Շուռնուխում մեկնարկեց բնակելի տների կառուցումը

24.04.2021 20:12
5487

Վիրավոր Շուռնուխը, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից եւ հատկապես դեկտեմբերի 18-ից հետո դարձավ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնելու, հայոց արժանապատվությունը ոտնակոխ անելու յուրօրինակ խորհրդանիշերից մեկը, շարունակում է մնալ մեր ժողովրդի համակ ուշադրության ներքո: Եվ այնտեղ կատարվող ամեն մի իրադարձություն, հասկանալիորեն, հետաքրքրություն է առաջ բերում:

Ապրիլի 23-ը, կարելի է ասել, նշանավոր օր էր Շուռնուխում. այդ օրը մեկնարկ տրվեց բնակելի տների կառուցման աշխատանքներին:

Ուշագրավ իրադարձության առիթով Շուռնուխ էին այցելել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, «Հայնախագիծ» ԲԲԸ պատասխանատուներ եւ նախագծողներ:

…2020 թ. դեկտեմբերի վերջին եւ այս տարվա առաջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծի այդ հատվածում կատարված՝ այսպես կոչված սահմանորոշման արդյունքում Շուռնուխի մի ամբողջ թաղամաս (Գորիս-Կապան մայրուղուց արեւելք)՝ 12 բնակելի շենքով եւ օժանդակ կառույցներով, տնամերձ հողամասերով անցան Ադրբեջանի տիրապետության ներքո:

Այդ ամենի հետեւանքով 13 ընտանիք ստիպված թողեցին իրենց տներն ու տեղափոխվեցին գյուղի հայկական թաղամաս: Նրանք ապահովվեցին ժամանակավոր կացարաններով (մի ընտանիք էլ հանգրվանեց Կապանում):

Այդ ժամանակ էլ խնդիր առաջացավ գյուղում կառուցելու նոր թաղամաս՝ տնազուրկ դարձած շուռնուխցիներին անհատական բնակարաններով ապահովելու նպատակով…

Համեմատաբար կարճ ժամանակամիջոցում պատկան մարմինները հասցրեցին ավարտել նոր թաղամասի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատրաստումը, լուծել ֆինանսավորման խնդիրը, կատարել անհրաժեշտ հողային աշխատանքները:

Եվ հասել ենք մի հանգրվան, երբ կարելի է սկսել բնակելի տների կառուցման աշխատանքները…

Արմեն Ղուլարյանը, Մելիքսեթ Պողոսյանը նախ ծանոթացան Շուռնուխում մինչ այժմ (այդ ուղղությամբ) կատարված աշխատանքներին:

Այնուհետեւ նախագծողների ու շինարարների հետ հանգամանալից քննարկեցին նոր թաղամասին առնչվող նախագծերը՝ ծագող հարցերի վերաբերյալ կայացնելով համապատասխան որոշումներ:

Շուռնուխում կառուցվող բնակելի թաղամասի վերաբերյալ մեր պատկերացումներն ամբողջացրեց «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանը, ով գյուղ էր ժամանել նախագծողների խմբի, հեղինակային ու տեխնիկական հսկողություն իրականացնող մասնագետների հետ:

Ըստ Գրիգոր Ազիզյանի՝ «Թաղամասը կզբաղեցնի մոտ 2,5 հա տարածք, կկառուցվի 13 անհատական բնակարան՝ երեք սենյականոց, նկուղով, պատշգամբներով. մեկ բնակարանը 170 քառ. մ օգտագործելի մակերեսով: Տներին կից կլինեն նաեւ օժանդակ կառույցներ՝ անասնագոմ, ամառային խոհանոց: Բնակարաններն ապահովված կլինեն կենցաղային լավ պայմաններով ու հնարավորություններով»:

«Հայնախագիծ»-ը ամենայն պատասխանատավությամբ է իրականացրել նախագծման աշխատանքները, ինչում համոզվեցինք քննարկումների ընթացքում:

Եվ արդեն իսկ պատրաստ նախագծերը շինարարների ու պատվիրատուի հետ քննարկելու, հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու  եւ շտկելու նպատակով էլ նախագծային ընկերության մասնագետները ժամանել էին Շուռնուխ:

Գյուղի նոր բնակելի թաղամասի շինարարությունը կիրականացնի «Անապատ-2» արտադրական կոոպերատիվը (նախագահ՝ Արթուր Հայրապետյան):

Մոտ երկու ամիս է, ինչ տարածքում շինարարական կազմակերպությունը հողային աշխատանքներ է կատարում:

Գրեթե պատրաստ է վերին թաղամասի օղակաձեւ ճանապարհը:

-Այսօրվանից սկսում ենք թվով 13 բնակելի տների կառուցման աշխատանքները,-ասաց Արթուր Հայրապետյանը: -Մեր կազմակերպությունն ապահովված է համապատասխան տեխնիկայով, մասնագետներով եւ բանվորական ուժով, այնպես որ՝ մինչեւ տարվա վերջ տների կառուցման աշխատանքները կհասցնենք ավարտին:

Գյուղում, սակայն, ոչ բոլորն են միակամ նոր թաղամասի տեղի ընտրության հարցում: Նրանց կարծիքով՝ ցանկալի կլիներ կառուցվող տները տեսնել ավելի ցածր նիշերում: Ընտրված տեղանքը, մինչդեռ, նպաստավոր չէ ո՛չ կլիմայական, ո՛չ անվտանգային տեսակետից: Ավելին՝  ժայռային է, բուսազուրկ է, ինչի հետեւանքով ապագա տնամերձերը չեն կարող արդյունավետ լինել:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը համաձայն չէ այդ դիտարկումներին՝ հիշեցնելով, որ տեղանքի ընտրությունը կատարվել է բնակիչների, մասնագետների հետ բազմակողմանի քննարկումների արդյունքում: Եվ հիմա, երբ արդեն բավականին հողային աշխատանքներ են կատարվել, երբ ավարտվել են նախագծումները, հարցն առարկայազուրկ է: Ինչ վերաբերում է տնամերձերին, ապա դրանք կարող են հատկացվել (ըստ մարզպետի) առավել նպաստավոր հանդամասում:

Նույն կարծիքն արտահայտեց նաեւ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Տնազուրկ դարձած գյուղացիների մի մասն էլ շարունակում է մնալ կարծիքին, որ խնդրի լուծման ողջամիտ ճանապարհը մարդկանց դրամական փոխհատուցում տալն է (նոր տներ կառուցելու փոխարեն), որով կվերանորոգվեին այն տները, որոնցում հիմա բնակվում են:

Այդ տեսակետն իշխանությունները մերժել են ի սկզբանե՝ նկատի ունենալով, որ այդկերպ չեն կարող արդյունավետ օգտագործվել հատկացվող միջոցները, մանավանդ որ նպատակը ոչ միայն նոր բնակելիների կառուցումն է, այլեւ գյուղի հետագա զարգացումը:

Ինչպես արդեն նշեցինք, Շուռնուխ էին ժամանել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները` նախարարության համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության 2-րդ ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանի գլխավորությամբ:

Այդ ծրագրով գյուղի համար ջրարբիացման համակարգ կկառուցվի՝ կենդանիներն խմելու ջրով ապահովելու համար (ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ):

Առաջիկա օրերին կմեկնարկեն շինաշխատանքերը, որը կտեւի մոտ երկու ամիս (նախագծային աշխատանքներն ավարտված են, ծրագրի արժեքը մոտ 12 մլն դրամ է):

Նույն ծրագրի մեկ այլ բաղադրիչով՝ բնակավայրում ստեղծված կոոպերատիվին («Շուռնուխ համայնքի արոտ օգտագործողների միավորում»)  կտրամադրվի գյուղտեխնիկա (արդեն տրամադրվել է մեկ МТЗ-82.1 տրակտոր, շուտով կհատկացվեն նաեւ կցորդներ):

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ նաեւ քննարկելու հարց ունեին: Բանն այն է, որ խմոցի տեղադրման՝ նախագծով նախատեսված վայրը հիմա ընդգրկված է նոր թաղամասի տարածքի մեջ, ուստի եւ նոր վայր պետք է հատկացվի, ինչը դրական լուծում ստացավ:

Գյուղի կենդանիներին խմելու ջրով ապահովելու համար կօգտագործվի կառուցվող թաղամասից մոտ 300 մ հեռավորության վրա գտնվող ջրաղբյուրի ջուրը (վայրկյանում՝  2 լիտր):

Բոլոր այդ հարցերը քննարկելուց հետո Արմեն Ղուլարյանն ու Մելիքսեթ Պողոսյանը հանդիպումներ ունեցան շինարարների եւ գյուղի բնակիչների հետ, որից հետո էլ տրվեց բնակելի տների կառուցման մեկնարկը:

Նախնական տվյալներով մոտ 470 մլն դրամ արժեցող ծրագիրը կավարտվի 2021-ի տարեվերջին. դա նաեւ Արմեն Ղուլարյանի հավաստիացումն է:

Անշուշտ, ողջունում ենք Շուռնուխում բնակելի տների կառուցման մեկնարկը եւ շինարարներին մաղթում հաջողություն:

Այդ ամենով հանդերձ՝ գլխավոր հարցերից մեկը՝ նոր թաղամասին խմելու ջուր կանոնավոր մատակարարելու խնդիրը, պարուրված է անհստակությամբ եւ անորոշությամբ, ինչը, կարծում ենք, հնարավորինս կարճ ժամանակամիջոցում լուծում պետք է ստանա:

Նախագծի հեղինակային հսկողության ճարտարապետ Սեւադա Զաքարյանի կարծիքով՝ «Գյուղն ունի օրվա կարգավորիչ ջրամբար, որն ինքնահոս կերպով ապահովում է ներքին թաղամասի տներին: Նոր կառուցվող տները՝ գործող օրվա կարգավորիչ ջրամբարի նիշից  բարձր տեղում են, ուստի եւ ակունքից գյուղ ձգվող ջրատարի վրա (նոր թաղամասից վերեւ) պետք է կառուցվի 50 խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որպեսզի ջուրը մատակարարվի նոր թաղամասի տներին»:

Սամվել Ալեքսանյան

 

Մենք պետք է վերադարձնենք արդյունաբերությունը մեր երկիր, որ այստեղ լինեն հարյուրավոր նոր աշխատատեղեր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

29.01.2026 22:27

ՀԷՑ-ի օրենքի մասով սահմանադրականության խնդիրներ ենք տեսնում. Օրբելյան (Տեսանյութ)

29.01.2026 21:13

300,000 նոր աշխատատեղերը շատ մեծ խնդիրների լուծում են տալու․ մարդիկ ստիպված չեն լքելու իրենց հայրենիքը․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)

29.01.2026 20:49

ՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթեր

29.01.2026 17:49

Իրանի նախագահը կարգադրել է հրապարակել ցույցերի ժամանակ բոլոր զոհվածների անունները

29.01.2026 17:36

Ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային և Ադրբեջանին. Փաշինյան

29.01.2026 17:33

Ռուսաստանից դրական ազդակներ կան. Փաշինյանը՝ երկաթուղու վերականգնման մասին

29.01.2026 17:30

ՀՀ բոլոր տարբերակներով լինելու է, բայց ինչպիսինն է լինելու՝ կամ առանց Սյունիք, կամ առանց Հայ առաքելական եկեղեցի. Ռոբերտ Քոչարյան

29.01.2026 15:22

Քաջարանի Մշակույթի պալատում կայացավ հիշարժան միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 34-ամյակին

29.01.2026 15:12

«ՏԱՇԻՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 90-ԱԿԱՆՆԵՐԻՑ ՍԿՍԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ Է ՆԵՐԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

29.01.2026 12:48

Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու գործերին հայկական իշխանությունների միջամտությամբ

29.01.2026 12:27

ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն. երկրորդ նախագահ

29.01.2026 12:21