Ստի եւ կամայականության հրավառություն

11.11.2015 15:43
2568

Համառոտ պատմություն մի դատական գործի, որի վերաբերյալ ընդունված վճռի առանձին կետեր եւ ՀՀ գործող օրենսդրությունը հեռավոր աղերսներ անգամ չունեն

Խոսքը ՍԴ/0397/02/13 քաղաքացիական գործի մասին է, որի դատաքննությունը վարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը:

Կապան քաղաքի բնակիչ Գագիկ Ղահրամանյանն էր հայցադիմում ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, թե Սամվել Ալեքսանյանի հեղինակած «Թշվառականը» հոդվածն իր մասին է (հոդվածը տպագրվել է «Սյունյաց երկրի» 2013թ. սեպտեմբերի 3-ի համարում):

Երկարատեւ դատաքննությունից հետո դատարանը պարզել է, որ «Թշվառականի» գլխավոր հերոսն իրոք Գագիկ Ղահրամանյանն է: Եվ 2014թ. ապրիլի 2-ի վճռով հայցը մասնակիորեն բավարարվել է:

Վճռի հետ համաձայնվել չէինք կարող: Եվ այն բողոքարկեցինք ՀՀ վերաքննիչ, ապա՝ ՀՀ վճռաբեկ դատարանում:

Փաստաբանը, ով գրել էր ե՛ւ վերաքննիչ բողոքը, ե՛ւ վճռաբեկ բողոքը, հաստատուն ու անշեղ քայլերով մեզ տարավ պարտության ճանապարհով (վարձավճարը ստացել էր նախապես): Եվ ճիշտ արեց… Միայն Վերաքննիչի ու Վճռաբեկի որոշումներին ծանոթանալուց հետո պարզ դարձավ, թե դասական որպիսի անհեթեթություններով են գրվել մեր բողոքները:

Փաստաբանը կարողացել էր օգտվել մեր՝ այդ ոլորտում ունեցած անփորձությունից եւ մեզ վրա ծիծաղելու իրավունք վաստակել:

Ստիպված էինք դատարանի վճիռը կատարել:

Վճռում, սակայն, կար մի կետ, որ կատարել հնարավոր չէր, քանի որ այդ կետն Անահիտ Թումանյանը գրել էր առանց իրավական հիմքի, քմահաճորեն:

Ըստ վճռի այդ կետի՝ Սամվել Ալեքսանյանը ներողություն եւ հերքում պարունակող տեքստերը պետք է հրապարակի «Սյունյաց երկիր» թերթում:

Անահիտ Թումանյան դատավորը, սակայն, չէր նշել, թե իրավական ինչ հիմքով է (գործող օրենսդրության որ դրույթի հիման վրա) «Սյունյաց երկիր» թերթը մատնացույց արվում, մանավանդ որ պատասխանող կողմը լրագրող (քաղաքացի) Սամվել Ալեքսանյանն էր եւ ոչ թե լրատվական միջոց կամ լրատվական գործունեություն իրականացնող «Սյունյաց երկիր» թերթը:

Դրանով, փաստորեն, դատավոր Անահիտ Թումանյանը գերազանցել է իր լիազորությունները, չարաշահել իր պաշտոնեական դիրքը եւ օրենքի հետ որեւէ աղերս չունեցող պահանջ ներկայացրել տողերիս հեղինակին:

Դատավարության ընթացքում այդ հարցը (եւ ոչ միայն այդ հարցը) քանիցս բարձրացվել է մեր կողմից, բայց դատավորն այդպես էլ չէր փորձել խորանալ մեր հայտարարությունների եւ միջնորդությունների մեջ:

Մենք նրա թույլ տված այդ ապօրինությունը հիմնավորելու համար հիշեցրել ենք գործող օրենսդրության առնվազն երկու դրույթ, ըստ որի՝ դատարանն այս դեպքում իրավունք չուներ «Սյունյաց երկիր» թերթի առնչությամբ Սամվել Ալեքսանյանին պահանջ ներկայացնել:

Ստորեւ ներկայացնում ենք օրենքի այդ դրույթները, որոնք դատավորը չի հասկացել կամ չի կամեցել հասկանալ ու իրագործել:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 1087.1, կետ 7, 2-րդ ենթակետ. «Եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը եւ ծավալը սահմանում է դատարանը»:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 1087.1, կետ 8, 1-ին ենթակետ. «Եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձեւը եւ պատասխանը հաստատում է դատարանը՝ ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով»:

Անահիտ Թումանյանը չի տարբերակել (եւ մինչեւ հիմա չի տարբերակում) լրագրող հասկացությունը եւ լրատվական գործունեություն իրականացնող հասկացությունը:

Մի խոսքով՝ պատասխանողը եղել է լրագրողը, իսկ ինքը ներկայացրել է պահանջ, որը բացառապես վերաբերում է լրատվական գործունեություն իրականացնողին:

Անահիտ Թումանյան դատավորն ակնհայտ ձեւով խախտել է նաեւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի 2-րդ ենթակետը. «Արգելվում է՝ որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ»:

Եվ գործող օրենսդրության հանդեպ նման կամայական, արհամարհական վերաբեմունքը տեղիք է տվել հարցի (այդ հարցն այսօր էլ առկա է)՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ո՞րն է գերակա՝ Անահիտ Թումանյանի կա՞մքը, թե՞ ՀՀ գործող օրենսդրությունը:

Եվ գիտե՞ք որն էր անհեթեթության գագաթնակետը. Անահիտ Թումանյանն այդ վճիռը կարդաց «Հանուն Հայաստանի Հանրապետության» սկզբնախոսքով:

Անահիտ Թումանյանը, մեր կողմից վիճարկվող պահանջը վճռի մեջ գրելով, խախտել է նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 132-ը: Ըստ այդ հոդվածի՝ վճռի մեջ վերոնշյալ պահանջները գրելիս նա պետք է վկայակոչեր նաեւ այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը կամ այլ իրավական ակտեր, որոնցով դատարանը ղեկավարվել է տվյալ վճիռը կայացնելիս: Մինչդեռ, նա որեւէ օրենք կամ իրավական ակտ չի վկայակոչել նման պահանջ ներկայացնելիս:

Մենք չկատարեցինք դատարանի վճռի այդ մասը՝ համարելով, որ այն ապօրինի պահանջ է:

Հարկադիր կատարողները գործը հասցրին ՀՀ քննչական կոմիտե՝ իբր դատական ակտը դիտավորյալ չի կատարվել: Բայց, ըստ հարկադիրների, դատական ակտը չի կատարել ոչ թե լրագրող Սամվել Ալեքսանյանը (այս դեպքում դրամական տուգանք է նախատեսվում), այլ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի ղեկավար Սամվել Ալեքսանյանը (այս դեպքում քրեական պատասխանատվություն է ենթադրվում): Մինչդեռ, ինչպես նշել ենք, պատասխանողը եղել է ոչ թե լրատվական գործունեություն իրականացնողը, այլ լրագրողը:

Փա՜ռք Աստծո, քննչական կոմիտեում գործ ունեցանք գրագետ, բանիմաց եւ բարոյական նկարագրով մարդկանց հետ, ովքեր հարկադիրի ակնհայտ խաղն անհեթեթ համարեցին եւ գործը վերադարձրին ԴԱՀԿ ծառայություն:

Ս.թ. հոկտեմբերի 26-ին ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունքի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Արմեն Զաքարյանը հարուցել է նոր կատարողական վարույթ…

Իհարկե, մենք կարող ենք կեղծված ու աղավաղված դատավարության հակաօրինական որոշումը վերստին չկատարել, ԴԱՀԿ գործողությունները բողոքարկել ՀՀ վարչական դատարանում: Բայց դրա իմաստը, կարծեք, չկա, որովհետեւ ամեն ինչ պետք է պտտվի նորից ու անվերջ եւ մեզանից ժամանակի վատնում պահանջի:

Ահա եւ ինչու կրկին (թերթի տպագիր օրինակում) հրապարակում ենք հռչականուն «Թշվառականը» հոդվածը, որի հերոսը, ըստ Անահիտ Թումանյանի, Գագիկ Ղահրամանյանն է: Հրապարակում ենք նաեւ հերքում ու ներողություն պարունակող տեքստերը:

Ի դեպ, մենք կրկին ու մեծագույն հաճույքով ստորագրում ենք «Թշվառականը» հոդվածի տակ, որը ոչ միայն լրագրողական հաջողված աշխատանք է: Այն արդեն իսկ մտել է Հայաստանի դատական տարեգրության մեջ, իսկ որոշ դեպքերում նախադեպ դարձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածին առնչվող գործերի քննարկման ընթացքում:

Իսկ Անահիտ Թումանյանին եւս մեկ անգամ հիշեցնում ենք՝ դատարանի կողմից ներկայացված այդ պահանջն օրենքով չնախատեսված միջամտություն է խոսքի ազատության իրավունքին: Ներողություն հայցող կամ հերքող տեքստի հրապարակելուն պարտավորեցնող դատական ակտի հրապարակումը լրատվական միջոցում (այս դեպքում) կախված է ԶԼՄ-ի կամքից: Հակառակ դեպքում, կրկնում ենք, դա ուղղակի միջամտություն է ԶԼՄ-ի իրավունքներին:

Մեծ իմաստով չարժեր նույնիսկ նման հիշեցում կատարել, քանի որ, դատելով սույն դատական գործի ընթացքից, Անահիտ Թումանյան դատավորի համար կարեւորն ու գերական Հայաստանի Հանրապետության օրենքները չեն, այլ կլանային շահերն ու անձնական խնդիրները:

Ասվածը հիմնավորելու համար եւս մեկ դրվագ՝ նույն դատական գործից:

Հայցվորը պատասխանող Սամվել Ալեքսանյանից պահանջել էր 3 մլն դրամի չափով փոխհատուցում:

Դատարանը, սակայն, որոշել էր պատասխանողից բռնագանձել 180 հազար դրամ:

Առաջին հայացքից թվում է, թե դատարանը բարի կամք է դրսեւորել եւ հասցված «վնասին» համաչափ նյութական պահանջ ներկայացրել: Մինչդեռ… Ամիսներ շարունակ տեւող դատական գործընթացում (մեր բազմաթիվ հիշեցումներից հետո անգամ) Անահիտ Թումանյանը չկամեցավ հայցվորի կողմից ապացույցներ պահանջել խիստ անհրաժեշտ երկու հարցի վերաբերյալ:

ա) Ապացույցներ բռնագանձում պահանջվող գումարի չափի եւ կառուցվածքի վերաբերյալ:

բ) Ապացույցներ ոչ նյութական պահանջի հետ մեկտեղ նյութական պահանջ ներկայացնելու հիմնավորվածության մասին (ինչո՞ւ չի կարելի բավարարվել ոչ նյութական պահանջով եւ պետք է նաեւ նյութական պահանջ. իմիջիայլոց, դա Սահմանադրական դատարանի կողմից կանոնակարգված դրույթ է):

Ընդ որում՝ այդ հարցերի հստակեցումը պետք է կատարվեր ոչ ուշ, քան նախնական դատաքննության ժամանակ (եթե, իհարկե, չէր հստակեցվել հայցադիմումի մեջ):

Հակառակ պարագայում պետք է միանշանակ մերժվեր նյութական (դրամական) պահանջը:

Պարզագույն այս կանոնակարգումները նույնպես անտեսեց Անահիտ Թումանյանը եւ հայցվորին նվիրեց 180 հազար դրամ:

Այն օրերին, երբ ԴԱՀԿ-ի հետ քննարկվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. ապրիլի 2-ի վճռի կատարման հարցը, մենք նույն դատարանից պահանջեցինք վճռի պարզաբանում: Սակայն վճռի պարզաբանման առաքելությունը դարձյալ վստահվեց Անահիտ Թումանյանին: Մենք ինքնաբացարկ հայտնեցինք դատավոր Անահիտ Թումանյանին՝ հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը, ըստ որի՝ մեզ մոտ կար ողջամիտ կասկած նրա անկողմնակալության մեջ, սակայն, դատավորը, կրկին օգտվելով իր պաշտոնեական դիրքից, մերժեց մեր միջնորդությունը: Մենք էլ գերադասեցինք հրաժարվել դատավճռի պարզաբանումից, որպեսզի գործ չունենանք այդ դատավորի հետ:

Մեկ ուրիշ գործի առիթով 2015թ. սեպտեմբերի 8-ին կրկին բացարկ հայտնեցինք Անահիտ Թումանյանին: Դրանից առաջ՝ նույն գործով գրված մեր պատասխանի մեջ, կոչ էինք արել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանին՝ Անահիտ Թումանյանին հնարավորինս զերծ պահել Կապանին առնչվող հայցադիմումները քննելուց, քանի որ ոչ բոլոր դեպքերում է կարողանում անձնական ու կլանային շահերը ստորադասել Հայաստանի Հանրապետության շահերին:

Այսօր էլ նման կոչով դիմում ենք դատարանի նախագահին:

Չէ՛, մի՛ կարծեք, որ դատավոր Անահիտ Թումանյանն ունի գիտելիքների սակավության խնդիր, որ նրա իմացության դաշտում երաշտ է:

Անահիտ Թումանյանի մոտ ակնհայտորեն բացակայում է անձնական մոտեցումները, նախապաշարումները եւ արդարադատության սկզբունքները միմյանց հետ չշփոթելու կամքը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33