Սյունիքում ձմեռային զորակոչը կազմակերպվել է պատշաճ մակարդակով

09.02.2022 16:13
7341

Սյունիքի մարզում միշտ էլ ուշադրությամբ են հետևել բանակաշինությանը, մասնավորապես՝ հերթական զորակոչերին, զորահավաքներին...

Արցախյան երրորդ պատերազմից հետո հայոց ազգային բանակի հետ կապված ամեն մի հարց ավելի սրտամոտ է դարձել յուրաքանչյուր սյունեցու համար: Եվ դա բնական է...

Ձմեռային զորակոչի արդյունքներին, սպասվող զորահավաքի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար փետրվարի 7-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այցելեց ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանում:

Այն գլխավորում է գնդապետ Վահե Աղալարյանը, ով այդ պաշտոնը ստանձնել է դեռևս Արցախյան երրորդ պատերազմի օրերին և հնարավոր ամեն ինչ արել ու անում է՝ ստորաբաժանման արդյունավետ գործունեությունն ապահովելու, առաջադրված խնդիրներն ըստ պատշաճի կատարելու համար:

Գնդապետ Վահե Աղալարյանից էլ փորձեցինք ստանալ ներկայումս մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը:

***

-Պարոն Աղալարյան, նախ՝ ի՞նչ արդյունքներ գրանցեցիք ձմեռային զորակոչի ավարտին:

Մինչ այդ, սակայն, ուզում ենք Ձեզ շնորհավորել՝ գնդապետի զինվորական կոչմանն արժանանալու պատեհ առիթով: Նաև մեր շնորհավորանքն ենք փոխանցում այն կապակցությամբ, որ Ձեր ղեկավարած ստորաբաժանումը 2021 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմամբ արժանացել է ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվորական կոմիսարիատ» կոչմանը և ստացել փոխանցիկ դրոշ:

-Շնորհակալ եմ շնորհավորանքների համար:

Հիմա՝ զորակոչի մասին...

Զորակոչը հունվարի 31-ի դրությամբ ավարտվել է: Կարևոր մի փաստ եմ ուզում արձանագրել. մեր մարզում զորակոչից խուսափողների թիվը նվազել է, ինչն ուրախացնող է: Այս զորակոչից ունենք չորս խուսափող, ովքեր հանրապետությունից դուրս են գտնվում: Ինչպես 44-օրյա պատերազմից հետո կատարված երկու զորակոչին, այս անգամ ևս սյունեցու ոգին բարձր է, և պարտքի գիտակցումով են տղաները մեկնում բանակ, ինչը մեզ համար չի կարող ոգևորիչ հանգամանք չլինել: Իհարկե, թվեր չեմ հրապարակի, միայն կնշեմ, որ Սյունիքի ստորաբաժանման առջև դրված առաջադրանքը կատարվել է: Որևէ խնդիր չենք ունեցել՝ անգամ մարզի հեռավորությունը մայրաքաղաքից և ընդհանրապես համայնքների՝ կենտրոնից կտրվածությունը, ձմռան եղանակային պայմանները խոչընդոտ չեն եղել: Մի խոսքով՝ ձմեռային զորակոչը կազմակերպվել է բարձր մակարդակով:

-Երբ մտանք ստորաբաժանման շենք, անմիջապես աչքի զարնեց այն, որ տարածքային բաժանմունքների պետերը նույնպես այստեղ են, ինչո՞վ է պայմանավորված:

-Ամփոփում էինք 2021 թվականի ուսումնական տարվա արդյունքները, որին հրավիրվել են տարածքային բաժանմունքների պետերը: Նաև տեղեկացնեմ, որ մարզային ստորաբաժանման ներսում ամփոփվել են արդյունքները ու փոխանցիկ դրոշի է արժանացել Սյունիքի մարզի

տարածքային ստորաբաժանման Կապանի բաժանմունքը (պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մայոր Սևակ Մանուկյան):

-Կատակ բան չէ ստանալ ՀՀ զինված ուժերի փոխանցիկ դրոշը, ուզում ենք մեր ընթերցողին ներկայացնեք իրողությունը:

-Ընդամենը զինկոմիսարիատի ողջ անձնակազմը բարեխղճորեն իր ծառայությունն է կատարել... Չնայած առկա բարդություններին, հիմնախնդիրներին՝ որևիցե պրոբլեմ չենք ունեցել՝ զորահավաքի հետ կապված: Տեղյակ եք, որ հանրապետության կառավարության որոշմամբ ունեցել ենք յոթնօրյա, տասնօրյա, եռամսյա վարժահավաքներ, ունեցել ենք տեխնիկայի զորակոչ: Զորահավաքային բաժանմունքն իր առաջ դրված առաջադրանքները պատշաճ մակարդակով իրականացրել է. նկատի ունեմ և՛ զորակոչը, և՛ զորահավաքը: Մեր արածն ըստ ամենայնի ամփոփվել է վերադասի կողմից, ինչի արդյունքում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի տարածքային ստորաբաժանումը հաղթող է ճանաչվել: Այն ինձ և ստորաբաժանման անձնակազմին պարտավորեցնում է՝ ավելիին պիտի ձգտենք՝ ի շահ մեր պետության:

Դուք սկզբից ինձ շնորհավորեցիք գնդապետի զինվորական կոչման արժանանալու առթիվ: Այս համատեքստում հայտնեմ, որ ստորաբաժանման որոշ զինծառայողներ (սպաներ) նույնպես ստացել են հերթական կոչումներ՝ երկու հոգի՝ ավագ լեյտենանտի: Բաժանմունքի աշխատակից երկու քաղծառայողի՝ մասնակցելով մասնագիտական դասընթացների, շնորհվել է պահեստազորի լեյտենանտի կոչում: Ասածս այն է, որ առաջխաղացում ունեն նաև ստորաբաժանման աշխատակիցները, ինչն ուրախացնում է:

-Ձմեռային զորակոչն արդեն պատմություն է: Ինչպես ասում են՝ եկել է քարերը հավաքելու ժամանակը, այն է՝ նաև եզրահանգումներ անելու: Մեզ, մասնավորապես, հետաքրքրում է, թե առողջական ի՞նչ վիճակով են սյունեցի զինակոչիկները մեկնել զինծառայության:

-Շատ ցավոտ հարց եք տալիս: Իրոք առողջական խնդիրներով զորակոչիկներ ունենք: Դա պայմանավորված է նրանց ապրելակերպով. երիտասարդները քիչ են զբաղվում ֆիզիկական պատրաստությամբ...Որևէ առողջական խնդիր հայտնաբերելու դեպքում նորակոչիկն ուղեգրվում է մայրաքաղաքի համապատասխան բուժհաստատություն՝ հետազոտման, և քննարկվում է նրա՝ զինծառայության պիտանի լինելու խնդիրը: Լինում են դեպքեր, երբ նորակոչիկի հիվանդության մասին նույնիսկ տնեցիները տեղյակ չեն: Զինակոչիկների շատ հիվանդություններ հայտնաբերվում են զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից:

Կուզեի, որ մեր երիտասարդները վաղ տարիքից զբաղվեն մանկական խաղերով. ընդ որում՝ նախ պիտի սկսենք մեր տներից, երեխաներին կտրենք բջջային հեռախոսներից... Մեր մանկության տարիներին տարբեր խաղեր կային, բակերում ֆուտբոլ ու վոլեյբոլ էինք խաղում: Հիմա այդ ամենը, կարծեք, մոռացվել է...

-Նախկինում որոշ դժվարություններ կային մայրաքաղաք ուղեգրվող նորակոչիկին կացարանով, սննդով ապահովման հետ կապված՝ գումար հատկացնելու առումով: Մանավանդ նորակոչիկների ծնողները տրտնջում էին, թե հատկացված գումարը չի բավականացնում:

-Այժմ փոխհատուցվում է ճանապարհածախսը, և եթե ուղեգրվողը գիշերելու տեղ չունի, հիվանդանոցում նրան գիշերելու տեղով են ապահովում: Ճանապարհածախսից սկսած՝ բոլոր հարցերը լուծված են:

-Զինակոչիկին ուղարկում եք ծառայության, կապ ունենու՞մ եք զորամասերի հետ, լինու՞մ են դեպքեր, երբ զինակոչիկների ծնողները Ձեզ դիմեն որևէ հարցով...

-Մենք կապող օղակ ենք զորամասի և ծնողի միջև: Ծնողները մեզ դիմում են տարբեր հարցերով՝ տխրության, ուրախության առիթներ են լինում (հարսանիք, հուղարկավորություն և այլն): Մենք պատրաստում ենք բոլոր փաստաթղթերը, անմիջապես արձագանքում, իրազեկ պահում տվյալ զորամասի հրամանատարությանը: Սա ամենը չէ. զորամասի հրամանատարությունն օրինակելի զինվորներին խրախուսում է շնորհակալական նամակներով, արտահերթ արձակուրդով, ինչը հանրայնացնում ենք: Այնպես որ՝ զորամասերի հրամանատարության հետ կապը կա:

-Արցախյան երրորդ պատերազմից հետո մի քանի դրվագներով անդրադարձանք զորակոչին, զորահավաքին և տեսանք, որ որոշ խնդիրներ, այնուամենայնիվ, կան կցագրման հարցում:

-Զորահավաքային կցագրու՞մը նկատի ունեք, թե՞ զորակոչային:

-Ե´վ զորահավաքայինը, և´ զորակոչայինը...

-Պատերազմական գործողությունների ժամանակ պահեստազորի զինապարտներին ընդգրկում ենք կոնկրետ զորամասերում՝ ըստ մասնագիտությունների: Եվ կա պատանիների կցագրում, դա այն դեպքում է, երբ լրանում է նրանց 16 տարին. ներկայանում են ստորաբաժանում՝ կցագրման ձևով հաշվառումը կատարում ենք:

Փետրվարի 7-ից սկսել ենք 2006 թվականին ծնված պատանիների հաշվառումը: Եվ սույն հարցազրույցը լավ առիթ է, որպեսզի նաև Ձեր թերթի միջոցով հասարակությունն իրազեկվի, որ պատանիները ներկայանան զինվորական հաշվառման: Քանզի մեր հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրում է թե՛ նրանց ընտանեկան դրությունը, թե՛ առողջական վիճակը: Պարզում ենք՝ արդյո՞ք կցագրման փուլում նրանք կարիք ունեն բուժման:

Որակյալ, ճիշտ կցագրումով է պայմանավորված զորակոչերի և զորահավաքների պատշաճ անցկացումը:

Այս շաբաթվա ընթացքում կցագրման աշխատանքները (հանձնաժողովով) կսկսենք Կապանից, ապա կայցելենք Մեղրի, և այսպես՝ մարզի բոլոր տարածաշրջաններում աշխատանքները կլինեն շարունակական:

Կցագրումն իրականացվում է ողջ տարվա ընթացքում...

-Մամուլից տեղեկացանք, որ շուտով մեկնարկելու են վարժական հավաքները, որը կտևի մինչև հունսի 1-ը:

-Դրանք շարունակական կլինեն: Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները: Կարծում եմ՝ այս անգամ ևս ստորաբաժանման անձնակազմը պատվով կկատարի իր առջև դրված առաջադրանքը: Եռամսյա վարժանքների կազմակերպումն իր բարդություններն ունի, տարբեր խնդիրների ենք բախվում. լինում են հարցեր, որոնց դեպքում օրենքը չի ազատում վարժանքներից, բայց տեսնում ենք, որ տվյալ անձնավորության ընտանիքը վատ վիճակում է, առողջական ու սոցիալական խնդիրներ կան, գյուղատնտեսական հարցերն են խոչընդոտում, ասենք՝ մեղրեցին պիտի իր բերքը հավաքի, որ իր ապրուստի միակ միջոցն է, կամ սիսիանցին պետք է անասնակեր կուտակի, որի համար ամբողջ տարին չարչարվել է: Ուշադիր լսում ենք քաղաքացիներին, հնարավորության սահմաններում ձգտում ընդառաջել՝ հաջորդ վարժանքներին նրանց ներգրավելու պայմանով:

Հորդորում եմ բոլորին՝ ծանուցագիր ստանալու դեպքում պարտաճանաչորեն ներկայանալ տարածքային ստորաբաժանումներ. երկրի պաշտպանությունը բոլորիս խնդիրն է:

-Նշենք, որ վարժահավաքն ունի տեխնիկական բաղադրիչ, դրանում պիտի ներգրավվի տեխնիկա՝ ավտոմեքենա, տրակտոր և այլն: Որքանո՞վ եք կարողանում այդ հարցը լուծել:

-Տեխնիկան հիմնականում ներգրավում ենք հիմնարկ-ձեռնարկություններից՝ անկախ սեփականության ձևից, անհատից միայն պատերազմի ժամանակ իրավունք ունենք վերցնելու: Այս հարցում ևս դժվարություններ կան, քանզի մեր մարզում (ներկայումս) տեխնիկան հիմնականում ներգրավված է ճանապարհաշինության մեջ, և գոնե Դուք գիտեք, թե տարածաշրջանում քանի այլընտրանքային ճանապարհ է կառուցվում: Կասեմ, որ ցանկության դեպքում, բոլոր հարցերը լուծելի են: Եթե հարցեր են ծագում, զեկուցում ենք վերադասին, որը համապատասխան որոշումներ է կայացնում:

-Ինչքան էլ փորձենք ցույց չտալ, այնուամենայնիվ, 44-օրյա պատերազմ ենք տեսել, զոհեր, վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ... Եթե ասենք, որ ծնողները հաճույքով, առանց տագնապի զգացումի են իրենց զավակներին բանակ ճանապարհում, բնավ էլ այդպես չէ: Ընդհանրապես սգավոր ժողովրդի շրջանում զորակոչ կազմակերպելը հերոսության պես մի բան է...

-Մեր ողջ անձնակազմը մշտապես զոհված զինվորների ընտանիքների կողքին է: Տարբեր առիթների ժամանակ բաժանվում ենք խմբերի, քանի որ Սյունիքի մարզը շատ ընդգրկուն է: Այցելում ենք զոհվածների շիրիմներին, ձգտում ենք, որ զոհվածների երեխաները մշտապես հոգատարությամբ շրջապատված լինեն: Կապն այդ ընտանիքների հետ միշտ կա: Այն, ինչ մեր ուժերի սահմաններում է, լուծում ենք, ինչը մեր ուժերից վեր է՝ դիմում ենք ըստ վերադասության, որ հարցերին լուծում տրվի: Իհարկե, երբեմն անհրաժեշտություն է առաջանում զրուցել նորակոչիկների ծնողների հետ, պատասխանել նրանց մտահոգող հարցերին, որոշակի խորհրդատվություն իրականացնել:

-Պարոն գնդապետ, այս զրույցի ընթացքում հարցերի որոշակի շրջանակ քննարկեցինք՝ զորակոչ, կցագրում, վարժահավաք: Սրանք հարցեր են, որ բուռն ցանկության դեպքում անգամ, առանց իշխանության տարբեր օղակների հետ համագործակցության, հնարավոր չէ լուծել:

-Համակարծիք եմ Ձեզ հետ: Մեր առջև ծառացած հիմնախնդիրները լուծելիս համագործակցում ենք տեղական ինքնակառավարման, ինպես և իշխանության տարածքային մարմինների, հիմնարկ-ձեռնարկությունների հետ: Բոլորը գիտակցում են հարցի կարևորությունը և մեզ օժանդակում իրենց լիազորությունների սահմանում: Երախտապարտ ենք բոլորին...

-Արդյո՞ք դժվար չէ Սյունիքի զինկոմիսարիատը գլխավորել հետպատերազմյան ոչ սովորական պայմաններում:

-Դժվարություններն ամենուրեք են. որպես սյունեցի՝ սիրով եմ ծառայում հայրենիքիս:

Հարցազրույցը՝

Վահրամ Օրբելյանի

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34