Շինուհայրի գեղաշեն եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Տաթեւացու անունով, օծվեց սրբալույս մյուռոնով

09.10.2022 15:56
2271

Հազարամյակների խորքից եկող Շինուհայրում դարերի ընթացքում բազմաթիվ սրբավայրեր են կառուցվել…

Հին գյուղի կենտրոնում Սուրբ Ստեփանոս եռանավ բազիլիկ տաճարն է՝ հիմնադրված դեռեւս 4-րդ դարում:

Գյուղի արեւմտյան ծայրին Կուսանաց անապատն է՝ կենտրոնում ունենալով Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կառուցված 17-րդ դարում:

Գյուղի հարավային ծայրին՝ Որոտան գետի ափին, Շինուհայրի վանքն է, որ նաեւ Հին եկեղեցի է կոչվում (կառուցման ժամկետը եւ անունը հայտնի չեն):

Հին գյուղի կենտրոնի գերեզմանատանն է իր ձեւով եզակի խաչքարը՝ 1229 կամ 1261-ին կանգնեցված:

Ուրիշ սրբավայրեր էլ կան՝ Բադուն խաչը, Վնսար եկեղեցու ավերակները, Սուրբ աղբյուրը, որ նաեւ «Քոսի աղբյուր» է կոչվում, Մատաղասարը (ավազահանքի բլուրը), որի գագաթին 2016-ին գյուղի երիտասարդները երկաթյա խաչ են կանգնեցրել…

Սակայն գյուղը 1960-ականներից սկսած տեղափոխվել է վերեւի սարահարթ՝ ներկայիս գյուղատեղի, եւ բնակիչները դժվարությամբ են կարողանում հաղորդակցվել քրիստոնեական այդ սրբավայրերին, ասել է թե՝ հանրապետության ամենախոշոր գյուղերից մեկում՝ Շինուհայրում անհրաժեշտություն էր դարձել տաճարի կառուցումը:

***

Ներկայիս Շինուհայրում եկեղեցի կառուցելու նախաձեռնության հեղինակը Տաթեւի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ  Գեւորգյանն է:

Կառուցվել է օրինակը չունեցող նախագծով՝ եկեղեցաշինության ազգային եւ սյունիքյան ավանդույթների համադրմամբ (նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Աշոտ դպիր Հակոբյանը):

Եկեղեցու հիմնօրհնեքը կամ հիմնարկեքը տեղի ունեցավ 2018 թ. մայիսի 17-ին՝ Մայր տաճարի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ:

Տեղն էլ պատահական չէ ընտրված. այդ վայրում, ըստ Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանի, սրբավայր է եղել հնում, որը վկայող խաչքարը պահպանվում է:

Եկեղեցին կառուցվել է հանգանակությամբ եւ նվիրատվությամբ հավաքված դրամական միջոցներով:

Շինարարությունն իրականացնողներից են Գեւորգ Պարոնյանը, Գուրգեն Գեւորգյանը…

Միանավ բազիլիկ եկեղեցին կառուցվեց հինգ տարի շարունակ. երկարությունը 17 մ է, լայնությունը՝ 10 մ, բարձրությունը՝ 11 մ (խաչով՝ 13 մ):

Շարը գորիսյան է (բազալտը՝ Սիսիանից,  խամ շարի քարերը՝ Շինուհայրից):

Մեկ տարի առաջ է եկեղեցու խաչն օծվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, որից հետո էլ տեղադրվել է:

***

Մեծագույն հաճույքով ենք փաստում հանգամանքը, որ Շինուհայրի  նորաշեն եկեղեցին նվիրված է հայկազյան ազգի երկրորդ լուսավորիչ, եռամեծար փիլիսոփա, աստվածաբան ու մեկնիչ, մանկավարժ ու մանրանկարիչ, երաժշտագետ, երիցս երանելի վարդապետ Գրիգորին, ով աշակերտն էր տիեզերահռչակ փիլիսոփա, Տաթեւի համալսարանի հիմնադիր եւ մեծն րաբունապետ  Հովհան Որոտնեցու:

Գրիգոր Տաթեւացին մահացավ 1409-ի դեկտեմբերի 27-ին՝ Տաթեւի վանքում, որտեղ էլ թաղվեց մեծ առաքյալների՝ Պողոսի եւ Պետրոսի տոնին ու հավերժորեն նրանց դասակից ու պատվակից եղավ:

***

Հոկտեմբերի 8-ն աննախադեպ մարդաշատ էր տոնականությամբ շնչող Շինուհայրում՝ Սուրբ Գրիգոր Տաթեւացի եկեղեցու օծումն էր: Մեկ օր առաջ էլ տեղի էր ունեցել եկեղեցու նախատոնակը կամ նավակատիքը:

Հարյուրավոր հավատացյալների մասնակցությամբ եկեղեցին օծեցին Վեհափառ հայրապետի օրհնությամբ եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ, գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վանորեից տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ:

Սրբալույս մյուռոնով օծվեցին Սուրբ խորանը, եկեղեցու 16 սյուները:

Այնուհետեւ մատուցվեց Սուրբ պատարագ՝ ձեռամբ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական փոխանորդ, հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի:

Օծման արարողությունը համեմվեց «Տաթեւի զանգակներ» երգչախմբի գեղեցիկ կատարումներով:

Շինուհայրում կանգնեցված Աստծո փառքի տունը զարդարվեց Սուրբ Հովհան Որոտնեցու եւ Սուրբ Գրիգոր Տաթեւացու մեծադիր գեղանկարներով:

Եկեղեցու օծման արարողությանը ներկա էր Սյունյաց թեմի ամբողջ հոգեւոր դասը:

Ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, Սյունյաց հոգեւոր թեմի ատենապետ Աշոտ Մինասյանը, Շինուհայրի, ինչպես եւ մերձակա գյուղերի բնակիչներ:

***

Անտարակույս, որեւէ սրբավայրի օծումը նշանակալից իրադարձություն է քրիստոնյաներիս կյանքում: Սակայն Շինուհայրի Սուրբ Գրիգոր Տաթեւացի եկեղեցու օծումն ավելի մեծ խորհուրդ ունի, ինչ-որ առումով՝ պատմական նշանակություն…

Մեր օրերում, երբ հայոց հնամենի, բայց բռնազավթված հողերում անարգվում եւ պղծվում են քրիստոնեական սրբավայրերը, երբ բազմաթիվ տաճարներ խոնարհված են ու խոնարհվում են, փորձությունների եւ անորոշության մեջ մխրճված Սյունյաց աշխարհի բնակավայրերից մեկում եկեղեցի է կառուցվում եւ օծվում:

Քանիցս ասել ու կրկնում ենք՝ Սյունիքը պատմության արհավիրքներին դիմակայել եւ ծանրագույն վիճակներից հաղթող է դուրս եկել ոչ միայն հայոց քաջազունների արյան գնով ու Սյունյաց հաղթական զենքով, այլ նաեւ հոգեւոր-մշակութային ներուժով. դա է եղել  հաղթանակների բանաձեւը, որը երբեք չպետք է մոռանալ:

Եվ ուրեմն՝ Շինուհայրի եկեղեցին Աստծո տաճար եւ բնակարան դարձնելով, մենք վերստին հաստատակամություն հայտնեցինք՝ հավատարիմ մնալու մեր նախնյաց հիշատակին, նաեւ այն նահատակների հիշատակին, ովքեր Արցախյան առաջին, Ապրիլյան (2016) եւ Արցախյան երրորդ պատերազմներում, ինչպես եւ մեր օրերում իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի ու հանուն հայոց պետականության՝ այդ ամենին արժանավոր տերը լինելու առաքելությունը թողնելով մեզ՝ ողջերիս:

Ուստի վերստին հիշենք՝ մեզ հետ է Աստված եւ Դավիթ Բեկի ու Գարեգին Նժդեհի վրիժակ ոգին:

Սամվել Ալեքսանյան

Հետգրություն

Շինուհայրի Սուրբ Գրիգոր Տաթեւացի եկեղեցու օծման ընթացքում ներկաներից շատերն ավելին էին ուզում իմանալ եկեղեցու օրհնության խորհրդի մասին:

Ուստի եւ պատշաճ ենք համարում ներկայացնել Գրիգոր Տաթեւացու պատասխանն այդ կապակցությամբ, որը տեղ է գտել «Գիրք հարցմանց» կոթողային գործում (էջ 759-760):

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ է օրհնվում եկեղեցին:

«Պատասխան. Բազմաթիւ պատճառներով:

Նախ, որովհետեւ տարրերը հողը, ջուրը եւ այլն, դատապարտուեցին մարդ « Ադամի պատճառով, ըստ այդմ «Անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով» (Ծննդ. Գ 17), իսկ եկեղեցին նոյն նիւթե րից է կառուցւում, ուստի աստուածային նոյն խօսքով օրհնում եւ մաքրում ենք առաջին անէծքից։

Երկրորդ՝ որովհետեւ սրա նիւթը արտաքնապէս քարն ու փայտն են, որոնք ոտնակոխ են եղել անասունների եւ անբանների կողմից, որի պատճառով էլ օրհնում ենք եւ մաքրում:

Երրորդ` որովհետեւ Մովսէսը կանգ նեցնելով օրինակի խորանը - նո խազների արեամբ, ջրով, իւղով օծեց ու մաքրեց այդպէս էլ մենք ճշմարիտը օծում ենք ջրով, գինիով եւ սուրբ միւռոնով։

Չորրորդ՝ որովհետեւ երբ Սողոմոնը կառուցեց տաճարը, աղօթքի կանգնեց, օրհնեց՝ եւ օծեց, ինչպէս Մովսէսը, որի պատճառով տձոյ փառքով լցուեց տաճարը եւ հուր իջաւ զոհաբերութեան ժամանակ։ Այս մտքով ենք մենք սեղանի վրայ խունկ ծխում, ինչպէս ասուել է բանմէկերորդ գլխի՝ քառասուներեքե րորդ համարում:

Հինգերորդ՝ եկեղեցին օրհնում ենք, որպէսզի Վերնատան օրհնութիւնը, որտեղ Տէրը պատարագեց ու Սուրբ Հոգին իջաւ առաքեալների մէջ, այդ նոյն օրհնութիւնը իջնի սուրբ եկեղեցու մէջ:

Վեցերորդ՝ օրհնում ենք, որպէսզի բաժանուի նաեւ այն աշխարհական տներին, որոնք օծուած չեն սրբութեամբ:

Եօթներորդ՝ որովհետեւ Աստուած Սուրբ է, որ բնակւում է Տաճարում, ուստի եւ եկեղեցին պէտք է սրբուի լինելու Սուրբ Աստծոյ տաճար, «որովհետեւ Տէրն իր սուրբ տաճարում է» (Սղմ. Ժ 5):

Ութերորդ՝ եկեղեցին օրհնում ենք, որ լինի Սրբութեան սրբոց, որպէսզի նրան մօտեցողները մաքրուեն:

Իններորդ՝ օրհնում ենք, որովհետեւ նրա բնակիչները եւ պաշտօնեաները պէտք է մաքուր լինեն, որպէսզի չպղծեն  սրբութիւնը:

Տասներորդ՝ օրհնում ենք եւ օծում եկեղեցին մեր օրինակով, որովհետեւ ք մենք էլ եկեղեցի ենք կոչւում, ինչպէս վերն ասացինք:

Արդ ջուրը, գինին եւ միւռոնը ցոյց են տալիս սուրբ աւազանի ջուրը եւ միւռոնով օծւում եւ կնքւում ենք, ապա մեղսաքաւիչ արեան Ճաշակմամբ մաքրում:

Նաեւ խոստովանութեան ջրով մաքրում ենք. թողութեան գինով զմայլւում, շնորհների իւղով զուարթա նում եւ լուսաւորւում:

Այս խորհուրդներն ունի եկեղեցու օրհնութիւնը: Իսկ այն, որ պղծուած տաճարում ժամերգութիւն ենք կատա րում, կամ տեղաշարժ եղած սեղանն ենք հաստատում, լպատճառն այն է] որ երբ մեր սրբութիւնը որեւէ մեղքով ապա = կանում է կամ շեղում ենք հաւատից, նորից կարող ենք հաստատուել հաւատի ։ մէջ, դարձեալ կրկնել խոստովանութիւնն ու ապաշխարութիւնը, որպէսզի առաջին : սրբութեան նման Աստծոյ Հոգու տաճար եւ բնակարան լինի»:

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06