Սյունիքի տարածաշրջանում Հայաստան-Իրան ուղղակի ճանապարհային կապին մի քանի վտանգ է սպառնում. Վարդան Ոսկանյան

13.02.2021 21:00
2457

168.am-ի զրուցակիցն է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

– Պարոն Ոսկանյան, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման կոնտեքստում Ադրբեջանին պետք է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, որը նա ստանում է եռակողմ հայտարարության արդյունքում, իսկ Հայաստանին՝ ելքեր դեպի Ռուսաստան և Իրան: Ռուսական և աբխազական կողմերը մամուլում սկսել են քննարկել Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը: Ընդհանրապես Հայաստանի համար նպաստավոր ի՞նչ ուղիներ կարող են քննարկվել Իրանի և Ռուսաստանի հետ կապ ստանալու համատեքստում, որոնք ընդունելի են նաև Իրանի համար:

– Կարծում եմ, որ Հայաստանի համար առնվազն, որպես առաջնահերթություն, Իրանի հետ կապի կոնտեքստում պետք է սահմանվի Սյունիքի մարզը, այսինքն՝ որևէ պարագայում չպետք է Սյունիքի մարզով Իրանի հետ ուղղակի հաղորդակցությունը կտրենք որևէ այլ պայմանավորվածությունների հետևանքով: Դա մեզ համար ունի ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային նշանակություն, ուստի Հայաստան-Իրան Սյունիքի մարզի միջոցով հաղորդակցությանը պետք է դիտարկել ուղղակի զուգահեռ ճանապարհներ, ոչ թե այլընտրանքներ:

Այդպիսի երկաթուղային ճանապարհ կարող է լինել, բնականաբար, Նախիջևանով, և, դատելով իրանական կողմի հայտարարություններից՝ իրանցիները կարծես թե կողմ են: Խոսքն իրանական Ջուլֆա-նախիջևանյան Ջուլֆա-Երասխ-Երևան երկաթուղագծի մասին է:

Ինչ վերաբերում է որևէ միջանցքի, ապա նրանք դեմ են միջանցքի ստեղծմանը, խոսքը վերաբերում է Նախիջևանը մնացյալ Ադրբեջանին կապող հաղորդակցությանը, որը, ենթադրվում է՝ լինելու է փաստացի միջանցք: Իրանցիները հստակ հայտարարում են, որ դեմ են որևէ միջանցքի, որը կանցնի Իրանի սահմանի երկայնքով՝ Հայաստանի տարածքով, բայց կողմ են հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, և այդ համատեքստում Իրանի համար հատկապես հետաքրքրություն է ներկայացնում երկաթուղու նախիջևանյան հատվածը, ինչը Իրանին հնարավորություն կտա Հայաստանի վրայով ելք ապահովել դեպի սևծովյան նավահանգիստներ:

Ռուսական կողմը խիստ շահագրգիռ է և որոշակի ջանքեր է գործադրում, որպեսզի բացվի Աբխազական երկաթուղու հատվածը, որն ունի երկու միտում:

Առաջինը՝ բնականաբար, Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության հաստատումն է, որը, ըստ էության, գրեթե կզրոյացնի Ադրբեջանի ճանապարհով Հայաստանի կապը Ռուսաստանի հետ ապահովելուն միտված ադրբեջանական ջանքերը:

Ադրբեջանը կցանկանար, որպեսզի այդ ճանապարհը գործեր, և նա վերահսկողություն ունենար դրա նկատմամբ, իսկ եթե Աբխազական երկաթուղին սկսի գործել, ապա ադրբեջանական հատվածը թե ավելի երկար է՝ տնտեսական իմաստով այն ձեռնտու չէ համեմատության մեջ, և նաև անվտանգային առումով, բնականաբար, մեզ համար շատ ավելի նպաստավոր է, եթե մեր կապն ապահովվի ոչ թե Ադրբեջանի միջոցով, այլ Վրաստանի և Աբխազիայի միջոցով:

Երկրորդ ուղղվածությունը՝ սա գալիս է շարունակելու և ապահովելու Իրանի հետ կապը, այսինքն՝ այդ միջոցով իրանցիները ելք կստանան Ջուլֆա, Նախիջևան, Երևան, Թբիլիսի, Աբխազիա, Ռուսաստան և փաստացիորեն կապահովվի Իրանի կապը Ռուսաստան և Իրանի ճանապարհով՝ նաև դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ, այսինքն՝ երկաթուղային հաղորդակցության այն ճանապարհահատվածը, որի գործարկման հարցում շատ շահագրգիռ է Ադրբեջանը, և որը ենթադրում է, որ ՌԴ-Իրան կապը պետք է ապահովվի հենց Ադրբեջանի տարածքով, նույնպես զգալիորեն կկորցնի իր արդիականությունը՝ հաշվի առնելով նաև մեկ այլ կարևոր հանգամանք՝ եթե աբխազական երկաթուղին և նախիջևանյան հատվածը բացվի, այստեղ մենք տեխնիկական խնդիրներ չունենք, այսինքն՝ ըստ էության երկաթուղին անգործության է մատնված ոչ թե տեխնիկական պատճառներից, այլ աշխարհաքաղաքական խնդիրներից ելնելով:

Մինչդեռ Ադրբեջանն Իրանին կապող երկաթուղու Ռաշտ-Աստարա հատվածը դեռևս կառուցված չէ, այսինքն՝ այդ հատվածում երկաթուղի չկա, դա պետք է նոր կառուցվի: Ուստի աբխազական երկաթուղու բացումը Հայաստանի համար չափազանց կարևոր է, և կարծում եմ, որ մենք պետք է այդ ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատանք տանենք, որովհետև դա ըստ էության թույլ կտա բարելավելու աշխարհաքաղաքական այն պայմանները, որոնցում մենք հայտնվել ենք այս տարածաշրջանում վերջին փոփոխություններից հետո:

– Վրաստանը, ըստ Ձեզ, պատրա՞ստ է շրջանցել իր համար անհաղթահարելի համարվող քաղաքական խնդիրները Ռուսաստանի հետ՝ հանուն Հայաստանի շահի, սա շատ լուրջ հարց է Վրաստանի համար:

– Այո, Վրաստանի համար խնդրահարույց է Աբխազական երկաթուղու վերաշահագործումը, բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք: Տեսեք, Վրաստանն այս ապաշրջափակման ամբողջ ծրագրի շրջանակներում, ըստ էության, կարող է կորցնել իր տարանցիկ դերակատարությունը, որն այժմ ունի: Կարծում եմ, վրացական կողմն էլ պետք է մտածի ելքեր՝ իր դիրքերն ամրապնդելու համար, և սա կարող է լինել այդ ելքերից մեկը:

– Ենթադրվում է, որ Վրաստանը կտուժի Նախիջևանի միջանցքի ձևավորումից հետո, երբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին այլևս գրավիչ չի լինի Թուրքիայի և Ադրբեջանի համար, ու շրջանառությունն էապես կնվազի: Սակայն վրացական քաղաքագիտական շրջանակները պնդում են, որ Բաքու-Թբիլիսի-Կարսը շատ փոքր ծավալներով է աշխատում Վրաստանի շրջանառության համեմատությամբ, և այդ կորուստը քաղաքական խնդիրների վրա աչք փակելու համար բավարար չէ:

– Բնականաբար, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ավելի շատ քաղաքական պրոյեկտ է, քան տնտեսական: Բացի այդ, կարծում եմ, Վրաստանում, համենայն դեպս՝ իշխանական վերնախավում, կա շերտ, որը, մեղմ ասած, խանդավառ չէ ադրբեջանական բավական զգալի ներկայությունից այս երկրում: Իսկ նման Հյուսիս-Հարավ առանցքի ձևավորումը Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղիներով՝ Վրաստանի համար կարող է ստեղծել նույնպես ավելի բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններ՝ ազատվելու համար գոնե որոշակի հատվածում թուրք-ադրբեջանական ազդեցությունից:

– Քաղաքական մակարդակում ինչպե՞ս պետք է աշխատել Վրաստանի հետ Աբխազական երկաթուղու հարցում համաձայնություն ստանալու նպատակով:

– Պետք է ինտենսիվ աշխատել: Դրանք պետք է լինեն թե երկկողմ ձևաչափով, թե նաև ներգրավելով այլ խաղացողների: Այստեղ չափազանց կարևոր կարող է լինել նաև ԱՄՆ դիրքորոշումը, և Հայաստանը զուգահեռաբար պետք է աշխատի ԱՄՆ-ի և, բնականաբար, մեր դաշնակից ՌԴ-ի հետ՝ ստեղծելով հետաքրքիր ձևաչափ, որտեղ, անշուշտ, կարող են լինել շահերի բախումներ, բայց կարող են լինել նաև շահերի հատման կետեր, և այդ հատման կետերն ապահովելուն միտված պետք է լինի մեր գործողությունների ողջ տիրույթը:

Պետք է գոնե օգտագործել առկա հնարավորությունները, որոնք կարող են բարելավել մեր աշխարհաքաղաքական վիճակը այս տարածաշրջանում և թույլ տալ Հայաստանին հանդես գալ, որոշակի դեպքերում, կոշտ դիրքորոշումներով՝ նույն այդ թուրանական միջանցքի համատեքստում:

– Իրանի դիրքորոշումը տարածաշրջանային ապաշրջափակման պրոյեկտներում հաշվի առնվո՞ւմ է: Տպավորություն է, որ չնայած Իրանի վերջին շրջանի ակտիվությանը, հարցերը լուծվում են և քննարկվում են պրոյեկտներ՝ Իրանի շահերը շրջանցելով:

– Իրանցիներն անում են իրենցից կախված գրեթե ամեն ինչ, որպեսզի ապահովեն իրանական ներկայությունը Հարավային Կովկասում ընթացող զարգացումներում: Անշուշտ, գործողությունները կարելի է գնահատել մի փոքր ուշացած և դանդաղկոտ, բայց համենայն դեպս, հաշվի առնելով Իրանի տարածաշրջանային խնդիրների բազմաթիվ լինելը, իրանական ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ զգալիորեն աճել է, և այս տարածաշրջանը ստացել է ավելի առաջնային կարգավիճակ իրանական շահերի տեսանկյունից:

Մյուս կողմից ուշագրավ է, որ իրանցիները բավականին ինտենսիվ աշխատում են ռուսական կողմի հետ, և ռուս-իրանական գործակցության համատեքստում, կարծում եմ, Հայաստանը ևս կարող է անելիքներ ունենալ՝ ինչ-որ առումով դառնալով հարթակ՝ մեղմելու համար այն բոլոր հնարավոր ոչ համընկնումները, այսպես ասեմ, որոնք, հնարավոր է՝ լինեն ռուս-իրանական հարաբերություններում: Այսինքն՝ ըստ էության մենք կարող ենք դառնալ հարթակ ռուս-իրանական հարաբերությունների համատեքստում:

– Նշում եք, որ Իրանը դեմ է միջանցքին, ի՞նչ լծակներ ունի ազդելու այդ քննարկումների վրա, դրանք ըստ էության տեղի են ունենում, արդեն ամեն բան որոշված է կարծես:

– Չգիտեմ, թե որքանով Իրանի դիքրորոշումը հաշվի կառնվի, բայց իրանցիները հստակորեն արձանագրել են ՀՀ տարածքային ամբողջականության խնդիրը՝ որպես իրենց շահերի տեսանկյունից կարմիր գիծ: Այսինքն՝ բավական հստակ և խիստ բնորոշում է տրվել: Ցանկացած միջանցքի գոյություն խաթարում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կամ գոնե սպառնալիք է ստեղծում դրա համար: Հետևաբար, կարծում եմ, այս հարցում իրանական դիրքորոշումները հնարավորին կոշտ են լինելու: Որքանով դրանք կազդեն ընդհանուր գործընթացի վրա, դժվար է կանխատեսել, բայց ամեն դեպքում պետք է ի նկատի ունենալ, որ հաղորդակցության ուղիների բացմանն իրանցիները դեմ չեն, այսինքն՝ եթե Նախիջևան-Ադրբեջան կապն ապահովվի Հայաստանի վրայով ոչ միջանցքային կարգավիճակով, ապա իրանցիները դրան դեմ չեն լինի՝ չնայած դա խաթարում է Իրանի շահերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանցիները կորցնում են կարևոր լծակ՝ Նախիջևանի և Ադրբեջանի այն ցամաքային ճանապարհը, որով հենց հիմա էլ Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, և որն անցնում է Իրանով: Բայց գոնե հայտարարությունների մակարդակով իրանցիները պնդում են, որ դեմ չեն ապաշրջափակմանը:

– Ձեր խոսքի սկզբում ասացիք, որ Սյունիքով Հայաստան-Իրան հաղորդակցությունը պետք է անպայմանորեն պահպանվի: Ի՞նչ վտանգներ կան այդ հաղորդակցության համար:

– Ընդհանրապես Սյունիքի տարածաշրջանում Հայաստան-Իրան ուղղակի ճանապարհային կապին մի քանի վտանգ է սպառնում որոշ հատվածներում: Խոսքը վերաբերում է Գորիսից Կապան ընկած հատվածին հատկապես, որտեղ, ըստ էության, բանավոր կամ, հիմա էլ կասկածում են, գրավոր ըմբռնում կա Բաքվի բռնապետի հետ, ինչի հետևանքով վտանգվում է Հայաստան-Իրան ուղղակի և անմիջական կապը Սյունիքի տարածաշրջանով՝ հատկապես Որոտանի, Շուռնուխի և Կապանի հատվածներում: Ուստի այս իմաստով պետք է հստակ արձանագրենք և հստակ հայտարարենք, որ ՀՀ-ի համար կան կարմիր գծեր, և դրանցից մեկը Հայաստան-Իրան ուղղակի հաղորդակցության ապահովումն է, անվտանգ հաղորդակցության ապահովումը: Այդ հաղորդակցության վրա որևէ վերահսկողություն սահմանելու որևէ գործողություն կամ որևէ հռետորաբանության մակարդակում արտահայտություն, քարոզչական մակարդակում գործողություն պետք է ստանա հնարավորինս կոշտ արձագանք, և պետք է բացառվի նման գործողությունների հնարավորության ռիսկը մեզ համար կենսական նշանակություն ունեցող այս հատվածներում:

– Ուշագրավ էր, որ փետրվարի սկզբին Ավինյանը Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ քննարկել է «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որից Դուք խոսեցիք: Այսինքն՝ հնարավոր է՝ այս ծրագիրը ևս քննարկվի ապաշրջափակման համատեքստում:

– Իրանցիները չափազանց շահագրգիռ են այս ծրագրի իրականացմամբ, բայց կրկնեմ, որ դա պետք է իր մեջ ներառի Սյունիքի մարզով ավտոճանապարհը, և դա պետք է լինի որակյալ, և որևէ կերպ չպետք է մոռացության և անուշադրության մատնել:

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29