«Սյունիքի պատմություն» գիրքը չի կարող բուհական դասընթաց համարվել

01.07.2013 00:01
2865

2001թ. «Հրազդան» հրատարակչությունը լույս ընծայեց Գրիգոր Գրիգորյանի եւ Սերգեյ Հախվերդյանի հեղինակած «Սյունիքի պատմություն» գիրքը: Հրատարակվեց ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի երաշխավորությամբ: Իսկ ՀՀ ԿԳ նախարարության կրթական բարեփոխումների կենտրոնը երաշխավորեց այդ գիրքն օգտագործել իբրեւ բուհական համառոտ դասընթաց:

2002թ. «Սյունյաց աշխարհ» թերթում ծավալվեց «Սյունիքի պատմություն» գրքի հանգամանալից քննարկում: Թերթի 2002թ. N21-ում (20 օգոստոսի), N22-ում (30 օգոստոսի) եւ N23-ում (10 սեպտեմբերի) հրապարակվեց Ռոբերտ Էջանանցու քննախոսությունը` «Նկատառումներ «Սյունիքի պատմություն» գրքի վերաբերյալ»: Նույն թերթի 2003թ. N7-ում (30 մարտի), N8-ում (11 ապրիլի), N9-ում (21 ապրիլի) տպագրվեց նշված հեղինակի նոր քննախոսությունը գրքի մասին. վերնագիրը` «Պրոֆեսորական էկլեկտիզմ»:

«Սյունյաց աշխարհի» 2003թ. ապրիլի 30-ի N10-ում տպագրվեց (պատասխան խոսքի իրավունքով) պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանի պատասխանը Ռոբերտ Էջանանցուն` «Անաղարտ պահպանենք Սյունիքի պատմությունը պատեհապաշտ քննադատներից» հոդվածը:

Այդ ժամանակ թերթի խմբագրությունը (խմբագիր` Ս.Ալեքսանյան) հանդես եկավ առաջարկությամբ` «Կողմերի ասելիքը համարում ենք սպառված» վերտառությամբ (30 ապրիլի 2003թ.): Առաջարկության մեջ նշված է` «Կարծում ենք խնդրո առարկան արծարծվել է բավականին ամբողջական` սպառելով կողմերի հիմնական ասելիքը»:

Խմբագրության առաջարկն այդ ժամանակ, կարծեք, ընդունեցին կողմերը, բայց… Տասը տարվա ընթացքում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն այդպես էլ չքննարկեց գրքի վերաբերյալ հնչած դիտողությունները, եւ գիրքը շարունակեց մնալ «բուհական համառոտ դասընթաց»: Նման առաքելություն այդ գրքին շնորհել էր ՀՀ ԿԳ նախարարության կրթական բարեփոխումների կենտրոնը, որը նույնպես տասը տարի շարունակ անտեսեց հնչած դիտողությունները: Հիմա նորից պատմության մի խումբ ուսուցիչներ եւ դասախոսները հարց են բարձրացրել` չթույլատրել (գոնե ուշացումով) բազմաթիվ գիտական սխալներով ու աղավաղումներով գրքի գործածումն իբրեւ բուհական ձեռնարկ: «Սյունյաց երկիրը» կփորձի օգտակար լինել բանավեճի կողմերին` հրատարակելով նոր քննախոսություններ` վաղուց խմբագրություն ներկայացված։

Առաջինը տպագրում ենք Ռոբերտ Էջանանցու «Թուղթ առ Արամ Քալանթարյան» հոդվածը:

1. Թուղթ առ Արամ Քալանթարյան

2003թ. ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն
Կարդացի Քո հմ. 2470-59 գրությունը, որը որպես իմ մի հրապարակմանը վերաբերող խնդրի թյուրըմբռնում ու երկչոտ կոծկում, ուղարկել ես ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարին:
Ցավալի է, որ այն բավականին անլուրջ է եւ գրագիտությամբ չի փայլում: Քո կոչումներին ու պաշտոնին ոչ հարիր, գիտակցաբար շրջանցել ես հետաքրքրություն ներկայացնող իմ խնդրանքը ԳԱԱ նախագահին. այն է` քննություն նշանակել պատմական գիտությունների դոկտոր Գրիգորյանի (այսուհետ` պգդԳ) եւ նրա գավառական գործակցի ցածրորակ գրքի, նրանց լրագրային-դիլետանտական հակադարձումների վրա:

Հասկանալի է Քո պահվածքը. երեւակայական բարիկադի մի կողմում երկարամյա գործընկերներդ են, մյուսում` գյուղական ուսուցիչը: Եվ, գիտականության հերն անիծելով, սեւին սպիտակ ես ասել: Չեմ կասկածում, որ, եթե տնօրենիդ հաճելի լինի, ուզածդ գրչակին Հերոդոտոս կամ Խորենացի կհռչակես:

Ակնբախ է, որ ուշադիր չես կարդացել խնդրո առարկա գիրքը եւ իմ հոդվածաշարը: Ոչ այլ ոք, այլ Դու պետք է կռահեիր, որ իմ գրածը սոսկ գրախոսություն չէ եւ ոչ էլ` բանավիճային ակնարկ: Քննախոսություն եմ գրել, տրակտատ, եւ թերթն էլ համահունչ խորագիր է դրել: Գրախոսությունն ու քննախոսությունը տարբերելու համար պետք չէ պգդ լինել: Մեր ժամանակներում գրախոսություն կոչվածը մեծամասամբ պատվերների շրջանակում է: Ինձ ոչ ոք չէր պատվիրել: Գրել եմ` հատկապես գիտնականի Քո տեսակի համար, որ վասն պատմագրության վարկի փառավորվես, հաճույք զգաս քննարկման առիթի համար եւ զորանաս` Քո գիտական տանը առկա գորշության դեմ պայքարելիս:

Չեմ կարող հուսալ գիտնականի Քո խղճին: Իմ դիտարկումներին ոչ մի հակափաստարկ չես բերում, հերքումների փորձ չես անում եւ անհիմն գնահատումներ ես հրամցնում ակադեմիկոսին, խաբում նրան:

Քո համբավի գիտնականն այլ դիրքորորշում չպետք է ունենա, քան իմ եռագրությանն ուշիմ հետաքրքրությամբ հետեւելը: Դա Քեզ պետք է, եւ միայն այդպիսի բաներն են Քեզ պետք: Գրաքննադատությունը պետք է կարեւորի Քո՛ դիրքի գիտնականը եւ օվսաննա երգի գրաքննադատի առջեւ: Գիտության Բանն անձանց մեջ չէ, այլ` գիտության նյութի: Մինչեւ ե՞րբ պետք է Տիրոջը 30 արծաթով մատնողներ լինեն:

Առանց էությունն ըմբռնելու, իմ աշխատանքն «անպատշաճ» ես համարել, խրատատուի դեր ստանձնել: Մեկն էլ լինի` Քեզ խրատի: Ուշքի եկ ու տես այդ տխրահռչակ գրքի շարադրանքի հակասականությունները, հակագիտական մտքերը, թուրքամետ հավակնությունները, անհեթեթ քարտեզն ու լուսանկարները, զավեշտական մեկնաբանությունները: Եթե դժվար է, այդ ամենին զորավիգ են իմ երեք հրապարակումները եւ անտիպ 2-ը, որոնք պիտի հայցես ինձնից:

Ի՞նչ եք երկուսով կպել ուշադրություն շեղող մանրուքներից` վրիպակ, հա՛ վրիպակ: Իսկ ի՞նչ ասել է վրիպակ: Տառասխա՞լ: Ո՞վ է տեսել` գրքում 100-ից ավելի վրիպակ: Բայց խոսքը ոչ թե վրիպակի, այլ` գիտական շառլատանության մասին է:

Կուրորեն հետեւելով պգդԳ-ի սխալ դիրքորոշմանը, իմ մատնանշած թերությունները մի կողմ ես դրել ու հենվել անձնական փոխհարաբերությունների վրա: Կարծես, հեռվանց, մի երեւակայական թշնամի է խածում Քեզ: Դա այդպես չէ: ՊգդԳ-ն իմ գրածը թյուրիմացաբար հարձակում է կարծել եւ, իր տարիքին համեմատ, հուզական վիճակի մեջ ընկել, շրջանցել իմ զարգացումներն ու մի լավ փնովել: Մարդ է, կարելի էր սպասել: Մոռանալով, որ վրիպակ հայտնագործողի հետ է կռվում, մեջբերումներ է դրել Սաղմոսից, Եղիշեից, անդրօվկիանոսյան հայագետից: Դա դոնքիշոտյան եղանակ է:

Տպավորություն ստեղծելով, թե, իբր, վրիպակների համար են իրեն քննադատում, անցել է գռեհկախոսությանը եւ ինչեր ասես, որ չի գրել Էջանանցու հասցեին: Մի՞թե դրանից պատմագիտությունը շահում է: Եվ քաջություն չի ցուցաբերել` անդրադառնալու իմ առաջնահերթ փաստարկներին: Կպել է երկրորդականներին եւ ցավալիորեն, Քո աչքի առաջ, ընկել նոր անհեթեթությունների մեջ: Նրա լրագրային հոդվածների արտառոց սխալներն ուշիմ դպրոցականներն էլ կարող են հայտնաբերել: Ի դեպ, վերջերս մարզային թերթում մի հոդված է տպագրվել Հայր Ստեփանոսի վերաբերյալ, որում թեական մտքերի եւ անգիտությունների պակաս չի զգացվում:

Ըստ Քո գրության, ինստիտուտիդ տնօրինությունը Էջանանցու նյութերին ծանոթանալուց հետո է ըմբռնել «Սյունիքի պատմություն» գրքի արժեքը:

Փիե՜…

Բայց չէ՞ որ գրքի վրա ինստիտուտի գրիֆն է եւ հավաստված է, որ ստորագրվում է գիտխորհրդի որոշմամբ: Այդ ի՞նչ գիտխորհուրդ է, որ ուսանողներին սխալների ու անհեթեթությունների արտառոց շտեմարան է մատուցել:

Տեսնում եմ. գիտական միջավայրը Քո ինստիտուտում այլակերպման դրոշմ է առել: Չես համարում, որ գիտության վարկի համար վեճից ավելի լավը սխալների վերհանումն է: Ուրախություն պետք է պատճառի, երբ մատնանշում են սխալները, որովհետեւ առաջընթացի գաղտնիքը դրանում է: Ի՞նչ կարիք կա` ետնախորքում անձնականը տեսնել: Ա՛յ, Քեզ թվում է, թե պգդԳ-ին նսեմացնելու, նրա անձն ու գործունեությունը պախարակելու մտայնություն ունեմ: Սթափ եղիր, դա այդպես չէ: Դրան գնացել ես` առանց ինձ հետ զրուցելու, ապակողմնորոշվելով թերթի «փոխադարձ վիրավորանքներ» խոսքից:

Իրականում, երբ գրում էի 1-3-րդ հոդվածները, համոզված էի գրքի հեղինակների լուրջ հակադարձման մեջ. սիրով կընդունեն, շնորհակալ կլինեն իմ համագործակցությունից: Հետազոտողն ի բնե այդպիսին պետք է լինի:

Երկրորդ հեղինակը, որի անմտությունների պատճառով առաջինը ցեխի մեջ է ընկել, թերթում հանդես եկավ իշարածին սազող պատասխանով: Կարդացեք պրոֆեսորներով եւ հետեւություն արեք, թե ինչ պատրաստվածության տեր գորշությունն է ձեռք զարկում պատմագրությանը: Հեղինակը, որը, զորօրինակ, չգիտի, որ գրերի գյուտից առաջ թարգմանիչներ են եղել, խեղկատա՞կ չէ:

Երբ ասում եմ` այսինչ բանը սխալ է, դա չի նշանակում, թե վիրավորում եմ անձը կամ փնովում գործունեությունը: Գիտնականը սխալ էլ կանի, սխալն էլ կուղղի: Նա գյուտի համար մերկ պիտի վազի Սիրակուզայի փողոցով, այրվի ինկվիզիցիայի խարույկի վրա, Սբ Մեսրոպի պես իր անձը մոռացած` ճգնի եւ գիտության բանը համբերության նյութ դարձնի…

Բայց պգդԳ-ն հակոտնյա է այդ արժեքներին: Նա իսկույնեւեթ անցավ անձնապաշտպանության դիրքերը, սկսեց հոխորտալ, դատարանով սպառնալ ու տուրք տալ զազրախոսությանը: Տառապում է այն մտայնությամբ, թե այսօր գիտության մեջ ամեն ինչ բարձիթողի վիճակում է, խոտանարարի ձեռքը չեն բռնում, եւ ուզածդ խզբզանքը կարելի է մատուցել որպես տրակտատ:

Ցայժմ էլ չի հասկանում, որ դասախոս կոչվածը գյուղական դպրոցի տնօրենի համեմատ` գիտամշակութային նորօրյա ընկալումների մեջ, այնքան էլ երեւելի հեղինակություն չէ:
Քննախոսության մեջ, որպես տարիքով կրտսեր, պահպանել եմ բարեկրթության չափանիշները, անգամ` նրան դրել մեծերի պատվանդանին: Եւ զարմանալին այն է, որ մինչեւ հիմա նրան այդ բարձունքից չեմ իջեցրել: Բանն այն է, որ նա իմ առաջնահերթ հարցադրումներին տակավին չի պատասխանել եւ խուսանավում է:

Եթե փորձել է քննարկում անել, ապա միայն կմկմացել է եւ, շեղվելով բուն նյութից, արտակառուցվածքային-ամբիցիոզ «գոհարներ» շարել` թվարկել է իր կոչումներն ու աշխատությունները, անգամ` մաթեմատիկայի դասավանդման վերաբերյալ անհամություններ դուրս տվել:

Միայն այն փաստը, որ նա հրապարակավ կեղծել է Չամչյանի եզրահանգումները, եւ այն իրողությունը, որ գրաբար բնագրերը անգրագետ է թարգմանել, բավական են, որ նա ընդունի իր պարպվածությունը:

Սխալներն ընդունելը դառնագին է:

Մոտ անցյալի մեր մեծերը շատ են վիճել, բայց երբեք չեն գռեհկաբանել, եւ շատ դեպքեր են հայտնի, երբ սուր բանավեճ ունեցողները անհիշաչար նստել են թեյի սեղանի շուրջը:
Մեծաց վարքն առաջին հերթին դաս եւ պատգամ պետք է լինի պգդԳ-ի համար, որովհետեւ մեծ-ի հորջորջմանն ինքն է հավակնում:

Առաջացող տարիքում, պարզ է, զգացմունքային մարդուն չեն ասում, թե աչքիդ վրա ունք կա: Բայց դա, կարծում եմ, մեր գյուղում է հարմար եւ ոչ ` գիտության այրերի միջավայրում: Ի՞նչ է, մի քանի վրիպակ է թույլ տվե՞լ, որ ականջին շշնջայի: Արդ, թող ինքն ու իշարածը ամոթով մնան: Պատմագրության հարգին դա պատշաճ է:

Տնաքանդություն է, երբ գիտնականն առաջնորդվում է անձ-անձնականով: Ծիծաղ հարուցող բաներ ունի: Օրինակ, պատմագիտական- գրաքննադատական բնույթի հոդված է ձեռնարկում` իր տիտղոսների մեջ ամրակայելով, որ ինքը Կապանի պատվավոր քաղաքացի է: Իսկ ու՞ր մնացին, ասենք, այսինչ կուսակցության հարելը, այնինչ ղեկավարին շողոմելը կամ թե արհմիության անդամ լինելը:

Ո՞վ կպնդի, թե «Սյունիքի պատմության ուսումնասիրման գործում մեծ վաստակ ունեցող մասնագետ, պգդ, պրոֆեսոր, տասնյակ տարիների դասախոս»-ը սխալների ընդունակ չէ: Սխալական են ամենքը: Եւ պետք է ազնիվ ու վեհանձն լինի` ընդունելու դրանք: Մի՞թե ենթադրում ես, որ նրա աշխատությունները փայլում են գիտականությամբ: Այս հարցադրումը Քեզ չպետք է հանգիստ տա: Առանց նրա անձն ու գործունեությունը վիրավորելու, առաջիկայում, երբ ժամանակ գտնեմ, կառանձնացնեմ այն ամեն ոչ գիտականը, որ նա ունի թերթերում թվարկած իր աշխատություններում եւ մամուլի հրապարակումներում: Եւ Ինքդ պետք է ինձ կողմնորոշես, թե ում ներկայացնեմ:

Ինչու՞ ես խորշում «Ռ. Գրիգորյանի ծայրահեղ հետեւողականություն»-ից եւ այն համարում անհասկանալի (գրում ես` անհասկականլի): Իմացած լինես, որ դա մանկավարժի հոգեւոր բարեմասնություն է, մասնագիտության պարտադիր տարր: Եթե Ինքդ ծայրահեղ հետեւողական չես, ապա դա աղետ է Քո պաշտոնի համար:

Ծայրահեղ հետեւողական եմ, որ քննարկումների ու կոլոքվիումների շրջանակ բացվի, որ իմ երկրամասի պատմությունը դիլետանտները չգրեն, որ գիտության իշխանավորը ճանաչի խոտանարարին ու նրա վրա մատ թափ տա:

Ու նաեւ. Քեզ դուր չի գալիս, որ նամակներ եմ գրել:

Միամիտ մարդ, նամակը գիտնականի ու գիտության կերակուրն է ու ցանկալի ատրիբուտը: Գոնե մի մոռացիր, որ Խորենացու երկի հիմքում շատ նամակներ կան: Դու եւ բոլոր գիտունները պետք է խրախուսեն նամակը, միշտ նամակի սպասեն: Հետո ի՞նչ, որ այն կարող է այս մեկի պես դույզն-ինչ դառնավուն լինել:

Գրությանդ վերջին պարբերությունը հույժ բնորոշ է Քո մտածումին:

Քննարկվող խնդրի վերաբերմամբ ինչպե՞ս կարելի է բավարարվել մարզային թերթի «ցայսօր եղած հրապարակումներով»: Եւ դա, որպես ձանձրույթի հավաստում եւ որպես պրոֆեսորական եզրահանգում, ներկայացնում ես ԳԱԱ փոխնախագահին:

Մարզային թերթը գիտական հաստատություն չէ, առավել եւս` վերադաս չէ Քո ղեկավարած ինստիտուտի համար: Նա հրապարակումներն ընդհատել է իմ դժկամ համաձայնությամբ, որովհետեւ պգդԳ-ն բացահայտել էր իր անպարկեշտ վարքը, որը ծանոթ չէր սյունեցի ընթերցողին: Անշուշտ, հնարավոր չէ, որ «տասնյակ տարիների դասախոսի» նման հավակնոտ ինքնաբացահայտումը միայն Էջանանցու առիթով լինի:

Ընթերցողը գիտի, թե ինչու է պգդԳ-ն Էջանանցուն «դատարկաբան, անգրագետ» անվանել: Դա նրա գոթական դիմակն է, որով երբեւէ նեմեցները վախեցնում էին հակառակորդին: Արդ, մարդը տառապում է սադիզմով, եւ նրան պետք է օգնության ձեռք մեկնել: Որպես ամփոփում, ունեմ եւս մի քանի առաջարկություններ.

1. «Սյունիքի պատմություն» գիրքը մերժել որպես գիտական աշխատություն, ուսանողության համար համարել ոչ հանձնարարելի:

2. Էջանանցուն հրավիրել գիտխորհուրդ եւ ունկնդրել նրա դասախոսությունը պգդԳ-ի եւ նրա գործակից ծայրագավառցու հրապարակումների գիտականության վերաբերյալ:

3. Հարցը լայն պլանով քննարկել գիտական ամսագրերից մեկում` սկսելով Էջանանցու հիմնարար հոդվածով:

4. Ա.Ք.-ի` ակադեմիկոս-քարտուղարին ուղարկած մակերեսային եզրահանգումը փոխարինել ճշմարիտ զեկուցագրով (նախագիծն ինձնից` ֆաքսով):

5. Անմակարդակ գիրք հրատարակելու, քննադատությունից ֆիասկոյի մեջ ընկնելու եւ պրոֆեսորին ոչ վայել նոր սխալներ թույլ տալու համար կարգի հրավիրել ինստիտուտի աշխատակցին:

6. Որպես բարեփոխումների չափորոշիչ, ինստիտուտում կարեւորել գրաքննադատությունը, հրաժարվել «արժեզրկող, նսեմացնող» «թշնամիներ» փնտրելու փոքրոգությունից ու մտայնությունից:

Մեր երանելի վարդապետներից մեկն այսպիսի խոսք ունի. «Դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժում»:

… Երբեք մի մոռացիր, որ պրոֆեսորն ու գյուղական ուսուցիչը նույն ազգի զավակներն են, ու երկուսից էլ պետք է սպասել անկեղծ սիրահարվածություն ու ակնածանք հայրենական գիտության հանդեպ:

25 հոկտեմբերի 2003թ.
ՌՆԾԳ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19