Շաղատն այսօր. հայացք ներսից

06.09.2014 00:20
2072

Շաղատն ունի 1252 բնակիչ, վարչական տարածքը` 11000հա, 2010թ. հողային բարեփոխմամբ գյուղի սահմանը հասավ մինչեւ Վայոց ձորի մարզ: Հիմնականում գերակշռում են արոտավայրերը` մոտ 7000 հա, այլ հողեր` 3000 հա, վարելահող` 982 հա, այգիներ` 10-15 հա: Գյուղում խոշոր եղջերավոր անասունների քանակը հասնում է 800-ի, մանր եղջերավորներինը` 3000-ի:

Շաղատեցիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Բացի գյուղատնտեսական աշխատանքներից` աշխատատեղեր են ապահովում նաեւ դպրոցը, գյուղապետարանը, մանկապարտեզը, Սպանդարյանհէկը, գյուղի տարածքում առկա փոքր հէկերը: Համագյուղացիներից ոմանք աշխատում են Սիսիանի զորամասում որպես պայմանագրային ծառայող: «Չեմ կարող ասել, որ արտագաղթը մեր գյուղին էլ է սպառնում, բայց կան մարդիկ, ովքեր սեզոնին մեկնում են արտագնա աշխատանքի: Հազվադեպ ընտանիք է մշտական բնակություն հաստատում արտերկրում», – նշեց գյուղապետ Տիգրան Խաչատրյանը (լուսանկարում):

Համայնքային բյուջեն այս տարի կազմել է 21 մլն դրամ, որից դոտացիա` մոտ 15 մլն դրամ, մնացածը` սեփական եկամուտներ: Դպրոցում 2013-14 ուստարում եղել է 165 աշակերտ, որը մյուս համայնքների համեմատ նշանակալի թիվ է: Շաղատ համայնքում տարեկան ծնվում է միջին հաշվով 20 երեխա: Մանկապարտեզ է հաճախում 58 երեխա, որից հինգը` Բալաքից:

Ինչպես շատ ու շատ գյուղական համայնքներ, Շաղատը նույնպես ունի խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: 1970-ական թվականներից մինչեւ այժմ գյուղի խմելու ջրի խողովակաշարը չի փոխվել: Անմխիթար է գյուղի ճանապարհների վիճակը: Ճիշտ է, համայնքային բյուջեով ամեն տարի որոշակի աշխատանքներ կատարվում են, բայց անհրաժեշտ է ճանապարհների հիմնովին վերանորոգում: Հին գյուղի տարածքում սողանք է առաջանում: Ամեն տարի գյուղացիների ուժերով կատարվում է աշխատանք, իսկ այս տարի Սյունիքի մարզպետարանը խողովակներ է տրամադրել, որպեսզի այն վայրերից, որտեղ ջուրը կուտակվում եւ սողանք է առաջացնում, դրենաժային խողովակաշարով հեռացվի: 1980-ական թվականներին գյուղը գազիֆիկացվել է, 2-3 տուն միայն անհարմարավետ դիրքի պատճառով գազիֆիկացված չէ:

Բազմիցս բարձրացված եւ արդեն չարչրկված հարցերից է մսամթերքի, կաթի իրացումը: Գյուղում ունեն կաթի հավաքման կայան, այս տարի նույնիսկ համայնքում պանիր են մշակել: Նախորդ տարիներին գյուղացիները կաթը հանձնել են «Սիսիան կաթ», «Աշտարակ կաթ» ընկերություններին: Շատ ավելի մտահոգիչ է մսամթերքի իրացման հարցը, մանավանդ այս տարի, երբ խոտը թանկ արժե (խոտի մեկ հակն այս տարի արժե 1000 դրամ), եւ գյուղացին ի վիճակի չի լինելու գնել, ստիպված հարկադիր մորթ պիտի անի, եւ դեռ հայտնի չէ, թե իրացումն ինչպես պետք է կատարի:

«Եթե մսամթերքի եւ կաթնամթերքի իրացման գները վերանայվեին, ապա գյուղացին ավելի կշահագրգռվեր իր արտադրանքն ավելացնելու համար: Պետությունը վառելիք եւ պարարտանյութ է տրամադրում համեմատաբար ցածր գներով, բայց հաճախ գյուղացին գումար չի ունենում ժամանակին վճարելու համար եւ հետագայում, ստիպված, իրեն անհրաժեշտ վառելիքն ու պարարտանյութը ձեռք է բերում ավելի բարձր գներով», – ավելացրեց գյուղապետը:

Համագործակցում են «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության հետ, որ տարբեր ծրագրեր է իրականացրել այս տարիների ընթացքում: Մեծ աջակցություն է ցուցաբերվել Շաղատի մանկապարտեզին` շենքի վերանորոգման, գազիֆիկացման եւ գույքի ապահովման հարցերում: Դպրոցի տանիքը վերանորոգվել է դեռեւս տարիներ առաջ, իսկ շենքն ամբողջովին վերանորոգման եւ գազիֆիկացման կարիք ունի:

Այս տարի «Վորլդ վիժն» կազմակերպության հետ համատեղ 3 հա ոսպ են ցանել: 4-5 հոգի մասնակցել են ոսպի եւ կտավատի մշակման նպատակով կազմակերպված վերապատրաստման դասընթացների: Ճիշտ է, բերքատվությունը բարձր չէր, 1 հա-ից ստացել են 500-600կգ ոսպ, բայց քանի որ ոսպի գինը բարձր է, արդյունքից գյուղապետը դժգոհ չէ:

Ռազմավարական զարգացման գործակալություն հկ-ի հետ համագործակցության շրջանակներում անցյալ տարի Ստեփանավանից ցլիկներ եւ կովեր են բերել, որոնց համար սիսիանյան բնակլիմայական պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն: Արոտատեղերում ՌԶԳ-ն ծածկ է դրել, իսկ «Վորլդ վիժնի» աջակցությամբ այնտեղ պահակատեղի են կառուցել եւ կթի սրահ: Արոտավայրերում անասունների խմելու ջրի հարցը լուծվել է մի քանի տարի առաջ` հեռագնա երկու յայլաղում ջրխմոցներ տեղադրելով:

Գյուղի հրատապ խնդիրներից է նաեւ գյուղտեխնիկայի թարմացումը: Խորհրդային ժամանակաշրջանից մնացել է ընդամենը մեկ կոմբայն: «Լավ կլիներ, եթե պարկը համալրվեր նորագույն տեխնիկայով, որպեսզի գյուղացին չխեղճանա: Շաղատեցիներն աշխատասեր են, չնչին աջակցություն ստանալու դեպքում էլ լավագույն արդյունք կունենանք», – նշեց գյուղապետը: Նախատեսում են ստեղծել կոոպերատիվ, որ գյուղնախարարության հետ համատեղ փորձեն որոշակի տեխնիկա ձեռք բերել:

Խոսելով շաղատեցիներից մի քանիսի հետ` փորձեցինք գյուղի խնդիրներին նայել գյուղացիների տեսանկյունից: Լեւոն պապը նշեց, որ հեռուստացույցը, համակարգիչները մարդկանց կյանքը փչացրին, նախկինում սոված ու տկլոր էին ապրում, բայց իրենց հայրենիքից չէին հեռանում, ներկայումս չեն ուզում պակաս ապրել եւ արտերկիր են մեկնում, մանավանդ երիտասարդները: Ցավալին այն է, որ աշխատատեղ չկա, երիտասարդները չեն կարողանում ընտանիք կազմել եւ փախչում են, չեն մնում, որ իրենց հայրենիքում քարը քարին դնեն: Լեւոն պապը նաեւ նկատեց, որ մեր դարում եթե փող ունես, մարդ ես, եթե չունես, մարդ չես:

Գյուղապետարանի աշխատանքներից գյուղացիները գոհ են, բայց գյուղն ունի բազում խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է պետական աջակցություն: Բնավ էլ հուսադրող չէ հանգամանքը, որ գյուղացիները պնդում են, թե իրենց խնդիրները բարձրաձայնելով ոչինչ չի փոխվի, այսինքն` պետության հանդեպ երբեմնի հավատն այլեւս անցյալում է մնացել: Հիմնական խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է, ապրանքների գնաճը: Երիտասարդներն աշխատանքի խնդիր ունեն, այդ է պատճառը, որ չեն մնում գյուղում եւ հարկադրաբար դիմում են արտագաղթի: Իրենց ապագան այստեղ են պատկերացնում, եթե, իհարկե, ապահովված լինեն աշխատանքով: Իսկ գյուղի մանուկների ցանկությունն այն է, որ շատ երեխաներ լինեն գյուղում, իրենց խոսքերով` «ապրում ենք էլի, գոհ ենք մեր կյանքից, այստեղ ծնվել ենք, այստեղ էլ պիտի ապրենք»:

Կարեւորելով Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծումը` գյուղապետը նշեց, որ երեւույթը ողջունելի է, ցանկալի է, որ նման բարերարներ շատ լինեն, ովքեր կաջակցեն գյուղի հիմնախնդիրները լուծելու հարցում: Ե՛վ եկեղեցու վերաօծումը, ե՛ւ ձիթհան-թանգարանի բացումը, կարելի է ասել, հնագույն ավանդույթների վերականգնման նշանակալի քայլերից են: Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան-աղբյուրը, որն անբարեկարգ ու անմխիթար վիճակում էր, վերակառուցեցին, իսկ Արցախյան ազատամարտում զոհվածների հուշակոթողը դեռեւս բարեկարգման կարիք ունի:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06