Սիսիանը հիշում է մեծ զորավարին նաեւ մեր օրերում…

15.02.2017 17:33
2733

Երեք պատմություն Անդրանիկ Օզանյանի մասին

Ձեր ցավը տանեմ, հասկացեք ինձ, իրար հասկացե՛ք…

Ամուսնության ավանդույթ կա Սյունիքում. հարազատները եւ քավորը գնում են աղջիկ ուզելու: Իսկ աղջկան արդեն հավանած են լինում կամ տղայի մայրը, կամ ծնողները, կամ էլ տղան, եթե բախտը նրան ժպտար…

1918 թիվն է, կռիվ է Սյունիքում, հայոց աշխարհում: Էլ ո՞վ էր հիշում պսակի մասին, մանավանդ՝ ավանդույթի, հարսնախոսության: Բայց կյանքը սկսվում է ամեն օր՝ արեւի դուրս գալով, ողջ մնացած հայի աղոթքով, ով հավատում էր երկնային հոր հավերժությանն ու նրա արդար դատին: Բացառություն չէր նաեւ մեծ հայը՝ Անդրանիկ Օզանյանը: Նա ոչ միայն արեւի ծագելուն եւ Աստծո արդար գահին էր հավատում, այլեւ ի՛ր ազգի հավերժ գոյատեւմանը: Այդ ազգին էր նա ծառայեցրել իր ամբողջ կյանքը՝ նրա մի դառը կումն էլ ըմպելով Սիսիան-Անգեղակոթում՝ Սյունիքի հերոսական այդ գյուղում, որի բնիկները մի քանի հազար տարվա կյանքի շարունակողն են՝ սկսած Գոդեձորից մինչեւ Վասակ Սյունի, Իսրայել Օրուց մինչեւ Քեռի, Դրո, Անդրանիկ…

17 տարեկանում ամուսնացավ Անդրանիկ Օզանյանը: Մեկ տարեկանում մորից զրկված տղային ամուսնացրին հայրն ու ավագ քույրը՝ Նազլուն, որ նրա սիրտը լցվի ջերմությամբ, փառավորվի ընտանեկան սուրբ կյանքով: Բայց տարին նոր բոլորած՝ մահացավ Անդրանիկի կինը, ապա նորածին որդին: Նա մեծ զորավարի միակ ժառանգն էր այս հողի վրա: Թե զորավարը որքան ծանր է տարել իր որբ մանկությունը, ապա՝ կորուստներով լցված պատանեկությունն ու երիտասարդությունը, բոլոր հայերս գիտենք, քանզի ոչ մի հայ այնպես չի պաշտվել ժողովրդի կողմից, ինչպես Անդրանիկ Օզանյանը: XX դարի առաջին արյունոտ 20 տարին, որի գրեթե ամբողջ ընթացքում զորավարը թուրը չի դրել պատյան, թույլ չի տվել նրան խորանալ զգացմունքների մեջ, խորհել կին ունենալու եւ ընտանիք ստեղծելու մասին, թեեւ նրա ժամանակակից-մտերիմները նաեւ նման փաստեր են արձանագրել: Ռազմական գործի բերումով հաճախ կոպիտ ու կոշտ վարք դրսեւորելով հանդերձ, Անդրանիկը ժողովրդի մեջ՝ նրանց ուրախությունների եւ թշվառությունների պահերին, նրանցից մեկը մնաց՝ նույնքան պարզ, խորունկ, կարեկից, ընտանիք ու ժառանգություն ունենալու հայկական սուրբ ավանդույթների մոլի կողմնակից:

Հայտնի է, որ 1918թ. օգոստոսին Անդրանիկն իր զորքով եւ գաղթականությամբ հանգրվան գտավ Սիսիանում՝ նախօրոք ստանալով տեղի ոչ միայն զինվորականության ու ղեկավարների, այլեւ առաջին հերթին ժողովրդի համաձայնությունը: Ի՜նչ ամիս էր օգոստոսը Սիսիանում: Բերքն առատ, արտերը ցորենով լիքը: Անդրանիկն իր զորքով մաքրել-ազատել էր թաթարներից Սիսիանի յոթ խոշոր բնակավայր եւ դրանում տնավորել գաղթականությանը: Արտերում հունձ էր, բերքը բաշխում-տեղավորում էին, հաշվում մի քանի ամսվա պաշարի քանակը: Անդրանիկը եւս մասնակցում էր հնձին:

Հացը երբեք շատ չի լինում, բայց գալիքն էլ էր դժվար. ով գիտի՝ աշնանացան կարվի՞ եւ կհնձե՞ն արդյոք նոր բերքը: Վախերը շատ էին. պատերազմ էր ու կոտորած: Անդրանիկն ամբողջ պարենի վերահսկում- բաշխումը վստահել էր իր հետ Անգեղակոթ մտած Սոսե մայրիկին. միակ մարդն աշխարհում, որին աներկբա ունկ էր դնում:

- Լսել եմ անգեղակոթցիներից, որ Անդրանիկը հենց այդ ժամանակ, աշնան դեմ, որոշեց ջահելներին ամուսնացնել, - մի գեղեցիկ օր, երբ հարազատ մարդկանց հետ նշում էինք իմ թոռնիկ Տարոնի տարեդարձը, ինձ դիմեց ամուսնուս ազգի սիրելի փեսա Վարդան Գալստյանը: Վարդանը շինարար է, ծագումով գորիսեցի, ձեռքը հազար տեղ մաշած տղամարդ:

Զարմանք-ուրախությունս խառնվեց իրար: Այսքան տարի, Անդրանիկի մասին պատմություններ որոնելուս ճանապարհին, այդ մասին չէի լսել, թեեւ Սիսիանից գնալուց 100 տարի հետո էլ, այս ժողովուրդը հիշում է նրան ու պատմում՝ «Փաշեն էկավ, Փաշեն կնաց, Փաշեն ասավ… »:

- Չեմ լսել, - ասում եմ, ու Վարդանը սկսում է պատմել՝

- Դե կռիվ, արյուն, սուգ: Ո՞ւմ մտքով կանցներ՝ ոչ ահելների եւ ոչ էլ ջահելների, խոսել պսակվելուց: Ո՞վ կաներ դա. բոլոր ընտանիքները կիսատ-պռատ, խնամախոսներ-քավորներ չկային, աղջիկ-տղա իրարից մի տեսակ հեռու-օտար. սիրո սիրտ չկար: Բայց դե կյանքը գետ է, պիտի հոսի, պիտի գնա…

Անդրանիկն ասել էր՝ «Էս հայություն ի՞նչ, պիտի վերանա՞: Է՜, թուրքի ուզածն ի՞նչ է…. Ջահելներին պիտի պսակենք»: Ասում են նաեւ, որ հավաքել էր իր շուրջը բոլորին՝ տեղի ջահելներին, իր հետ եկածներին, զրուցել-զրուցել էր, ապա խորհուրդ տվել՝ «Ամուսնանալն էլ պարտք է ազգի առաջ. հայություն չի կարող մեռնել. հայության ծառը պիտի ճյուղ տա, պտղվի: Էդ ծառը հիմա դուք եք: Հավանեք իրար, հարմարվեք, զույգեր կազմեք: Ես ձեզ ծնող, հարսնախոս, քավոր ու քահանա: Ես ձեզ պսակող»:

Հրաշք էր: Աստված իջել էր, կանգնել Սյունյաց հողին: Աստված Անդրանիկի մեջ էր: Ապա տարել, տեղավորել էր նոր պսակվածներին Շաքե գյուղում, ուր ակունքներն են Շաքե գետի, ուր հազար տարվա ջրաղացն էր՝ երկու քարով, Շաքեի ջրվեժն ու նրա ջրերում խայտացող կարմրախայտը…

«Տեր ու հնազանդ եղեք միմյանց, ընտանիք դարձեք»՝ ասել էր ու ինքը Շաքեից հետ դառել Անգեղակոթ:

Անցնում է մի քանի օր ու մեկ էլ հայտնի է դառնում, որ էս ջահելների սրտով չէր ո՛չ պսակը, ո՛չ իրենց զույգը եւ ոտքով Շաքեից եկել-հասել էին Անգեղակոթ՝ բողոքի:

Է՜, Անդրանիկի դեմն առնել կլինի՞: Նստում է ճերմակ ձին եւ մտրակելով ձիուն օդ թռցնում: Ո՞նց թե: Բա էդքան զրույցն իզո՞ւր էր: Ինքը չի՛ հրամայել: Ինքը հասկացրել է, որ ընտանիքն ու սերունդն ավելի լուրջ եւ ավելի ճիշտ կռիվ է թշնամու դեմ, քան կրակել-սպանելը: Եվ բոլոր զույգերին ձիու առաջն արած նորից հետ է բերում, հասցնում Շաքե: Դա մոտ մեկ ժամվա քայլելու ճանապարհ է: Երբ տեղ է հասնում, իջնում է ձիուց՝ գյուղի ծայրին ու հորդորում՝

- Ձեր ցավը տանեմ: Հասկացեք ինձի, իրար հասկացեք…

Այսքանը:

Դե ի՞նչ ասեմ: Հարցնում եմ Վարդանին՝ ո՞վ է հեղինակը զրույցի:

- 1985 կամ 86թ. օգոստոսն էր, երբ Անգեղակոթի ձորում մեծ ջրատար էինք անցկացնում, գյուղացիներն ուրախությունից համարյա ամեն օր մեզ համար հաց էին սարքում, հյուրասիրում, իրենք էլ հերթով գալիս, ուտում-խմում էին մեզ հետ: Սովորաբար հաց էինք ուտում Սուրբ Վարդան մատուռի մոտ՝ շիկացած քարերի վրա: Ամեն օր գյուղացիները մի հրաշք զրույց էին պատմում եւ մեր զարմացած հայացքներին ի պատասխան՝ աչքներն ուղղելով դեպի մատուռը, երդվում էին՝

- Էս սուրբը վկա, ճիշտը կըսենք…

Դե ինչ:

Հավատանք, որ մանկուց որբացած, ընտանիք ու զավակ կորցրած, կյանքն ազգին նվիրած Անդրանիկը՝ հայր ու քավոր է կանգնել կռվի մեջ իրենց կյանքն ու սերը մոռացած ջահելներին:

Հավատանք, որ Անդրանիկին բարի խորհրդատու է եղել իր ընտանիքն ազգին մատաղ տված Սոսե մայրիկը:

Հավատանք, որ Սրբ Վարդան Զորավար մատուռի մեջ անգեղակոթցիներն իրական պատմություն կպատմեին:

Հավատանք, որ հայն ամեն պահ կմտածի իր ազգի ապագայի մասին, ինչպես որ է:

Կերակրող ձեռքը՝ պիտի համբուրել...

1918թ. օգոստոսին Սիսիանի զինված ուժերի շտաբի պետ Զախար Տեր-Ղազարյանը, լսելով, որ գաղթականության եւ զորքի հետ Գորիս մտած Զորավար Անդրանիկը սննդապահովման հետ կապված խնդիրներ ունի, հասնում է Գորիս եւ ժողովրդի անունից նրան հրավիրում Սիսիան: Զորքին ու գաղթականությանը բաժանեցին ըստ գյուղերի. մի զգալի թիվ տեղավորվեց Բռնակոթում: Զորավարը լավ իմանալով, թե ինչ զոհողությունների է գնում ժողովուրդը, հատկապես զինվորներին խիստ զգուշացրել էր՝ որեւէ ավելորդություն թույլ չտալ: Հակառակ դեպքում՝ դատ ու դատաստան էր սպասվում:

...Բռնակոթում, բոլոր տների պես, երկու զինվոր հանձնվեց Եղո Ղազարյանի ընտանիքին: Այս ընտանիքը հայտնի էր իր քաջությամբ, հյուրընկալությամբ: Տղամարդիկ կռվում էին, իսկ տունը ղեկավարում է Սալբին, նրանց մայրը՝ խիստ, պահանջկոտ, խանում մի կին: Ամեն Աստծո առավոտ, իր ընտանիքին հավասար, Սալբին հաց էր տալիս նաեւ զինվորներին, իսկ ձիերի համար խոտ իջեցնել տալիս մարագի կտուրից: Ամեն ինչ չափած-հաշված էր այնպես, որ ձմեռն անկորուստ դուրս գան. ժամանակները դաժան էին, կռիվ էր ու սով: Մի օր էլ, շատ պատահականորեն, Սալբին տեսավ, որ զինվորներից մեկը՝ բարձրացած աստիճաններին, մարագի կտուրից խոտ է գողանում: Աղմուկ-աղաղակով նա բարձրանում է աստիճաններն ի վեր, քաշում զինվորի ոտքերից: Վերջինս ոտքով հրում է Սալբիին, եւ կինը, կորցնելով հավասարակշռությունը, աստիճաններից ցած է գլորվում՝ կոտրելով թեւն ու ոտքը:

…Լուրը թեւեր ունի, հասավ Անդրանիկի ականջին: Վերջինս իր ոտքով գնաց Սալբիին տեսնելու: Բոլորը՝ մոռացած հիվանդին, խառնվել էին իրար. ինքնաեռը վառել էին, տակը փռած խոնավ սրբիչի մեջ ձու դրել՝ խաշելու համար: Լավաշ էլ կար: Անդրանիկին դիմավորեցին տան բակում, ապա նա մտավ ներս, նստեց կրակին մոտ՝ կաղնե փայտից պատրաստված սնդուկին: Սկսվեց հարցուփորձը: Զորավարն ուզում էր ամեն ինչ մանրամասն իմանալ: Պարզ էր, որ նա իրեն շատ վատ է զգում, վիրավորված է զինվորների արարքից: Բայց եւ այնպես նա հյուրասիրվեց: Տեսնելով, թե ինչպես է թեյը եռալուն հետ նաեւ ձուն խաշվում՝ ինքնաեռի տակ դրված խոնավ սրբիչի մեջ փաթաթված, զարմացավ՝

- Ա՜յ թե հնարամիտ է մեր ժողովուրդը, - խոսեց զորավարը, ապա մթնվեց ու ավելացրեց՝

- Հեշտ կյանքից չէ երեւի…

Երեկոյան, ուշ ժամի, գյուղում Զորավարը խորհուրդ հրավիրեց եւ պատժեց մեղավոր զինվորին՝ երկու օր նրան կալանք տալով:

- Կերակրող ձեռքը համբուրել է պետք, ոչ թե կոտրել, - սա էր նրա հորդորը:

Պատմությունը մեզ տրամադրել է Սալբիի թոռը՝ պապի անունը կրող Եղիշե Ղազարյանը:

Թող սիրով լինի…

Նշանել էր բռնակոթցի Խաչատուրն աղջկան Առաքելի հետ՝ առանց որեւէ մեկի կարծիքը հարցնելու: Պարզ, աշխատավոր տղա էր Աքելը, բայց աղջկա սիրտը ոչ մի կերպ նրան չէր կպնում: Գիշեր-ցերեկ լացում էր, ասելով՝ «Նշանս քանդեք, ես դրան տեսնել չեմ ուզում, չեմ սիրում… »: Ի՞նչ աներ հայրը: Աշխարհում կռիվ էր, կոտորած, վաղվա օրվա հույս չկար, իսկ Խաչատուրի աղջկա կռիվն իր սրտի մեջ էր՝ սիրո համար: Բռնակոթցիները գիտեին, թե Զորավարը որ օրն է գյուղ գալիս՝ դատ կտրելու, գյուղացիների հոգսն ու ցավը կիսելու: Հենց էդ օրն էլ Խաչատուրն իր Աստղիկ աղջկան վերցրած գնաց փաշայի մոտ, պատմեց գլխին եկածը: Լսում էր Զորավարը նրան, լսում էր լո՜ւռ, մի քիչ լարված. ո՞վ գիտի, ինչեր հիշեց… Լսեց, լռեց երկար: Շվարած Խաչին նայում էր աղջկան՝ դեռ 14-ը չբոլորած, հանդուգն, համարձակ Աստղիկին: Քարի պես լուռ աղջկա աչքերից գետի նման գլոր-գլոր արցունք էր հոսում, այտերով իջնում ցած:

- Հը՛, բա հիմի ի՞նչ էնենք, - Զորավարը ոչ թե հորը, այլ աղջկան ուղղեց հարցը:

Ո՜վ զարմանալի… Ամեն ինչ պատրաստ էին տեսնել ու լսել գյուղացի հայրն ու աղջիկը՝ թշնամու ահ ու սարսափ Անդրանիկից, բայց ոչ այդքան քնքշանք ու սեր… Եվ առանց երկար-բարակ անելու, Աստղիկն իրեն նետեց Զորավարի ոտքերի տակ՝

- Ինձ կուտուր-կուտուր արա, փաշա՛, բայց ոչ մի կուտուրս ալ Աքելին չտաս…

Նշանը քանդեցին: Փաշան գրեթե անլսելի արտաբերել էր՝ «Ինչ լինելու է, թող սիրով լինի… »:
Անցավ մի քանի ամիս, փաշան հեռացավ, գնաց Զանգեզուրից, իսկ Աստղիկը դարձավ 16 տարեկան, մնաց հոր տանը: Գյուղում այդ տարիքին հասած աղջիկներին ասում էին՝ «Քյավթառած, տանը մնացած աղջիկ»: Հետո Աստղիկին առավ բռնակոթցի Վարդանը, որի մայրը մահացել էր՝ որբության մատնելով 10 երեխայի: Վարդանը տան ավագն էր, եւ ամբողջ հոգսն ընկավ Աստղիկի ուսերին: Աստղիկն ինքը յոթ երեխա բերեց, դժվարությունների, դառնությունների դեմ առավ:

Բախտ էր, ու դրանից չես փախչի: Գուցե նաեւ դա էր պատճառը, որ նեղված պահերին Աստղիկը հիշում էր Զորավարին, նրա կտրած դատը, արտաբերած բառերն ու ինքն իրեն հարցնում էր՝ «Տեսնես սիրովը ո՞նց է լինում»:

Ավելացնեմ, որ այս պատմությունը թանգարանին է տրամադրել Աստղիկի ծոռնուհին՝ գեղանկաիրչ Զառա Գասպարյանը:

ԾՈՎԻՆԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Սիսիանի պատմության թանգարանի տնօրեն

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07