Սիսիանի համայնքային իշխանությունը կգլխավորի Հովսեփ Առաքելյանը

25.10.2024 12:39
1147

Սիսիանի համայնքային իշխանությանը վերջին շրջանում համակած ճգնաժամը, կարելի է ասել, վերջակետվում է...

2021 թ. օգոստոսի 25-ից (ընդհատումով) համայնքը ղեկավարում էր «ՔՊ» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը։ Երկու անգամ պաշտոնակատարի կարգավիճակ ուներ։ Իսկ 2023 թ. մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Սիսիանի ավագանու կազմում մեծամասնություն ստացավ «ՔՊ» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորում էր Արմեն Հակոբջանյանը, ով էլ (իրավունքի ուժով) դարձավ Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար։

Ամիսներ առաջ, սակայն, համայնքային իշխանությունը ստանձնած թիմում ճաքեր առաջացան, որը ժամանակի ընթացքում ավելի խորացավ։ Եվ Արմեն Հակոբջանյանը հոկտեմբերի 14-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, նաև վայր դրեց ավագանու անդամի մանդատը։ Դրանից օրեր առաջ էլ հրաժարականի դիմում էր ներկայացրել և ավագանու անդամի մանդատից հրաժարվել համայնքապետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը։ Հրաժարական էր տվել նաև մյուս փոխհամայնքապետը՝ Գարիկ Հակոբյանը։

Թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովն ընդունեց ի գիտություն ավագանու երկու անդամի կողմից մանդատը վայր դնելու փաստը և «ՔՊ»–ի նախընտրական ցուցակում հաջորդող երկու անձանց՝ Անահիտ Գևորգյանին ու Դավիթ Հարությունյանին օժտեց ավագանու անդամի լիազորությամբ։ Ասել է՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ ավագանու կազմը համալրված էր ամբողջությամբ։

Ամեն ինչ, որքան տեսնում ենք, ընթացել է գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։ Եվ, այդ բոլորով հանդերձ, չպարզվեց ու չպարզաբանվեց, թե ինչո՞ւ են հրաժարական տվել համայնքի ընտրված ղեկավարն ու նրա երկու տեղակալը։

Արմեն Հակոբջանյանի հետ զրուցելու մեր նախաձեռնությունը հաջողություն չունեցավ: Խոստացավ առաջիկայում պատասխանել մեզ հետաքրքրող հարցերին և ասնել, թե ի՞նչ դրդապատճառներ են ընկած ստեղծված ճգնաժամի հիմքում։

Այդ հարցը, կարծեք, չէր հետաքրքրում ավագանու անդամներին։ Աննա Ավետիսյանն էր միայն, որ համայնքապետի ու նրա երկու տեղակալի հրաժարականն արտառոց համարեց՝ տեղի ունեցածը որակելով ոչ միայն տվյալ անձանց ձախողում, այլև ավագանում իշխող մեծամասնության անհաջողություն, որից պետք է եզրակացություններ անել։

Ավագանու նիստին մասնակցող Սեյրան Ավետիսյանը (Սյունիքի մարզպետարանի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչության պետ), այդուհանդերձ, նիստի ավարտին շնորհակալություն հայտնեց Արմեն Հակոբջանյանին՝ մոտ երեք տարի Սիսիան համայնքը ղեկավարելու համար։

Ինչևէ, հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրակարգով։

Ավագանու 21 անդամից ներկա էին 20-ը։

Նիստը բացեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանը, որից հետո նիստը վարում էր ավագանու անդամներից տարիքովը՝ Սուրեն Վարդանյանը։

Օրակարգի հարցի վերաբերյալ՝ գործող օրենսդրությանն առնչվող անհրաժեշտ պարզաբանումներ տալուց հետո, տեղի ունեցավ համայնքի ղեկավարի թեկնածուի առաջադրում։

Հինգ հոգուց բաղկացած ՀՀԿ խմբակցությունը հրաժարվեց համայնքապետի թեկնածու առաջադրել։

Համայնքապետի թեկնածու չառաջադրեց «Քաղաքացու որոշում» խմբակցությունը, որն ավագանու կազմում երեք ներկայացուցիչ ունի։

«ՔՊ» կուսակցության 13 հոգուց բաղկացած խմբակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեց Հովսեփ Առաքելյանին։

Այնուհետև ելույթ ունեցավ միակ թեկնածուն՝ Հովսեփ Առաքելյանը, ով հակիրճ խոսքով գնահատեց համայնքում ստեղծված վիճակը, մատնանշեց համայնքում առկա խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ իր պատկերացումները։

Հարց ու պատասխանից հետո ելույթ ունեցան ավագանու անդամներ Ջիվան Մարգարյանը, Աննա Ավետիսյանը։

Քվեաթերթիկի ձևանմուշն ու քվեարկելու  կարգը ներկայացվելուց հետո տեղի ունեցավ քվեարկություն։

Նիստին մասնակցող ավագանու քսան անդամից 14-ը քվեարկեց հօգուտ Հովսեփ Առաքելյանի, իսկ վեց հոգի չմասնակցեց քվեարկությանը։

Այդպիսով Հովսեփ Առաքելյանն ընտրվեց Սիսիան համայնքի ղեկավար։

Նորընտիր համայնքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին, ժամը 11-ին՝ քաղաքի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում։

***

Ավագանու նիստի ամբողջ ընթացքին հետևելու, նաև մեր հանդիպումների արդյունքում մի քանի դիտարկումներ արտահայտելու անհրաժեշտություն ծագեց։

Նախ՝ դժվար չէր եզրակացնել (հատկապես բանավեճերից հետո)՝ ավագանու կազմը հիմնականում տիրապետում է Սիսիան համայնքի առջև ծառացած հիմնախնդիրներին, սակայն պակասում են ողջամիտ այդ պատկերացումները գործի վերածելուն միտված քայլերը։

Ասենք, օրինակ, ոչ մի բացատրություն չունի փաստը, որ 22 հազար հա վարելահող ունեցող համայնքում մշակվում է այդ հողերի մոտ կեսը միայն։ Եվ դա այն պարագայում, որ գյուղատնտեսությունը սիսիանցիների մեծագույն մասի գոյատևման միակ աղբյուրն է։

Ոչ մի քննադատության չի դիմանում քաղաքի մաքրության ապահովման ձախողված վիճակը։

Տարակուսանք հայտնվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ գյուղատնտեսության, մասնավորապես հացահատիկային մշակաբույսերի մշակման վերաբերյալ վերջերս արտահայտած մտքերի առնչությամբ։

Կամ՝ տարիներ առաջ մոտ 400 մլն դրամի հասնող համայնքային բյուջեն ներկայումս գերազանցում է 2 մլրդ դրամը (տարվա կտրվածքով), բայց դա համայնքային կյանքի վրա, սիսիանցու ապրելակերպի վրա տեսանելի անդրադարձներ չի ունենում։

Սեյրան Ավետիսյանի մասնակցությամբ աշխույժ քննարկման առանցքում էլ ավագանու գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրն էր։ Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, մինչդեռ, դժգոհում էին, որ իրենց ձայնը լսելի չէ մեծամասնության կողմից, որ իրենց ներուժը չի օգտագործվում համայնքային խնդիրների լուծման գործում։

Այդ մտահոգություններին և իրողություններին զուգահեռ նաև հուսադրող միտումներ նկատեցինք։ Առնվազն մեկ հարցում բոլորը նույն կերպ էին մտածում՝ Սիսիան համայնքում պետք է վերականգնվի քաղաքացիական համերաշխությունը, պետք է մերժվի երկպառակությունը, ատելությունը պետք է դուրս մղվի հանրային կյանքից, ինչում, անշուշտ, նախաձեռնող պետք է լինի նորընտիր համայնքապետը։

Իհարկե, մենք անլրջության տիրույթում հայտնված կլինենք, եթե գերագնահատենք ավագանու դերը, այն էլ՝ մեր օրերում։ Մյուս կողմից՝ դժվար կլինի նորընտիր համայնքապետից արդյունավետ գործունեություն ակնկալել, եթե չլինի ավագանու բոլոր խմբակցությունների անկեղծ աջակցությունը, եթե չլինի բոլորի համախմբվածությունը համայնքային շահերի շուրջ, մանավանդ հիմա, երբ թերահավատության մշուշը դեռ իշխում է համայնքապետարանի վրա, երբ Սիսիան համայնքի առջև բազում հիմնախնդիրներ կան ծառացած...

***

«Սյունյաց երկիր»–ը շնորհավորում է Հովսեփ Առաքելյանին և մաղթում հաջողություններ՝ ոչ սովորական մեր ժամանակներում Սիսիան հոգսաշատ համայնքը ղեկավարելու գործում։

 

Սամվել Ալեքսանյան

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05

Ադրբեջանի ամենահզոր զենքը Նիկոլ Փաշինյանն է. Աննա Գրիգորյան

03.06.2026 21:41

Փաշինյանի հետ միջադեպի մեջ հայտնված կինը կոչ է անում գնալ ընտրության, չվախենալ կարծիք հայտնելուց

03.06.2026 21:25

Նարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը

03.06.2026 21:01

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին

03.06.2026 20:35

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ ուղիղ

03.06.2026 19:58

Չկա՛ Նիկոլ՝ չկա՛ պրոբլեմ, չկա՛ պատերազմ, չկա՛ ճգնաժամ. ազատվենք «Ալիևի մարզպետից». Քոչարյան

03.06.2026 19:33

TRIPP-ը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց՝ հեղափոխելով Հայաստանի ռազմավարական դիրքը. Ռուբիո

03.06.2026 17:38