Սպարտակ Բակունցի ծննդյան 60-ամյակը

23.06.2015 16:21
2911

Հունիսի 14-ին Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մեծ դահլիճում «Միրհավ» գրական ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեր հայրենակից, մեծատաղանդ բանաստեղծ Սպարտակ Բակունցի ծննդյան 60-ամյակին:

Միջոցառումը բանաստեղծի գրական ու մարդկային կերպարն ամբողջացնելու փորձ էր՝ նրա մասին եղած հիշողությունների, մամուլում նրա անունն ու գործը հիշատակող, արժեւորող անդրադարձների, գրքի տպագրությանը նվիրված բազմաթիվ ռադիոհաղորդումների, իր ապրած ժամանակի դառնաղետ եղելությունների ընդհանուր համապատկերի վրա:

Օրվա խորհրդին համահունչ ծավալվեց-թանձրացավ Սպարտակ Բակունց մարդու ու բանաստեղծի հոգեւոր ներկայությունը՝ կյանքի կարճատեւ, բայց բովանդակալից ընթացքով, գեղարվեստական ինքնությամբ ու  հոգեկերտվածքով:

Նշեցինք  գրական-հոբելյանական տարեդարձ, ցավոք, ոչ թե 60-ամյա բանաստեղծի հետ բաժակ բարձրացնելով ու նրան ստեղծագործական նոր հաջողություններ մաղթելով, այլ նրա մասին արդեն միայն հուշեր պատմելով ու հիշատակի խոսքեր ասելով:

Հայ ժողովուրդը կարծես սովոր է գրական մարդկանց ողբերգական ճակատագրերի:

Ընդամենը 37 տարեկանում, ինչպես ասում են՝ բանաստեղծական հասակում  մենք հրաժեշտ տվեցինք իր կյանքը լիարժեքորեն չապրած, իր ստեղծագործական մտահղացումները լիովին չիրականացրած, իր վաստակի գնահատությունը չտեսած մի բանաստեղծի, ում եղերաբախտ ճակատագիրը թեեւ վաղաժամ հանձնեց ծննդավայրի՝ իրեն ծնած ու սնած հողին, բայց նախասահմանեց հիշարժան ստեղծագործություններով շարունակելու գրական ուղին…

Սպարտակ Բակունցը բանաստեղծ էր ծնվել, բայց հայտնությունը եղավ 37 տարի անց՝ դավադիր թշնամու հեռահար հրանոթի ուղարկած մահից հետո, որը նրան գտավ հայրենի Վերիշենում՝ դպրոցի շենքի մոտ, ուր համադասարանցիներով հավաքվել եւ նշում էին դպրոցն ավարտելու 20-ամյակը: 1992 թվականի օգոստոսի 8-ն էր: Հրետանային այդ գրոհը Գորիսից 5 զոհ տարավ. մեկը Սպարտակ Բակունցն էր…

Սպարտակ Բակունցն իր սրտում անթեղել էր բանաստեղծության կրակը, եւ ոչ ոք չիմացավ, որ անքուն գիշերներին մտորում ու զրուցում է Աստծու հետ, իսկ այդ զրույցները ձեւ ու իմաստ են ստանում, դառնում բանաստեղծություն: Նրա հայրենակիցները, մտերիմները հետո, շա՜տ ուշ իմացան, որ Սպարտակը բանաստեղծ է:

Շատերին զարմանալի է թվում, որ բանաստեղծը կենդանության օրոք երբեւէ չի փորձել տպագրվել ոչ միայն Երեւանում, այլեւ նույնիսկ շրջանային թերթում: Մի անգամ հանգամանքների բարեբաստ դասավորությամբ ինքն անձամբ ռադիոհաղորդումով ունկնդրել  էր իր մի քանի բանաստեղծությունները: 1991 թվականին Երեւանում բանաստեղծ Հովիկ Հովեյանի խնդրանքով Սպարտակն իր ձեռագրերը թողել էր նրա մոտ՝ ծանոթանալու, բայց  պայմանով, որ ոչ մի դեպքում դրանք չհրապարակվեն: Հովեյանը խոստացել էր  եւ … դրժել խոստումը: Ռադիոհաղորդման ընթացքում նա ներողություն էր խնդրել Սպարտակին՝ խոստումը դրժելու համար եւ հնչեցրել բանաստեղծությունները…

Իր ստեղծագործությունները ռադիոյով ունկնդրելու գեղեցիկ անակնկալը հավանաբար առաջմղիչ, ոգեւորիչ նշանակություն էր ունեցել բանաստեղծի համար: Եղբայրը՝ Արմիկ Բակունցը, վկայում է, որ այդ դեպքից հետո նա սկսել էր ավելի մեծ ուշադրություն դարձնել ձեռագրերին.  խմբագրում էր, մաքրագրում, մեքենագրում, համակարգում… Հավանաբար ներքուստ տրամադրվել էր, որպես բանաստեղծ, ներկայանալու գրական հանրությանը…

Չհասցրեց: Գիրքը՝ «Հայացքների պայքար» խորագրով, լույս տեսավ մահից մեկ տարի անց՝ 1993 թվականին՝ հայ անվանի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի խմբագրությամբ, Համո Սահյանի սրտաբուխ առաջաբանով եւ Նիկոլայ Մանուկյանի (Նիկօ) անզուգական նկարազարդումներով: Ձեռագրերը մեծագույն պատասխանատվությամբ տպագրության էր նախապատրաստել հեղինակի եղբայրը՝ Արմիկ Բակունցը:

Գրողը գիրքն է, Սպարտակ Բակունցի պարագայում նաեւ՝ նրա հուշարձանն ու ավանդը մնացողաց…

Բանաստեղծական ամեն ժողովածու չէ, որ առանձնաշնորհ է ունեցել դրվելու հայ  մեծագույն  բանաստեղծ Համո Սահյանի գրասեղանին եւ նրան մղել մտորումների, խորասուզումներ: Այդ բախտավոր ժողովածուներից մեկը Սպարտակ Բակունցի «Հայացքների պայքարն» էր, որ հեղինակի եղբոր համարձակ որոշումով դրվում է մեծ բանաստեղծի գրասեղանին եւ արժանանում նրա սրտառուչ նախախոսքով բացվելու պատվին: «… Զարմանում ես, որ նա իր կենդանության օրոք ոչ մի տող չի տպագրել - գրում է Հ.Սահյանը, - մինչդեռ տպագրության արժանի շատ գործեր ուներ, որ կարող էին պատիվ բերել ոչ միայն հեղինակին, այլեւ գրական 60-ականներից հետո հրապարակ եկած բանաստեղծական ամբողջ սերնդին: Երեւի ինքն իր նկատմամբ շատ պահանջկոտ է եղել եւ եղել է երիտասարդական փառասիրություններից հեռու»:

«Հայացքների պայքար» ժողովածուն անմիջապես արժանանում է գրական հանրության ուշադրությանը: Ամենատարբեր ռադիոհաղորդումների ընթացքում հնչում են Սպարտակ Բակունցի բանաստեղծությունները հանրապետության վաստակավոր արտիստների, ասմունքողների, որոնց թվում՝ Հրաչուհի Ջինանյանի, Վլադիմիր Աբաջյանի, Սարգիս Նաջարյանի եւ Սիլվա Յուզբաշյանի մատուցումով:

Ցերեկույթի ընթացքում հանդիսականների ունկնդրումին ներկայացվեց փոքրիկ ծաղկաքաղ այդ հաղորդումներից ու գրական ընթերցումներից:

Սպարտակ Բակունցի պոեզիայով ներշնչվել եւ նրա խոսքերով երգ է հեղինակել հայ մեծանուն երգահան, դիրիժոր, երաժշտագետ, «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը:

1995 թվականի նոյեմբերի 26-ին Դանիել Երաժիշտը Գորիսում հանդես եկավ համերգային բացառիկ ծրագրով՝ նվիրված Սպարտակ Բակունցի հիշատակին: Հենց համերգի ժամանակ էլ առաջին անգամ հնչեց բանաստեղծի խոսքերով գրված երգը՝ «Շարական» համույթի կատարմամբ:

20 տարի անց նույն բեմում «Կյանքի կարոտ» խորագրով երգն առաջին անգամ կատարեց Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի շնորհաշատ երգչուհի Սուսաննա Ղումաշյանը:

Հանդիսությանը ներկա էր  նաեւ  «Հայացքների պայքար» գրքի խմբագիր, ճանաչված գրող, մանկագիր Երվանդ Պետրոսյանը, ով տպավորիչ խոսք ասաց իր կյանքում Սպարտակ Բակունցի հայտնության մասին՝ ներկայացնելով նաեւ գրքի տպագրության ուշագրավ հանգամանքները, այն անօրինակ ջանքերը, որոնք, ի վերջո, փառապսակվեցին ժողովածուի լույս աշխարհ գալով: Ե.Պետրոսյանը հպարտությամբ նշեց նաեւ, որ պատիվ է ունեցել ոչ միայն խմբագրելու Սպարտակի գիրքը, այլեւ նախախոսք հեղինակելու:

Սպարտակ Բակունցը բանաստեղծական ներկայություն է ոչ միայն Սյունիքում: Իր հոգու տարածքները նաեւ աշխարհագրական բացվածքի մեջ են:

Վայք քաղաքից հանդիսության առթիվ Գորիս էր ժամանել ռեժիսոր Սարդոն Մարգարյանը, ով, ներգրավված լինելով միջոցառման գեղարվեստական բեմագրում, հանդես եկավ նաեւ առանձին ելույթով եւ խոստովանեց, որ հոգեւոր ամուր կապ է զգում բանաստեղծի հետ եւ ճակատագրի քնքուշ շոյանքով իր ձեռքին հայտնված «Հայացքների պայքար»-ը վաղուց արդեն իր սեղանի գիրքն  ու կյանքի ուղենիշներից մեկն է դարձել:

Վերջերս Վայք քաղաքում հենց Ս.Մարգարյանի բեմադրությամբ տեղի ունեցած միջոցառման ընթացքում (նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին) հնչել են նաեւ Սպարտակ Բակունցի հայրենասիրական բանաստեղծությունները: Միջոցառման այդ հատվածները ցերեկույթի ընթացքում ներկայացվեցին նաեւ Գորիսի հանդիսատեսին:

Սպարտակ Բակունցի պոեզիան արժանի է բարձր գնահատանքի, ինչն ընդունում է նրա պոեզիային ծանոթ մտավորական ընտրանին: Բանաստեղծի տեղն, ի վերջո, գրականագիտությունն է: Սպարտակ Բակունցի գեղարվեստական աշխարհում մասնագիտական իր համեստ ուսումնասիրության արդյունքները հանդիսականներին ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու, ԳՊՀ դասախոս Լ.Թունյանը:

Միջոցառման ավարտին բանաստեղծի մասին հիշատակի ու գնահատանքի խոսք ասացին Գորիսի քաղաքապետ Վ.Ադունցը, բանաստեղծի դասընկեր ու գրչընկեր Լեւոն Սահակյանը, բանաստեղծ Ապետնակ Գրիգորյանը  եւ ուրիշներ:

Միջոցառումն ուղեկցվեց դիտապաստառային տպավորիչ ցուցադրություններով, որոնք ուրույն երանգ հաղորդեցին գեղարվեստական մասին եւ ամբողջացրին բանաստեղծի դիմանկարը:

Ոգեշունչ պարային համարով միջոցառումը եզրափակեցին «Վահե Մելքոնյան» պարային ստուդիայի սաները:

Բառերի մեջ է ամբարվում ժամանակի ոգին, բառերի  մեջ են պահվում ժամանակի ձայները՝ մարդկանց մտքերը, հույզերը, խոհերը, տրամադրությունները, երազանքներն ու առարկայական իրականությունը: Պոեզիան դառնում է ժամանակի էության կրողը: Պոեզիան նաեւ պատմություն է…

Սպարտակ Բակունցի երկրային կյանքի ժամանակը, հոգու կենսագրությունն ու հայացքների պայքարն ամբարված են ծավալով ոչ մեծ ընդամենը մեկ ժողովածուում, որին, սակայն, վիճակված է երկար ճանապարհ անցնելու, հավիտենական ժամանակի ուղեւորը դառնալու:

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈւԹՅԱՆ

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46