Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

31.12.2025 14:58
402

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ սիսիանցիներ,

Ահա և ժամեր անց կավարտվի հին տարին՝ իր տեղը զիջելով նոր՝ 2026 թվականին։

Մտորելով անցած մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ միշտ ինքս ինձ հետ կռվում եմ, որ կարող էինք ավելին, քան արել ենք, սակայն վերջում հաշտվում՝ հիշելով, որ 2025 թվականը Սիսիան համայնքի պատմության մեջ ամենաբեղունն է եղել, քանզի օրվա ամեն րոպեն լծվել ենք աշխատանքի՝ առաջնորդվելով ամենայն պատասխանատվությամբ ու նվիրումով, առանց երկմտելու ու տրտնջալու։

2025 թվականը մեզ կրկին անգամ ապացուցել է, որ համախմբված, պատասխանատու և սրտացավ աշխատանքի դեպքում նույնիսկ ամենախոշոր խնդիրները դառնում են հաղթահարելի։ Եվ մենք հենց այդպես էլ շարունակելու ենք՝ համայնքի զարգացման յուրաքանչյուր քայլի հիմքում գործադրելով բոլորիս ջանքերը, քանզի միայն այսօրինակով կարող ենք կառուցել այն Սիսիանը, որի մասին երազում ենք ամենքս։

2025 թվականին Սիսիան համայնքում իրականացվել են ահռելի չափով համայնքային, սուբվենցիոն, պետական, ինչպես նաև միջազգային մի շարք դոնոր կազմակերպությունների կողմից կատարված ներդրումային ծրագրեր, որոնց քանակն անչափելի է, իսկ գումարային արժեքն անցնում է 4 միլիարդ ՀՀ դրամը։

Անցնող տարում համայնքում իրականացվել են լայնամասշտաբ ճանապարհաշինական աշխատանքներ։ Ճանապարհների հիմնանորոգման արդյունքում փոխվել են ինչպես Սիսիան քաղաքի, այնպես էլ մի շարք բնակավայրերի բնակիչների կենսամակարդակը՝ ապահովելով նրանց անվտանգ և արագ տեղաշարժը։

Երբեմնի կանոնավոր ուղեվորափոխադրում չիրականացված Սիսիան քաղաքում 2025 թվականի նոյեմբերից արդեն ի շնորհիվ նոր էլեկտրական միկրոավտոբուսների՝ իրականացվում են ներքաղաքային կանոնավոր ուղեվորափոխադրում։

Սրանք դեռ ամենը չեն․ մի շարք բնակավայրերում բացվել են նախադպրոցական ուսումնական հաստատության խմբասենյակներ, որոնք դարձել են բնակավայրերի փոքրիկների խաղալու, կրթվելու, առողջ սնվելու հարմարավետ ու ապահով վայրը․ այս նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։

Հիմնանորոգվել են տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող թվով 15 բազմաբնակարան շենքերի տանիքները։ 2025 թվականին հիմնովին նորացվել է Սիսիան համայնքի սանիտարական մաքրության համակարգը՝ ապահովելով աշխատանքի բարձր արդյունավետություն։ Ավելացվել են աշխատատեղեր, գնվել է ինքնաթափ բեռնատար։

Սիսիան համայնքի փողոցներում, բակերում, զբոսայգիներում մաքրությունն ապահովելու համար տեղադրվել են հարյուրավոր նոր ու գեղեցիկ աղբամաններ։

2025 թվականին փոխվել են մի շարք բնակավայրերի կոյուղագծեր, կառուցվել են մի շարք փողոցների լուսավորության ցանցեր։ Վերանորոգվել են Սիսիան քաղաքի թվով 5 պատմամշակութային հուշարձաններ, Սիսիանի քաղաքային պանթեոնը և դրանց հարակից տարածքները։

Ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել Սիսիան քաղաքի Շիրվանզադե 6 բազմաբնակարան շենքի բնակիչներին, որ արդեն համայնքային միջոցներով գնված շենքի բնակարանները շատ շուտով նվիրատվությամբ կհանձնվեն առանց սեփականության իրավունքի տասնյակ տարիներ այդ բնակարաններում ապրող բնակիչներին։

Բնության համաշխարհային հիմնադրամի հետ ակտիվ համագործակցության արդյունքում՝ Արևիս բնակավայրում կառուցվել է նոր կամուրջ, որը բացի ռազմավարական հատուկ ճանապարհ լինելուց, ապահովել է նաև հեռավոր բնակավայրի բնակիչների անվտանգ երթևեկը։

2025 թվականին շնորհիվ իրականացված հետևողական աշխատանքի և պարբերաբար անցկացվող աշխատանքային խորհրդակցությունների՝ տեղական հարկերի հավաքագրումը գերազանցել է նախորդ բոլոր տարիների ցուցանիշները՝ ապահովելով 110 տոկոս հավաքագրում, իսկ սա ենթադրում է, որ առաջիկա տարում ավելի շատ աշխատանքներ են իրականացվելու Սիսիանում համայնքում։

Անշուշտ, մեզանից յուրաքանչյուրն ակնհայտորեն տեսնում է, որ 35 բնակավայր ընդգրկող խոշորացված Սիսիան համայնքում տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրներ։ Խնդիրների լուծման ուղիներն այսօր արդեն հստակ տեսանելի են, և առաջիկա տարիներին դրանք հետևողականորեն կյանքի են կոչվելու։

Վստահությամբ հայտարարում եմ, որ 2026 թվականին Սիսիանը հսկայածավալ ու բեկումնային ծրագրերի իրականացման շնորհիվ շարունակելու է իր զարգացման ու բարեփոխման ճանապարհը՝ դառնալով առավել գրավիչ, բարեկարգ և մաքուր համայնք։

2026 թվականին Սիսիան համայնքում նախատեսվում է իրականացնել մի շարք խոշոր ճանապարհաշինական ծրագրեր։

Ինչպես Սիսիան քաղաքում, այնպես էլ համայնքի բնակավայրերում կկառուցվեն նոր խաղահրապարակներ և զբոսայգիներ, որոնք կդառնան բնակիչների ժամանցի և հանգստի լավագույն վայրերը։

Մի շարք բնակավայրերում էականորեն կբարելավեն խմելու ջրի մատակարարման ցանցերը՝ ապահովելով ավելի որակյալ և կայուն ջրամատակարարում։

Ուրախությամբ ցանկանում եմ ընդգծել, որ երկար սպասված կարևոր նախաձեռնությունը վերջապես իրականություն կդառնա․ գալիք տարում պետական միջոցներով ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Բռնակոթ բնակավայրում, իսկ սուբվենցիոն ծրագրով Սիսիան քաղաքում կկառուցվեն նոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ, որոնք հնարավորություն կտան լուծելու ավելի քան 200 հերթագրված, սակայն ներկայումս մանկապարտեզ չհաճախող փոքրիկների ընդունելության խնդիրը։

Զարկ տալով զբոսաշրջության զարգացմանը՝ առաջիկա տարում կվերանորոգվեն Սիսիան համայնքի այցեքարտ համարվող մի շարք կարևոր զբոսաշրջային վայրեր։ Մասնավորապես, կկարգավորվի Մելիք Թանգու կամուրջ տանող ճանապարհը, կբարեկարգվի Շաքիի ջրվեժի հարակից տարածքը, ինչպես նաև Շաքի ՀԷԿ-ից դեպի Շաքիի ջրվեժ տանող հետիոտնային արահետը, այնպես, որ լիարժեքորեն հարմարեցված լինի նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար։

2026 թվականին կմեկնարկեն նաև Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները՝ սաների համար ստեղծելով ժամանակակից և բարենպաստ պայմաններ ուսումնական ու ստեղծագործական պարապմունքների անցկացման համար։

Առաջիկա տարում ինչպես քաղաքում, այնպես էլ համայնքի բնակավայրերում կտեղադրվեն նոր կանգառներ, կկառուցվեն հանրային զուգարաններ և այլն։

Սիսիան համայնքի կարիքների ապահովման նպատակով առաջիկա տարում հիմնովին կթարմացվի համայնքի ավտոպարկը։ Ծրագրի շրջանակում ձեռք կբերվի ավտոաշտարակ, շահագործված և այլևս տեխնիկական պահանջներին չհամապատասխանող բեռնատար մեքենաները կփոխարինվեն նոր, ժամանակակից տրանսպորտային միջոցներով, ձեռք կբերվեն մի շարք սարքավորումներ և այլն։

Սրանք 2025 թվականին իրականացված և 2026 թվականին իրականացվելիք աշխատանքների միայն մի մասն են, և անհնար կլիներ դրանք ամբողջությամբ ներկայացնել։

Վստահեցնում եմ ձեզ սիրելի՛ բնակիչներ, շարունակելու ենք անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի ունենանք մեր բոլորիս երազանքների Սիսիանը՝ մաքուր, բարեկարգ ու զարգացած՝ մի պարզ, բայց կարևոր նպատակի համար, որպեսզի սիսիանցին իր հայրենի հողում ապրի ու արարի՝ իր ապագան կերտելով հենց իր հայրենիքում։

Սիրելի՛ սիսիանցիներ,

Ցանկանում եմ, որ գալիք 2026 թվականը լինի արձանագրված հաջողությունների շարունակականության, մեր պետության ու համայն հայության համար իղձերի իրականացման և նորանոր ձեռքբերումների տարի։

Թո՛ղ յուրաքանչյուր հայի օջախում տիրի միայն ու միայն խաղաղությունը, սերը, համերաշխությունը և բարօրությունը, երբեք չպակասի ջերմությունը, փոխադարձ հարգանքն ու վստահությունը՝ յուրաքանչյուր օր լցված լինելով հույսով, լուսավոր հավատով ու նոր ձեռքբերումներով։

Առանձնահատուկ կերպով շնորհավորում եմ հայ զինվորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը, հատկապես նրանց, ովքեր սահմանին կանգնած են դիմավորելու Նոր տարին՝ հսկելով մեր անդորրը։ Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, անփորձանք ծառայություն, անսասան ուժ ու հոգու խաղաղություն։

Խոնարհվում եմ բոլոր այն նվիրյալների անմար հիշատակի առջև, ովքեր իրենց անձնազոհությամբ մեզ պարգևել են ազատ ու անկախ հայրենիքում ապրելու հնարավորությունը։ Գլուխ եմ խոնարհում նաև բոլոր հերոսածին մայրերի առջև, որոնց ուժն ու անսասան հավատը մեր պետության ամուր հենասյունն են։

Աստված պահի ու պահպանի Հայաստանին ու հայ ժողովրդին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Սիսիանի համայնքապետարան/ Sisian Municipality

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37

Այսօր արցախյան շարժման 38–ամյակն է

20.02.2026 15:33