Սմբատ Օրբելյանը 60 տարեկան է

07.07.2019 09:12
3144

Հոբելյաններ նշելու հարցում միշտ վերապահումներ ենք ունեցել: Բայց մեզանում կան մարդիկ, որոնց հոբելյանը չենք կարող չնկատել:

Մերօրյա Սյունյաց աշխարհում նման մարդկանցից է Սմբատ Օրբելյան քաղաքացին ու բժիշկը, մեր հող ու ջրի նվիրյալն ու մեր կյանքի ընթացքով մտահոգ անհատականությունը:

60-ամյակն այս դեպքում վայելուչ առիթ է՝ բազմաթիվ սյունեցիների հարգանքն արտահայտելու հոբելյարի հանդեպ:

Եվ ուրեմն՝ սրտագին շնորհավորում ենք Սմբատ Օրբելյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, ցանկանում ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն եւ մտահղացումների իրականացում:

Թող տարիների նրա փորձն ու իմաստությունը, եռանդն ու լայնախոհությունն այսուհետ եւս ծառայեն մեր երկրամասին:

Սմբատ Օրբելյանը սերում է վաչագանյան նշանավոր գերդաստանից, որ մեծ հարգանք է վայելել (եւ շարունակում է վայելել) ոչ միայն Կապանում, այլեւ մարզում ու մարզի սահմաններից դուրս. հայրը վաստակաշատ մանկավարժ, ճանաչված մտավորական Ձոնիկ Օրբելյանն է, մայրը՝ Կապանի տարածաշրջանի առողջապահական համակարգի երախտավոր Սեդա Մուրադյանը:

Մարդու անցած ճանապարհի, մարդու գործունեության անաչառ ու անողոք քննադատն ու գնահատողը ժամանակն է:

Իսկ ժամանակը Սմբատ Օրբելյանին գնահատել ու գնահատում է դրական լույսի ներքո, քանզի նրա ապրած կյանքը, արած-դրածը ներշնչում են ընդգծված հարգանք:

Ու թերեւս գնահատվելու է, որովհետեւ ասելիքի ու անելիքի ճանապարհին է դեռ…

Մեծահամբավ սյունեցի Ֆրունզե Պետրոսյանի դուստր Անուշ Պետրոսյանի հետ օրինակելի ընտանիք կազմեց նա. երեք զավակ ունեցան (Արամ, Արթուր, Սեդա) ու կարողացան հայեցի դաստիարակությամբ եւ պատշաճ կրթությամբ նրանց դարձնել հանրության համար օգտակար եւ պահանջված անձնավորություններ:

Մոտ քսան տարի Սմբատ Օրբելյանը գլխավորեց Կապանի բժշկական կենտրոնը:

Ոչ սովորական ժամանակներ, բայց եւ ակնառու հաջողություններ՝ հիվանդանոցի շենքային պայմանների բարելավում, տեխնիկական միջոցների մեծածավալ արդիականացում, բնակչության բուժական սպասարկման նոր եւ մատչելի ձեւերի ներդրում, տեղացի մասնագետների եւ հատկապես երիտասարդ կադրերի համար աշխատանքի գրավիչ պայմանների ստեղծում:

Սակայն ժամանակները, ինչպես նշվեց, ոչ սովորական ու ոչ դյուրին էին՝ Արցախյան պատերազմ, որի ընթացքում ռազմական գործողությունների թատերաբեմ էր դարձել ամբողջ Սյունիքը, հայրենի երկրամասի անվերջ ռմբահարումներ, հետպատերազմյան դժվարին տարիներ, ապրիլյան իրադարձություններ…

Գրեթե ռազմաճակատային հոսպիտալի վերածված Կապանի հիվանդանոցն արժանապատվորեն կատարեց իր առաքելությունը հայոց նորագույն պատմության այդ բարդ ժամանակահատվածում: Հազարավոր մարդկանց կյանք փրկվեց, հազարավոր ազատամարտիկներ ապաքինվելուց հետո վերադարձան ռազմաճակատ ու շարունակեցին մասնակցել մեր ազգային գոյակռվին:

Այդ ամբողջ ընթացքում Սմբատ Օրբելյանը, բազում գործընկերների հետ, ցույց տվեց, որ իր մասնագիտության լավագույն կրողներից է: Ցույց տվեց նաեւ, որ ինքն արտակարգ իրավիճակներում առողջապահական գործի հաջողված կազմակերպիչ է:

Եվ հիմա, երբ տարիների հեռվից հետադարձ հայացք ենք ձգում վճռորոշ այդ օրերի սյունիքյան կացությանը, ակնհայտորեն երեւում է վերստին, որ երկիրը պետություն է դառնում հենց նման նվիրյալների վարքով ու ջանքով:

Տարիներ շարունակ պատիվ ենք ունեցել վայելելու Սմբատ Օրբելյանի եւ նրա ընտանիքի մտերմությունը:

Ու մարդկային նրա որակներից մի քանիսին պատշաճ ենք համարում անդրադառնալ այսօր:

Առհասարակ քչերն են ընդունակ ապրել վերանձնական կյանքով, իր բնօրրանի, իր երկրամասի հոգսերով. Սմբատ Օրբելյանը, անվիճելիորեն, այդ քչերից է: Նույնիսկ շատ իշխանավորներ ի վիճակի չեն կյանքն ու երեւույթները դիտարկել անանձնական պատուհանից, ովքեր ի պաշտոնե պարտավոր են այդպիսին լինել:

Միգուցե իր մասնագիտությամբ է պայմանավորված, որ մարդը նրա համար բարձրագույն եւ անսակարկելի արժեք է: Նրա համար խորթ է մարդկային ճակատագրերի հանդեպ քամահրանքը՝ անկախ այն բանից, թե տվյալ անձնավորությունը տրոհված մեր հանրության ո՞ր բարիկադում է դիրքավորված:

Սեփական ուժերին ապավինելը համարում է արժանապատիվ ապրելու բանաձեւի առանցքային բաղադրիչը:

Շատ-շատերից ուշագրավ մի հատկանիշով էլ է առանձնանում. ամենադժվարին պահերին ու իրավիճակներում անգամ իրեն սատարողներ չի որոնում, նույնիսկ նրանց մեջ, ովքեր տասնամյակներ շարունակ ընկեր, գործընկեր, հացընկեր են եղել, ամեն ինչ թողնելով մարդկանց բարոյական հավատամքին:

Բայց եւ սրբապղծության պես մի բան է համարում երեկվա ընկերոջ, գործընկերոջ, հացընկերոջ, բարեկամի ուրացումը:

Սմբատ Օրբելյանի կյանքում վերջին երկու տարում տեղի ունեցան իրադարձություններ, որոնց, իր եւ մեզ համար նշանավոր այս օրը, գուցե եւ չանդրադառնայինք, բայց մեր խոսքն ամբողջական չէր լինի։ Երբ 2016-ին Սյունիքի մարզային իշխանությունը, իսկ դրանից առաջ նաեւ Հայաստանի մետաղական խոշորագույն հանքավայրը, նվիրեցին նետողաց ազգի վարձկաններին, թույլատրվեց մեր լեռնաշխարհում մի կողմ դնել Սահմանադրությունը, օրենքները…

Սկզբից եւեթ խնդիր դրվեց սյունեցիների հոգեկերտվածքից ու ներաշխարհից հանել արժանապատվության զգացումը, երկրամասի տիրոջ զգացողությունը:

Գլխավոր թիրախ հայտարարվեցին մարզի մտավորականները եւ բոլոր նրանք, ովքեր սեփական դեմք ունեն:

Երեւելի բազմաթիվ դեմքեր հայրենի բնօրրանում հայտարարվեցին թշնամի՝ զրկվելով նույնիսկ իրենց մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից:

Աշխատանքից ազատվեց նաեւ Սմբատ Օրբելյանը, ում պաշտոնանկությունը դատարանի ուժով գնահատվեց ապօրինություն:

Ու հետո (առ այսօր), դատարանի վճռից հետո անգամ, այդ ապօրինության հետեւանքը չվերացվեց, ճշմարտությունը չվերականգնվեց:

Անտարակույս, խայտառակ այդ վիճակը Սմբատ Օրբելյանի պարտությունը չէ, այլ մեր խեղված իրականության պարտությունն է եւ հատկապես հեղափոխական իշխանության պարտությունը:

Եվ ինչն է ուշագրավ…

Այդ ամենից հետո նույնիսկ չարությունն ու վրեժխնդրությունը չկարողացան նրան առնել իրենց շրջապտույտի մեջ, որովհետեւ երկիրն իրենն է համարում, նրա ե՛ւ լավը, ե՛ւ վատը՝ նույնպես:

Նաեւ այն բանից հետո, երբ ծպտված օտարականներն անանուն զրպարտագրեր-տեսանյութեր են իր մասին շաղ տալիս, ինքը շարունակում է բարի հայացքով նայել մարդկանց ու աշխարհին:

Այդ ամենի ու անցած ճանապարհի շնորհիվ է, որ 60-ամյակի տոնական այս օրն ուզում ենք հիշեցնել` հարգելի Սմբատ Ձոնիկի, որտեղ էլ գտնվեք, ինչ իրավիճակում եւ միջավայրում էլ հայտնվեք` Ձեր ոտքը Սյունյաց աշխարհի հողի վրա է, եւ այդ հողը՝ մեր փոքր հայրենիքը, հպարտանում է, որ ունի Սմբատ Օրբելյան զավակ:

Ծնունդդ շնորհավոր, հարգելի բարեկամ:

 Սամվել Ալեքսանյան

 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10