Սիսիանում նախընտրական կրքերը բարձրակետին են հասել

24.03.2023 16:51
3835

Առաջիկա կիրակի՝ մարտի 26-ին, Սիսիան համայնքում տեղի կունենա ավագանու ընտրություն:

Դա վերստին խոշորացված համայնքի ավագանու երկրորդ ընտրությունն է. առաջին ընտրությունը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին, հնարավորություն չտվեց Սիսիանում ձևավորել տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչի հետևանքով էլ նշանակվեց նոր ընտրություն:

Ներկայումս ընթացող ընտրապայքարին մասնակցում են քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (նախընտրական ցուցակը գլխավորում է Ավագ Ասատրյանը), Հայաստանի հանրապետական կուսակցությունը (նախընտրական ցուցակը գլխավորում է Ջիվան Մարգարյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (նախընտրական ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը):

Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ հարցեր են ծագել, որոնք վաղը կվիճարկվեն և՛ ՀՀ վարչական դատարանում, և՛ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում:

Սիսիանում ստեղծված նախընտրական վիճակը պարզաբանելու համար  դիմեցինք Սյունիքի մարզից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանին:

- Պարոն Դանիելյան, համոզված ենք, որ Դուք հանգամանալից տեղեկություններ ունեք Սիսիանի նախընտրական կացության մասին:

Փորձեք բնութագրել իրավիճակը և մատնանշել այն հիմնական հարցերը, որոնց շուրջ սկզբունքային տարաձայնություններ են առաջացել ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի միջև:

- Կարծում եմ` իշխող քաղաքական թիմը մեկ անգամ չէ, որ դրսևորել է սկզբունքայնություն և անաչառություն ընտրական գործընթացների կազմակերպման գործում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ևս կազմակերպվել են հավասար, ազատ և օրինական կերպով, քաղաքացու ընտրական իրավունքի իրացման համար ստեղծված են եղել բոլոր պայմանները: Հարկ եմ համարում հիշեցնել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բազմաթիվ իշխանական թեկնածուներ պարտություն են կրել, ինչը խոսուն փաստ է առ այն, որ մեր քաղաքական թիմը չի փորձում զբաղվել ընտրակեղծարարությամբ:

Իսկ տարաձայնություններն ու լարված իրավիճակը բնորոշ են ժողովրդավար երկրների ընտրական գործընթացներին, քանի որ ընտրության արդյունքները  անկանխատեսելի են: Սա սովորական և օրինաչափ երևույթ է, վստահ եմ՝ ընտրություններից հետո իրավիճակը կհանդարտվի:

- Ըստ Ձեզ՝ կա՞ն ծանրակշիռ հիմքեր, որոնք նկատի ունենալով ՀՀ վարչական դատարանը կարող է որևէ քաղաքական ուժի գրանցումը չեղարկել կամ կասեցնել մարտի 26-ի քվեարկությունը: Կամ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նման հարցադրումներով դիմի դատարան:

- Ես մանրամասն տեղեկություններ չունեմ այդ մասին, սակայն վստահ եմ, որ ընտրությունները կանցնեն առանց խնդիրների և օրինական դաշտում: Ինքս այդ օրը լինելու եմ Սիսիանում, քանի որ ինձ համար ևս շատ կարևոր են Սյունիքում իրականացվող քաղաքական գործընթացների օրինականությունն ու արդյունավետությունը:

- Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր չէ՞ր քարոզարշավն ու նախընտրական գործընթացներն այնպես իրականացնել, որ համայնքում ընտրության պատճառով լարվածությունը նման խորության և ծավալների չհասներ:

- Գրեթե բոլոր ՏԻՄ ընտրություններում լարվածություն է առաջանում, դա պայմանավորված է մեր երկրի քաղաքական մշակույթով, մեր հասարակությունը ավելի անձնակենտրոն է, իսկ քաղաքական հայացքները միանգամից պրոյեկտվում են միջանձնային հարաբերությունների վրա: Իհարկե սա սխալ է, բայց ժամանակի ընթացքում քաղաքական հայացքները չեն դառնա պատճառ հակադրությունների և թշնամանքի: Ժողովրդավարության զարգացման հետ միասին, մենք կսկենք ավելի հանդուրժող լինել հակադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ: Իշխանությունը պետություն չէ, իսկ համայնքապետը համայնք չէ: Սա պետք է լավ հասկանալ և ըստ այդմ գործել:

- Վերջին հարցը. Ընտրական հանձնաժողովները, քաղաքական ուժերը և մասնավորապես իշխող քաղաքական ուժն ունե՞ն բավարար անկեղծություն և վճռականություն, որ մարտի 26-ին Սիսիանում տեղի ունենա ընտրողների ազատ կամարտահայտություն: Ինքներդ գիտեք՝ եթե ինչ-որ բան դուրս եկավ օրինականության հունից (եթե արդեն դուրս չի եկել), հետընտրական վիճաբանությունների նոր և անվերջ փուլ ենք մտնելու՝ կրկին չկարողանալով ձևավորել Սիսիանի տեղական իշխանությունը:

- Որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, ես ինձ պատասխանատու եմ համարում Սյունիքում ազնիվ և օրինական ընտրությունների անցկացման համար: Մարտի 26-ին կլինեմ Սիսիանում և կանեմ հնարավորը, որ ընտրությունները անցնեն հանգիստ մթնոլորտում: Վստահեցնում եմ, չի լինելու որևէ օրինախախտ քայլ, որը կմնա անպատիժ: Սյունիքի և սյունեցու համար շատ կարևոր են արժանապատիվ պայքարն ու արժանապատիվ հաղթանակը:

Հարցազրույցը՝

Մարի Նավասարդյանի

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24