Ստեղծվում է ուսուցիչների արհմիություն. առիթը ԿԳՆ-ի մշակած էթիկայի կանոնների նախագիծն է

16.01.2019 18:29
1158

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը սկսել է Ուսուցիչների անկախ արհմիության ձեւավորման գործընթաց: Դրա համար առիթ է դարձել ուսուցիչների վարքի կանոնների նախագիծը, որը կրթության եւ գիտության նախարարությունը հրապարակել ու ներկայացրել է հանրային քննարկման:

Նախաձեռնությունը դիմել է ուսուցիչներին՝ ցանկացողներին առաջարկելով ներգրավվել արհմիության ստեղծման գործընթացում. «Հարգելի՛ ուսուցիչներ, ՀՀ-ում ուսուցիչների մասնագիտական եւ աշխատանքային իրավունքները պաշտպանելու, ուսուցիչների մասնակցությունն ու ազդեցությունն իրենց առնչվող որոշումների կայացմանը ուժեղացնելու, ինչպես նաեւ մոտեցումներն ու դիրքորոշումները կազմակերպված ձեւակերպելու նպատակով՝ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը սկսում է Ուսուցիչների անկախ արհմիության ձեւավորման գործընթաց»: Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչեւ սույն թվականի հունվարի 18-ը:

Ստեղծվելիք արհմիության վերաբերյալ մանրամասների շուրջ զրուցել ենք Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանի հետ:

- Տիկին Խառատյան, ինչը առիթ դարձավ, որ հանգեք Ուսուցիչների արհմիություն ստեղծելու որոշմանը:

- Իրականում մենք՝ Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամներս, վաղուց մտածում էինք՝ ինչն է հիմա ամենաանհրաժեշտը հանրակրթության ոլորտում, եւ քանի որ մենք փորձում ենք համախմբել ու ներկայացնել կրթության տարբեր շահառու խմբերին, հասկացանք, որ իրականում ամենախոցելի խումբը վերջին շրջանում էլ, առաջ էլ, ուսուցիչներն են: Եվ որպեսզի այդ խումբը շատ ավելի կազմակերպված կարողանա հանդես գալ ու նաեւ զբաղվել իր շահերի պաշտպանությամբ, առաջնային անհրաժեշտություն է իրենց համար մասնագիտական ասոցիացիայի կամ արհմիության ստեղծումը: Այսինքն՝ այդ գաղափարը վաղուց մեզ մոտ խմորվում էր, բուն անհրաժեշտությունը վաղուց էր մեր խմբի ներսում քննարկվում, եւ ուսուցիչները, որոնք մեր խմբի անդամ են, իրենք էլ էին բարձրաձայնում: Բայց հիմնական առիթը հանդիսացավ էթիկայի կանոնների հրապարակումը կրթության եւ գիտության նախարարության կողմից: Ու մտածեցինք, որ հիմա ճիշտ ժամանակն է այս խնդրով զբաղվելու:

- Իսկ հատկապես ի՞նչ վերապահումներ ունեք էթիկայի կանոնների հետ կապված:

- Էթիկայի կանոնների հետ կապված մեր նկատառումները մենք պաշտոնապես կուղարկենք կրթության եւ գիտության նախարարություն: Անձամբ ես մեկ այլ խմբի հետ մի նամակ ու կարծիք արդեն ուղարկել եմ: Բայց դնելով մի կողմ, թե այդ նորմերից ինչն է ընդունելի, ինչը չէ, ամենակարեւոր բանը, ըստ իս, այն է, որ ցանկացած մասնագիտական խումբ նախ եւ առաջ ինքը պետք է մշակի իր էթիկայի կանոնները, որովհետեւ նախ եւ առաջ այդ մասնագիտական խմբի շրջանակում է որոշվում՝ ինչն է էթիկական, ինչը չէ: Այս դեպքում համենայնդեպս լայն քննարկում ուսուցիչների հետ կարծես թե չի եղել: Բայց սա, ինչպես նշեցի, ընդամենը առիթ էր արհմիություն նախաձեռնելու, որովհետեւ ուսուցիչներն ունեն բավականին շատ խնդիրներ, եւ մեր հասարակությունում իրենք անընդհատ քննադատվում են բոլորի կողմից, թե՛ ծնողների, թե՛ դպրոցի տնօրինության, թե՛ կառավարության: Եվ որպեսզի ավելի կազմակերպված կարողանան իրենց խնդիրների լուծմամբ զբաղվել, կարծում ենք անհրաժեշտ է, որ լինի անկախ ասոցիացիա կամ միություն: Հիմա մենք նախաձեռնել ենք գործընթացը, թե այդ գործընթացը ուր կտանի, պրոցեսներից արդեն կերեւա: Մենք մեզ վրա վերցնում ենք ավելի շատ ֆասիլիտացնողի դեր, քան արհմիությունը ստեղծողի, որովհետեւ մեր նախաձեռնությունում բոլորը չէ, որ ուսուցիչներ են, իսկ արհմիությունը առաջին հերթին այդ մասնագետների կառույցն է: Մենք մտադիր ենք այս գործընթացը ֆասիլիտացնել այնքան, մինչեւ արհմիությունը ստեղծվի: Հիմա, կախված նրանից, թե քանի հոգի հետաքրքրություն կհայտնի, արդեն կլինի պրոցես, եւ այդ մարդկանցից էլ կհասկանանք՝ ովքեր են ուզում հենց կազմակերպչական գործընթացում ներգրավվել, եւ աստիճանաբար կմշակվի այդ արհմիության թե՛ կանոնադրությունը, թե՛ նպատակները, թե՛ խնդիրները, բայց արդեն ուսուցիչների կողմից, ընդամենը մեր աջակցությամբ:

- Իսկ այս փուլում ուսուցիչներից ինչ արձագանքներ ունեք եւ ինչի մասին է դա վկայում, ըստ Ձեզ:

- Այս փուլում արդեն երեւի 500-ից ավելի հետաքրքրված մարդ կա, ընդ որում՝ թե մարզերից, թե Երեւանից: Բայց դեռ մինչեւ ուրբաթ (դիմելու վերջնաժամկետը հունվարի 18-ն է-խմբ.) կտեսնենք՝ էլ ինչքան մարդ կհետաքրքրվի: Եվ արդեն դրանից հետո մենք բոլորի հետ կապ կհաստատենք ու հետագա անելիքները քայլ առ քայլ իրենց հետ միասին առաջ կտանենք:

- Այսօր էլ ուսուցիչների արհմիություններ կան: Դրանց գործունեությունը ոչ բավարա՞ր եք համարում:

- Առ այսօր չենք տեսել, որ այդ արհմիությունները որեւէ կարծիք հայտնեն ուսուցիչներին վերաբերող հարցերում: Ակտիվ գործունություն, համենայնդեպս, իրենք չեն ծավալաում: Այսինքն՝ եթե նույնիսկ դրանք կան, զուտ ֆորմալ կառույցներ են, որոնք արհմիության շատ կարեւոր խնդիրներով չեն զբաղվում:

- Մի ճշտող հարց՝ ուսուցչի վարքի կանոնների վերաբերյալ. Կրթական քաղաքացիականնախաձեռնությունը, փաստորեն, սկզբունքորեն դեմ չէ՞ այդպիսի կանոններ սահմանվելուն:  

- Սկզբունքորեն դեմ ենք այն ձեւին, որով էթիկայի կանոնները դրվել են քննարկման, սկզբունքորեն դեմ ենք նախագծում եղած որոշ կետերի եւ նաեւ դեմ ենք, որ կանոնները սահմանվեն ու մատուցվեն նախարության նախաձեռնությամբ, ոչ թ մասնագիտական համապատասխան խմբերի: Եվ կապ չունի՝ դա ուսուցիչներին կվերաբերի, թե որեւէ այլ մասնագիտական խմբի: Էթիկայի կանոններ ցանկացած մասնագիտական խմբի պետք են, դա ոչ ոք չի խնդրայնացնում: Բայց թե ինչպես պետք է այդ պրոցեսը կազմակերպվի, այ դա է հարցը եւ ինչպիսին պետք է լինեն կանոնները, դա էլ մի ուրիշ հարց է:

- Կմասնավորեցնե՞ք՝ նախագծի որ կետերի վերաբերյալ ունեք անհամաձայնություն:

- Առաջարկվող էթիկայի կանոններում անընդունելի ու առնվազն անհասկանալի կետեր կան, ինչպես օրինակ ուսուցչի հագուկապի վերաբերյալ կետը։ Սակայն ամենաանընդունելին այն է, որ նախաձեռնությունը վերեւից ներքեւ է եւ չի ապահովում փաստաթղթի անմիջական շահառուների մասնակցությունը։ Մյուս խնդիրն այն է, որ ընդհանուր կրթությանն առնչվող համակարգային փոփոխությունների մասին ոչ մի փաստաթուղթ նոր կառավարության կողմից դեռ չի շրջանառվել, ու նախքան նման փաստաթուղթը նման նախաձեռնություններով հանդես գալն առնվազն ժամանակավրեպ է։

armtimes.com

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24