Շաքեում ստեղծվում է արոտային տնտեսությամբ զբաղվող կոոպերատիվ

03.12.2013 17:00
2590

    «Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է Շաքեի համայնքի ղեկավար Վահան Ղազարյանը

    – Պարոն Ղազարյան, նախ` ներկայացրեք, խնդրեմ, Շաքե համայնքը:

    – Սիսիանի տարածաշրջանի (Անգեղակոթից ու Բռնակոթից հետո) ամենախոշոր համայնքն է: Բնակչությունը` 1390, տարածքը մոտ` 7 հազար հա, որից վարելահող` 1377հա: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ. անասնապահություն, հացահատիկի մշակություն: Գյուղի տարածքում կան բազալտի հանքավայրեր, քարի մշակման արտադրամասեր: Գյուղի տարածքում է Շաքեի հայտնի ջրվեժը: Գյուղի տարածքով հոսող Շաքե գետի վրա կառուցված է հիդրոէլեկտրակայան: Կա 285 տնտեսություն: Գյուղն ունի եռահարկ դպրոց, որտեղ սովորում է 160 երեխա, եւ մանկապարտեզ` 43 երեխայով: Մանկապարտեզի գործունեության համար լրավճար ենք ստանում, մեզ օգնում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը: Գյուղն ունի գրադարան` 7 հազար կտոր գրքով, ակումբ:

    – Շաքեն մարզի այն համայնքներից է, որտեղ մինչեւ Արցախյան շարժում կար երկու համայնք` հայկական եւ ադրբեջանական: Ադրբեջանցիները գնացին, հիմա գյուղում միայն տեղացինե՞րն են բնակվում, թե՞ դրսից եկածները նույնպես:

    – Հայտնի իրադարձություններից հետո հարեւան գյուղերից էլ բնակվելու եկան մեզ մոտ: Եղան նաեւ Ադրբեջանից բռնագաղթածներ, որոնցից շատերը հեռացել են գյուղից: Նրանցից ոմանք դեռեւս գյուղում շարունակում են մնալ հողի ու բնակելի տների սեփականատեր: Չի բացառվում, որ վերջիններս երբեւէ վերադառնան Շաքե:

    – Նորեկները, այդ թվում` բռնագաղթածները, անցած 20-25 տարում, կարծում ենք, ինտեգրվել են գյուղին եւ իրենց շաքեցի են համարում:

    – Նախկին քաղաքաբնակների համար, բնականաբար, դժվար էր գյուղական կյանքին հարմարվելը: Ոմանք ինտեգրվեցին, ոմանք` ոչ: Նորեկները ժամանակի ընթացքում սկսեցին տնտեսություն վարել, հող մշակել, անասուն պահել: Հնաբնակների հետ կան նորմալ, բնականոն շփումներ, կան ամուսնություններ: Եվ եթե ավագ սերնդի ներկայացուցիչների համար դեռեւս հոգեբանական փոքրիկ բարդություններ կան, ապա երեխաների համար Շաքեն իրենց ծննդավայրն ու հարազատ բնօրրանն է:

    – Գյուղ գալուց առաջ տեղեկացանք, որ առաջին հայացքից ջրառատ Շաքեն ջրի խնդիրներ ունի` ե՛ւ խմելու, ե՛ւ ոռոգման: Ինչպե՞ս հասկանալ:

    – Ամռանն իրոք ունենում ենք խմելու ջրի խնդիր, որովհետեւ տնամերձերի զգալի մասը ոռոգվում է խմելու ջրով, քանզի ոռոգման ջրի խնդիր էլ ունենք, թեեւ գյուղի միջով Շաքե գետակն է հոսում: Խմելու ջրի խնդիրը ներքին ջրատար ցանցի խախուտ լինելով է պայմանավորված: Եթե մեզ հաջողվի հիմնանորոգել ներքին ցանցը, օրվա կարգավորիչ ջրամբարներ կառուցել, ապա խնդիրը կլուծվի: Ցավոք, այդ խնդիրը հնարավոր չէ լուծել սեփական ուժերով: Ինչ վերաբերում է ոռոգման համակարգին, ապա մեր հույսը Սպանդարյան ջրանցքի վերականգնումն է, այլապես պոմպակայաններով հարց լուծելն անհեռանկար է եւ շատ ծախսատար:

    – Ներկայացրեք, խնդրեմ, համայնքային բյուջեն:

    – Համայնքի տարեկան բյուջեն մոտ 25 մլն դրամ է, որից 11 միլիոնը` սեփական եկամուտներ: 2012-ին սեփական եկամուտների առաջադրանքը հիմնականում կատարեցինք` հողի հարկը` 100 տոկոսով, գույքահարկը` 90 տոկոսով: Կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում շահագործել սեփական ավտոմեքենան, ինչի համար եւ գույքահարկ չեն վճարում: Խնդիր ունենք նաեւ այն ընտանիքների հետ, որոնք հեռացել են գյուղից` մնալով անշարժ գույքի սեփականատեր: Ոմանք առաջարկում են` գործող օրենքով հետ վերցնել այդ ընտանիքներին պատկանող հողատարածքները, բայց ես դեմ եմ եւ հույս ունեմ, որ այդ մարդկանց մի մասը երբեւէ հետ կդառնա գյուղ:

    – Համայնքային բյուջեի 25 մլն դրամով որեւէ հարց կարողանո՞ւմ եք գյուղում լուծել: Մանկապարտեզի մասին ասացիք, պահպանության ծախսեր, աշխատավարձ… Ուրիշ ի՞նչ խնդիր է լուծվում բյուջեով:

    – Ընդամենն ընթացիկ հարցեր ենք լուծում` գույքի ձեռք բերում, ներհամայնքային ճանապարհների փոսային նորոգումներ: Մի ժամանակ գյուղի փողոցներում ուղղակի խայտառակ վիճակ էր: Եթե նկատել եք` հողով կարգավորել ենք: Ընթացիկ խնդիրները լուծելիս մեզ աջակցում են նաեւ տարածքի կազմակերպությունները, բնակիչներն էլ աջակցում են` ինչով կարողանում են:

    – Իսկ ի՞նչ միջազգային ծրագրեր են իրականացվում գյուղում:

    – Համաշխարհային բանկի եւ հանրապետության գյուղնախարարության աջակցությամբ ստեղծվում է «Շաքի համայնքի արոտ օգտագործողների միավորում» կոոպերատիվ: Խոսքը մոտ 2000 հա արոտավայրերի մասին է: Այդքան լավ արոտավայրերն առայժմ իրենց նպատակին լիարժեք չեն ծառայում: Արոտներում ջուր ունենալու դեպքում դրանք կդառնան լուրջ բազա անասնապահության զարգացման համար: Ըստ ծրագրի` Մուխուրթունյան ջրաղբյուրներից ջուր կվերցնենք եւ Սպանդարյան ջրանցքից վերեւ գտնվող տարածքներում խմոցներ կտեղադրենք: Խորհրդային տարիներին այդ խնդիրը լուծվում էր պոմպակայանների միջոցով: Ջուրը կտրվեց եւ Շաքե համայնքը, կարելի է ասել, հայտնվեց անապատում: Ակնկալում եմ, որ 2014թ. մայիս-հունիս ամիսներին աշխատանքներն ավարտված կլինեն: Այդ ծրագրի շրջանակներում գյուղին տրամադրվելու է գյուղտեխնիկա` «Բելառուս» մակնիշի տրակտոր, հակավորող, ցանք անող, խոտ հնձող, խճաքար բարձող մեքենաներ: Դրանք լինելու են կոոպերատիվի սեփականությունը:

    – Ովքե՞ր կարող են անդամակցել կոոպերատիվին:

    – Գյուղացիները` ըստ ցանկության: Համայնքային արոտավայրերը կհանձնենք կոոպերատիվին: Ի դեպ, նման ծրագիր է գործում նաեւ Ծղուկ համայնքում: Հողի դիմաց կոոպերատիվը մեզ տալու է վարձավճար` հեկտարը 1000 դրամով` տարեկան: Ունենք նաեւ արոտավայրեր` հեկտարը 2500 դրամ վարձավճարով:

    – Ի՞նչ փուլում է կոոպերատիվի ստեղծման գործընթացը:

    – Արդեն եռակողմ պայմանագիր ենք կնքել` գյուղապետարան, կոոպերատիվ, ծրագրերի իրականացման գրասենյակ: Պայմանագիր է կնքվել նաեւ տեխնիկայի ձեռք բերման համար: Կոոպերատիվն ինքնուրույն տնտեսվարող սուբյեկտ է, գյուղապետարանը չի խառնվում նրա գործերին: Կոպիտ ասած` գյուղապետարանը միայն հողի վարձավճարի տերն է:

    – Հիմա` գյուղի երիտասարդության մասին, չէ՞ որ առանց երիտասարդության խնդիրների լուծման հնարավոր չէ պատկերացնել գյուղի վաղվա օրը:

    – Երիտասարդությունը, արդարացիորեն, իշխանություններից սպասելիքներ ունի: Զբաղվածության խնդիր ունի երիտասարդությունը: Ոմանք (10-15 հոգի) արտագնա աշխատանքի են մեկնում, մարդիկ ուզում են շատ փող աշխատել, լավ ապրել, մի մասը բնակարանի կարիք ունի: Որոշներն էլ պարզապես ուզում են գյուղից տեղափոխվել: Նաեւ ամուսնանում են, այս տարի 12 ծնունդ ենք ունեցել, ծնունդները խրախուսում ենք…

    – Այդ բոլորով հանդերձ` ո՞րն է, ըստ Ձեզ, գյուղապահպանության գլխավոր խնդիրը` Շաքեի օրինակով:

    – Երիտասարդության զբաղվածության խնդիրն է գլխավորը. ե՛ւ ամուսնություններ կլինեն, ե՛ւ ծնունդներ… Երիտասարդության ժամանցի պայմաններ էլ պիտի ստեղծել:

    – Բայց չե՞ք կարծում, որ ծուլությունն է մի տեսակ իշխող դարձել մեզանում:

    – Չեմ ուզում նման խիստ գնահատականներ տալ երիտասարդներին, սակայն որոշ դեպքերում ծուլությունն ակնհայտ է: Ոմանք ուզում են իրենց գոյությունն ապահովել նպաստների միջոցով, ոմանք էլ իրենց համար աշխատանք են գտնում եւ չեն խուսափում անասնապահությունից, հողագործությունից: Մեր գյուղի կողքով ավտոմայրուղին է անցնում, այնտեղ մի շաքեցի չկա` խնձոր, կարտոֆիլ վաճառող, պատվից ցածր են համարում: Մարդն ինքը պետք է իր համար աշխատատեղ ստեղծի. իրավիճակն է այդպես պահանջում: Համենայնդեպս գյուղից հեռանալը ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենաօպտիմալ ելքը չէ:

    – Չեմ ուզում հակադրվել Ձեր ասածներին, բայց պետությունն էլ պետք է անտարբեր չլինի գյուղի հիմնախնդիրների հանդեպ: Գյուղացին հողի հարկը վճարում է, գույքահարկը վճարում է, իսկ պետությունը…

    – Վերջին շրջանում, կարելի է ասել, պետության մակարդակով ինչ-որ բան են փորձում անել: Պարարտանյութի խնդիրն է լուծվում, սերմերի հետ կապված որոշ տեղաշարժեր կան: Առանձին գյուղացիներ իրենք են փորձում սերմ արտադրել: Դիզվառելիքի հետ կապված շարժ կա: Ուղղակի գյուղացին կանխիկ դրամ չունի, ամիսներ շարունակ պարտք է մնում սերմի, դիզվառելիքի, պարարտանյութի համար:

    – Բայց եւ գյուղատնտեսական աշխատանքի գներն են անվերջ բարձրանում, ու պետությունը չի փորձում զսպել այդ մրցավազքը: Դրա վերջն ի՞նչ է լինելու:

    – Մեր գյուղի դեպքում, ինչպես ասացի, ստեղծվող կոոպերատիվը լուծումներից մեկն է: Ես հույս եմ կապում ձեռք բերվող գյուղտեխնիկայի հետ` գները կզսպվեն: Թե չէ կոմբայնի, տրակտորի սեփականատերը դարձել է նաեւ գին թելադրող: 10-12 հազար դրամով հունձ արվեց այս տարի. իհարկե աննորմալ վիճակ է, թեեւ խոսակցություններ կան, որ 2014-ին նոր թանկացումներ կլինեն այդ բնագավառում:

    – Եվ ինչպե՞ս կարող ենք, այդ ամենից հետո, խոսել գյուղացու պաշտպանված լինելու մասին:

    – Իհարկե պաշտպանված չէ, միայն մսի շուկայում տիրող վիճակը հերիք է, որ այդպես մտածենք:

    – Մի կարեւոր հարց էլ կա, որ մտահոգում է մեզ: Շաքեն մեր մարզի այն համայնքներից է, որն իր տարածքում ունի մի շարք արտադրական օբյեկտներ` բազալտի հանքավայրեր (վեց հանքատեր), քարի մշակման արտադրամաս (ութ արտադրամաս), մեկ հէկ: Եվ բոլոր այդ օբյեկտները համայնքին միայն հողի հարկ են վճարում եւ գույքահարկ, մնացած հարկերը տրվում են պետբյուջեին…

    – Ես հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը, հիմա էլ կասեք` ի՞նչ օգուտ գյուղին, որ բազալտի հանքավայր ունի իր տարածքում, հիդրոէներգետիկ ռեսուրսներ ունի… Բայց դա օրենսդրին առնչվող հարց է: Բոլոր համայնքներում կուզենան, որ նման իրավիճակներում հարկերի մի մասը վճարվի համայնքին: Եվ համայնքները շահագրգռված կլինեն, որ գյուղի ընդերքը, գյուղի ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործվեն: Մեր պատգամավորները պետք է մտածեն այդ մասին, դա իրենց լիազորությունների մեջ է մտնում: Չեմ կարծում, որ Ազգային ժողովում նման հարց քննարկելիս որեւէ պատգամավոր դեմ քվեարկի: Նույնիսկ կարծում եմ, որ հատկապես քարի արդյունահանմամբ զբաղվող տնտեսվարողներից պետք է հօգուտ համայնքի բնապահպանական հարկ (տուրք) վերցնել: Չէ՞ որ բնությունն է փչանում, շրջակա միջավայրն ու օդային ավազանն են կեղտոտվում` մարդկանց առողջությանը վնաս պատճառելով:

    – Շնորհակալություն հարցազրույցի համար:

    Հարցազրույցը` ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆԻ

    Պենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին

    17.03.2025 21:41

    Ռուբեն Վարդանյանի փաստաբանը Թրամփի խորհրդականի գրառումից հետո Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է Փաշինյանին և Միրզոյանին

    17.03.2025 20:55

    Կայացել է Կապան համայնքի ավագանու հերթական նիստը

    17.03.2025 19:42

    Ադրբեջանի ՊՆ-ն երկու օրվա ընթացքում չորրորդ ապատեղեկատվությունն է տարածել

    17.03.2025 17:46

    «Ադրբեջանը հայտարարում է՝ ճանապարհը պատկերացնում է ուղղակի «միջանցքի» տարբերակով, որով անարգել կգնա Նախիջևան. դա կնշանակի, որ ՀՀ սուվերենություն այլևս գոյություն չունի». Աշոտ Մելքոնյան

    17.03.2025 17:45

    «ՀՀ-ում ռևանշիստական միտումները լուրջ խոչընդոտ են հարաբերությունների կարգավորման գործընթացում»․ Բայրամովը հոդված է հրապարակել

    17.03.2025 16:40

    Արցախում Ադրբեջանն իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն. Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

    17.03.2025 16:36

    Քարաթափում Տաթև-Լծեն ճանապարհին․ այն դարձել է միակողմանի երթևեկելի

    17.03.2025 12:43

    Թուրքական ԶԼՄ-ներում բազմաթիվ նյութերով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ

    17.03.2025 12:40

    Իրավիճակը հանգիստ է. ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ

    17.03.2025 11:05

    Մարտի 19-ին Կապանի մի շարք թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

    17.03.2025 10:30

    Կոմիտասյան երգեր. «Անձրեւն եկաւ շաղալէն»

    16.03.2025 18:50