Շչորս Դավթյան. «Սյունիքը սովորական աշխարհ չէ»

26.05.2015 16:33
3804

Բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանի հետ զրուցում է Ջերմուկի մեր գործընկեր Վարդգես Խանոյանը


- Ձեր կյանքի ու  գործունեության կարեւորագույն էջերը՝ ծննդյան արմատներից  ի վեր առ այսօր, գրվել են Սյունյաց աշխարհում: Ի՞նչ է դա. անսահման նվիրվածություն ու հավատարմությո՞ւն հայրենի եզերքին, թե՞ Աստծո կամոք պարգեւված ճակատագիր: Այլ խոսքով, ի՞նչ է խորհրդանշում Սյունիքը Ձեզ համար:

- Ես միշտ հպարտացել եմ, որ իմ արմատները Սյունիքից են: Պապերս հողագործներ են եղել, մասնակցել են բոլոր պատերազմներին՝ ռուսական բանակի շարքերում: Ընդհանրապես չեմ կարող համաձայնել նրանց հետ, ովքեր փորձում են ժխտել Ռուսաստանի դերը հայ ժողովրդի ճակատագրում: Մենք զորավարներ ենք տվել (ցարական եւ խորհրդային ժամանակներում)՝ զորք չունենալով, ծովակալներ ենք տվել՝ ծով չունենալով, ակադեմիկոսներ ենք տվել՝ ակադեմիա չունենալով եւ այլն: Իմ մեծ հայրենակից Նիկողայոս Ադոնցը համաշխարհային ճանաչման  արժանացավ՝ լինելով Պետերբուրգի, ապա Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր:

Սյունիքը սովորական աշխարհ չէ: Դա այն երկիրն է, որ մարզպան է տվել, նաեւ՝ մի քանի դար՝ թագավորություն ունեցել: Պատահական չէ, որ Ավարայրի հերոս Վարդան Մամիկոնյանը թաղվել է հենց Սյունիքում, պատահական չէ, որ թշնամու դեմ ամենախոշոր ընդվզման կազմակերպիչը եւ հաղթողը Դավիթ Բեկն էր, պատահական չէ, որ իր խիզախ մտահղացումները Գարեգին Նժդեհն իրականացնում էր հենց Սյունիքում:

Այս ամենը հպարտության մեծ զգացում է առաջացնում սյունեցիների հոգում: Անցյալ դարում Սյունիքն ունեցավ խոշորագույն գրողներ, արվեստագետներ, ակադեմիկոսներ, զորապետներ, հերոսներ, պետական գործիչներ…

Ահա այս համայնապատկերի վրա, երբ քեզ վստահում են Սյունիքի՝ ամենամեծ տարածք ունեցող շրջանի ղեկը, ակամայից մտածում ես, թե ում գործի շարունակողն ես դու եւ ինչ կարող ես անել սյունյաց փառքը բազմապատկելու համար: Մի ճշմարտություն կա. մեծագործությունները կատարում է ժողովուրդը եւ որպեսզի այն լավ կատարի, պետք է լավ ապրի: Իսկ լավ ապրելու համար աշխատանք պիտի ունենա եւ տուն: Մենք հասանք նրան, որ մեկ տասնամյակում այլեւս բնակարանի հերթեր չկային, կառուցվեցին հարյուրավոր առանձնատներ, գյուղատնտեսական մթերքների ծավալները կրկնապատկվեցին, կապիտալ շինարարությունը կազմեց 30 միլիոն ռուբլի, շարք մտան ինքնատիպ կառույցներ (Սիսիան քաղաքի ջրային հայելիներ, օդանավակայան, հացի եւ քարի թանգարաններ), գործարկվեցին տրիկոտաժի ֆաբրիկան (1300 աշխատողով) եւ բժշկական սարքավորումների գործարանը:

Այդ տարիներին Սիսիանը նաեւ մշակութային խոշոր կենտրոն էր՝ գեղարվեստի, երաժշտական եւ պարարվեստի դպրոցներով, պատկերասրահով, նվագախմբերով, ժողովրդական թատրոնով եւ այլն: Ամեն տարի հյուրախաղերի էին գալիս Գ.Սունդուկյանի անվան թատրոնի, պարի պետական համույթի, Կոմիտասի անվան քառյակի եւ այլ կոլեկտիվներ: Տասը  տարի ամբողջ ամառը Սիսիանում է եղել Համո Սահյանը, նրա հետ՝ Վահագն Դավթյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Հրանտ  Մաթեւոսյանը,  Սերո Խանզադյանը, Ֆելիքս Մելոյանը, ուրիշներ:

Եվ ինչն էր ուշագրավ. հանրապետությունում ամենաշատ գյուղատնտեսական մթերքներն արտադրող եւ ամենամեծ ծավալների շինարարություն կատարող շրջանում վերացան քրեական հանցագործությունները, նաեւ ամուսնալուծությունները: Սիսիանը բուհ ընդունվողների քանակով (ազգաբնակչության համեմատ) դուրս եկավ առաջին տեղը:

Այսքանին կարելի էր չանդրադառնալ, եթե այսօր նույն Սիսիանը չկորցներ վերը նշված նյութական ու հոգեւոր արժեքները, եթե չավերվեին գործարաններն ու ֆաբրիկաները, անասնապահական համալիրները, գյուղատնտեսական ձեռնարկությունները: Այսօր շրջկենտրոնում անավարտ է մնացել հարյուրավոր առանձնատների, այլ օբյեկտների շինարարությունը: Աշխատատեղեր չկան, գյուղերում հարյուրավոր առանձնատներ իրենց  հողամասերով լքված են: Այս բոլորն ահռելի ցավ է պատճառում ինձ:

- Ձեր կենսագրության շատ էջեր  էլ գրվել են Երեւանում՝ կուսակցական պատասխանատու աշխատողից մինչեւ «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր: Այդ ժամանակաշրջանը Սյունյաց աշխարհի հանդեպ Ձեր սիրո «ընդմիջո՞ւմ» էր, թե՞ նվիրվածության ու հավատարմության նոր դրսեւորումներ:

- Երեւան աշխատանքի հրավիրվեցի 1988թ. օգոստոսին: Ստանձնեցի «Խորհրդային Հայաստան» հանրապետական թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Այդ ժամանակ արդեն սկսվել եւ իր բարձրակետին էր հասնում Ղարաբաղյան շարժումը: Հետո գալու էր վատթարագույնը՝ Սպիտակի երկրաշարժը: Այդ պայմաններում թերթում աշխատելը հավասար էր դժոխքի: Հատկապես, որ այդ տարիներին Հայաստանի ղեկավարներից շատերը, նաեւ Սուրեն Հարությունյանը, չկարողացան ըմբռնել Ղարաբաղյան շարժման իմաստը: Սխալներ թույլ տրվեցին հենց սկզբում: Փոխանակ անցնելու այդ շարժման գլուխ, հանրապետության ղեկավարությունը թերագնահատեց համաժողովրդական շարժումը, որից էլ օգտվեցին մի խումբ անփորձ առաջնորդներ եւ հետագայում, վերցնելով իշխանությունը, թույլ  տվեցին ավեր ու ավար՝ այն աստիճան, որ մինչեւ հիմա հնարավոր չի լինում վերականգնել կորցրածը: Այդ ժամանակաշրջանում չէի  կարող չհետաքրքրվել Սյունիքով, որովհետեւ մտավախություն ունեի, թե իմ կառուցածն ու ստեղծածը կարող է ոտնատակ արվել: Հատկապես, երբ անկախությունից հետո Սիսիանում առաջին դեմքեր դարձան մի նախկին ջրվոր, մի ձախողված գիտաշխատող, նախկինում ոչնչով չզբաղված մի բախտախնդիր եւ այլն:

Ինչի՞ն հավատարիմ մնայի, երբ ժողովուրդը սկսում էր կորցնել հավատն ամեն ինչի նկատմամբ, երբ ամեն մի նվիրական բան կորչում, կողոպտվում կամ ոչնչացվում էր: Օրինակ, Սիսիանում կառուցել էի ոռոգման անձրեւացման եղանակով համակարգեր ութ հազար հեկտարի վրա: Երբ իմ աչքի առաջ ջրհան կայանները ոչնչացվում եւ հողի տակից քանդում ու հանում էին մի քանի հարյուր կիլոմետրի հասնող խողովակներն ու վաճառում օտարներին, ես ի՞նչ պիտի մտածեի:

Բայց ամենամեծ հիասթափությունը գալիս էր նրանից, երբ զգում էի, որ մարդիկ կերպարանափոխվում են նաեւ բարոյապես: Համո Սահյանի խոսքերով ասած՝ «առուծախից ու առուփախից հեռու»: Սիսիանցիներից շատերը սկսեցին պետության եղածը ծախել, սեփականաշնորհել անշարժ գույքը՝ չնչին գումարներով: Եվ այդ պայմաններում ՀՀՇ-ական ղեկավարներն ինձ մեղադրում էին, թե 15 առանձնատուն եմ կառուցել: Այո՛, կառուցել էի, անասնապահական ֆերմաների մոտ, Սիսիանի գեղատեսիլ վայրերում, գործարանների հարեւանությամբ: Բայց դրանցից ոչ մեկը հետս Երեւան չէի տարել եւ չէի սեփականացրել: Իսկ այժմ էլ դրանց մի մասը  քանդվել ու ավերվել է:

Ինչեւիցե, Սիսիանի հետ իմ հարազատությունը մնալու է հավիտենապես:

- Ինչ ոլորտում ու պաշտոնում էլ աշխատել եք, Ձեր կյանքի մշտական ուղեկիցն է եղել խմբագրական-հրապարակախոսական, հատկապես գրականագիտական-գիտահետազոտական գործունեությունը, որ պսակվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանով, մի շարք արժեքավոր աշխատություններով՝ հատկապես նվիրված մեր ականավոր բանաստեղծի եւ Ձեր մերձավոր բարեկամի՝ Համո Սահյանի ստեղծագործությանը, որի անվանակիր գիտամշակութային կենտրոն եք հիմնադրել եւ որը ղեկավարում եք մինչեւ այսօր: Խնդրում եմ պատմել այդ մասին:

- Երբ  Սիսիանի շրջանային «Որոտան»  թերթի խմբագիրն էի, ինձ ամենաերջանիկ մարդն էի համարում, որովհետեւ իրականացել էր լրագրող դառնալու երազանքը: Այդ աշխատանքը հնարավորություն էր ստեղծում ավելի մոտիկից ճանաչել հայրենակիցներիս, լինել գեղատեսիլ վայրերում: Մի քանի տասնյակ ակնարկ գրեցի շարքային աշխատողների, մտավորականների, թոշակառուների մասին, քրքրեցի Սիսիանի պատմության էջերը, հետաքրքրվեցի գյուղերի հիմնադրման ու անցած ճանապարհի հարցերով, ականավոր սիսիանցիների կենսագրությամբ: Այդ տարիներին մոտիկից ծանոթացա Համո Սահյանի հետ, ում հորդորով թողեցի գրաբարի մասին պատրաստվելիք ատենախոսությունս եւ որոշեցի դառնալ գրականագետ: Հետագայում, երբ անցա կուսակցական աշխատանքի, ժամանակը չէր  բավականացնում գրականությամբ զբաղվելու, թեեւ մի շարք հոդվածներ գրեցի Համո Սահյանի նոր լույս տեսած գրքերի ու այլ թեմաների մասին: Վերջապես (1980թ.) պաշտպանեցի թեկնածուական թեզ  «Բնությունը եւ մարդը Համո Սահյանի պոեզիայում» թեմայով: Դրանից հետո արդեն չէի կարող կտրվել գրական աշխարհից, որովհետեւ ինձ ավելի շատ գրականագետ էի զգում: Հիշում եմ, որ Զորի Բալայանը մի հարցազրույց էր տպագրել «Լիտերատուրնայա գազետայում», որտեղ այն հարցին, թե ինձ համար առաջնայինը գրականությո՞ւնն է, թե՞ կուսակցական աշխատանքը, պատասխանել էի, որ կուսակցական աշխատանքը կարող է վաղը թողնեմ, սակայն գրականությունը եղել ու մնալու է իմ կյանքի նպատակը: Իհարկե, Կենտկոմում շատ վատ էին ընդունել ասածս, սակայն մի՞թե ես ճշմարիտ չէի: Այդ է ապացուցում հենց այսօրը:

Երբ դարձա 50 տարեկան եւ ինձ այլեւս պետական, գիտական ու լրագրային աշխատանք չվստահեցին, որոշեցի զբաղվել իմ մասնագիտությամբ: Եվ խիզախեցի այդ անել միայնակ: Իսկ մասնագիտությունը Համո Սահյանի քնարերգությունով զբաղվելն էր: Նախ, գտա եւ տպագրության պատրաստեցի նրա անտիպ բանաստեղծությունների ժողովածուն, որը Վարպետի մահվանից հետո հինգ տարի հրատարակչություններում թափառում էր: Այն լույս տեսավ 1998թ.՝ «Ինձ  բացակա չդնեք» վերնագրով: Այդ ընթացքում կարողացա հավաքել Համո Սահյանի ավելի քան 500 լուսանկար: 2004թ. լույս տեսավ իմ մենագրությունը՝ «Համո Սահյան. բանաստեղծի   հավատամքը» վերնագրով: Նույն տարում ստեղծվեց «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի խորհրդի կազմում էին Ալեքսան Կիրակոսյանը, Վլադիմիր Մովսիսյանը, Սոս Սարգսյանը, Վահագն Հովնանյանը, Ֆելիքս Մելոյանը, Գետիկ Բաղդասարյանը, Հովհաննես Այվազյանը, Սահյանի որդին, քույրը եւ էլի շատերը:

Մինչեւ մեծ բանաստեղծի հարյուրամյակը հնարավոր եղավ հրատարակել նրա բոլոր գրքերը: Դրանց թվարկումն էջեր կզբաղեցնի, սակայն ավելի արժեքավոր եմ  համարում «60 եւ մեկ հայրեն», «Արցունքով լվացված սերեր» ժողովածուները: Տպագրվեց նաեւ իմ հերթական  մենագրությունը «Համո Սահյան. կյանքը եւ գործը» վերնագրով: 2012թ. հրատարակեցի նաեւ իր տեսակի մեջ եզակի մի գործ՝ «Համո Սահյան. հանրագիտարան», որն ընդգրկում է 250  բառահոդված եւ 100-ից ավելի լուսանկար, բառացանկ բանաստեղծի բոլոր   բանաստեղծությունների: Վերջին տասը տարում պաշտպանվել է երեք թեքնածուական թեզ, տպագրվել մի քանի հարյուր հոդված, թողարկվել են ձայնասկավառակներ, նկարահանվել է հինգ տեսաֆիլմ: Վերանորոգվել է Լոր գյուղի այն տունը, որտեղ ծնվել է Համո Սահյանը: Այն կվերածվի տուն-թանգարանի: Հոբելյանական միջոցառումներ են անցկացվել ամենուրեք, նաեւ Երեւանի օպերային թատրոնի շենքում եւ Ստեփանակերտում: Մենք հասանք նրան, որ Երեւան քաղաքի ավագանին որոշում կայացրեց Համո Սահյանի հուշարձանը կանգնեցնել կամերային երաժշտության տան հարեւանությամբ: Կարողացանք սահմանել «Համո Սահյան» ոսկե հուշամեդալ եւ հոբելյանական մեդալ, որով պարգեւատրեցինք նրանց, ովքեր վաստակ ունեին նրա ստեղծագործությունների տպագրման, գիտական արժեւորման, հիշատակի հավերժացման գործում:

Համո Սահյանը իմ կյանքում խաղաց հսկայական դեր բոլոր իմաստներով, որը կհարատեւի այնքան ժամանակ, քանի դեռ կենդանի եմ:

- Մեր հանրապետության անկախության շրջադարձը որտե՞ղ եւ ինչպե՞ս ընդունեցիք, եւ այն ի՞նչ փոխեց Ձեր կյանքում ու հայացքներում:

- Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը ոչ թե ականատես եմ եղել, այլ որպես Ազգային ժողովի պատգամավոր քվեարկել եմ դրա օգտին: Ոգեւորվել եմ, որովհետեւ անկախ պետականություն էինք ձեռք բերում, թեեւ, անկեղծ լինելու համար ընդգծեմ, որ ես կողմնակից էի, որպեսզի անկախ Հայաստանը մտնի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների կոնֆեդերացիայի մեջ, եթե այդպիսին ստեղծվեր, բայց, դժբախտաբար, այդ ոգեւորությունը կարճ տեւեց, որովհետեւ սխալը սխալի հետեւից էր գնում: Նախ, նախարարներ էին ընտրվում մարդիկ, ովքեր ոչնչի ընդունակ չէին, դրա համար էլ արագ փոխվում էին, կառավարման համակարգում ոչ մի հստակ բան չկար: Ինչպես նախարարները, այնպես էլ տեղական կառավարման մարմինների ղեկավարները ջանում էին ամեն գնով քանդել, ավերել 70 տարում ստեղծվածը: Ես պատրաստ էի մասնակցելու անկախ Հայաստանի ոտքի կանգնեցմանը, սակայն ինձ ամեն կերպ հեռու էին պահում, որպեսզի չխառնվեմ հանրապետության եւ հատկապես Սյունիքի անցուդարձին: Թեեւ Վազգեն Սարգսյանը մի քանի անգամ փորձ արեց Սյունիքում օգտագործելու իմ ուժերը, սակայն միշտ էլ չարժանացավ հանրապետության ղեկավարության հավանությանը: Ստիպված աշխատանքի անցա փախստականների վարչությունում, որը ղեկավարում էր Վլադիմիր Մովսիսյանը, խմբագրեցի «Հայրենի տուն» եւ «Խաչմերուկ» թերթերը, հնարավորին չափ ձեռք մեկնեցի թշվառ փախստականներին՝ թեթեւացնելու նրանց հոգսերը: Խորհրդարանում մի քանի անգամ փորձեցի հանդես գալ հարցապնդումներով, սակայն ապարդյուն: Օրինակ, գտնում էի, որ կոլխոզներն ու սովխոզները պետք է լուծարվեն աստիճանաբար, որպեսզի անասնագլխաքանակը չոչնչացվեր եւ մթերքների արտադրությունը  չձախողվեր: Կամ ինչո՞ւ ստեղծվեցին մարզերը, ո՞րն էր դրա նպատակը: Չէ՞ որ շրջաններն ավարտուն պատմական, էթնիկական, տնտեսական, աշխարհագրական միավորներ էին: Մինչեւ հիմա էլ նույն կարծիքին եմ, որովհետեւ անցած 20 տարին ցույց տվեց, որ այդ կառույցը չի կարողանում լիարժեք գործել: Եվ, ամենակարեւորը: Ես մտածում էի, թե անկախությունը հայ մարդու մեջ պիտի զարգացներ նրա անհատականությունը, գործարարությունը, հմտությունը, մտքի թռիչքը, սակայն զարգացրեց եսասիրությունը, ծուլությունը, բանսարկությունը, անպատասխանատվությունը: Արդյունքն այն եղավ, որ մայր հայրենիքից տարեկան հեռացավ 100 հազար մարդ: Պիտի ավելացնեմ, որ մեծ բանաստեղծ Համո Սահյանն այդ երեւույթը զգացել էր դեռ 1960-ական թվականների վերջին՝ գրելով «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» դարակազմիկ բանաստեղծությունը:

- Կրկին վերադառնանք Սյունյաց աշխարհ, որտեղ ապրում եւ ստեղծագործում եք վերջին տարիներին: Դուք ասացիք, ոչ միայն հոգով ու սրտով, այլեւ մտոք երբեք չեք բաժանվել նրանից: Ձեր կենաց ակունքը՝ Սյունիքը, Հայաստան աշխարհի հարավային ամրակուռ դարպասն է միշտ եղել: Արցախյան հերոսամարտի տարիներին, երբ թշնամին սպառնացել է նաեւ Սյունիքի անվտանգությանը, եւ նրա զավակները նույնպես մասնակցել են այդ պայքարին, Դուք Ձեր անխոջ գործունեությամբ նպաստել եք մեր հաղթանակին: Այսօր էլ մեր սահմաններում անհանգիստ դրություն է: Ձեր կարծիքն այդ ամենի մասին եւ մաղթանքը հայրենյաց զինվորներին:

- Ամեն մարդ, հատկապես նա, ով ստեղծագործում է, պետք է ունենա մի հավելյալ իրականություն, որը պետք է պահպանի նրա ինքնությունը՝ ժամանակի ու տարածության մեջ խարխափող այս աշխարհում: Սյունիքն ինձ համար ոչ միայն այդ հավելյալ իրականությունն է, այլ նաեւ ներշնչանքի աղբյուրը: Ոգեշնչող են Սյունիքի բնությունը, պատմական հուշարձանները, պատմական դեմքերը, ձեռագիր մատյանները, գրականության ու արվեստի գործիչները: Այդ բոլորը ստեղծում են զարմանահրաշ մի աշխարհ, որտեղ երջանկությունը կարող է հավերժ երկարել:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա մինչեւ հակամարտության սկիզբը հսկայական աշխատանք ենք կատարել նեցուկ լինելու նրան: Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին  ամբողջապես վերանորոգվել է Սիսիանից ուղարկված շինանյութերի, սարքավորումների եւ նյութական միջոցների հաշվին: Այդ մասին մեկ անգամ չէ, որ ասել է վերականգնող վարպետ Վոլոդյա Բաբայանը: Արցախին օգնել ենք նաեւ սերմացուով, մեխանիզմներով, աշխատուժով, դասագրքերով, գեղարվեստական ու մասնագիտական գրականությամբ: Երբ սկսվեց պատերազմը, սիսիանցիներն առաջավոր դիրքերում էին, հատկապես մեծ էր Աշոտ Մինասյանի («Աշոտ Երկաթ») ավանդը: Մարտերում զոհվեց նրա կրտսեր եղբայրը, շնորհաշատ բանաստեղծ Աղվան Մինասյանը: Զոհվեցին շատերը, որոնց անունները ես մտցրի ականավոր սյունեցիների ժողովածուի մեջ: Հուզումնալիցն այն էր, որ զոհվածների թվում էին նաեւ Սումգայիթից, Բաքվից, Գանձակից եկած բազմաթիվ փախստականներ: Ես խմբագրեցի նաեւ Արցախյան հերոսամարտում նահատակված 175 կապանցու կենսագրություններն ամփոփող երկհատորյակը: Զինվորականությունն իմ կյանքի ուղեկիցն է եղել: Հայրս 27 տարի ծառայել է խորհրդային բանակում: Հայրենական պատերազմի 20 դիվիզիայի հայ հրամանատարներից կեսը նրա մոտիկ ընկերներն են եղել: Նրանցից յոթը սյունեցիներ էին: Արցախյան հակամարտությանը մասնակցել է որդիս՝ Հովիկը, որ հետագայում Սիսիանի եւ Երեւանի կայազորային հոսպիտալի պետն էր:

Ինձ զարմացնում է սահմանամերձ տարածքներում մեր զինվորների ցուցաբերած  տոկունությունը: Այդ հոգնահոլով կրակոցները նրանց ոչ թե ձանձրացնում կամ վախեցնում են, այլ բարձրացնում են նրանց մարտական ոգին: Նրանք գիտեն, որ պաշտպանում են իրենց պատմական տարածքները եւ Մեծ Հայքից մնացած այն մի բուռ հողը, որի անունը Հայաստան է: Իսկ թշնամին որքան էլ փորձի ցույց տալ, թե այդ տարածքներն իրենցն են, զինվորը չի հավատալու, որովհետեւ ինչքան էլ կույր լինի, տեսնում է, որ Շուշիում երեք եկեղեցի կա, Գանձասար, Ամարաս ու Դադիվանք կա, այնտեղ ապրող հայ ժողովուրդ կա:

Այսօր ամենակարեւորը զինվորների եւ ժողովրդի մեջ հավատի ամրապնդումն է, այն հավատի, որ ամեն ինչ վճռվելու է Հայաստանի ու Արցախի օգտին:

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25