, սյունեցիներին: Չէ՞ որ մեր ժողովուրդը պատմության դժվարին հանգրվանում է: Խնդրեմ:

- Նախ՝ ուզում եմ նշել, որ Կապանում շրջում են մեր հերոս տղաները: Մի մոռացեք, որ մենք այսպես հանգիստ նստած ենք սրճարանում՝ իրենց շնորհիվ: Մի անտեսեք մեր հերոսներին, ովքեր պահում են մեր հայրենիքի սահմանները: Իրենց արյունով է գծված մեր երկրի սահմանները, և նրանց շնորհիվ կարող ենք վայելել մեր անվրդով կյանքը: Մենք էլ մեր գործունեությամբ և պահվածքով պիտի ցույց տանք, թե ինչի համար են իրենք կռվել: Ամենայն ուշադրություն ու հարգանք պիտի ցուցաբերենք կռված տղաներին: Դա իմ խնդրանքն է և հորդորը ողջ հայությանը և կապանցիներին, որովհետև այստեղով է անցնում առաջնագիծը: Թիկունքը պետք է ամուր լինի:

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի և

Վահրամ Օրբելյանի

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06